Երազապահները. անձև պատմություն զգայականության մասին

Զգայական մտքեր ու պատկերներ, միշտ հարցականի տակ դրվող ձևեր ու համակարգեր, ինքդ քեզ հավատարիմ մնալու մեծ ու փոքր պայքարներ, բնության հետ ներդաշնակ ապրելու ձգտումներ, անկեղծ ու կենդանի մնալու մղումներ ու վարդագույն երազներ։

ԼԳԲՏՔ-ի պայքարը միայն սեռականության մասին չէ, այն զգայականության մասին է։

Զգայականությամբ ապրելն անհարմար է (մտածելուց էլ անհարմար), բայց կյանքի ողջ գեղեցկությունն ու գույները, արվեստներն ու մտքի ստեղծարարությունը ծնվում և զարգանում են հենց այդ անհարմարության ու բազմազանության մեջ։

«Անհարմար» հարցեր տալով՝ փորձել ենք մեր հերոսների զգայականությունն ու երազները վերածել բառերի և ցույց տալ, որ երազներից խոսելը կամ փողոցում ինքնամոռաց պարելը ամոթ չէ, մի քիչ երեխա և անհամակարգ լինելը անտանելի գեղեցիկ է, իսկ սերը սեր է և մեզանից ոչ ոք նախօրոք չի կարող որոշել՝ ում է սիրելու։

Էլվիրա

Քվիրության  մասին

Երբ ասում եմ, որ ես քվիր եմ, ավելի ներդաշնակ եմ զգում ինձ իմ իրականության և երազների հետ:

Չեմ ուզում ինձ սահմանափակել ինչ-որ անունների, սահմանումների մեջ։ Իհարկե, քվիրությունն էլ է փորձում իր մեջ ինչ-որ պիտակներ ամբողջացնել, բայց այն ինձ համար շատ ավելի գաղափարային, շատ ավելի ընդարձակ սահմանում է։ Քվիրությունը միայն սեռական կողմնորոշման մասին չէ, այն հարցականի տակ է դնում և խնդրականացնում է ողջ համակարգը։

Քվիրը խնդրականացում է իր էությունը, խնդրականացնում է իր սեռականությունը, իր հայացքները, իր դերը կապիտալիստական աշխարհում, իր բակում, իր քաղաքում։ Քվիրը չի փորձում գտնել պատրաստի, բոլորի կողմից ընդունված պատասխաններ, նա, հարցեր տալով, փորձում է գտնել իր իրական էությանը համահունչ պատասխաններ։  

Ընդունված ձևերի մասին

Իմ էությունը մարտահրավեր է եղած բարքերին:

Համակարգը դժվար է մարսում իմ երազները, իմ էությունը կամ մտքերը, ոչ թե որովհետև ես ինչ-որ յուրահատուկ բաներ եմ անում կամ ստեղծում, այլ որովհետև ես փորձում եմ իսկականը գտնել իմ մեջ, իսկ համակարգը փորձում է ցույց տալ և պարտադրել, որ իսկականը միայն ընդունված ձևերն են։

Զգայականության մասին

Ինձ համար ամեն ինչ շատ զգայական է:

Ես չեմ կարող ապրել ինչ-որ մեկի համար հասկանալի կյանքով, մինչև որ ինքս չեմ սկսել հասկանալ այս կյանքը։ Ես անկեղծ ու ներդաշնակ եմ ուզում լինել ինքս ինձ հետ։ Ուզում եմ կյանքն իսկապես զգալ, բաց զգայարաններով ապրել, մարմնիս միջով անցկացնել։

Սիրո մասին

Սերը կոտրում է բոլոր ձևերը:

Ես սիրահարվում եմ անհատականությանը, մարդուն ոչ թե իր սեռին: Ես չեմ ֆիքսվում մարդու սեռի, գենդերի վրա ու փորձում եմ զգալ և հասկանալ՝ այդ մարդը ներսումս ի՞նչ արձագանքներ է առաջացնում։

Ո՞նց կարելի է սերը դնել ձևի մեջ, չկա նման բան։ Սերը կոտրում է բոլոր ձևերը: Սերն իմաստուն ուսուցիչ է և գիժ ստեղծագործող։

Կարող եմ գնալ սիրել դաշտում աճող ծաղիկները, «ի՜նչ գժանոց ա էդ զգացողությունը, կենդանի ա, ջերմություն ա»։ Երբ փողոցում մարդ եմ տեսնում ու մեջս ինչ-որ բան է թրթռում, դա է սերը, երբ կենդանի եմ տեսնում և ինքը գալիս քսմսվում է ինձ, ես իրան գրկում եմ, դա էլ է սերը։ Սերը այն է, երբ ես խնամքով եմ վերաբերվում այս ամենին։ Սիրելու համար մենք պետք է սովորենք նկատել ու արժևորել։ Մարդիկ չեն արժևորում իրենց, իրենք իրենց ռոբոտի պես օգտագործում են՝ համակարգին ենթարկվելով, անտեսելով զգայականությունը։

Սերը նկատելու մեջ է, սկսե՛ք նկատել ինքներդ ձեզ և ուրիշներին ու հավասար արժևորում տալ երկուսին էլ. ինչքան ես եմ կարևոր, այդքան էլ կարևոր է փողոցով քայլող շունը, դիմացս նստած մարդը։

Իրականության և երևակայության մասին

Ես ուզում եմ հասնել այն կետին, երբ ես իսկապես կծնվեմ:

Դեռևս փոքրուց իմ մի մասը երևակայական աշխարհումս է, ու ես այն ներքնայնացրել եմ, սեփականաշնորհել և եթե առաջ մտածում էի, որ ժամանակ եմ վատնում կամ ինչ-որ կտցրած բաներ եմ անում, հիմա իմ իրականությունը հարմոնիայի եմ բերել երևակայությանս հետ՝ թույլ տալով ինձ ապրել նաև երևակայությանս մեջ:

Իմ երևակայության մեջ ես ամեն ինչ անում եմ՝ թե՛ շփվում եմ մարդկանց հետ, ում կարոտում եմ, թե՛ սեքս եմ անում մարդկանց հետ, ում հետ ուզում եմ. Այն իմ իրականության մի մասն է դարձել։ Հասարակությունը չի կարողացել այդ մասն իր ստանդարտների մեջ տեղավորել։ Ես հավատում եմ իմ ինտուիցիային։ Ինտուցիան իրական է,  այն ուղղակի նկատել է պետք ու կարևորել։ Մեր ներաշխարհը, մեր ներքին ձայնը լիքը բան է մեզ ասում, հուշում։

Կենդանի լինելու մասին

Իմ պայքարների մեծ մասն ուղղված է հարթակ ստեղծելուն, որ մենք կարողանանք զգալ:

Երբ քեզ թույլ ես տալիս հասարակության ձայնը փակել ու ներքուստ զգալ՝ դու ինչ ես, ով ես ուզում դառնալ, քեզ կարող են այնպիսի պատկերներ այցելել, որ մարդկային բառերի մեջ չեն տեղավորվում, այնքան զգայական են, հոգևոր: Ինչ-որ բաներ ես զգում, որ երբեք չես մտածել, որ կարող ես զգալ ու սկսում ես, օրինակ, շաշ-մաշ պարել փողոցում:

Ես ինձ թույլ եմ տվել պատկերացնել՝ ինչպես եմ ուզում և անել այդպես։ Ես չեմ ամաչում լինել այնպիսին, ինչպիսին իրականում կամ։ Դուք երբևէ կողքից տեսե՞լ եք՝ ինչ գժվելու բան է, երբ մարդը իր տարերքի մեջ է, երբ մարդն ընկնում է իր զգայությունների, մտքերի, երևակայությունների աշխարհները, իրականությունն ու անիրականը խառնվում են իրար՝ դառնալով իրական հեքիաթ, ծես, և դա ամենակենդանի պրոցեսն է։

Մոմեր վառես, շուրջը նստես ու սկսես զգալ, որ այդ մոմը դու ես, այդ լույսը դու ես, մարմինդ շարժվում է լույսի կանթեղի պես և դու սկսում ես հասկանալ՝ ինչ ես իրականում զգում աշխարհի նկատմամբ, քո նկատմամբ, մարդկանց նկատմամբ։ Դու այնքան իրական ես, այնքան բաց ու լիքը սեր կա մեջդ։

Գալիս եմ Վանաձորից Երևան, նայում եմ դաշտերին, բնությանը ու հոգիս սիրով, սիրունությամբ ու արվեստով է լցվում, գժվելու բան է, կենդանի լինելը, մարդկային զգացողությունների՞ց էլ սիրուն արվեստ։ Ուզում եմ վախը, հասարակության արհեստածին նորմերը չխանգարեն մարդուն զգալ ու զարգացնել իրենց մեջ եղած արվեստը։

Բոլորին դնում են մի արկղի մեջ և ասում են`« էս ա ձևը, ապրի»։ Մի՛ դրեք ձեզ արկղերի  մեջ՝ ինչ ձև էլ այդ արկղն ունենա։

Ես սպառող չեմ, ես բնության մաս եմ։ Ես վերցնում եմ և տալիս եմ։ Ես ուզում եմ հասնել այն կետին, երբ ես իսկապես կծնվեմ։  Ես օդ եմ։ Երեկվա եսը, այսօրվա եսը չէ։ Ես չեմ վախենում այսօր ինձ կորցնելուց, որովհետև, եթե այսօր ինձ չկորցնեմ, վաղը չեմ վերագտնի ավելի ուժեղ, ավելի իմաստուն և ավելի իրական, ինքս ինձ ավելի մոտ տարբերակը։

Երազների մասին

Երբ փորձում եմ հիշել երազներս, անընդհատ մտքովս մի երազ է անցնում։

Երազումս շատ փոքր էի, ինչ-որ փոռիկներով շորիկ հագած՝ մենակ նստած էի Սևանի ափին ու ոտքերով ջրի հետ էի խաղում։ Չեմ կարող ասել, որ երջանիկ էի։ Մինչև հիմա հիշում եմ այդ խարտյաշ, գզգզված մազերով, խոշոր կանաչա-դեղնա-շագանակագույն աչքերով աչոնիկին, ում մոտենում եմ ես, բայց արդեն չափահաս տարիքում։ Մոտենում ու անուշ գրկում եմ փոքրիկին։ Պինդ-պինդ գրկում եմ, ու ճստոս սկսում է ժպտալ, միամիտ, պարզ ու խաղաղված ժպիտ։ Ինձ համար այս երազը շատ խորհրդանշական է, որովհետև տեսել եմ հենց այն շրջանում, երբ փորձում էի կապ հաստատել ներսիս երեխայի հետ՝ վերադարձնել հավատս երազելու, երևակայության և իմ այն մասի հանդեպ, որն այս աշխարհում հեչ գրավիչ կամ «պոպուլյար» չէ։ Այն պարզ մանկական ներքինը, այն անշահախնդրությունն ու բաց սիրտը։ Չգիտեմ՝ շատ եմ փիլիսոփայում երևի, բայց այդ փուլից սկսած իմ փոքրիկն ինձ հետ է, իմ ներսում, էլ նեղացած չի ինձնից։

Սիրում եմ մեզ միասին։  

Կարինե

Լեսբի լինելու և սիրո մասին

Երբ առաջին անգամ սիրահարվեցի աղջկա, ոնց որ ողջ աշխարհ գլխիս շուռ գար:

Իմ լեսբի լինելը երբեք գաղտնի չեմ պահել։

Առաջին անգամ կնոջ հետ համբուրվել եմ, երբ 30 տարեկան էի։ Մինչև այդ մտածում էի ՝ հետերոսեքսուալ եմ։ Ընկերուհիս մի անգամ ականատես է լինում մեր համբուրվելուն, բայց չի հասկանում՝ ինչ է տեղի ունենում։ Այդ ժամանակ մարդիկ այդքան ինֆորմացված չէին, 2000 թվականն էր։

Գիտեք՝ ոնց է լինում, երբ դու ողջ էությամբ և զգայարաններով գիտես, զգում ես՝ իսկական սերն ինչպսին պետք է լինի ու չես ուզում սովորական ֆլիրտը կամ թեթև հրապույրը շփոթել կամ խառնել սիրո հետ։ Ընկերուհիներս մի փոքր ճտոցը սիրո տեղ էին դնում ու ամուսնանում, իսկ ես համաձայն չէի դրան և շարունակում էի սպասել։ Երբ առաջին անգամ սիրահարվեցի աղջկա, ոնց որ ողջ աշխարհ գլխիս շուռ գար, այնքան ուժեղ էր, բոլոր գույները խառնվել էին իրար, ամեն ինչն էր խառնվել իրար՝ պատկերները, ձայները, ընկալումները, ամեն ինչ։ Ինքս ինձ կորցրել էի։ Ինձ համար անսպասելի էր, դրսում տղաներին էի նայում, իրենց հետ հանդիպումների գնում։ Այս մեկի վրա չճտաց, այն մյուսի վրա չճտաց, այ այս մեկի վրա ճտաց, բայց ոնց որ էն չէր։ Իսկ այստեղ, այդ աղջկա հետ ոչ թե ճտաց, այլ գմփաց։

Սերն այդպիսին է՝ միշտ հանգամանքներին ընդդեմ։

Ազատության մասին

Կարևորը որ սիրեմ, ոչ թե ատեմ:

Ես սիրում եմ ազատությունը և, ամենակարևորը, գնահատում։ Կյանքն իր էությամբ էքզիստենցիալ է, մարդ պետք է միշտ ինքն իր հետ ազնիվ լինի և հասկանա, որ կյանքը միշտ շարժման մեջ է և մարդիկ փոխվելու իրավունք ունեն։

Իմ անձնական գործն է՝ ում սիրել, կարևորը որ սիրեմ, ոչ թե ատեմ:

Ես Հայաստանում ինձ ազատ եմ զգում։

Մանկության պատկեր

Մամաս ինձ ունեցել է, երբ պապաս Աֆղանստանում ծառայում էր:

Մամաս վոլեյբոլ խաղալուց վատացել էր և նրան տարել էին հիվանդանոց։ Բժիշկը ստուգել էր մամայիս ու ասել. «Տիկի՛ն, դուք ձեզ տարօրինակ եք պահում։ Ինչպե՞ս կարելի է հինգ ամսական հղի վոլեյբոլ խաղալ»: Մամաս այդպես է իմացել, որ հղի է։

Համակարգում տարբեր լինելու մասին

Բոլոր մարդիկ ծնվում են յուրահատուկ, բոլորից տարբերվող։ ինչո՞ւ ծախսել մի ողջ կյանք՝ ձգտելով նմանվել բոլորին։ Երբ դու դառնում ես ուրիշներին նման, ուրեմն դու ինչ-որ բան թրաշել ես վրայիցդ, մեջիցդ, մեռցրել ես քո մի մասը։ Ես սիրում եմ ապրել իմ իսկական դեմքով, իմ իրական հոգուն համահունչ։ Մեր հասարակությունը դա չի սիրում, քանի որ տարբերող մարդկանց, անհատականություններին ղեկավարելը շատ ավելի բարդ է, քան միանման զանգվածներին։ Այդ պատճառով մեզ բռնի, կոպիտ ու չափազանց պայմանականորեն բաժանում են ինչ-որ սոցիալական, ազգային, կրոնական, սեռական ուղղվածություն ունեցող կամ ռասայական, դասական, աստղաֆիզիկական և այլ խմբերի մեջ: Այդպես մարդկանց կառավարել ավելի հեշտ է։ Սպառողական հասարակությունում մարդկանց  փորձում են դարձնել հեշտ վաճառվող ապրանք։ Մի՞թե մարդիկ սա չեն տեսնում: Ամենայն հավանականությամբ մոլորակի յուրաքանչյուր բնակիչը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար այս ամենը հասկանում է, բայց չի բարձրաձայնում, որ խաղի այդ կանոնները չի ընդունում, քանի որ վախենում է առերեսվել մենակ մնալու վտանգին: Բայց նման մարդը երբեք մենակ չէ, պարզապես ինքն իր հետ է, իր զգացմունքների հետ, իր սեփական մտքերով։ Նա ինքն իր հետ երջանիկ է։

Մարդկանց և մենակության մասին

Ես սիրում եմ շփվել մարդկանց հետ, բայց չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր պարտադրված են շփվում ուրիշների հետ, միայն այն պատճառով, որ դա իրենց ինչ-որ գործի համար պետք է։

Երբ ծանոթացա իսկական էությանս հետ, հասկացա՝ երբ ինքս ինձ հետ եմ, դա այն չէ, ինչ մարդիկ անվանում են միայնություն։ Ես ինքս ինձ հետ մի հսկայական բանակ եմ, մի ամբողջ երգչախումբ, պատկերների մի ամբողջ Էրմիտաժ ու գաղափարներով լի Ֆիլադելֆիայի գրադարան։ Իմ ճանապարհին հանդիպած մարդիկ դառնում են գեղեցիկ համալրում իմ աշխարհի համար։ Ես ինքս եմ ընտրում՝ որ գիրքը պետք է թողնել իմ գրադարանում՝ վերընթերցելու համար։ Ինչի՞ս են պետք պատահական ծավալներ, նույնիսկ եթե դրանք փայլուն կազմ ունեն։

Ինքս ինձ հետ կռիվներ եմ ունենում. մենք իրար ջարդում ենք, ու դա շատ կառուցողական պրոցես է, ընթացք։ Ես մեկ-մեկ բարձրաձայն ինքս ինձ հետ կռիվ եմ անում, մեկը որ կողքից ձայնագրի, դա կլինի գժություն (ծիծաղում է)։

Կարոտի մասին

Երբ Ամերիկայում էի ապրում, շատ հաճախ երազումս քայլում էի Աբովյան փողոցով ու մտնում իմ սիրած թեյարանը։ Ընկերներիս էի ման գալիս թեյարանում ու չէի գտնում։ Թեյարանը փակել էին ու դարձրել գիշերային ակումբ, և ես երազիս մեջ տառապում էի այդ կարոտից։ Հետո, երբ վերադարձա Երևան միանգամից վազեցի այդ թեյարան՝ կարոտս առնելու։ Ես լուրջ կախվածություն ունեմ Երևանից։ Երբ սերմը դնում ես հողի մեջ, նրանք իրար նկատմամբ անտարբեր են, հետո սկսում ես ջրել հողը և  սերմն արմատներ է տալիս՝ միաձուլվելով հողին։ Այդպես Երևանը մտել է իմ մեջ, ու ես շատ ուժեղ ու գիտակցված սիրում եմ իմ քաղաքը։ Այս սերը ինձ համար անսպասելի էր, որովհետև ինձ միշտ թվում էր՝ ես աշխարհաքաղաքացի եմ։

Երջանիկ լինելու մասին

Մարդուն երջանիկ ապրելու համար շատ քիչ բան է պետք, բայց նրանք իրենց շրջապատում են անպետք իրերով՝ դառնալով այդ իրերի ստրուկը։

Երազի մասին

Անդընդհատ կրկնվող երազումս հայտնվում եմ ամբոխի մեջ, որտեղ ինձ անծանոթ մարդիկ անկանոն ու արագ ինչ-որ տեղ են շարժվում։ Այդ ամբոխի մեջ տեսնում եմ ծանոթիս, ով կանգնած էր ինձից բավականին հեռու, բայց ես պարզ տեսնում եմ նրան ու ուզում եմ գնամ իր մոտ, սակայն ամբոխն իր հագեցվածությամբ թույլ չի տալիս, և ես ուղղակի բարձրանում եմ վերև ու օդի մեջ ամպի նման հանդարտ լողալով կամաց-կամաց մոտենում եմ ծանոթիս ում հետ խոսելու ուժեղ անհրաժեշտություն ունեմ։ Երբ իջնում եմ նրա մոտ, ինքը երազումս ամեն անգամ վերածվում է տարբեր անկենդան իրերի. մի անգամ քար էր դարձել, մի անգամ ծիրանի ծառ։

Աստծո մասին

Ես սիրում եմ Աստծուն։ Նա բացահայտվում է մարդու ինտուիցիայի մեջ, բայց մարդիկ իրենց ողջ կյանքում փորձում են ճնշել իրենց ինտուիցիան։

Արփի

Քվիրության մասին

Իմ ինքնությունը իմ էությունը շատ մոտ է քվիրին, մի մարդու, ով չգիտի՝ ինքը ով է և իր գենդերային պատկանելիությունը նույնպես անորոշ է։

Նա չգիտի՝ ինչ նախասիրություններ ունի, ինչ սեռական կողմնորորշում ունի, ինչ գայթակղություններ ունի, ամեն ինչ լողացող է և ժամանակի ընթացքում կարող է փոխվել։

Ինքս ինձ հարցեր տալու շրջանը սկսվեց ստեղծագործել սկսելուն, քաղաքական գիտակցություն ձեռք բերելուն զուգահեռ։ Գրելուց անընդհատ հարցեր էին առաջանում և այդ հարցերը վերաբերում էին թե՛ սոցիալական անարդարությանը, թե՛ անձնական հարաբերություններում մարդկանց մեջ եղած անարդարությանը։ Այդ ժամանակ սկսեցի հարցադրել թե՛ մշակույթը, թե՛ հասարակություններում ընդունված կարգերը։ Ես սեռականության և գենդերի մասին համապատասխան գիտելիք չունեի, բայց զգայական մակարդակում հասկանում էի, որ գայթակղություններ ունեմ, որոնք չեմ կարողանում բացատրել կամ մեկնաբանել, այդ  պատճառով վախենում էի դրանք բարձրաձայնել։ Եվ երբ սկսեցի գենդերային ուսումնասիրություննեերով զբաղվող գրականություն կարդալ, հասկացա, որ իմ հարցադրումները քվիրության հարցադրումներն են։

Ես չեմ ուզում միանշանակ պատասխաններ տալ այն հարցերին, որոնց պատասխանները ինձ համար ժամանակի ընթացքում միշտ փոփոխվելու են։ Մարդը կյանքի ընթացքում զարգանում է և փոխվում, ես չեմ ուզում ինձ սահմանների մեջ դնել, ես ուզում եմ ինձ իրավունք տալ լիարժեք զարգանալու՝ հասարակության կողմից գծած սահմանների մեջ չդնելով իմ սեռականությունը կամ զգայականությունը։

Պայքարի մասին

Քվիրությունը ինձ համար պայքարի ձև է, այն միայն սեռականության մասին չէ, այն իմ բոլոր պայքարներն ու դիմադրություններն են, որոնք առաջանում են այս սոցիալական համակարգի և մարդկանց մտածելակերպի հետ բախումներից։

Պիտակների մասին

Եթե ինձ հարցնեն՝ դու քեզ տղամարդ զգում ես, ես կվիրավորվեմ, բայց եթե շեշտադրեն իմ կին լինելը և «գեղեցիկ», «գրավիչ» կամ նման այլ պիտակներով սկսեն ինձ բնորոշել,  ես դրանից էլ կվիրավորվեմ՝ կախված կոնտեքստից, պետք է պարտադիր կոնտեքստ լինի։ Այսինքն, ինձ դուր չի գալիս, երբ կանանց բաժանում են գեղեցիկների և տգեղների, ինձ դուր չի գալիս, երբ մարդ խոսում է «դու շատ սիրուն ես, տուն տանելու աղջիկ ես» դիրքից, ինչպես դա շատ հաճախ արվում է մեր հասարակությունում։ Ես ինձ համար «գեղեցիկ չլինելու» սահմաններ չեմ դրել, մարդիկ, բնականաբար, կարող են ինձ գեղեցիկ համարել, բայց ոչ իրենց ընդունված սիրուն-տգեղ տարանջատող հասարակական պիտակի կոնտեքստում։

Ազնվության մասին

Ինձ ցավ է պատճառում ազնվության պակասը։ Չեմ սիրում երկերեսանիությունը, օրինակ,  երբ դիմացինդ քեզ իրեն հավասար մարդ չի ընկալում, բայց միաժամանակ կարող է խոսել հավասարությունից ու արդարությունից։ Ազնիվ կլիներ, եթե դու խոսեիր և գործեիր քո գաղափարներին համապատասխան։

Ինձ համար անազնիվ արարք է, երբ իրավապաշտպանը ներկայանում է որպես մարդու իրավունքների համար պայքարող, բայց երբ խոսքը հասնում է ԼԳԲՏՔ մարդկանց օգնելուն, միանգամից հրաժարվում է։ Իրականում ես հասկանում եմ նրան ու հասարակությունից եկող ճնշումը. նա հասարակության կողմից ընդունելի մի կերպար է ստեղծել, որին պետք է համապատասխանի։

Ընկալումների մասին

Հայկական հասարակությունում շատ բան կուզենայի փոխել՝ սկսած ընտանեկան հարաբերություններից։ Ինձ ցավ է պատճառում չհասկացված լինելը առաջին հերթին իմ ընտանիքի կողմից, ինձ ցավ է պատճառում հասարակության բինարային ընկալումները՝ սև-սպիտակ, պասիվ-ակտիվ, աջ-ձախ, հասարակության միանշանակությունը։ Ինձ ցավացնում են մարդիկ, ովքեր իմ էմոցիոնալ լինելը սեքսիստական տեսանկյունից են մեկնաբանում, այնինչ իմ էմոցիոնալիությունը ամբողջությամբ գիտակից է։

Էմոցիաների մասին

Ես ուզում եմ խիզախ լինել, ոչ թե իմ էմոցիաները թաքցնելով, այլ ընդհակառակը, իրենց համահունչ ապրելով։

Երբ դիմացինս ասում է՝ ռացիոնալ չէ, որ էմոցիոնալ ես, ես մտածում եմ, որ անռացիոնալը իր ասածն է։

Ռացիոնալ մարդիկ ահավոր կարգապահ են, նրանք ճնշում են իրենց էմոցիոնալությունը, խուսափում են մեծ հարցեր բարձրացնելուց ու այդ հարցերին պատասխաններ տալուց։ Ես չեմ ուզում լինել կոնֆորմիստ՝ ճնշելով իմ էմոցիաները։ Ես չեմ ուզում հասկացվածության իմիտացիա ստեղծել, ես ուզում եմ իսկապես հասկացված լինել, այդ թվում նաև հասկանալով ինքս ինձ, իմ իսկական էությունը՝ կենդանի ապրելով։

Կոտրել էմոցիոնալ լինելու վախը՝ մարդիկ շատ հարցերի պատասխաններ կստանան։

Իմ էմոցիաները ազդակներ են, որոնք ինձ օգնում են հասկանալ՝ որ ինչ- որ մի բան սխալ է, ինչ-որ մի բան անարդար է։ Ես ուզում եմ բարձրաձայնել ու չկեղծել այն, ինչ իրականում զգում եմ։

Արվեստի մասին

Արվեստը թերապիա է, որն օգնում է նաև նյութականացնել զգայական փնտրտուքներս, օգնում է ջրի երես հանել հույզերս, հանգստացնել դրանք, կամ, ընդհակառակը, շարժի մեջ դնել։

Սիրո մասին

Սերը իշխանության բացակայութունն է, հիերարխիկ համակարգի բացակայությունն է, երբ չես ճնշում էմոցիաներդ։

 

Լիլիթ Մարգարյան, Փառանձեմ Վարդանյան