PPAN Logo«Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ն հիմնադրվել է 2006թ.-ին: Կազմակերպության առաքելությունն է ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրենց կզգան հասարակության լիիրավ անդամ և չեն խուսափի բացահայտել իրենց կարգավիճակը` հասարակության և մարդկանց առավել լայն հանրույթի ուշադրությունը սևեռելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և դրանից առաջացած խնդրի վրա: Կազմակերպության հիմնական նպատակն է ծրագրել լայնամասշտաբ միջոցառումներ հասարակության շրջանում, որն էլ կարող է փոխել կարծրատիպերը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ: 2007թ.-ից կազմակերպությունն իրականացնում է «Խնամքի և աջակցության տրամադրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց» ծրագիրը ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կազմակերպության հիմնական շահառուները ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ են: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում և իրականացվում է ծառայություններ տրամադրող շարժական խմբի աշխատանքները: Շարժական խմբի մասնագետները այցելում են շահառուներին իրենց բնակության վայրերում, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրում են խորհրդատվություն առողջ ապրելակերպի, սննդակարգի, բուժման և խնամքի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից բաշխվող դեղամիջոցների տրամադրումը մարզերում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց: Ծրագրի իրականացումը նաև հնարավորություն է տալիս աշխատատեղեր ստեղծել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար, քանի որ նրանք որպես աշխատակիցներ ներգրավված են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերում: Կազմակերպությունում ներգրավված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ներուժը տալիս է իր դրական արդյունքները: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, կազմակերպվում և իրականացվում են փոխօգնության խմբեր: Կազմակերպության աշխատակիցները անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր մարդու նկատմամբ, օգնում են լուծել կամ հաղթահարել խնդիրները: Փոխօգնության խմբերի ժամանակ եղել են դեպքեր, երբ մարդիկ հանդիպել, ճանաչել են իրար և ընտանիք են կազմել:

Anahit Harutyunyan

Կազմակերպության ղեկավար` Անահիտ Հարությունյան

Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ոլորտում գործող մի շարք պետական, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ: 2009թ.-ին 3 այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ` «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը ստեղծել է «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը»: ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը իրականացնում է տարբեր միջոցառումներ, ակցիաներ, բարձրացնում է հիմնախնդիրները պետական մակարդակով, փորձում լուծել խնդիրները, որոնց բախվում են ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ: Կազմակերպությունը նաև սերտորեն համագործակցում է տեղական ԶԼՄ-ների հետ` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնդիրները առավել լայն մասշտաբներով լուսաբանելու համար: ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ բախվում են տարբեր խնդիրների իրենց հարազատների հետ շփվելիս: Հայաստանում շատ հաճախ անձի ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին չի իմանում ոչ ոք: Առանձնահատուկ խնդիր է հանդիսանում երեխայի կարգավիճակի բացահայտումը, կամ երեխաներին ծնողների կարգավիճակի հայտնումը: Այս և այլ խնդիրներ հիմք են հանդիսանում ներհոգեկան և միջանձնային լարվածության, որը վատ ազդեցություն է ունենում ինչպես երեխա-ծնող հարաբերությունների, այնպես էլ մարդու առողջության վրա: Այսպիսի ընթացքը կանխելու նպատակով կազմակերպությունն իրականացրեց հոգեբանական աշխատանք ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և նրանց երեխաների հետ: Այդ պարբերական հանդիպումները բավականին լավ արդյունք տվեցին, ինչի մասին վկայում է նաև ծնողների գոհունակությունը: Հանդիպումների ժամանակ երեխաները սովորեցին ճիշտ հասկանալ սեփական հույզերը, փորձել տեսնել իրենց կողքից` հանգամանալից հասկանալու համար դիմացինի ռեակցիան: Ծնողները ևս նշում էին դրական փոփոխություններ թե՛ իրենց հետ հարաբերություններում, և թե՛ դպրոցական միջավայրում: Ցանկացած խոչընդոտ, որ հաղթահարում է իր կյանքի ճանապարհին ՄԻԱՎ-ով ապրող մարդը, դա արդեն փոքրիկ հաղթանակ է: Այն հաղթանակ է ոչ միայն ՄԻԱՎ-ով ապրող մարդու համար, այլև կազմակերպության աշխատակիցների համար: Եվ էական չէ, թե ով է օգնել, էականն այն է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդը հասկանում և վերգտնում է իրեն հասարակության մեջ, շարունակում է ապրել և ստեղծագործել: Դա է կազմակերպության գլխավոր ձեռքբերումը:

Նարինե Գրիգորյան, Նվարդ Մարգարյան