Բռնությունը ֆիզիական ուժի, իշխանության և/կամ սպառնալիքի դիտավորյալ կիրառումն է այլ անձանց, խմբերի կամ համայնքների նկատմամբ, որը հանգեցնում է կամ բարձր հավանականություն ունի հանգեցնելու վնասվածքների, մահվան, հոգեբանական վնասների, թերզարգացման, կամազրկության:
Կանանց նկատմամբ բռնությունն այսօր ամենատարածված երևույթներից է և համաշխարհային հիմնախնդիր է: Աշխարհի ամենատարբեր երկրներում կանայք ենթարկվում են թե՛ ֆիզիկական, թե՛ սեռական, թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական բռնության ինչպես իրենց ընտանիքներում, այնպես էլ ընտանիքի սահմաններից դուրս:
Աշխարհում կանանց նկատմամաբ բռնությունների վերաբերյալ վիճակագրությունը աղաղակող է: Հայաստանում ևս իրավիճակը հրատապ լուծումներ է պահանջում: Տարբեր հասարակական կազմակերպությունների իրականացրած հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ մի հանգամանք. Հայաստանում յուրաքանչյուր կին իր կյանքի ընթացքում ամենաքիչը գոնե մեկ անգամ ենթարկվել է բռնության, սակայն այս երևույթի մասին հաճախ չի խոսվում: Դա պայմանավորված է ազգային մտածելակերպով և ընտանեկան արժեքներով. ներընտանեկան խնդիրները չեն բարձրաձայնվում հայ հասարակության մեջ:

Ի տարբերություն նախորդ տարիների, կանանց նկատմամաբ բռնության թեման ավելի ու ավելի արդիական է դառնում: Տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են շատ կարևոր խնդրի բարձրաձայնման գործընթացում և այս համատեքստում հատկապես սոցիալական ցանցերն են, որ նպաստում են խնդրի հաղթահարմանը:

2010 թվականի հոկտեմբերի 1-ին Facebook և Youtube սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որը պատմում էր քսանամյա Զարուհի Պետրոսյանի դաժան սպանության մասին: 2010 թվականի սեպտեմբերի 30-ին` ժամը 20:00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, և մարմնի տարբեր շրջանների արնազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ էր ընդունվել 1990 թ. ծնված Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր Էրեբունիե Բ/Կ որտեղ հոկտեմբերի 1-ին` ժամը 03:00-ին, մահացել էր:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների համաձայն` Զարուհին պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու` Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը` սեպտեմբերի 26-ին ևս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետևանքով առաջացել են վերոնշյալ վնասվածքները:

Զարուհին և Յանիսն ամուսնացել են 2008 թվականի մարտին: Ամուսնությունից հետո Զարուհին պարբերաբար դաժան ծեծի է ենթարկվել ամուսնու և սկեսրոջ կողմից` ընդհուպ մինչև մարմնի վրա կապտուկներ, արյունահոսություն, ուշաթափություն:
Զարուհու հարազատները պնդում են, որ մահվանից առաջ նա մի քանի օր շարունակ դաժան ծեծի է ենթարկվել տանը` մինչև հիվանդանոց տեղափոխվելը, ինչին ակա-նատես են եղել նաև հարևանները, ովքեր այդ մասին ցուցմունք են տվել Մասիսի ոստիկանությունում: Զարուհու մահվան օրը հարևանները մտել են նրանց տուն և տեսել, թե ինչպես են նրան ոտքերի տակ գցել, ծնկներն ու մատները կոտրել, գլուխը ջարդել ու բերանը շոր մտցրել, որ արնահոսությունը դադարի: Այնուհետև հարևաններից մեկն իր տղային ասել է, որ զանգի ու ոստիկանություն կանչի: Երբ սկեսուրն ու ամուսինն իմացել են ոստիկանների ժամանման մասին, Զարուհուն ծեծված վիճակում գլորել են աստիճաններից ցած, նորից քարշ տվել տուն, որպեսզի նրանց ապացուցեն, որ Զարուհին աստիճաններից է գլորվել ու ջարդուփշուր եղել:

Զարուհի Պետրոսյանի ողբերգական այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց ինչպես սոցիալական կայքերում, այնպես էլ հասարակական կազմակերպությունների շրջանում: Նպատակ ունենալով հետամուտ լինել Զարուհի Պետրոսյանի դատավարության արդար քննությանը և խթանելու համար գործի թափանցիկությունը` 7 հասարակական կազմակերպությունների կողմից ստեղծվեց «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիան: Ելնելով իր հիմնական նպատակից` կոալիցիան հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը և փորձում է ապահովել գործի թափանցիկ ընթացքը: «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալցիային անդմակցում են` «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, «Կանանց իրավունքների կենտրոն»ՀԿ, «Կանանց աջակցման կենտրոն / Թուֆենկյան հիմնադրամ», «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, «Զանգակատուն» ԲՀԿ, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ, «Ընտանեկան բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ:

Կոալիցիան իր գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրել է մի շարք միջոցառումներ:

Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման համաշխարհային օրը, կազմակերպեց երթ` նվիրված ընտանեկան բռնության զոհերի և Զարուհի Պետրոսյանի հիշատակին: Կոալիցիան կոչ արեց հասարակությանը միանալ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարին նվիրված 16-օրյակի շրջանակներում` նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը, կոալիցիայի անդամ ՀԿ-ների կողմից կազմակերպված մյուս միջոցառումներին:

Երթի մասնակիցները համապատասխան մարմիններին ուղղեցին բաց նամակ, որի նպատակն էր նրանց ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրին: Միջոցառման ընթացքում կազմակերպվեց ստորագրահավաք կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելող և պատժող օրենքների ու համապատասխան մեխանիզմների ներդրման և պարտադիր կիրառման գաղափարը ջատագովելու նպատակով: Կազմակերպվեց նաև դրամահավաք` նախատեսված Զարուհու 1.5 տարեկան դստեր համար:

2011 թվականի հունվարի 31-ին «Մի՛ լռիր, բարձրաձայնի՛ր», «Ո՛չ ընտանեկան բռնությանը», «20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան ծեծի հետևանքով» և բազմաթիվ գրություններ պարունակող այլ ցուցապաստառներով կոալիցիայի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Գլխավոր դատախազության շենքի դիմաց` պահանջելով արդար դատաքննություն անցկացնել Զարուհի Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով և արդար դատավճիռ կայացնել: Միաժամանակյա ակցիա էր անցկացվում նաև Լոս Անջելեսում «Human Rights Council»-ի նախաձեռնությամբ, որը կոչ էր անում վերացնել Հայաստանում կանանց հանդեպ բռնությունը:

Կոալիցիայի անդամները տարաբնույթ հանդիպումներ են կազմակերպում իրավաբանի, Զարուհու հարևանների, դասախոսների, քրոջ, քրոջ ընտանիքի անդամների, Զարուհու ընկերուհիների հետ, փաստաբանների, դատախազների հետ` ցանկանալով խթանել գործի արդար դատավարությունը և պահանջելով համապատասխան պատիժ մեղավորների համար:
Այժմ Զարուհի Պետրոսյանի դեպքի առնչությամբ դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ դատավարության ընթացքին և ներդնում է ջանքեր իր նպատակին հասնելու համար:

Նվարդ Մարգարյան