Մենք և մեր իրավունքները

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը, մտահոգված լինելով  ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի բացասական հետևանքներով, նախաձեռնել է ուսումնասիրություններ և հետազոտություններ: «Մենք և մեր իրավունքները» երկու փուլից բաղկացած  սոցիոլոգիական հետազոտություն և իրավական վերլուծություն է: Հետազոտությունները հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեյշնլի Հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ` ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հետ համագործակցությամբ:

Առաջին փուլ

Ուսումնասիրությունների առաջին փուլը մեր երկրում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն ստանալու հնարավորություն է ընձեռել: Ինչպես նաև օրենսդրական դաշտի վերլուծության միջոցով փորձ է կատարվել պարզելու` որքանով է իրավական դաշտը երաշխավորում մեր երկրի քաղաքացի համարվող ԼԳԲՏ անձանց պաշտպանությունը: Հետազոտության ժամանակ հավաքված տեղեկատվության վերլուծության արդյունքում տրվում է ԼԳԲՏ իրավունքների հետ կապված իրավիճակի ընդհանուր նկարագիրը, այդ թվում` ԼԳԲՏ անձանց պատկերացումները սեփականիրավունքների  մասին, նրանց կարծիքները խտրական վերաբերմունքի և հոմոֆոբ վարքի դրսևորումների  վերաբերյալ` Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Հայաստան – այլ երկրներ համեմատության մեջ: Այնուհետև ներկայացվում են ԼԳԲՏ անձանց հանդեպ վերաբերմունքն ու իրավունքների ոտնահարման դրսևորումներն ընտանիքում, աշխատավայրում,  կրթական հաստատություններում, ԶԼՄ-ներում և այլուր: Որպես էական խնդիրներ` առանձնակի վերլուծվում են  ԼԳԲՏ անձանց առողջությանն առնչվող  հիմնախնդիրները: Այնուհետ ներկայացվում են սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության  վրա հիմնված խտրականության նվազեցման  ուղիները, որոնք  առաջարկվել են հարցվողների կողմից:

Երկրորդ փուլ

«ԼԳԲՏ անձանց հանդեպ հանրային վերաբերմունքը Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում. 2011» հետազոտությունը քանակական սոցիոլոգիական հետազոտություն է, որի կենտրոնում հետևյալ հիմնահարցերի վերաբերյալ քանակական տվյալների հավաքագրումն է և վերլուծությունը.

  • խոցելի խմբերը Հայաստանում,
  • տեղեկացվածություն ԼԳԲՏ անձանց մասին,
  • վերաբերմունք / դիրքորոշում ԼԳԲՏ անձանց հանդեպ:

Մի քանի հետաքրքիր մանրամասներ, որոնք պարզ դարձան հետազոտության և հարցումների շնորհիվ.

Երևանցիների 49.5% կարծում է, որ ԼԳԲՏ անձանց շրջանում ավելի շատ են տղամարդիկ, իսկ գյումրեցիների 49.4% կարծում է, որ ԼԳԲՏ անձանց շրջանում ավելի շատ են կանայք:

Հարցվողներից ոմանք կարծում են, որ նույնասեռականությունը`

  • hիվանդություն է – 18.6%,
  • արևմտյան երկրների բացասական ազդեցությունն է – 12.7%,
  • դաստիարակության արդյունք է – 10.8%:

Հարցվողների 72.1% նշել է, որ բացասական է վերաբերվում ԼԳԲՏ անձանց:

66.9% հարցվողների կարծիքով հասարակությունը պետք է դատապարտի ԼԳԲՏ անձանց:

Հարցվողների 97.4% նշել է, որ նույնասեռականությունը շեղում է:

Հետազոտության մասնակիցների 55.3% էլ նշել է, որ կդադարեցնի շփումը, եթե իմանա, որ իր ընկերը / ազգականը / ծանոթը նույնասեռական է:

Հետազոտության արդյունքները մասամբ կանխատեսելի էին, մասամբ էլ` անսպասելի: Դրանք ցույց տվեցին, որ հարցվողների մեծամասնությունը ԼԳԲՏ անձանց չի դիտարկում որպես խոցելի խումբ (միայն 6.3% ԼԳԲՏ անձանց դիտարկել որպես խոցելի խումբ):

Ի սկզբանե հետազոտությունը նախաձեռնողները մտահոգված էին այն հավանական եզրահանգմամբ, որը կարող էր ստացվել. «Այո, մեծամասնությունն անհանդուրժող է, և լավ է, որ այդպես է»: Ուստի առանձին տեղ հատկացվեց առաջարկություններին` ուղղված

  • ՀՀ կառավարությանը,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին,
  • տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին:

Կարելի է ենթադրել, որ ԼԳԲՏ անձանց նկատմամբ բացասական վերաբերմունքը պայմանավորված է տեղեկատվության և գիտելիքի պակասով: Հետազոտությունը պարզորոշ կերպով հիմնավորեց, որ հայ հասարակության մեջ առկա են ընկալման և վերաբերմունքի խնդիրներ` կապված ԼԳԲՏ անձանց հետ: Հարցվողների 71.5 տոկոսը կարծում է, որ պետությունը պետք է պայքարի ԼԳԲՏ անձանց դեմ:

Ուստի, այսօր ԼԳԲՏ անձիք Հայաստանում ընկալվում են այնպես, ինչպես որ տասնամյակներ առաջ ձախլիկներն էին ընկալվում` «շեղվածներ», որոնց պետք է «օգնել», որպեսզի «նորմալանան», իսկ չենթարկվողներին էլ` հեռացնել, օտարել հասարակությունից:

Հարցազրուցավարներն իրենք էլ ունեցան հետաքրքիր արկածներ, երբ զբաղված էին այս հետազոտությունն իրականացնելով: Գործընթացը բարդ էր, երբեմն նույնիսկ վտանգավոր: Հաճախ նրանց դիմավորում էին անհանգստացած տանտերեր` մտածելով, որ նրանք խաբում են, և իրականում զբաղված չեն հետազոտություններ իրականացնելով, այլ ցանկանում են թալանել իրենց տունը: Իգական սեռի հարցազրուցավարներից մեկը գրեթե հարձակման ենթարկվեց մի հոր կողմից, որը կարծում էր, որ իր որդուն փորձում են «այլասերել»` հարցեր տալով «սեռական փոքրամասնությունների» մասին… ոչ սեփական կամքով հոր պաշտպանության հովանին «վայելող» տղան չափահաս էր: Լուսինեի համար, որը կորդինացնում էր աշխատանքը, գործընթացը նույնպես դժվար էր, քանզի նա լսում էր բոլոր այդ պատմությունները, որոնց միջով անցնում էին հարցազրուցավարները և ստուգում աշխատանքն ու կարդում բոլոր հայհոյական բառերը, որ հարցվողներն օգտագործել էին ԼԳԲՏ անձանց նկարագրելու համար:

Այս հետազոտությունն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանի համար, և այն խիստ կարևոր է: Հետազոտությունը ոչ միայն հայաստանյան իրականությունը տեսնելու հնարավորություն է տալիս, այլև հիմք է հանդիսանում հետագա քայլերի իրագործման համար, ինչպես նաև ապագա հետազոտությունների համար ծառայելու է որպես սկզբնական տեղեկատվության համընդգրկուն աղբյուր:

Սևակ Կիրակոսյան