Էլթոն Ջոնի այցից և Հանրապետական կուսակցության իշխանության անկումից հետո Հայ առաքելական եկեղեցու սպասավորների մոտ նոր էներգիա է բացվել ԼԳԲՏ մարդկանց քարկոծելու և հակաքրիստոնեական՝ ատելության քարոզ անելու համար։
Տեր Վրթանես Բաղալյանն աստծո օրհնանքն էր ուղարկել այն մարդուն, որը ձվով հարվածել էր Էլթոն Ջոնին՝ հայտնելով իր մտահոգությունը, որ մեր հասարակությունը նման թասիբով մարդկանց պակաս ունի։
Մեկ այլ հոգևորական՝ Տեր Ղազար Պետրոսյանը տխրել էր՝ իմանալով, որ Հայաստանի նախագահը կարող է ընկերություն անել նույնասեռական մարդու՝ Էլթոն Ջոնի հետ՝ ավելացնելով, որ ոչ մի բան չի կարող մեղմացնել նույասեռական լինելու «ախտը»։
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, որը տարիներ առաջ հարցաքննվել էր ԱԱԾ-ում իր արած որոշ հայտարարությունների համար, հետո հրապարակավ ստել, թե չի հարցաքննվել, բայց շարունակում է հեղինակություն մնալ որոշ լրատվական հարթակների համար։ Կենտրոն հեռուստատեսության «Հայելու առաջ» հաղորդմանը, լրագրողի հրահրմամբ ու աջակցությամբ Էլթոն Ջոնին անվանեց մարդկային բուն բնությունից հեռացած, հակաստվածային կերպար։
Տեր Վիգեն Քահանա Ղազարյանն ավելի ընդարձակ գրառմամբ՝ թիրախավորել է ոչ միայն ԼԳԲՏ մարդկանց, այլև նրանց պաշտպանողներին, վիրավորելով, խտրականության կոչեր անելով ու քննադատելով՝ ԼԳԲՏ մարդկանց ապաստարանի տրամադրման իրականացված ծրագիրը։
Այս ամենին զուգահեռ Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության թեկնածուներից էր կաթոլիկ մի վանական, որը սատարում է նեղության մեջ գտնվող ԼԳԲՏ անձանց։ Ֆրանցիսկյան միաբանության հոգևորական Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն մեքսիկայում կացարան է տրամադրում տնից վտարված ԼԳԲՏ անձանց՝ իր հիմնած «72» ապաստանում։
Ավրորայի հետ զրույցում Հայր Թոմասը նշել է, որ ԼԳԲՏ անձանց կացարանով ապահովելը համարում է առանձնակի կարևոր, քանի որ այդ անձինք իրենց ընտանիքում կամ հասարակությունում չափազանց հաճախ են բախվում խտրականության և մերժման «Մենք նրանց ապաստան ենք հատկացնում և, ինչպես յուրաքանչյուրին, ով կմտնի մեր շեմքից ներս, ապահովում պաշտպանությամբ՝ անկախ նրանից, թե ով են կամ ինչպիսին (…) Իհարկե, մեզ մոտ եկող բոլորն էլ խոցելի են, սակայն ոմանք ավելի խոցելի են անհադուրժողականության առումով, և դրանք հենց ԼԳԲՏ մարդիկ են»։
Տեսանյութը՝ unhcr.org
2016թ․ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի անունից Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինին նվիրեց ամերիկայահայ նույնասեռական Մայքլ Արամի Նոյյան Տապան քանդակը, սակայն հայ հոգևորականներն այն ժամանակ ձայն չհանեցին, իսկ Հռոմի Պապը Հայաստանից մեկնելուց հայտարարեց, որ քրիստոնյաները պետք է ներողություն խնդրեն նույնասեռականներից նախկինում կատարած մեղքերի համար։
Հովհաննես Իշխանյան