«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

BWRCFՀայ-ադրբեջանական հյուսիսային սահմանից ընդամենը 9 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում կանայք կյանք են տալիս ձեռագործ, էկոլոգիապես մաքուր և արտերկրում արդեն իսկ հայտնի, «Բերդ» անունը կրող հայկական թեդդի արջուկներին, ովքեր կարճ ժամանակահատվածում դարձել են ոչ միայն Բերդի խորհրդանիշը, այլև շատ ու շատ Բերդաբնակ կանանց ու նրանց ընտանիքների հիմնական եկամտի աղբյուրը:

Նախաձեռնության հեղինակը «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամն է: Այն երիտասարդ կազմակերպություն է՝ հիմնադրված 2011-ի փետրվարին: Կազմակերպության նպատակն է աջակցել Բերդի սահմանամերձ տարածաշրջանի կանանց զբաղվածության, կրթության, իրավունքների պաշտպանության, առողջապահության ու այլ ոլորտներում: Նպատակին համահունչ՝ կազմակերպության շահառուները տարածաշրջանի գործազուրկ կանայք են, ովքեր զբաղվածության, կայանալու ու հասարակությունում ներգրավվելու խնդիր ունեն:

Կանանց համագործակցային ցանցի ընդլայնումը, կանանց տարբեր խմբերի համար շահերի պաշտպանությունը, գենդերային հավասարության, կանանց լիդերության և այլ թեմաներով դասընթացների անցկացումը հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից են:

Հիմնադրամի այցեքարտն է համարվում «Բերդի արջուկներ» նախագիծը, որը նպատակաուղղված է Բերդի կանանց բիզնես գործունեության խրախուսումանը. կանանց զբաղվածության խնդիրի լուծումը համարվում է հիմնադրամի առանցքային ուղղությունը: Ծրագրի իրականացմանն աջակցել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, որի ֆինանսավորման ավարտից հետո, երբ բավականաչափ նախադրյալներ էին ստեղծվել, ծրագիրն անցել է ինքնաֆինանսավորման: Ծրագիրը սկսվել է 2011թ.-ին: Նպատակն է եղել համախմբել գործազուրկ, բայց ձեռագործի արհեստին տիրապետող մոտ 30 կանանց հիմնականում Բերդ քաղաքից, ովքեր վերապատրաստվելով կյանք տվեցին Բերդ արջուկին: Հայաստանում Ֆինլանդիայի ու Նորվեգիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթի աջակցությամբ և խորհրդով, գերմանուհի քույր Հաննայի մտահղացմամբ ստեղծված ձեռագործ արջուկները սկսեցին վաճառվել ամբողջ աշխարհում՝ վեբ կայքի սոցցանցերի և համագործակցային ցանցի օգնությամբ (www.berdbears.com): Իսկ «Քիքսթարթեր» առցանց հարթակի միջոցով էլ ավելի ընդլայնվեց վաճառքի շուկան՝ ընդգրկելով Հս. Ամերիկան, Եվրոպան ու Ասիան, Ավստրալիան: Միայն համացանցի միջոցով՝ «Քիքսթարթերի» շրջանակներում վաճառվել է ավելի քան 200 արջուկ:

Berd bears

Ինչպես նշում է հիմնադրամի տնօրեն Անահիտ Բադալյանը. «Ձեռագործ արջուկների վաճառքին մեծապես նպաստեց նաև լոնդոնահայ մեր բարեկամ Անահիտ Գալստյանը: Նրա վերջին նախաձեռնություններից էր Նիկո Նասիբյանի պրոֆեսիոնալ ֆոտոշարքը հայրենական շոու բիզնեսի ներկայացուցիչների ու «Բերդ» արջուկների մասնակցությամբ»:

Սակայն սա դեռ հաղթարշավի սկիզբն է: Երկու տարի առաջ արջ ամուսինները Բերդաբնակ ագռավի, թիթեռի ու մեղվի հետ դարձել են բնապահպանական թեմայով մուլտֆիլմի հերոսներ, որի պրեմիերան կայացել է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում: Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բերդում , որտեղ արդեն հայտնի հերոսները կոչ են անում երեխաներին մաքուր պահել շրջակա միջավայրը: Ներկայումս պատրաստ է միայն առաջին էպիզոդը: Շարունակության նկարահանման և հեռուստատեսային ցուցադրության մեծ ցանկություն կա, սակայն ֆինանսական աջակիցներ ու հովանավորներ են հարկավոր:

2013 թ-ը նույնպես ձեռքբերումներով է սկսվել. հիմնադրամը հրատարակլ է «Մենք ենք» տարածաշրջանային ամսաթերթը (menkenk.wordpress.com), որի կիզակետում կանայք են իրենց խնդիրներով, մտահոգություններով, հաջողություններով ու լուծումներով:

Իսկ Բերդում կանանց խնդիրները բավականին շատ են `կապված և´բնակավայրի սահմանամերձ լինելու,և´ մարդկանց կարծրատիպերի, , և’ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ:

BWRCF staffԵտխորհրդային տնտեսական ճգնաժամի, հակամարտության և ներկայիս սոցիալական իրավիճակի ստեղծած բարդությունները կարծես ամբողջովին բարդվել են հենց կանանց ուսերին: Նախկինում գործող գործարաններից (կաթի վերամշակման, գինու և պահածոների, գորգերի, ադամանդի վերամշակման և այլն) և ոչ մեկը չի վերաբացվել, իսկ այդ գործարանների աշխատակիցների մեծամասնություն կազմող կանայք մնացել են գործազուրկ: Գործազրկությանը գումարվել է ընտանիքը պահելու պատասխանատվությունն ու ամենօրյա հոգսը` տղամարդկանց արտագաղթի պատճառով:

Եվ իհարկե, մեր հասարակությունում դասական են դարձել կրթությունը շարունակելու, ամուսնությունից հետո աշխատելու, առանձին ապրել չկարողանալու խնդրիները: Կան նաև այլ սահմանափակումներ, որոնք կառավարում են կանանց ցանկություններն ու իրավունքները:

Աշխատատեղերի ստեղծումը, կնոջը հավասար հնարավորությունների ընձեռնումը, գործարար կամ նախաձեռնող կանանց աջակցումը, տարատեսակ միջոցառումների միջոցով իրավագիտակցության, իրազեկվածության, հաղորդակցության բարձրացումը, սահմանամերձ շրջաններին պետական հոգածություն տրամադրելու ջատագովումը, վերոնշյալ խնդիրների լուծման տարբերակներ են, որոնք էլ փորձում է իր ամենօրյա գործունեության ընթացքում ուժերի ներածին ու գերադիր չափով ի կատար ածել Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմանդրամը:

Մարիա Աբրահամյան