Եթե քննարկումներ լինում էին՝ միայն բացասական․ Գայանե Աբրահամյան

Մեր զրուցակիցն է «Հոդված 3» ակումբի նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

– Տիկի՛ն Աբրահամյան, ԼԳԲՏԻ+ համայնքն ի՞նչ խնդիրներ ունի այսօր Հայաստանում:

– Խնդիրներն, իհարկե, շատ են, ֆիզիկական բռնության ու ատելության ալիքը պարբերաբար սրվում է, բայց պետք է շեշտեմ, որ Հայաստանում ընդհանրապես որեւէ խմբի իրավունքների պաշտպանությունն ապահովված չէ, խտրականությունը շատ այլ խոցելի խմբերի նկատմամբ համատարած է։ ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրները մշտապես որպես քաղաքական գործիք է օգտագործվել՝ քաղաքական հակառակորդների հասցեին մեղադրանքներ հնչեցնելու համար, տարիներ շարունակ եվրոպական արժեքները մանիպուլյատիվ կերպով ուղղակիորեն նույնացվել են ԼԳԲՏԻ+ համայնքի իրավունքների ու խնդիրների հետ: Հատկապես 2018 թվականից հետո այս մանիպուլյացիան էլ ավելի սրվեց, խնդիրը խիստ քաղաքականացվեց, կեղծ խոսույթների, կոնսպիրոլոգիաների մի ողջ ալիք էր սկսվել՝ ատելության խոսքի լայն դաշտ բացելով հենց ԼԳԲՏԻ+ համայնքի նկատմամբ:

– 2018-ի իշխանափոխությունից հետո ինչ-որ շրջանում, այո՛, ԼԳԲՏԻ+ համայնքի հարցերը հասարակությունը սկսել էր քննարկել՝ թեպետ բացասական լույսի ներքո, բայց հիմա համայնքի ու նրա խնդիրների մասին առհասարակ չի խոսվում:

– Այն ժամանակ իշխանությունները հայտարարեցին, որ մենք որոշակի հանձնառություն ունենք իրավունքների պաշտպանության առումով․ եթե հիշում եք՝ վարչապետի հայտարարությունը Մելինե Դալուզյանի* մասին եւ այլն, բայց դրանից հետո ԼԳԲՏԻ+ համայնքի թեման դարձավ մեղադրելու, վիրավորելու, դատափետելու, քաղաքական մանիպուլյացիայի միջոց, սկսվեց հակառակ պրոցեսը. անձինք, որոնք տարիներ շարունակ այս կամ այն կերպ ԼԳԲՏԻ+ խնդիրները բարձրաձայնել էին, սկսեցին հնարավորինս լուռ մնալ ու իրենց հեռու պահել այդ խնդիրների մասին բարձրաձայնելուց, ինչը մեկ այլ ծայրահեղության հանգեցրեց։ Եթե մինչև 2018 թվականը խնդիր չէր լինի, օրինակ,Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ ցուցադրելը, ապա 2018-ից հետո այդ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելն անգամ վտանագավոր էր, ու որոշ կազմակերպությունների հետքայլը, այդ խնդիրների մասին բարձրաձայնելուց ձեռնպահ մնալը երևի ինչ-որ տեղ օրինաչափ էր այն առումով, որ իրենք արդեն իրենց պաշտպանելու խնդիր ունեին:

– Դուք ժամանակին եղել եք այն քաղաքական թիմի՝ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, որը հայտարարել է, որ իրավունքների պաշտպանության հանձնառություն ունի: Դուք կամ այն ժամանակվա ձեր քաղաքական թիմն ի՞նչ քայլեր է ձեռնարկել՝ ԼԳԲՏԻ+ համայնքի իրավունքների պաշտպանության համար: Ի՞նչ քննարկումներ էիք ունենում այդ թեմայի առնչությամբ:

– Ոչ միայն քաղաքական թիմն ուներ հանձնառություն, այլ ընդհանրապես 2018-ի գործընթացները մարդու իրավունքների պաշտպանության, բոլոր ուղղություններով իրավունքների իրացման, հավասար հնարավորությունների ստեղծման նպատակ ունեին։ Եվ ոչ միայն մեկ խմբի իրավունքների պաշտպանության, այլ բոլոր քաղաքացիների, բոլոր իրավունքների իրացման եւ վերականգնման, մինչդեռ անգամ անցումային արդարադատության հիմնական գործիքակազմերը ներդնելն ու կիրառելը ձախողվեց, անգամ բանակում մի քանի տասնյակ սպանությունների դեպքերը բացահայտելու ջանքերը ձախողվեցին եւ ոչ մարտական իրավիճակում սպանությունների մեղավորներն այդպես էլ անպատիժ մնացին, այսինքն՝ անգամ շատ ավելի պահանջված եւ համընդհանուր արժեւորում ու իրավունքների գիտակցվող խախտման խնդիրների ուղղությամբ քայլեր չէին արվում, ու այդ համատեքստում խոսելը ԼԳԲՏԻ+ համայնքի իրավունքների պաշտպանության մասին անհնար էր․ եթե անգամ լինում էին քննարկումներ, դրանք միայն բացասական տոնայնությամբ էին։

– Ստացվում է, որ համայնքը բարձրաձայնում է իր խնդիրների մասին և քննադատվում է, իրավապաշտպանները բարձրաձայնում են ու քննադատվում են, և դուք ասում եք՝ ընդհուպ ֆիզիկական բռնության վտանգ կա: Այստեղ իշխանության քաղաքականությունը ո՞րը պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի խոսել հանրության մի հատվածի խնդիրների մասին:

– Առաջինը, որ պետք է արվեր, իրավապահ մարմիններում խտրական մոտեցման ու վերաբերմունքի փոփոխությունն էր, իսկ սա հնարավոր էր իրականացնել ներքին հրահանգներով եւ խիստ վերահսկողությամբ։ Հաջորդ քայլը իրավական դաշտի կարգավորումը կարող էր լինել, չնայած վստահ եմ, որ միայն օրենքով խնդիրները չեն լուծվելու։

Ատելության խոսքի մասով նոր Քրեական օրենսգրքում կարգավորումները բավականին խիստ են, և եթե հետագայում համայնքն ուզենա, ապա այդ հոդվածով կարող է գործընթացներ սկսել: Բայց հիմնական քայլը, որ պետք է արվեր իշխանության կողմից, խտրականությունն արգելող օրենքի ընդունումն է: Պետք է նաև շեշտեմ, որ հակախտրականության օրենքը համայնքի պաշտպանության մասին չէ միայն, այլ ընդհանապես բոլոր խմբերի եւ բոլոր մարդկանց խտրականության արգելքի եւ կանխարգելման մեխանիզմներ է ենթադրում։ Հայաստանում խտրականության դրսեւորումները համատարած են՝ աշխատանքային հայտարարություններից մինչեւ դպրոցներ։ Առաջին հերթին խտրականության ենթարկվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ծերերը և շատ այլ խմբեր, բայց երբ մենք ասում ենք խտրականության դեմ օրենք, միանգամից ԼԳԲՏԻ+ համայքն են ընկալում և քննարկումը սխալ ուղղությամբ տանում։

– Եթե խտրականությունն արգելող օրենք ասելիս մարդիկ հասկանում են ԼԳԲՏԻ+ համայնքի մասին օրենք, դա չի՞ նշանակում արդյոք, որ հենց այս համայնքն է ամենախոցելին:

– Համայնքն, իհարկե, խոցելի է, իրենց դեմ են հաճախ բռնության ու ատելության կոչերն ուղղվում, սակայն պետք է նաեւ հասկանանք, որ համայնքը մեծ չէ, իսկ խտրականության ենթարկվող այլ խմբերը, օրինակ՝ կանայք, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն ու դեռահասները, հաշմանդամություն ունեցող անձինք, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ կամ մեծահասակները, քանակով հասարակության գերակշիռ մեծամասնությունն են, այսինքն՝ այս օրենքը շատ ավելի բոլորի համար է ու բոլորին է անհրաժեշտ լինելու, քան միայն մեկ խոցելի խմբի։

Բայց պետք է նաև նկատի ունենալ, որ միայն օրենքը փոխելով, օրենքի որևէ դրույթ ավելացնելով՝ իրավակիրառ պրակտիկան կամ հանրային ընկալումը չի փոխելու կամ, գոնե, միանգամից չի փոխվելու։ Հանրային ընկալումը փոխելու համար նաև այլ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել: Համայնքը խոցելի է նաև այն առումով, որ իրավապահ մարմիններում չես գտնի մեկին, ով նրանց է պաշտպանում, անգամ եթե դա իրենց պարտականությունն է: Ընդ որում՝ մոտեցումը գրեթե նույնն է նաև ընտանեկան բռնության զոհերի դեպքում: Տասնյակ տարիներ ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով տարբեր ծրագրեր իրականացնելով՝ նոր միայն փոխվում է այս հարցում ընկալումը:

Բայց հանրային վերաբերմունքի հարցը եւս ավելի լայն համատեքստում պետք է դիտարկել․ մեր հանրությունն անհանդուրժող է, բռնության մշակույթը համատարած է, ու սա՝ բոլորի նկատմամբ, ոչ միայն որեւէ խմբի, անհանդուրժող է անգամ այլ կարծիք ունեցողների հանդեպ։ Բռնություն կարող է կիրառվել զուտ մեկ շեղ հայացքի կամ ճանապարհ չզիջելու համար։ Սա համընդհանուր անհանդուրժողականություն է, արմատավորված բռնություն, որը դրսեւորվում է բոլոր ոլորտներում ու բոլորի նկատմամբ, առավել եւս՝ ԼԳԲՏԻ+ համայնքի։

Խնդիրը բազմաշերտ է, եւ հասարակության այս անառողջ դրսեւորումները փոխելու համար պետք է աշխատել մի քանի ուղղությամբ՝ բացառել բռնության քարոզը մեդիայով, սերիալներով, միմյանց նկատմամբ հարգանքի եւ հանդուրժողականության մշակույթ ձեւավորել եւ շատ այլ ուղղություններով աշխատել այս ատելության մթնոլորտը հաղթահարելու համար, որի արդյունքում պաշտպանված կլինեն բոլորը, այդ թվում եւ խոցելի խմբերը։

– Այս փուլում ո՞վ պիտի կատարի հանրության հետ այդ աշխատանքը:

– Սա, իհարկե, առաջին հերթին պետության գործառույթն է, սակայն երբ ընդհանուր պետությունն է էքզիստենցյալ խնդրի առաջ կանգնած, մի խմբի խնդրի բարձրաձայնումը չի կարող առաջնահերթ դառնալ: Այսինքն՝ երբ պետությունն այսօր գոյութենական պայքարի մեջ է, երբ հարյուր հազարից ավելի անձանց կյանքի իրավունքը պաշտպանելու խնդիր ունի, թվում է՝ օրինաչափ է, որ որեւէ խմբի խնդիր հետին պլան է մղվում, սակայն գոնե այս փուլում ծրագրերի իրականացմանը հանձնառու պետք է լինեն քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, որոնք ստանձնել են այդ առաքելությունը, իսկ աշխատանքի ուղղությունը, կրկնեմ, ընդհանուր բռնության մշակույթի բացառումն ու հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումն է ողջ հասարակության համար, քանի որ անհանդուրժող ենք դարձել բոլորի եւ ամեն ինչի նկատմամբ։

* Տրանսգենդեր ծանրամարտիկ Դալուզյանը նախընտրում է, որ իրեն անվանեն Մել։ Խմբագրությունն անփոփոխ է թողել զրուցակցի խոսքը։

Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր