Ճանապարհորդություն Իտալիա

italytripՏանը ննջում էի, երբ զանգ ստացա ՓԻՆՔ-ից, Կոլյան էր. «Այժմ կարող եմ քեզ պաշտոնապես ասել` հավաքիր ճամպրուկդ: Դու գնում ես Իտալիա` մասնակցելու սեմինարի»:

Լուրը ստանալով` ես 5 ժամ առանց դադարի թռչկոտում էի: Ես բախտավոր էի, որ մեկ ամսվա ընթացքում իմ իրանական անձնագրում Շենգենյան վիզա ստացա ու ծանոթացա գեղեցիկ, հետաքրքիր և «թույն» ճամփորդակցիս` Գայանեի հետ:

Երևանում փետրվարյան ցուրտ օր էր: Ես վերցրի Գայանեին ու շարժվեցինք օդանավակայան: Մեր ճանապարհն այնքան էլ ուղիղ չէր: Երևանից Կիև` 2-3 ժամ կանգառով, ապա Կիևից Հռոմ: Սակայն Իտալիայի մայրաքաղաքը մեր վերջնակետը չէր, բայց և այնպես մենք 4 ժամ ունեինք այդ քաղաքի գեղատելիս վայրերով սքանչանալու համար:

Ես ու Գայանեն Իտալիայում անհրաժեշտ բաներ անելու ցանկ կազմեցինք, որն այսպիսի տեսք ուներ, որքանով ես հիշում եմ այն հիմա.

  1. ուտել իտալական պիցցա,
  2. ուտել իտալական պաստա,
  3. ուտել իտալական ժելատո,
  4. խմել իտալական կապուչինո,
  5. հասնել Լեչչե մեկնող գնացքին:

Դուք ճիշտ եք: Հռոմում մենք պետք է գնացք նստեինք և ուղևորվեինք Իտալիայի հարավում գտնվող փոքրիկ Լեչչե քաղաքը, որն ուներ հրաշալի հնադարյա ճարտարապետություն և ծովափ:

Առավոտյան ժամը 12-ն էր, երբ հասանք Լեչչե: Փառք Աստծո, Սալվին` ծրագրի ղեկավարը, սպասում էր մեզ այնտեղ: Ես կարծում էի` մեզ կտանեն հյուրանոց կամ նման մի տեղ, բայց այ քեզ զարմանք. բերեցին միանձնուհիների մենաստան: Առաջին բանը, որ մտքովս անցավ, մեծ խաչն էր և այն, թե ինչպես են միանձնուհիները ստիպում, որ ամեն անգամ աղոթենք հաց ուտելուց առաջ, ինչպես են լռեցնում մեզ, երբ աղմուկ ենք անում, ինչպես են սովամահ անում, որովհետև շատ ուտելն այդքան էլ աստվածային չէ: Բայց հետո պարզվեց սխալ էի: Միաձնուհիները երբևէ տեսածս ամենահոգատար ու գթասիրտ մարդիկ են: Նրանք դիմացինի հանդեպ բացառիկ հարգանքով ու բարությամբ են լցված: Պետք է անկեղծ լինեմ, մենք սարսափելի հյուրեր էինք: Միշտ ուշ էինք գալիս, սեղանը հետևներիցս չէինք հավաքում ու անընդհատ տաք ջուր էինք պահանջում լողանալու համար: Բայց նրանք երբեք չէին բողոքում, ու հիանալի էր այդ մթնոլորտում լինելը: Միակ անհարմարությունն այն էր, որ երբ շորերդ փոխում էիր, Հիսուսը, Մարիամը ու բոլոր Հռոմի պապերը պատի վրայից քեզ էին նայում:

pinkpresentationԵրիտասարդները գործողության մեջ ծրագրի «Մարտահրավեր. ի՞նչ է պետք դրա համար» կոչվող սեմինարի առաջին հավաքը հաջորդ առավոտ էր, որն անվանել էին «Բոնջորնո» (Ես միշտ կարծում էի, որ իտալերեն այն նշանակում է «բարև» կամ «ողջույն», բայց իրականում նշանակում է «բարի լույս»): Այն լիովին միջազգային միջոցառում էր` 26 պայծառ մարդ, որոնք եկել էին Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մեծ Բրիտանիայից, Բելառուսից, Խորվաթիայից, Հունաստանից, Կիպրոսից, Ռումիանիայից, Մոլդովայից և Իտալիայից: Մի բան կարող եմ հստակ ասել, ես չհիասթափվեցի:

4 օրվա ընթացքում մենք մի շարք հետաքրքիր քննարկումներ ծավալեցինք ու աշխատանքներ կատարեցինք, ինչպիսիք են մեդիտացիան և ազատ ստեղծագործելը:  Բայց մեր սեմինարի հիմնական քննարկման հարցն էր, թե ինչպես հոգալ փոփոխություն բերողների կարիքները: Մենք պետք է մեր գիտելիքներով կիսվեինք, թե ինչ է փոփոխությունը, ինչ է աջակցման համակարգը, ինչ է ենթակառուցվածքն ու կայուն զարգացումը:

Մեր խումբը որոշեց մի ծրագիր իրականացնել Հունաստանում, որտեղ սպառողը գնումներ պետք է կատարի անմիջապես գյուղացուց, ու այդպիսով կխթանվի տեղական բիզնեսը, մանավանդ, որ գյուղացին ավելի լավ պայմաններով կարող է վաճառել իր ապրանքը:

Ամեն օր մեզ ազատ ժամանակ էին տրամադրում, որպեսզի շրջենք քաղաքով ու բացահայտենք նրա հրաշալիքները կամ փոքր-ինչ հանգստանանք: Գիշերը խնջույքի ժամն էր: Ամբողջ խմբով դուրս էինք գալիս`քաղաքի կենտրոնում լավ ռեստորաններ ու փաբեր գտնելու:

Ես շատ բան սովորեցի, կարծես ստեղծարար ռեժիմի վրա էի դրված: Երբ մենք վերադառնում էինք, սրտումս ինչ-որ փոփոխություն էի զգում: Զգում էի, որ ավելի իմաստուն եմ, ավելի հասուն ու գիտելիքներով լի: Բայց ամենակարևորը` ես վստահ էի, որ նորից կհանդիպեմ այս մարդկանց, ոչ միայն նրա համար, որ մենք դրական փոփոխություն բերող ծրագիր էինք գրել (որն այս սեմինարի նպատակն էր), այլ նրա համար, որ ես ինձ ուժեղ էի զգում, երբ շրջապատված էի իմ նոր ընկերներով:

Էջմին Շահբազյան