Ամալյա Կոստանյան

Ծնվել է`10 մարտի 1960թ.
1981թ. ավարտել է ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետը, 1990թ. ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: 2000թ. միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում է ստացել ԱՄՆ-ի Դյուքի համալսարանում:
2000թ. համախոհների հետ միասին ստեղծել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը 2001թ. հոկտեմբերին դարձել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:
Մահացել է` 30 սեպտեմբերի 2010թ.

Մեր իրականությունում քիչ չեն այն մարդիկ, ովքեր իրենց անգնահատելի հետքն են թողել ինչպես քաղաքացիական հասարակության ձևավորման և զարգացման վրա, այնպես էլ իրենց կենսակերպով և գործունեությամբ, համարձակությամբ և հասարակության առջև ստանձնած պատասխանատվությամբ օրինակ են դարձել քաղաքացիական հասարակության ոլորտում փոփոխությունների նախաձեռնման և իրականցման, կարևորագույն հարցերի բարձրաձայնման, հետևողականության համար: Նմանօրինակ մարդկանցից է Ամալյա Կոստանյանը, ով իր ծավալած գործունեությամբ նպատակ ուներ նպաստելու քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը, աջակցելու թափանցիկ ու հաշվետվողական կառավարման համակարգի կայացմանը և խթանելու ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործում:

Ցավոք, այսօր մենք արդեն անցյալ ժամանակով ենք խոսում նրա մասին, բայց և հիշում որպես հերոս և հնարավոր ուղեցույց: Ամալյա Կոստանյանին այսօր հիշում են շատերը` թե´ ընկերները, թե´ աշխատակիցները, թե´ քաղաքացիական հասարակության ակտիվիստները և շատ-շատ այլ մարդիկ: Ցավով եմ նշում, որ հնարավորություն չեմ ունեցել ինքս ճանաչել Ամալյա Կոստանյանին, նրա գործունեությանը, բայց շոնրհիվ նրա ընկերների` Լարիսա Մինասյանի, Վարուժան Հոկտանյանի, Ավետիք Իշխանյանի ես կարողացա ինչպես ծանոթանալ Ամալյա Կոստանյանի ծավալած գործունեությանը, այնպես էլ այն հարուստ ժառանգությանը, որ նա թողել է մեզ այսօր:

«Ամալյան շատ պայծառ, տարբերվող, հետաքրքրված, էներգետիկ, ուրախ մարդ էր: Նա այն մարդկանցից չէր, որ մտածում էր` ավելի լուրջ դեմքով կարող են հավակնել լուրջ հաջողությունների: Նա շատ ավելի պարզ, մատչելի, հետաքրքիր և բաց անձնավորություն էր: Չէր վախենում իր կարծիքն արտահայտելուց, որովհետև այն հիմնավոր էր և միշտ ունենում էր հակափաստարկներ»,- այսպես է հիշում Ամալյա Կոստանյանին Լարիսա Մինասյանը: Իսկ Վարուժան Հոկտանյանն ասում է. «Ամալյան խելացի, բանիմաց, ուժեղ անձնավորություն էր, իրերին կարողանում էր նայել շատ սթափ, լավ գնահատում էր իրավիճակը»:

«Ամալյան այն եզակի կանացից էր, ով օժտված էր կանացի արտակարգ հմայքով, ինչը բոլորովին չէր խանգարում լինել վերին աստիճանի մտահոգված, զգացմունքային, շատ ակտիվ: Տպավորությունն այնպիսին էր, որ նա չհուսահատվող, չհոգնող հասարակական գործիչ էր: Ամալյան մշտապես բարձրացնում էր հասարակության համար հրատապ խնդիրները` և´ բնապահպանական, և´ քաղաքաշինության, և´ մարդու իրավունքներին առնչվող: Զարմանալի էր այն, որ դեռևս 2006 թվականից նա ներգրավվեց քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդում: Ամալյան իմ վրա էլ մեծ ազդեցություն է թողել, երբ ես հոգնել եմ որոշ հարցերից, բայց նա մշտապես լրացուցիչ էներգիա է հաղորդել: Ամալյայի մահը մեզ համար մեծ կորուստ է. նա կարևոր համեմունք էր, աղ էր մեզ համար, որը պակասեց մեր հասարակությունից»,-ասում է Ավետիք Իշխանյանը:

«Իսկ որպես քաղաքացիական հասարակության ակտիվիստ` Ամալյան այն մարդկանցից էր, որ կարողացավ ինչպես մեծ գործունեություն ծավալել, այնպես էլ փոփոխել ակտիվիզմի չափանիշները` բարձրացնելով հետաքրքրվածության, կամավորության և մասնակցության կարևորությունը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում»,- նշում է Լարիսա Մինասյանը:

«Շատ հետևողական մարդ էր Ամալյան. լինում են հաճախ մարդիկ կամ կազմակերպություններ, որոնք ևս բարձրացնում են շատ կարևոր, հասարակության համար հրատապ խնդիրներ, սակայն հետամուտ չեն լինում դրանց լուծմանը, իսկ Ամալյան բոլոր հարցերում շատ հետևողական էր: Դրան նպաստում էին նաև իր անհատական հատկանիշները` լիդերությունը, կազմակերպչական ձիրքը, մարդկանց` իր գաղափարների շուրջ համախմբելու կարողությունը»,- նշում է Ավետիք Իշխանյանը:

Ըստ Վարուժան Հոկտանյանի` «չնայած նրան, որ Ամալյան ներգրավված էր քաղաքացիական ակտիվիզմի տարբեր ոլորտներում, այնուամենայնիվ նրա օրակարգի հիմնական մասն էր կազմում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը: Տարիների ընթացքում նրան հաջողվեց հասարակության մեջ ստեղծել գաղափարական պատկերացում երևույթի և դրա բացասական դրսևորումների մասին. և´ քաղաքացիները, և´ հասարակական այլ կազմակերպություններ, և´ իշխանությունները սկսեցին խոսել կոռուպցիայից, քննարկել երևույթը և երևույթի նվազեցման համար անհրաժեշտ գործողությունները»:

«Ամալյա Կոստանյանի այլ ներդրումներից էր նաև այն,- ասում է Լարիսա Մինասյանը,-որ նա կարողացավ մեր հասարակությունում դիալոգի և դեբատի նոր որակ բերել: Մյուս առանձնահատկությունն էլ այն էր, որ նա ոչ թե իր առջև դնում էր այն խնդիրները, որոնք կարող էր լուծել, այլ ինտելեկտուալ կերպով էր սահմանում խնդիրները` ամենամեծ խնդրին հավակնելով և մշտապես գործելով»:

«Ամալյա Կոստանյանը ցանկանում էր Հայաստանը տեսնել որպես մի երկիր, որտեղ կոռուպցիայի մակարդակը կլիներ բավականին ցածր: Նրա կյանքի նպատակ էր իր գործունեությամբ ցույց տալ, որ պետք է փոխվեն պետությունը, հասարակությունը, քաղաքացիները ավելի շատ մասշտաբներով, պետք է հասարակությունում օրենքն աշխատի: Դրան ենք ձգտում նաև մենք»,-ասում է Վարուժան Հոկտանյանը:

«Զարմանալի, և միևնույն ժամանակ շատ ողջունելի էր նրա` մարդկանց համախմբելու կարողությունը: Իր բնույթով Ամալյան հաճոյախոս չէր, շատ հարցերում կտրուկ էր և կատեգորիկ, ինչպես նաև ոչ այդքան կոմպրոմիսային, բայց նրա այդ հատկանիշները ոչ թե վանում էին մարդկանց նրանից, այլ համախմբում իր արժեքների, ծավալած գործունեության շուրջ, ոգևորում շատերին, իսկ այդ ամենը նա անում էր մեծ հավատով և նվիրումով»,- հիշում է Լարիսա Մինասյանը:

Այսօր բոլորը ցավով և արցունքներով են խոսում Ամալյա Կոստանյանի կորստի մասին: Նա չափազանց շուտ հեռացավ կյանքից` իրականում չտեսնելով այն երկիրը, որտեղ նա ցանկանում էր ապրել: Իսկ ամենավերջում Ավետիք Իշխանյանը հավելում է. «Ինչու՞ մեզ լքեցիր, Ամալյա´»:

Հարցազրույցի համար հատուկ շնորհակալություն`
Լարիսա Մինասյանին – «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» գործադիր տնօրեն
Վարուժան Հոկտանյանին – «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն
Ավետիք Իշխանյանին – «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» նախագահ

Նվարդ Մարգարյան