Ռոբերտ Դավիդյան. մարդ, ով պատկերում է ակտիվիզմի մշակույթը Հայաստանում

Հուլիսի 9-ին Երևանում կայացավ Ռոբերտ Դավիդյիանի «Հայ ակտիվիստները հիմա» ֆիմլի շնորհանդեսը: Ֆիլմի շնորհանդեսին մասնակցում էին այն հայ ակտիվիստներն ու նրանց ընկերները, որոնք այս կամ այն կերպ իրենց ուրույն ներդրումն ունեն Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծման և զարգացման գործընթացում:

«Հայ ակտիվիստները հիմա» ֆիլմը բավականին ոգեշնչող էր և մոտիվացնող: Ֆիլմի ցուցադրությունից հետո սրահում քաղաքացիական պայքարի մի նոր ալիքի, նոր թափի զարգացման մթնոլորտ էր ստեղծվել: Այդ հեղեղված ոգեշնչությունից անմասն չմնացի նաև ես` տպավորված լինելով ոչ միայն ֆիլմով, այլ նաև այն բուռն էներգիայով, որը հորդում էր ֆիլմի դիտման բոլոր մասնակիցներից:  Ֆիլմի ցուցադրության ընթացքում կայծակնային արագությամբ մտքովս մի միտք անցավ. պատրաստել հոդված ֆիլմի հեղինակի` Ռոբերտ Դավիդյանի մասին` մարդ, ով նոր զարկ է տալիս Հայաստանում քաղաքացիական ակտիվիզմին և ակտիվիզմի մշակույթին:

Հաջորդ առավոտյան իսկ զանգահարեցի պարոն Դավիդյանին, և պայմանավորվեցինք հարցազրույցի համար:

Շաբաթ օրը հանդիպեցի նրան քաղաքի արևելյան ռեստորաններից մեկում: Նա պատվիրեց հայկական ջուր և խորոված, ինչից հետո սկսվեց մեր հարցազրույցը:

– Պարոն Դավիդյան, Ձեր կարծիքով, որո՞նք են անկախ պրոդյուսեր լինելու առավելությունները և թերությունները. արդյո՞ք Դուք նախընտրում եք անկախությունը ինչ-որ կազմակերպության կամ պատվիրատուի համար աշխատելուց:

-Ես եղել եմ և´ անկախ պրոդյուսեր, և´ աշխատել եմ գործակալությունների և անհատների համար: Երբ ես ավարտեցի քոլեջը, սկսեցի աշխատել Նյու Յորքում գովազդային գործակալության համար` լինելով փոքր մարդ այդ մեծ գործակալությունում: Ես իրականացնում էի  հետազոտություններ, հարցումներ հեռուստաընկերությունների համար, ո՞վ է նայում հեռուստաընկերություն, ով` ոչ, ո՞ր հեռուստաալիքն են նրանք նախընտրում, ինչու՞ և այլն: Դա ինչ-որ չափով հետաքրքիր աշխատանք էր, սակայն ես դրանից բավարարված չէի զգում:

Այնուհետ ես տեղափոխվեցի Կալիֆորնիա նահանգ: Եվ նորից աշխատում էի հեռուստաընկերության ծառայությունների համար, ավտոմեքենաների վաճառքի համար գովազդներ էի պատրաստում:

Այնտեղ ինձ առաջարկեցին ֆիլմեր ստեղծել. իսկ ես մտածեցի, ինչու՞ ոչ: Լոս Անջելեսում հանդիպում էի երիտասարդ դերասանների հետ, նկարահանում նրանց, օգնում էի նրանց ստեղծել իրենց անձնական պորտֆոլիոները, որն ինձ համար և´ պրակտիկա էր, և´ որոշակի գումար աշխատելու միջոց:

Անկեղծ կասեմ, որ ես նախընտրում եմ անկախ աշխատանքը: Նրա հիմնական առավելությունն այն է, որ «դու քո իսկ ավտոբուսի մեջ ես», դու ես գծում քո օրը, որոշում` ինչ անել, ինչ` ոչ:  Այս պարագայում դու ես ստանում ողջ եկամուտը, ողջ հասույթը, և ոչ թե հասույթի միայն հինգ տոկոսը, ինչը քեզ հնարավորություն է տալիս հետագայում անել խնայողություններ և ճամփորդել: Բացասական կողմերից մեկն էլ այն է, որ դու մշտապես փնտրում ես տարբեր ծրագրեր, խնդիր ունես գումարի հետ կապված, և պետք է  մշտապես խնայողնություններ անես` հետագայում գործը շարունակելու համար:

– Կասկած չկա, որ Դուք կայացած պրոդյուսեր եք Հայաստանից դուրս. սակայն, ի՞նչը շարժեց Ձեր հետաքրքրությունը Հայաստանում այսօր ծավալվող ակտիվիզմի և տարբեր շարժումների նկատմամբ:

-Ես հայ եմ: Իմ մայրը և հայրը հայեր են: Ու քանի որ ես հայ եմ, որոշեցի գալ Հայաստան: Որքան շատ մարդ էի հանդիպում Հայաստանում, այդքան ավելի շատ էի սիրում Հայաստանը:  Ես սիրում եմ իմ ընկերներին: Երբ ես այստեղ էի, նրանք շատ հուսալքված էին, ասում էին, որ այստեղ հույս չկա ավելի լավ կյանքի համար: Իսկ ես մշատապես ասում էի, որ ո´չ, իրականում այն կա: Եվ ես բնավ չէի ցանկանում, որ իմ ընկերները կորցնեն իրենց հույսը այստեղ, և մտածեցի անել մի բան` լավատեսությունը պահելու համար: Այդպես ծնվեց «Հայ ակտիվիստները հիմա» ֆիլմի գաղափարը: Դա երևի թվով հինգերորդ գործն էր Հայաստանում, բայց բովանդակային առումով շատ ավելի լուրջ մեկը և կարևոր Հայաստանի զարգացման համար: Սա միայն իմ ֆիլմը չէ, այլ իմ և բոլոր ակտիվիստների համատեղ աշխատանքն է: Այս ֆիլմը նրա համար  է ստեղծված, որ ոգևորի մարդկանց, այլ ակտիվիստների` շարունակելու և զարգացնելու այն, ինչը սկսվել է, տարածելու հանդուրժողականության գաղափարը:

– Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն ունեն նորարարական արվեստի ձևերը հասարակական փոփոխությունների վրա:

-Ես հավատում եմ, որ արվեստը կարող է յուրաքանչյուր մարդու մեջ առաջացնել տարբեր զգացողություններ: Արվեստը օգնում է փոխել, բացել մարդկանց մտքերը, մտածել ավելի լայն, ոչ թե սահմանափակվել մտածողության նեղ շրջանակներում:  Եվ երբ սկսում ես ավելի լայն մտածել, սկսում ես ավելի լայն մտածել կյանքի, մարդկանց սիրելու մասին, ինչի արդյունքում կյանքն էլ ավելի ես գնահատում:

Հայաստանում սոցիալական փոփոխությունների մի փոքր ավելի դժվար է հասնել: Հայաստանում այժմ պայքարում են հանդուրժողականության համար, և պետք չէ ամենևին վախենալ հանդուրժողականության գաղափարից, քանի որ այն շատ ավելի շատ հնարավորություններ է տալիս, քան փակում է դռները:

– Արդյոք Հայաստանում Դուք տեսնո՞ւմ եք իրական ժողովրդավարություն, թե՞ այն դեռ երկար ճանապարհ ունի դեպի ժողովրդավար երկիր դառնալը:

– Ես հավատում եմ, որ դա իսկապես այդպես է: Ու ես ցանկանում եմ իրական ժողովրդավարություն տեսնել բոլոր երկրներում, որը դեռ ոչ մի երկրում չկա: Սակայն կարևորը հույսն է և այդ մասին խոսելը:

Պարոն Դավիդյանի հետ հարցազրույցն ավարտելուց հետո միասին ուղևորվեցինք «Դեմոկրատիան այսօր» ՀԿ, որտեղ պետք է կայանար «Հայ ակտիվիստները հիմա» ֆիլմի թվով երկրորդ հանրային ցուցադրությունը Հայաստանի տարբեր գյուղերի երիտասարդ ակտիվիստների համար, որոնց շարքում կային նաև Զատիկ մանկատան շրջանավարտներից:

Ֆիլմի ցուցադրությանն էին հրավիրված նաև ֆիլմի երկու հերոսներ` Արփինե Գալֆայանը և Օլյա Ազատյանը, ինչպես նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը, ովքեր ֆիլմի ավարտից հետո քննարկում կազմակերպեցին երիտասարդ ակտիվիստների և ապագա ակտիվիստների հետ: Նրանք ներկայացրեցին այն շարժումները և քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում, խոսեցին այն մասին, թե որն է քաղաքացիական ակտիվիզմի դերը հասարակության ժողովրդավարացման գործընթացում և նրանք որքանով են միացած այս կամ այն նախաձեռնություններին:

Նվարդ Մարգարյան