Հղիության արհեստական ընդհատումները, որոնք ընդհանուր առմամբ փոքր մասն են կազմում հղության ընդհատման, հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ պտղի մոտ նկատվում են որոշակի անցանկալի հատկանիշներ: Հղիության արհեստական ընդհատումները հաճախ կատարվում են նաև այն ժամանակ, երբ հղիությունն, ինքնին, պայմանավորված է լինում մեկից ավել անցանկալի հանգամանքներով:

Դրանք կարող են ներառել դեպքեր, երբ

  • չծնված երեխան իգական սեռի է, ինչը պայմանավորված է մշակութային տարբեր գործոններով, իսկ ավելի ցանկալին արական սեռի երեխան է,
  • պտղի մոտ առկա են որոշակի ֆիզիկական թերություններ,
  • պտուղը չի արժևորվում ծնողների կողմից որևէ այլ հանգամանքներում,
  • հղիության ընթացքում պտղի մոտ ի հայտ են գալիս որոշակի գենետիկ հատկանիշներ, որոնք վտանգում են վերջինիս առողջությունը,
  • սոցիալական, կենցաղային ոչ բավարար պայմաններ,
  • և այլն:

Պտղի` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումն իրականացվում է հիմնականում այն հասարակություններում, որտեղ մշակութային նորմերով կամ ավանդույթներով պայմանավորված է ինչ-որ սեռի երեխայի ցանկալի լինելու հանգամանքը: Նման հասարակություններում գերակայությունն ավելի շատ տրվում է տղաներին, քան աղջիկներին, որի արդյունքում էլ հղիության արհեստական ընդհատում է շատ հաճախ կատարվում այն ժամանակ, երբ բժշկական հետազոտության ժամանակ պարզվում է, որ պտուղը իգական սեռի է: Նման պետություններ են հիմնականում Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Թայվանը, և Կովկասյան երկրները: Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական շատ ընդհատումներ են լինում նաև Հարավային Կովկասի երկրներում` Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում:

Հայկական ազգային վիճակագրական ծառայության (NSS) տվյալների համաձայն՝ հղիության արհեստական ընդհատումների թիվը տատանվում է  12-14 հազարի  2008-2010թթ. ընկած ժամանակահատվածում:  2011-ին ՀՀ-ում  43 հզր երեխա է  ծնվել, որոնցից 23 հզր 160-ը տղա են, մինչդեռ աղջիկները` 20 հազար 487: Փորձագետները զգուշանում են, որ այդպիսի տվյալների դուրսբերումը կարող է պայմանավորված լինել հղիության արհեստական ընդհատմամբ` պայմանավորված պտղի սեռով:

Ավանդաբար հայերն ակնկալում են, որ իրենց ընտանիքներում առաջին երեխան տղա պետք է լինի. դա խորհրդանշում է տղամարդու ուժն ու առնականությունը: Համարվում է նաև, որ տղան «տոհմածառ»-ի շարունակողն է, ընտանիքի պաշտպանը, ու եթե ընտանիքում աղջիկ է ծնվում առաջնեկը, այդ ընտանիքն ասես «անգլուխ» է մնում: Նորածին երեխայի սեռը երբեմն վճռորոշ է դառնում ընտանիքի բարեկեցության, անդորրի համար:  Այդ պատճառով մարդիկ հաճախ դիմում են հղիության արհեստական ընդհատման՝ սեռի վրա հիմնվելով, մինչդեռ այդ երևույթը արգելված է օրենքով:

Ըստ ՀՀ մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի հոդված 10-ի՝ հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել միայն բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:

Երեխայի սեռը հնարավոր է որոշել միայն 12 և ավելի շաբաթական հղիության դեպքում, ուստի այդ ժամկետում իրականացվող հղիության ընդհատումը առանց  հատուկ բժշկասոցիալական ցուցումների, հիմնված երեխայի սեռի վրա, չի թույլատրվում օրենքով, այնինչ նման երևույթները միշտ եղել են, կան ու դեռ կլինեն, քանի դեռ այդ գործունեությունը չվերահսկվի հավուր պատշաճի:

Շատ հաճախ կանայք չեն ցանկանում ընդհատել հղիությունն ուղղակի սեռի հանգամանքի պատճառով: Նրանք դառնում են ավանդույթի և խտրականության զոհ, երբեմն՝ բռնի հարկադրանքի ճնշման տակ, երբեմն՝ մեղքի զգացման. չէ՞ որ համաձայն լայն տարածված ավանդական համոզման՝ կանայք են մեղավոր, որ  իրենց ամուսնուն տղա երեխա չկարողացան պարգևել: Համոզում, որը ոչ այլ ինչ է, քան ևս մեկ կարծրատիպ: Մարդիկ երբեմն մոռանում են, որ երեխան պարգև է՝  անկախ սեռից՝ տղա, թե աղջիկ:

Էլվիրա Մելիքսեթյան