Դպրոցում ինձ սովորեցնում էին, որ աշխարհում գոյություն ունեն միայն արական և իգական սեռեր: Իսկ ինչպե՞ս կոչել այն մարդկանց, ովքեր միաժամանակ պատկանում են և՛ արական, և՛ իգական սեռին, կամ էլ չեն պատկանում և ոչ մեկին: Բայց ճի՞շտ է, որ նման մարդիկ իրոք գոյություն ունեն: Թե՞ դա ուղղակի երևակայության արդյունք է` անտիկ դիցաբանության մի մաս, ինչպես սֆինքսերը, սիրենները, ջրահարսները: Չնայած մեզնից շատերը մտածում են, որ դա ուղղակի առասպել է կամ արտառոց ինչ-որ բան, որ երբեք չենք տեսնի մեր կյանքում, միջսեռականությունն իրական երևույթ է և հանդիպում է շատ ավելի հաճախ, քան կարծում ենք: Փաստ է, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 1500-րդ երեխան միջսեռական է ծնվում` ըստ ՀԱՄՄ (Հյուսիսային Ամերիկայի Միջսեռականների Միություն) վիճակագրության:

Հերմաֆրոդիտային էակներ գոյություն ունեն արվեստում, բնության և դիցաբանության մեջ:

Եթե բնության մեջ հանդիպող երևույթը կոչվում է հերմաֆրոդիտություն, ապա մարդկանց մոտ հանդիպող նույն երևույթը կոչվում է միջսեռականություն: Եվ այսօր հերմաֆրոդիտին կոչում ենք միջսեռական (ինտերսեքսուալ):

Միջսեռականությունը բնական և բնածին ֆիզիկական երևույթ կամ վիճակ է, որի դեպքում անհատն ունի երկդիմի սեռական օրգաններ, այսինքն նրա արտաքին և ներքին սեռական օրգանները կարող են չլինել ո՛չ հստակ իգական, ո՛չ հստակ արական, այլ երկուսի համակցությունը: Երբեմն միջսեռականությունը տեսանելի է (օրինակ` անհատը կարող է ունենալ առնանդամ և կանացի կուրծք), այլ դեպքերում այն բացահայտ կամ տեսանելի չէ: Օրինակ` անհատը կարող է ունենալ առնանդամ արտաքնապես և ձվարաններ ներքնապես (այլ համակցություններ և բնական տատանումներ ևս կան):

Ցավոք, հաճախ միջսեռական երեխաներին, նույնիսկ եթե նրանք առողջ են, վերաբերվում են որպես հիվանդի: Բժիշկները կարող են «ռեպարատիվ» կամ «վերականգնողական թերապիաներ» կիրառել նման երեխաների նկատմամբ կամ նրանց ստիպել վիրահատությունների ենթարկվել` չնայած շատ օրինակներ վկայում են, որ միջսեռական անհատը կարող է երջանիկ և հասարակությանը լավ հարմարված լինել` մնալով միջսեռական: Ինչպես նաև, նման թերապիաների միջով անցած որոշ անձինք նշում են, որ շատ դժբախտ են դրա պատճառով: Ոմանք նկարագրում են իրենց զգացողությունը` կարծես իրենց անձի մի մասը կտրած և հեռացրած լինեն:

Տարբեր միջսեռական ակտիվիստներ և ակտիվիզմով չզբաղվող միջսեռականներ, որ անցել են այդ «վերականգնողական թերապիաների» միջով պատմում են ամոթի, կսկիծի, միայնակության, տառապանքի և ցավի զգացումների մասին, որ իրենք տածում են: Այս կենսափորձը խստագույնս կարևոր է և պետք է հաշվի առնվի և՛ սովորական մարդկանց, և՛ մասնագետների կողմից: Մենք պետք է նորից խորհենք այն հարցի շուրջ, թե ինչն է լավ և ինչը` ոչ, հատկապես, երբ ուրիշների մասին ենք խոսում, և ոչ թե` մեր:

– Երբեմն ես այնպիսի զգացում եմ ունենում` կարծես թաքնված լինեմ, որովհետև ինչպե՞ս ինչ-որ մեկը կարող է ընդունել ինձ նմանին, ում այս աստիճան այլանդակել են… իսկ երբեմն էլ այնքան եմ զայրանում, որ ուղղակի ուզում եմ մի սուր դանակ վերցնեմ և կտրեմ մյուս բժիշկների սեռական օրգաններն ու ասեմ. «Ահա… շան տղա, դե հիմա ասա, ինչպիսի՞ զգացումներ ունես»,- պատմում է այս «վիրահատությունների» զոհերից մեկը «Hermaphrodites Speak! (Խոսում են հերմաֆրոդիտները)» ավանգարդիստական փաստավավերագրական ֆիլմում: Ազգային և միջազգային մակարդակներում շատ միջսեռականներ և մասնագետներ են պայքարում այդ խեղումները կասեցնելու նպատակով: Կան տարբեր միջազգային, ազգային և տարածաշրջանային կազմակերպություններ և միություններ, որոնք պայքարում են` ստեղծելու ընդունելիություն և տեսանելիություն միջսեռականների համար:

Անկախ ժամանակակից հասարակությունների դրական կամ բացասական մոտեցումներից, միջսեռական մարդիկ, համենայն դեպս, հայտնի են եղել շատ նախապատմական և հնագույն մշակույթների:

Մարդկային ցեղի արարչագործության մասին շումերական մի առասպել կա, որն ավելի քան 4000 տարեկան է: Ըստ առասպելի, Նինման` Մայր Աստվածուհին, կավից է պատրաստել մարդկանց: Առասպելը պատմում է, որ Նինման արարում է մարդկանց, իսկ Էնկին` Հայր Աստվածը, նրանցից յուրաքանչյուրի համար սահմանում է ճակատագիր: Նինման ստեղծում է երեք տղամարդ և մի կին` «ոչ տիպիկ» կենսաբանական կառուցվածքով և Էնկին նրանցից յուրաքանչյուրին տալիս է տարբեր կարգավիճակներ` նրանց եզակիու-թյան նկատմամբ հարգանք հաստատելու համար:

«Վեցերորդին Մայր Աստվածուհին կերտում է ո՛չ առնանդամով, ո՛չ էլ հեշտոցով: Էնկին նայեց իր մարմնի վրա ո՛չ առնանդամ, ո՛չ հեշտոց ունեցող էակին և նրան Նիբրու (այս բառը, ըստ որոշ հետազոտողների, գուցե նշանակում է ներքինի) անունը կարգեց, և իր ճակատագիրը հաստատեց որպես թագավորին ծառայող», պատմում է առասպելը:

Հին Հունաստանն ունի սեփական պատմական արձանագրությունները. Պլատոնի «Սիմպոզիում»-ի հերոսներից մեկը` Արիստոփանեսը, պատմում է, որ մարդու բնույթն ու ձևն ի սկզբանե այլ են եղել, քան այսօր, և որ նախկինում եղել են երեք տեսակի մարդկային էակներ` կանայք, տղամարդիկ և անդրոգիններ (հունարեն` անդրոս-տղամարդ + ղինի-կին = «տղամարդկին»): Արիստոփանեսը տղամարդուն ներկայացնում է որպես Արևի որդի, կնոջը` Երկրի դուստր, իսկ անդրոգինին` որպես Լուսնի երեխա (որն էլ իր հերթին Արևի և Երկրի համակցումն էր համարվում):

Հերմափրոդիտոսը հունական մի առասպելի հերոս է, ով կես տղամարդ և կես կին է, ինչպես Օվիդիոսն է տեղեկացնում իր «Մետամորֆոզներ»-ում: Հերմաֆրոդիտոսը կամ Հերմափրոդիտոսը Հերմեսի և Ափրոդիտեի որդին է (այստեղից էլ նրա անվան և «հերմաֆրոդիտ» տերմինի ծագումը): Հին դարերում Հերմափրոդիտոսն ունեցել է իրեն նվիրված տաճարներ և աղոթատեղիներ: Կիպրոսը հանդիսանում է Հին Հունաստանի այն վայրերից մեկը, որտեղ մենք հանդիպում ենք Հերմափրոդիտոսի պաշտամունքի հնագույն հետքերին: Ըստ Մակրոբիուսի` այնտեղ կար արական սեռի Ափրոդիտեի մի բեղավոր արձան` Ափրոդիտոս անունով` կերտված քանդակագործ Արիստոփանեսի կողմից (չնույնացնել վերևում ներկայացված Պլատոնի գրքի նույնանուն հերոսի հետ – խմբագրի կողմից): Գտնվել են մ.թ.ա. 7-րդ դարից եկող Ափրոդիտոսի գեղարվեստական պատկերներ, ինչը նշանակում է, որ այն արխայիկ կուռք էր, ինչպես իր «The Supreme Gods of the Bosporan Kingdom. Celestial Aphrodite & the Most High God» աշխատությունում ցույց է տալիս Յուլիա Ուստինովան:

Հինդուիզմում հնագույն ժամանակներից հայտնի է Արդհանարիշվարան: Նրա անունը նշանակում է` «Տերը, ով կիսով չափ կին է»: Արդհանարիշվարան հայտնի է նաև այլ անուններով, ինչպես օրինակ Արդհանարանարի («կես-կին կես-տղամարդը»), Արդհանարինատեշվարա («Պարի Տերը, ով կեսկին է»), Նարանարի («Տղամարդ-կին»), Ամիապան (տամիլական անուն, որ նշանակում է «Մայր-Հայր»): Այս Աստվածությունը Շիվայի և Շակտիի (որոշ տարածաշրջաններում և ավանդույթներում` Դեվիի, երբեմն էլ` Պարվատիի) անդրոգինային միությունն է: Սովորաբար Աստվածության աջ կողմը պատկերված է որպես արական, ձախը` իգական, չնայած կան բացառություններ:

Հետաքրքիր են նաև Հայկական լեռնաշխարհից վերջերս գտնված արձանիկները: Այդ արձանիկները ներառված են Հայաստանի Պատմության թանգարանի ցուցադրության մեջ: Չնայած ցուցադրության մեջ դրանք ներկայացված են որպես իգական արձանիկներ, անթաքույց է, որ արձանիկներն ունեն և՛ իգական, և՛ արական հատկանիշներ: Այդ արձանիկները նաև կարելի է համեմատել ցուցադրության մեջ ներառված մյուս արական և իգական արձանիկների հետ և պարզորեն տեսնել տարբերությունները:

Քրոմոսոմների մասին. մարդու մարմնում սովորաբար առկա է երկու տեսակի քրոմոսոմ` X և Y: X-ն իգական քրոմոսոմն է, Y-ը` արականը: Հետաքրքիր է, որ եթե իգական մարմնի քրոմոսոմային կազմը սովորաբար XX է (երկու իգական քրոմոսոմ), ապա արականը XY է (մեկ արական և մեկ իգական քրոմոսոմ): Արական մարմինը բաղկացած չէ միայն արական քրոմոսոմներից. չկա YY կառույց: X քրոմոսոմը շատ կարևոր է մեր գոյության համար: Իսկ միջսեռական մարդկանց մոտ հաճախ հանդիպող քրոմոսոմային կազմն է` XXY և XYY: Ուստի, ինչպես Շիվայի և Շակտիի միության գաղափարն է ենթադրում, երբեմն արականն ու իգականն իրոք անբաժանելի են, ինչպես արական քրոմոսոմային կառուցվածքի դեպքում:

Մեր հավատալիքները կարող են տատանվել և տարբերվել մեր դիմացինի հավատալիքներից: Երբեմն մենք առաջնորդվում ենք կարծ-րատիպերով և նախապաշարմունքներով, այլ ոչ թե փաստերով: Երկբևեռային մտածելակերպը (չար – բարի, վատ – լավ, ճիշտ – սխալ, սև – սպիտակ, կին – տղամարդ) ևս երբեմն խանգարում է և խոչընդոտում մեր ընկալմանը: Ոմանք ընդունում են սեռային բազմա-զանությունը, մյուսները` ոչ: Համենայն դեպս, պետք է զգույշ լինենք և հարգանքով վերաբերվենք մարդկանց, եթե հարգանք ենք ցանկանում պահանջել նրանցից:

Փաստն այն է, որ մարդիկ բազմազան են ինչպես իրենց կրոններով, հավատալիքներով, էթնիկ պատկանելություններով, ազգություններով ու այլ հատկանիշներով, այնպես էլ իրենց սեռայնությամբ: Առկա է միջսեռականության մի քանի տասնյակ բժշկական դասակարգում: Պետք է ընդունենք բազմազանությունը որպես հրաշալի, զորավոր, ներշնչող և որպես մեր ամենօրյա կյանքում մեզ ուղեկցող մի երևույթ: Անկախ մեր սեռային կարգավիճակից պետք է հիշենք, որ կարող ենք տարբերվել միմյանցից, սակայն մեր միջև առկա նմանությունները ավելի ակնառու են և բոլորս էլ ունենք հավասար իրավունքներ, արժանի ենք արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի:

– Ընդունեք, որ կանք: Մի՛ փորձեք կտրտել մեզ կամ փոփոխել կամ ամոթանք տալ կամ թաքցնել… Ես սիրում եմ ներկայիս կյանքս և իրոք ուզում եմ ընդունել իմ էությունը. միջսեռական կին: – Հիդա Վիլորա

Սևակ Կիրակոսյան

Աղբյուրներ և օգտակար հղումներ` Androgynous Archetypes, Overview of ancient Hermaphrodite Deities