Մարտի 8-ը` Կանանց միջազգային օր

Կանանց միջազգային օրը ամբողջ աշխարհում ընդունված է նշել մարտի 8-ին: Այս օրը կանանց միջազգային տոն է պաշտոնապես հայտարարված նաև Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից, իսկ աշխարհի տարբեր երկրներում այն հաճախ նշվում է որպես ազգային տոն: Մարտի 8-ը համարվում է միջազգայնորեն ընդունված մի օր, երբ աշխարհի կանայք տոնում են տարբեր ոլորտներում (քաղաքական, տնտեսական թե սոցիալական) իրենց ունեցած ձեռքբերումները և նվաճումները: Այս օրը հիմնականում ընդունված է համարել որպես կանանց` հասարակության մեջ ունեցած դերի և իրավունքների համար անցյալում մղված պայքարի օր, որի հիմքը դրեցին ֆեմինիստ կանայք:

Կանանց միջազգային օրը հասարակ կանանց պայքարի պատմությունն է: Դա մի օր է, որ պատմում է հասարակության մեջ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու, հավասար պայմաններում աշխատելու և հասարակական կյանքին ակտիվ մասնակցություն ունենալու համար կանանց մղած պայքարի մասին:

Այդ օրն ամբողջ աշխարհում տարբեր ազգությունների, էթնիկ ու կրոնական պատկանելիության կանայք, անկախ իրենց լեզվական, մշակութային առանձնահատկություններից ու քաղաքական հայացքներից, համախմբվում են նշելու կնոջ օրը, որն արդեն ինը տասնամյակ է, ինչ պայքարում է հանուն հավասարության, արդարության և խաղաղության:

Տարիների ընթացքում Կանանց միջազգային օրը ներքին ու փակ քննարկումներից դարձել է մի մեծ շարժում, տեղափոխվել է փողոցներ` իր հետ ծավալելով հեղափոխական հոսանք` ճանապարհին հանդիպելով տարբեր քաղաքական գործիչների ու մտավորականների ընդդիմությանը, բախելով տարբեր քաղաքական ու հասարարական ինստիտուտների դռները, կազմակերպված ցույցերով անցել երկրից երկիր` նպատակ ունենալով փոխել սոցիումում կանանց գրաված դերը, օրինական պայքարի ուղղով վեր հանել մինչ այդ անօրինականորեն ոտնահարված և արհամարված կնոջ իրավունքները, լսելի դարձնելով կանացի ձայնը, պայքարելով կյանքի տարբեր ոլորտներում առկա գենդերային անհավասարության դեմ:

Կանանց Միջազգային Օրվա պատմական արմատները սկիզբ են առնում դեռևս 1910 թվականից, երբ այն սկսվեց տոնվել միջազգայնորեն, իսկ ԱՄՆ-ի սոցիալիստ կանայք արդեն 1908 թվականին հասցրել էին կազմակերպել այն ժամանակվա առաջին Կանանց Ազգային Օրը` հիմք դնելով ապագա միջազգային տոնի համար:

Այսօր շատ հաճախ Կանանց միջազգային օրը մտաբերելիս մենք առաջին հերթին այն ընկալում և տոնում ենք որպես կանանց` կյանքի տարբեր բնագավառներում ունեցած ներդրումների, ձեռքբերումների և նվաճումների օր: Սակայն միաժամանակ չպետք է մոռանալ` ինչպիսի ծանր ժամանակների և խառը իրադարձությունների արդյունքում ծնվեց այն: Այն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած բանվոր դասակարգի աշխատանքային անկարգությունների և ընդվզումների պտուղ էր:

Կանանց միջազգային օրը` որպես կանանց տոն, սկսվեց դիտարկվել դեռևս 1900-ականների սկզբներից, երբ արդյունաբերական աշխարհը նոր տնտեսական զարգացումների, մեծ տատանումների ու փոփոխությունների առաջ էր կանգնել, երբ ի հայտ եկավ բնակչության թվաքանակի գերաճ և ռադիկալ գաղափարախոսության առաջին ծիլերը:

Կլարա Ցետկինը` Կանանց միջազգային օրվա հիմնադիրը (ձախից), իր ընկերուհու` Ռոզա Լյուքսեմբուրգի հետ:

Այո՛, Կանանց միջազգային օրը ծնվեց հասարակական անհանգստության և սոցիալական ճգնաժամի պայմաններում` արդեն իսկ ժառանգելով քաղաքացիական ակտիվության ու բողոքի բոլոր նախանշանները: Հարկ է նշել, որ այն տարիներին (20-րդ դարի սկզբից մինչև 1910 թվականը ընկած ժամանակահատվածը) կանանց աշխատանքային պայմանները և աշխատավարձը անհուսալի վատ վիճակում էին: Միայն որոշ արդյունաբերական տեսանկյունից զարգացած երկրներում կանանց մի փոքր մասը հնարավորություն ուներ բավարար վարձատրվող աշխատանք ունենալ: Ամեն դեպքում կանանց համար նախատեսված ամեն տեսակի աշխատավայր նախապես առանձնացված էր` ելնելով սեռային առանձնահատկությունից: Այսինքն, կանայք հարկադրված աշխատում էին միայն մանրագործվածքների, տեքստիլի ու կենցաղային այլ ծառայությունների հետ կապված արտադրամասերում ու գործարաններում, որտեղ աշխատապայմանները ահավոր էին, իսկ աշխատավարձն էլ ավելի: Այս ամենը սկսեց հիմք հանդիսանալ հետագա իրադարձությունների ծավալմանը: 1908 թվականին կանանց նկատմամբ կիրառվող ճնշումն ու սեռային խիստ անհավասարությունը կյանքի տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի աշխատող կանանց շրջանում դժգոհության ալիք սկսեց բարձրացնել` դարձնելով նրանց ավելի վճռական սեփական իրավունքների ոտնահարման, բռնության ու գենդերային խտրականության դեմ պայքարելու, իրենց բազմիցս լռեցված ձայնը բարձրացնելու և սեռային հավասարության մասին ահազանգելու, հասարակապես ու քաղաքականապես ավելի ակտիվ դառնալու խնդրում: Եվ նույն 1908 թվականին արդեն մոտ 15.000 կանանցով համալրված երթը անցնում էր Նյու Յորքի կենտրոնական փողոցներով` պահանջելով ավելի քիչ աշխատաժամեր, արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ աշխատավարձ և ամենակարևորը` ընտրություններին ձայն տալու իրավունք:

Համաձայն Ամերիկայի Սոցիալիստական Կուսակցության արած հայտարարության` սկզբում Կանանց Իրավունքների Միջազգային Օր որպես այդպիսին ամբողջ ԱՄՆ-ի տարածքում սկսվեց համարվել փետրվարի 28-ը, և մինչև 1913 թվականի վերջ կանայք նշում էին այդ տոնը փետրվարի վերջին կիրակի օրը: Իսկ արդեն 1910 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցող Աշխատավոր կանանց երկրորդ միջազգային կոնֆերանսի ընթացքում գերմանացի Կլարա Ցետկինը, որն այն ժամանակ հանդիսանում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության “Կանանց Գրասենյակի” ղեկավարը, առաջ քաշեց Կանանց Միջազգային Օրը` որպես ամենամյա տոն, նշելու գաղափարը: Նա առաջարկեց, որ բոլոր երկրներում տարվա ընթացքում առաջադրվի հստակ մի օր ` որպես կանանց միջազգային տոն, որն իր մեջ կարտացոլի կանանց իրավունքների պաշտպանության ամբողջ գաղափարական էությունը: Կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 100 կանայք 17 տարբեր երկրներից, որոնք ներկայացնում էին տարբեր դաշինքներ, սոցիալիստական կուսակցություններ, աշխատավոր կանանց ակումբեր: Ներկա էին նաև այն 3 կանայք, որոնք ընտրվել էին ֆիննական պառլամենտի անդամ: Բոլոր վերոնշյալ կանայք Ցետկինի առաջարկությունը միաձայն հավանության արժանացրին և Կանանց Օրը դարձավ միջազգայնորեն նշվող տոն:

1910 թվականի որոշումից հետո Կանանց միջազգային օրը առաջին անգամ նշվել է մարտի 19-ին Ավստրիայում, Դանիայում, Գեմանիայում և Շվեյցարիայում: Ավելի քան մեկ միլիոն կանայք և տղամարդիկ էին մասնակցում Կանանց Միջազգային Օրվա կապակցությամբ կազմակերպվող երթերին և քարոզարշավներին, որոնք ուղղված էին կանանց աշխատելու, ձայն տալու, կրթվելու, հասարակական և քաղաքական պաշտոններ զբաղեցնելու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև գենդերային խտրականության իսպառ վերացմանը:

Արդեն 1913 թվականին ռուս կանայք սկսեցին տոնել իրենց առաջին Կանանց Միջազգային Օրը, որը ընկնում էր փետրվարի վերջին կիրակի օրը (ըստ այն ժամանակ Ռուսաստանում օգտագործվող հուլիոսյան օրացույցի): Նույն թվականին ծավալված քննարկումների արդյունքում Տոնը տեղափոխվեց և այդ օրվանից ցայսօր սկսվեց նշվել մարտի 8-ին` ընդունված ամբողջ աշխարհում տարբեր երկրների կողմից:

Նախկին ԽՍՀՄ տարածքում մինչև 1965 թվականը Մարտի 8-ը համարվում էր աշխատանքային օր, բայց նույն թվականի մայիսի 8-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով Կանանց միջազգային օրը հայտարարվեց ոչ աշխատանքային օր` ի պատիվ Խորհրդային Միության կանանց` կոմունիստական հասարակարգի զարգացման մեջ ունեցած ավանդի ու ներդրումների, Հայրենական Մեծ Պատերազմում հայրենիքի պաշտպանության համար ցուցաբերած խիզախության, ինչպես նաև Խորհրդային Միության ժողովուրդների միջև բարեկամության ու խաղաղության ամրապնդման:

ԽՍՀՄ-ում Կանանց միջազգային օրվա պաշտոնական ընդունումից անմիջապես հետո, երբ այն տարածվեց ամբողջ ԽՍՀՄ տարածքով մեկ, տոնը սկսվեց նշվել նաև մյուս խորհրդային ու սոցիալիստական երկրներում, ինչպես նաև այն սկսեցին տոնել չինացի կոմունիստները 1922 թվականից ու իսպանացի կոմունիստները 1936 թվականից:
Իսկ Արևմուտքում Կանանց միջազգային օրը սկսել է դիտարկվել որպես համաժողովրդական միջացառում` սկսած 1977 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ Մարտի 8-ը հռչակվեց ՄԱԿ-ի Կանանց իրավունքների ու Համաշխարհային խաղաղության օր: Հարկ է նշել, որ 1945 թվականին ստորագրված ՄԱԿ-ի Կանոնադրությունը միջազգայանորեն ճանաչված առաջին համաձայնագիրն է, որն իր մեջ ընդգրկում է նաև գենդերային հավասարությունը` հռչակելով այն որպես մարդու հիմնարար իրավունք:

Այս տարվա Կանանց միջազգային օրվան նվիրված ՄԱԿ-ի թեման ու կարգախոսն է «Հզորացնել գյուղական համայնքներում ապրող կանանց` վերջ տալ սովին և աղքատությանը»:

Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի Հանրապետությունում Մարտի 8-ին նշվող Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարությունները պաշտոնապես դադարեցվեցին, և Ապրիլի 7-ն առաջարկվեց տոնել Մայրության և Գեղեցկության Տոնը` որպես պետականորեն ընդունված նոր տոն, որը շատ արագ կերպով տարածվեց հայերի շրջանում` միաժամանակ լինելով նաև Հայ Աառաքելական Եկեղեցու հիմնական տոներից մեկը` Ավետումը: Սակայն մարդիկ դեռևս հավատարիմ էին հին օրվան` Մարտի 8-ին, և հանրային քննարկումները հանգեցրին կանանց նվիրված երկու տոն ունենալու արդյունքին, իսկ Մարտի 8-ից Ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը հայտարարվեց կանանց միամսյակ:

Նելլի Փայտյան
Օգագործված աղբյուրները`
http://www.un.org/ecosocdev/geninfo/women/womday97.htm
http://www.isis.aust.com/iwd/
http://www.internationalwomensday.com/
http://www.internationalwomensday.org.au/
http://www.cbc.ca/news/world/story/2011/03/08/f-womens-day-history.html