Չգտնելով պաշտպանություն՝ մարդիկ Հայաստանից հեռանում են․ Նինա Կարապետյանց

Մեր զրուցակիցն է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։

– Տիկի՛ն Կարապետյանց, ձեր պատկերացմամբ այս պահին ԼԳԲՏԻ+ համայնքն ի՞նչ խնդիրներ ունի:

– Այս հարցը երևի ավելի ճիշտ կլինի տալ հենց համայնքի անդամներին, որովհետև կողքից շատ հարցեր գուցե այդքան խորքային չեն երևա: Իրենք ավելի ճիշտ կպատասխանեն, թե ինչ խնդիր ունեն, բայց պետք է փաստել, որ համայնքի նկատմամբ էլի անհանդուրժող վերաբերմունք կա, իրենց անվտանգության հետ կապված խնդիրներ կան:

– Համայնքի ներկայացուցիչների հետ մենք զրուցում ենք: Մեզ հետաքրքրում են ձեր՝ որպես իրավապաշտպանի դիտարկումները:

– Այդ մարդկանց՝ ավելի տեսանելի լինելը դեռևս անվտանգ չէ: Պետք է նաև նշել, որ քաղաքական գործիչներն օգտագործում են բառամթերք, որը, միանշանակ, վիրավորական է համայնքի համար. քաղաքական գործիչները մեկը մյուսին պիտակավորում են՝ միմյանց փորձելով կապել հենց ԼԳԲՏԻ+ համայնքի հետ: Այսինքն՝ քաղաքական ուժերն իրար դեմ են պայքարում, բայց իրար վիրավորելու համար պարբերաբար բառամթերք են օգտագործում, որով շեշտում են առանձին խմբերի պատկանելությունը:

– Համայնքի խնդիրների մասին ինչո՞ւ բավարար չի բարձրաձայնվում:

– Ստեղծվել է իրավիճակ, որտեղ ամբողջ պետության գոյության խնդիրն է դրված, շատ ավելի մեծ թվով մարդկանց, անվտանգության, լինել-չինելու, նաև սուվերենության խնդիր է դրված, որովհետև եթե հանկարծ Հայաստանը կորցնի սուվերենությունն ու, օրինակ, հայտնվի Ռուսաստանի Դաշնության կազմում, ապա ԼԳԲՏԻ+ համայնքի վիճակը շատ ավելի վատ կլինի, ու առհասարակ բոլորի վիճակը վատ կլինի: Այսինքն՝ այսօր Հայաստանի առաջ այնպիսի խնդիրներ են ծառացել, որ գուցե համայնքն էլ է պատկերացնում, որ գոյաբանական խնդիրներ կան, ու ժամանակը չէ բարձրաձայնելու մի փոքր խմբի խնդիրների մասին, որոնք, իհարկե, էլի շատ կարևոր են:

– Դուք ասում եք, որ երկիրը անվտանգության ավելի լուրջ խնդիրներ ունի, ավելի մեծ հարցեր կան: Այս ամենը ճիշտ է, բայց այնպես չէ, որ Հայաստանում միայն անվտանգության հետ կապված ռազմավարություն է մշակվում, անվտանգությանը վերաբերող օրենքներ են ընդունվում: Հայաստանում կյանքը շարունակվում է, հետևաբար ինչո՞ւ պետք է ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրները չբարձրաձայնվեն ու լուծումներ չստանան:

– Ճիշտ եք ասում, կյանքը շարունակվում է, անգամ պատերազմի ամենածանր օրերին միևնույնն է՝ կյանքը շարունակվում էր, ու միշտ այդպես է լինելու: Պարզապես գործող իշխանություններն եկան գեղեցիկ լոզունգներով, խոստումներով, իրենց թիմում կան անձինք, որոնք երկար տարիներ զբաղվել են մարդու իրավունքներով, խոսել են ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրների մասին, բայց գալով պաշտոնի՝ իրենք բոլորը մի տեսակ ուրացան, ուրացման պրոցեսը շատ արագ ստացվեց, որովհետև այդ թվում նաև գործող իշխանությունների համար շատ ավելի կարևոր է իրենց ռեյտինգը, քան որևէ իրական խնդրի մասին խոսելը: Ինչ վերաբերում է հանրային քննարկման բացակայությանը, եթե համայնքը գտնում է, որ կարիք ունի խոսելու, ուրեմն խնդիրները պետք է բարձրաձայնենք ու նաև հանրային հարթակներում փորձենք խոսել, իսկ եթե համայնքը գտնում է, որ դա իրենց ավելի շատ է թիրախավորելու, ապա ինչ-որ էտապում գուցե խնդիրների մասին պետք չէ խոսել:

Ես ինքս, օրինակ, սպասում եմ համայնքի արձագանքին, ցանկությանը, քանի որ իրենք ավելի լավ են զգում և հասկանում, թե որ պահին ինչի մասին պետք է խոսեն, իրենց խնդիրները բարձրաձայնեն և լուծեն և որ պահին՝ ոչ: Ես կարծում եմ, որ համայնքը պետք է ավելի ակտիվ լինի, եթե գտնում է, որ այս պահին դրա կարիքը կա, բայց ես չպետք է իրականացնեմ ֆունկցիա, որը կարող է վնասել իրենց: Իրենք հնարավորություն ունեն խնդիրների մասին բարձրաձայնելու, մենք պատրաստ ենք սատարել, բայց շատ հարցերում ես կվախենամ ինձ վրա պատասխանատվություն վերցնել ու գործողություն, հայտարարություն անել, որը, գուցե, իրենց համար լրացուցիչ խնդիր առաջացնի:

– Լռելը կարծես թե լուծում չէ, որովհետև ծառացած խնդիրների բեռի տակ համայնքի շատ ներկայացուցիչներ պարտադրված են ուղղակի հեռանալ Հայաստանից:

– Մարդիկ հեռանում են Հայաստանից՝ չգտնելով այստեղ պաշտպանություն, անվտանգություն, այդ թվում նաև իրավապահ մարմինների կողմից իրենց գործառույթները չիրականացնելու, դատական մարմինների կողմից պաշտպանություն չստանալու հետևանքով, բայց այս խնդիրը միայն ԼԳԲՏԻ+ համայնքի խնդիրը չէ, դա չի վերաբերում բացառապես ԼԳԲՏԻ+ մարդկանց, շատ-շատերին է վերաբերում, ուղղակի ԼԳԲՏԻ+ անձինք կրկնակի խոցելի են: Նրանց նկատմամբ բռնությունը չի գտնում համապատասխան արձագանք, նրանք թիրախավորված են՝ լինելով համայնքի մաս:

– Պատկերացնում ե՞ք մի ժամանակաշրջան, երբ ԼԳԲՏԻ+ անձանց խնդիրները կսկսեն լուծումներ ստանալ:

– Ես լավատես եմ, ես կարծում եմ, որ մեր հասարակությունը փոփոխություն ապրել է: Մարդկանց շրջանում վերաբերմունքի, մտածելակերպի մեջ առաջընթաց կա, գուցե այդ առաջընթացը չի բավարարում մեր ԼԳԲՏԻ+ համայնքի ներկայացուցիչ ընկերներին, բայց այդ փոփոխությունը հնարավոր չէ չտեսնել: Նաև պետք է նշել, որ Հայաստան ներգաղթի արդյունքում վերջին շրջանում Հայաստանում շատ տարբերվող մարդիկ կան, ու իրենց գոյությունը, փողոցներում ավելի շատ երևալը մեր հասարակության գիտակցության մեջ փոփոխություն է բերել: Մենք սովոր էինք տեսնել միատարր ժողովուրդ, միանման հագնվող մարդիկ, իսկ հիմա շատ թվով մեզնից տարբերվող մարդկանց գոյությունը կարող է բերել դրական փոփոխություն: Ես չեմ տեսնում շատ խիստ բացասական վերաբերմունք տարբերվող մարդկանց նկատմամբ, հետևաբար հույս կա: