Հայաստանում վերջին տարիներին բավականին հաճախակի են սկսել խոսել ընտանեկան բռնության դեպքերի մասին: Արդյո՞ք ընտանեկան բռնությունը մի երևույթ է, որն ի հայտ եկավ մեր հասարակության մեջ վերջին տարիներին, թե՞ մշտապես առկա է եղել:

Իրականում ընտանեկան բռնությունը, և հատկապես ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը երևույթներ են, որոնք մշատապես եղել են բոլոր հասարակություններում, ինչպես նաև հայաստանյան հասարակությունում: Հայաստանյան հասարակությունում այդ մասին մարդիկ մշտապես լռել են` ելելով այն հանգամանքից, որ հայ հասարակության մեջ ընտանիքը բավականին փակ համակարգ է, զոհ գնալով հասարակական բարքերին և կարգերին, հասարակության մեջ ընդունված նորմերին և դերերին, հայ ավանդական ընտանիքների մասին եղած պատկերացումներին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, սակայն, այդ լռությունը, կարծես թե, սկսել է տեղի տալ, կոտրվել է ընտանեկան բռնության դեպքերի երկաթյա վարագույրը, մարդիկ սկսել են խոսել բռնության դեպքերի մասին, բարձրաձայնել խնդիրները:

Հասարակությունը կարծես թե նոր-նոր էր սկսել դուրս գալ Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքից, երբ համացանցը սկսեց ողողվել մի նոր տեսագրությամբ, որտեղ 20-ամյա Մարիամ Գևորգյանը պատմում էր, թե ինչպես է վերջինս ամիսներ շարունակ դաժան ծեծի ենթարկվել:

Երկու տարի առաջ Ռուսաստանում ապրող Հայկանուշ Միքայելյանը, այցելելով Արարատի մարզի Տափերական գյուղ, Գևորգյաններից խնդրել է իրենց դստերը՝ 20-ամյա Մարիամին, կնության տալ իր ավագ որդուն՝ 26-ամյա Դավիթ Զիրոյանին: Հայկանուշը խոսքի մեջ պատմել է, որ որդին ամուսնալուծված է. հարսը տեսողության հետ խնդիրներ է ունեցել, ինչ-որ բորբոքման պատճառով աջ աչքը կուրացել է, և նա, Դավիթին չդժբախտացնելու պատճառաբանությամբ, որդուն լքել է:

Ամեն ինչ շատ արագ է դասավորվել: 2009 թ. նոյեմբերի 19-ին երիտասարդները նշանվել են: Մի քանի օր անց Դավիթը, իսկ դեկտեմբերի 22-ին արդեն Մարիամն ու սկեսուրը մեկնել են Սանկտ-Պետերբուրգ:

Ամուսնության առաջին կես ամսվանից հետո սկսվել են ընտանիքում հալածանքները, ծեծը, դաժան վերաբերմունքը, խոշտանգումներն ու հոգեբանական կտտանքները Մարիամի նկատմամբ:

«Այնքան էին հարվածել գլխիս, երբ գլուխս շարժում էի, ամեն ինչ շարժվում էր, ոնց որ փուչիկ լիներ այն աստիճան, կարծես փուչիկի մեջ ջուր լիներ: Ամենատարբեր պատճառներով՝ տունը դանդաղ ավլելու, կանաչին սիրուն չդասավորելու, դուռն ուժեղ ծածկելու կամ «լեզվին տալու» համար ամուսինս ինձ դաժանորեն հարվածել է՝ ամբողջ մարմինս ու դեմքս «կապույտ լողակ» դարձնելով»:  «Ամեն անգամ մի պատճառ գտնում էին, ասում էին՝ դու մեզ թուղթ ու գիր ես արել: Հետո սկեսուրս սկսեց… Մի քանի անգամ կրակայրիչով, հետո արդեն թերթն էր կոլոլում ու կրծքերս վառում: Ստիպում էր, որ լեզուս հանեմ ու կրակայրիչով վառում էր: Ցավից հետ էի քաշում, գրտնակով խփում էր գլխիս, մազերս այնպես էր քաշում, որ տեղ-տեղ կաշվի հետ պլոկվում էր: Ստիպված լեզուս հանում էի, վառելուց հետո օճառը դնում էր բերանս ու ասում՝ որ լավ զգաս, թե մրմուռն ինչ ա: Բերանս պինդ փակում էր, որ հետո սապոնը կուլ կտայի… » – պատմում է Մարիամը:

Մարիամի ծնողները պարբերաբար զանգահարել են Մարիամին, սակայն զանգերի մասին նրան չեն հայտնել, այլ հակառակը, պնդել են, որ նա ոչ ոքի չի հետաքրքրում, նույնիսկ նրա ծնողները ցանկություն չունեն տեղեկանալու վերջիններիս աղջկա մասին` օգատագործելով այդ ամենը Մարիամի դեմ, նրան հոգեբանորեն ևս ճնշելու համար:

Ամուսնությունից 10 ամիս անց Մարիամ Գևորգյանը կարողացավ վերադառնալ Հայաստան: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն: Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Դեկտեմբերի 14-ին Հայկանուշ Միքայելյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում և տեղափոխվել Հայաստան: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:

Դատական նիստերը դեռ շարունակվում են: Դավիթ Զիրոյանի առաջին կինը` Մելինե Բաթոյանը, միջնորդություն է ներկայացրել դատական նիստերը դռփակ անցկացնելու կապակցությամբ, որը դատարանը ընդունել է, որի արդյունքում դատական նիստերը անցկացվում են դռնփակ:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որ հետամուտ է ընտանեկան բռնության դեպքերին, Մարիամ Գևորգյանի գործով յուրաքանչյուր դատավարական նիստի ժամանակ դատարանի դիմաց կազմակերպում է ակցիա` պահանջելով արդար դատավարություն, ինչպես նաև գործի դռնբաց քննություն:

Եթե հանցագործությունը այսօր չպատժվի, վաղը դրա զոհը կարող է դառնալ մեզնից յուրաքանչյուրը:
Կանխե´նք այն այսօր:

Նվարդ Մարգարյան