Լարա Ահարոնյան

Ծնվել է 7 սեպտեմբերի 1972թ.
Սովորել է  Կոնկորդիա Համալսարանում, Մոնրեալ, Քվեբեկ
Մասնագիտությամբ`  կրթական հոգեբան
Ղեկավարում  է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն
Ամուսնացած է, ունի չորս երեխա

-Տեղյակ եմ, որ երկար տարիներ  ապրել եք Կանադայում: Ինչպե՞ս պատահեց, որ եկաք Հայաստան, որն էր դրդապատճառը:

Առաջին անգամ Հայաստան եկել եմ 1985թ-ին` մասնակցելու մանկապատանեկան ճամբարի: Այցելությունից շատ էի տպավորվել և մտածում էի, որ պետք է գամ, ապրեմ Հայաստանում: 1998թ գտա մի քանի ծրագրեր և դարձյալ այցելեցի Հայաստան. Ղարաբաղում կամավորություն էի անում Քարինտակ գյուղում, որտեղ վերանորոգեցինք գյուղի եկեղեցին: Իսկ արդեն 2001թ երեխայիս հետ եկա Շուշի` տեսնելու, արդյոք երեխայի հետ ապրել կարող եմ այստեղ, թե ոչ: Այցելության ժամանակ էլ վերանորոգեցինք Շուշիի հիվանդանոցը: Այդ ժամանակ արդեն ես և ամուսինս` Րաֆֆին, որոշում կայացրեցինք, որ անպայման պետք է ապրենք Հայաստանում: Րաֆֆին առաջինը գործ գտավ Հայաստանում, դիմեց և տեղափոխվեցինք: Քանի որ ես էլ չէի ցանկանում ոչ մի բան չանել, որոշեցի, որ պետք է զբաղվեմ  կանանց իրավունքների պաշտպանությամբ, քանի որ Հայաստանում եղած ժամանակ նկատել էի հասարակության մեջ առկա գենդերային անհավասարությունը, կնոջ ցածր դերը և առհասարակ կանանց իրավունքների ոտնահարումները: Այս խնդրով դիմեցի Երևանի Պետական Համալսարան: Ինձ ուղղորդեցին Սոցիոլոգիայի ֆակուլտետ, քանի որ այնտեղ են հիմնականում զբաղվում գենդերային ուսումնասիրություններով: Գոհարի հետ  քննարկեցինք որոշ բաներ, պլան մշակեցինք, և սկսեցինք կամավոր հիմունքներով աշխատել համալսարանի աղջիկ ուսանողների հետ: Միասին քննարկում էինք կանանց իրավունքները, գենդերային անհավասարությունը, կանանց նկատմամաբ խտրականությունը, իսկ հետո արդեն սեռական իրավունքները, սեռական առողջությունը: 2005թ-ին դուրս եկանք համալսարանից, բնակարան վարձեցինք, գրանցեցինք «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սկսեցինք դիմել դրամաշնորհների: Իսկ այժմ արդեն աշխատում ենք ամբողջ հզորությամբ:

-Մի փոքր պատմեք Ձեր գործունեության մասին, ինչպե՞ս որոշեցիք զբաղվել քաղաքացիական ակտիվությամբ, մարդու իրավուքների պաշտպանությամբ: Արդյո՞ք Հայաստան գալուց հետո եք սկսել զբաղվել քաղաքացիական ակտիվությամբ:

Մինչև Հայաստան գալը, Կանադայում շատ ակտիվ էի տարբեր հարցերում: Աշխատում և կամավորություն էի անում թե′ իմ համալսարանում, թե′ համալսարանից դուրս: Հիմնականում աշխատում էի հաշմանդամություն և տեսողական խնդիրներ ունեցող աշակերտների հետ: Ակտիվություն էի ցուցաբերում նաև հայ համայնքում հայկական հարցերի շուրջ: Այդ ամենի հետ մեկտեղ, շատ ակտիվ էի կանանց կազմակերպություններում: Շատ էի ներգրավված նաև աղքատության խնդրի հաղթահարմանն ուղղված ակցիաներում: Պետությունից պահանջում էինք սոցիալական տներ միայնակ մայրերի համար, փնտրում էինք այնպիսի շենքեր, որոնք դատարկ էին, և պետությունը դրանք չէր օգտագործում, գնում էինք դրանց դիմաց ցույց էինք անում, որ պետությունը դրանք չքանդի, բիզնեսի չվաճառի այնքան ժամանակ, մինչև մեր պահանջը չէր իրագործվել: Շատ ակտիվ եմ եղել նաև հոգեկան առողջության խնդիրների ոլորտում: Ակտիվությունս նաև շարունակում եմ Հայաստանում:

-Այսքան տարի արդեն աշխատում եք քաղաքացիական հասարակության կերտման և զարգացման ուղղությամբ, ի՞նչ հաջողությունների եք հասել, ի՞նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտներում:

Առաջին հերթին հաջողություն եմ համարում այն, որ ես անձնապես շատ փոխվել եմ և շատ բան եմ սովորել` խմբային աշխատանք, տարբեր մարդկանց հետ համագործակցել և աշխատել, տարբեր մոտեցումներով աշխատել: Մյուս հաջողությունն էլ այն է, որ կարողացել եմ ստեղծել մի այնպիսի միջավայր, որտեղ երիտասարդ կանայք հավաքվում են, քննարկում են այնտեղ իրենց հուզող հարցերը և առհասարակ, օգտագործում են տարածքն այնպես, ինչպես իրենք ցանկանում են: Նաև փոփոխություններ եմ մտցրել ինչպես մեր կազմակերպության կառավարման գործընթացում, այնպես էլ փորձել եմ ազդել այլ հկ-ների վրա` փոփոխելու հիերարխիկ հարաբերություններն ավելի հորիզոնականի: Հաջողություն է նաև այն, որ սկսել եմ կոալիցիայով աշխատել:
Մյուս շատ կարևոր հաջողությունը մեզ համար այն էր, որ Ղարաբաղում` Շուշիում, ստեղծեցինք կանանց առաջին ռեսուրսային կենտրոնը, որն այնտեղ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից առաջինն էր:

photo by Hrayr Maroukhian Foundation– Իսկ ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպել Ձեր աշխատանքի ընթացքում:

Առաջին և հիմնական խոչընդոտը հասարակությունից է գալիս, երբ մի բան ես անում, քեզ չեն աջակցում, այլ ընդհակառակը, ինչ-որ տեղ նաև խանգարում են: Մյուս կողմից էլ այն, որ Հայաստանում խոսքի և արտահայտման ազատության իրավունքները պաշտպանված չեն, դա քեզանից զգուշավորություն է պահանջում, ինչը բարձրացնում է վտանգն ուղղված քեզ, ուղղված քո գործունեությանը: Ճիշտ է, մինչ այժմ ոչ մի սարսափելի բան դեռ ինձ հետ չի եղել, բայց սպառնալիքներ շատ են եղել: Մյուս խոչընդոտն էլ այն է, որ այլ կազմակերպությունների կողմից չկա մեկ ընդհանրական մոտեցում կանանց իրավունքների և գենդերային իրավահավասարության վերաբերյալ, ինչի արդյունքում դժվար է ստացվում համագործակցությունը, որն էլ բերում է ոլորտում թերացումների և դժվարությամբ ենք առաջ շարժվում` երկար ժամանակ ծախսելով միևնույն խնդրի լուծման վրա: Մեծ ընտանիք և երեխաներ ունենալն էլ է մի քիչ խոչընդոտում, բայց դրանք հաղթահարելու ձևը գտել եմ արդեն:

-Իսկ ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանիքը` լինելով և′ լավ մայր, և′ ակտիվ կին, և′ քաղաքացիական ակտիվիստ:

Այդ ամենը լավ պլանավորման հետ կապ ունի: Եթե ամեն բան լավ պլանավորված է, ապա կարողանում ես ամեն ինչ անել և ամեն տեղ հասցնել:  Այստեղ ունեմ շատ լավ աջակցության համակարգ թե′ ընտանիքում, թե′ ընտանիքից դուրս և թե′ ընկերների մեջ: Հետո փոքր տարիքից ես իմ երեխաներին սովորեցրել եմ  համակերպվել իմ ապրելակերպին: Դա նաև նպաստում է նրանց միասնականությանը, համագործակցում են միմյանց հետ: Հասարակությունն էլ այստեղ շատ երեխայակենտրոն է. սիրում են երեխաներին, օգնում են կողքից, գրկում են նրանց և այլն: Փոքր երեխայիս շատ եմ տանում հետս տարբեր կոնֆերանսների, ակցիաների, ինչը նաև ակտիվ մոր մոդել է հասարակության համար: Ամեն բան գալիս է ինքնավստայությունից. երբ տեսնում են, որ ինքնավստահ ես, համոզվում են, որ կարող ես:

photo by Kristine Hovhannisyan

-Այսքան երիտասարդ տարիքում Դուք համակրանք ու ճանաչում եք ձեռք բերել ողջ հայաստանյան հասարակության մեջ: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

Իմ գործունեության մեջ շարունակականություն կա, այսինքն երբեք այնպես չի ստացվել, որ եթե զբաղվում եմ կանանց հարցերով և ծրագիրն ավարտվում է, դադարեցնում եմ գործունեությունը: Մյուս կողմից էլ ներգրավված եմ այն բոլոր գործողությունների մեջ, որոնք վերաբերվում են մարդու իրավունքների ոտնահարումներին: Եթե ակտիվիստ ես, ուրեմն ակտիվիստ ես ամեն տեղ և միշտ: Եթե հասարակության մեջ թեկուզ մեկ մարդու իրավունքները պաշտպանված չեն և ոտնահարվում են, ուրեմն դու ևս խոցելի ես, որովհետև ողջ հասարակությունն է տուժում դրանից:

– Իսկ որպես փորձառու մասնագետ, քաղաքացիական հասարակության ակտիվիստ, և որ ամենակարևորն է, օրինակելի կին` ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը, երիտասարդ քաղաքացիներին:

Նվազագույն բանը, որ խորհուրդ եմ տալիս, այն է, որ երբ տեսնում են մի բան անիրավ է, չլռեն դրա մասին: Եթե մի հարցի շուրջ լռում ենք, ապա կլռենք նաև մյուս հարցերում, և կորցնում ենք քաղաքացիական հասարակության վերահսկողությունը: Երիտասարդ կանայք չպետք է վախենան ակտիվիստ լինել, քանի որ դա շատ հնարավորություններ է տալիս, սովորեցնում է. շատ հմտություններ ձեռք ենք բերում ակտիվիզմի ժամանակ, այլ ոչ թե համալսարանում: Եթե ես այդքան տարիներ կամավոր չլինեի, ապա այդքան փորձ չէի ունենա: Պետք չէ անտեսել այն հնարավորություններն ու առավելությունները, որոնք տալիս է ակտիվիզմը, կամավորությունը:

Մյուսները Լարա Ահարոնյանի մասին

Անուշ Պողոսյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Լարային ճանաչում եմ 2005թ-ից: Լարան առանձնանում է որպես շատ բարի, հոգատար, միևնույն ժամանակ խիստ և օբյեկտիվ ղեկավար: Միշտ հիանում եմ այն բանով, որ ինքը կարողանում է համատեղել իր ընտանիքը, աշխատանքը, հասցնում է շատ-շատ բաներ և միաժամանակ կարողանում է լինել մի քանի տեղերում` էներգիայով լցված: Լարան այն բացառիկ մարդկանցից է, որ կարծում եմ շատ մարդկանց կյանքում կարևոր բաներ է փոխել, և ես բացառություն չեմ: Իր շնորհիվ սովորել եմ, որ եթե մի բան խանգարում է քեզ կամ արդարացի չէ, ուրեմն պետք է պայքարես դրա համար: Շատ շնորհակալ եմ քեզ Լարա ամեն ինչի համար: Քեզ շատ սիրում եմ, և ամենաշատը քո հումորն ու լավատեսությունը:

Րաֆֆի Նիզիբլյան` Լարայի ամուսինը

Լարան իմ մուսան է, ոգեշնչումը և հանցանքի ընկերը: Լարան շատ արժեքներ, խիղճ և կամք ունեցող մարդ է: Լարան շատ լավ ընկեր է, հրաշալի մայր, նվիրված ակտիվիստ և զգայական կին: Լարան շատ խելացի է, նա ուժեղ է, բայց միևնույն ժամանակ, շատ զգայական: Լարան այն ամենն է, ինչ ես ցանկանում եմ կնոջ մեջ: Լավագույնն այն է, որ երբ մեր երեխաները մեծանան, նրանք իրենց մորը դիտարկելու են որպես օրինակելի դերային մոդել:

Թիմըթի Սթրեյթ, Նորվեգիայի Արքայական Հյուպատոսարանի Պատվավոր Հյուպատոս, Ֆիննական Պատվավոր Հյուպատոս

Լարան անընդհատ զարմացնում է ինձ: Նա պայքարում է կարևոր, ճիշտ խնդիրների համար: Նա պայքարում է գետնին նստած, փողոցներում, ոստիկանատներում ու դատարաններում: Նա միշտ առաջին շարքերում է, բարիկադներին: Անվախ և վճռական, նա նաև նազելի է: Նա կենտրոնացած է: Լարա, դու ոգեշնչող ես:

Նվարդ Մարգարյան