Այս տարի Շվեդիայում ուսումնական դասընթացի էինք մասնակցում, որի շրջանակներում նախատեսվում էր այց այլ երկրներ` ուսումնասիրելու այնտեղի քաղաքական իրավիճակը և մթնոլորտը: Վեց շաբաթվա ընթացքում ուսանողների մեր փոքր խումբը Թուրքիայից գնաց Վրաստան, Աբխազիա և Ադրբեջան` հանդիպելով տարբեր մարդկանց և կազմակերպությունների հետ և ուսումնասիրելով միջավայրը: Վերջին երկու շաբաթը նվիրված էր Հայաստանին:

Առաջինը, ինչ ապշեցրեց մեզ, երբ Վրաստանի սահմանից մտանք Հայաստան, լեռնաշատ տեսարանն էր, որը մեզ անխոս թողեց: Թբիլիսիից Երևան ժամանեցինք մեքենայով` ճանապարհորդելով ձյունածածկ լեռներով, ինչպիսիք նախկինում երբեք չէինք տեսել:

Երբ ժամանեցինք Երևան, ապրիլի վերջն էր: Երևանում հուզառատ շրջան էր, քանզի Ցեղասպանության օրն էր մոտենում: Բավականին զարգացած և ծաղկող ժողովրդավարական հանդիսացող և վերջին 200 տարիների ընթացքում խաղաղության մեջ ապրած Շվեդիայում ծնված և դաստիարակված մարդու համար նման տեսակի ցույցերը խիստ օտար են: Մենք չենք կարող իրոք զգալ հայ ժողովրդի վիշտն ու զայրույթը, բայց կարող ենք միայն դիտարկել և փորձել դասեր քաղել դրանից:

Անթաքույց է, որ ժամանակակից հայերը կրում են անցյալում եղած իրադարձություններն այնպես` կարծես դրանք երեկ էին տեղի ունեցել: Մինչ այդ երբեք չէի հանդիպել իրենց պատմությունով այդքան հպարտ մարդկանց, որոնք այդ աստիճան նվիրված էին իրենց ժառանգությունը պաշտպանելուն: Կարծում եմ, որ դա շատ հիանալի է, նաև որոշ չափով տխուր: Կարծես` միայն ընդհարումների, բռնության և անարդարության հետևանքով ծնված ցավն ու կորուստն էին ի վիճակի խթանելու այս տեսակ կատաղի հայրենասիրական հպարտություն: Կարծես`դարերի ընթացքում շատ բան է խլվել հայ ժողովրդից, որ երբեք չի կարող մոռացվել, առավել ևս ներվել: Ես անհանգստանում եմ, որ այս հաճոյատես փոքրիկ երկիրը, իր անցյալի փառքը պահելու բուռն ցանկության պատճառով, կկորցնի առջևում գտնվող ճանապարհի նկատմամբ հետաքրքրությունը:

Երբ հետագայում ճանապարհորդում էինք այս գեղեցիկ երկրով և դեպի Լեռնային Ղարաբաղ, հիանում նրա ապշեցնող բնապատկերներով ու տեսարաններով, լսում, թե ինչպես էին տեղացիները խոսում անցյալի ու ներկայի եղած հակամարտություններից, ավելի լավ էինք ընկալում, թե ինչ է կատարվում իրա-կանում: Արտասովոր մի զգացողություն է զգալ Հայաստանը` իր ժողովրդով, մշակույթով, հողուջրով հանդերձ: Զարմացա, որ Գորիսի և Լեռնային Ղարաբաղի ճանապարհին տեսարանները դառնում էին ավելի գեղեցիկ (կարծում էի դա անհնար էր): Բայց երբեմն ստիպված ես վճարել այդ գեղեցկության համար, և այս դեպքում գինը մեքենայով ճանապարհորդելն էր: Մեքենան չուներ ամրագոտիներ, և գեղեցիկ լանդշաֆտի միջով ճանապարհն ինձ գրեթե ստիպեց լաց լինել և՛ իր գեղեցիկ տեսարանների, և՛ հանկարծակի մահվան վախի պատճառով:

Միայն երկրի բնությունը չէ, որ գրավեց մեզ: Ողջ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հյուրընկալությունը նույնպես հաճելի անակնկալ էր մեզ համար. մարդիկ պատրաստակամ էին օգնելու և հյուրասիրելու մեզ, մարդկային հարաբերությունները և շփումը շատ հեշտ և դրական էին հիմնա-կանում, իսկ սնունդը համեղ էր:

Երբեմն ի հայտ էր գալիս լեզվական արգելք, քանզի մենք հայերեն չէինք հասկանում: Այնուամենայնիվ, մեր ընկերներից և ծանոթ-ներից ոմանք էլ հնարավորություն ունեցան զգալու այդ անհարմարությունը, քանզի մենք երբեմն նրանց ներկայությամբ շվեդերեն էինք խոսում:

Երկու շաբաթ գործնական փորձ ձեռք բերեցինք ՓԻՆՔ Արմենիա հասարակական կազմակերպությունում և մեզ բախտ վիճակվեց ծանոթանալու ոգեշնչող աշխատակից-ների հետ, որոնք մեզ նոր վերապրումներ և հետագայում վերհիշելու հաճելի հիշողու-թյուններ պարգևեցին: Այն աշխատանքը, որ իրենք կատարում են, կապվածությունը, որ ունեն դրա նկատմամբ, ոգևորող է և խոստումնալից: Կարողացանք որոշ չափով ըմբռնել իրենց աշխատանքի բնույթը, որի շրջանակներում նրանք պաշտպանում և ջատագովում են բոլորի, մասնավորապես խոցելի խմբերի մարդու իրավունքները և դրանց գործածումը, տրամադրում են հիմնարար և ընդհանուր տեղեկատվություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, առավել ապահով սեռական հարաբերությունների մասին, ակտիվացնում և զորացնում են երիտասարդությանը: Հասարակության մեջ ԼԳԲՏ անձանց, գենդերային հավասարության, մարգինալացված խմբերի վերաբերյալ առկա կարծրատիպերը և կրթության պակասն այս աշխատանքում մեծագույն խոչընդոտներն են, և դրանք հաղթահարելու համար հայերը պետք է կտրականապես փոխեն իրենց չափազանց ավանդական հայացքները գենդերի, սեռական հարաբերությունների և բազմազանության կապակցությամբ:

Քաղաքացիական հասարակությունը դանդաղորեն է զարգանում, հանրության կողմից առանց աջակցության, և ես անկեղծորեն հույս եմ տածում, որ Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա, որ սեփական ազգային ինքնությունը կորցնելու վախը նրան խանգարի մարդու իրավունքների կարևորությունը հասկանալուն և ազատության, հավասարության և հանդուրժողականության հիմնարար արժեքները հասարակության ամեն ոլորտում սերմանելուն:

Ուրախ էինք ՓԻՆՔ Արմենիայում Շվեդիայի մշակութային երեկոյի ընթացքում ներկայացնել մեր մշակույթն ու պատմությունը: Հյուրերից շատերը նշեցին, որ իրենց դուր էր եկել այն սնունդը, որի պատրաստման համար ծախսել էինք մի ամբողջ երեկո: Հյուրերը նաև հետաքրքրված էին Շվեդիայում սովորելով և երիտասարդները հարցուփորձ էին անում Շվեդիայում գործող կրթական համակարգի և առկա հնարավորությունների մասին:

Ի դեպ, երբ Հայաստանում էինք, Փինքը իրականացնում էր «Բազմազանություն» ծրագիրը: Մենք, մեր արտաքինով ու հագուկապով տարբերվելով մյուսներից, ուշադրություն էինք գրավում փողոցներում: Կարծում եմ` դա էլ մեր փոքր ներդրումն էր ծրագրի մեջ և հուսով եմ, որ հանդիսացանք բազմազանության դրսևորման վառ օրինակ:

Էլին Հոլմեր
Հիլլեվի Բրանդտ