Գնդակահարված տաղանդը․ Լորկա

Ֆեդերիկո Գարսիա Լորկան (1898-1936) համարվում է 20-րդ դարի ամենահայտնի իսպանացի պոետը, որ ճանաչված է իր մոր ազգանվամբ՝ Լորկա։ Նա 20-րդ դարի ավանգարդ բանաստեղծ ու դրամատուրգ է, որը հաճախ բաց տեքստով գրել է նույնասեռականության մասին: Իր աշխատանքներում նա վերհանում է տարբեր լինելու, մեկուսացվածության և սեռական ցանկությունների թեմաները: Միայն մահից հետո Լորկան միջազգային լայն գրական ճանաչում է ձեռք բերել:

Գրողը ծնվել է 1898-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում: Նա վաղ հասակից ուսումնասիրել է օրենսդրություն, գրականություն ու երաժշտություն: Ընկերությունը իսպանացի կոմպոզիտոր Մանուել դե Ֆալլայի հետ, որ նույնասեռական էր, սևեռել է Լորկայի ուշադրությունն իսպանական ֆոլկլորի վրա․ հետագայում նա նշում է, որ իսպանական ֆոլկլորն իր ստեղծագործական գործունեության ոգեշնչման աղբյուրն է։

Լորկայի վաղ բանաստեղծություններն իրենց ոճով նմանակում էին Իսպանիայի տարբեր շրջաններում բանավոր պատմվող բալլադներին: “Romancero Gitano” («Գնչուական բալլադներ», 1928) ժողովածուի լույս տեսնելուց հետո Լորկան ճանաչում է ձեռք բերում ողջ իսպանալեզու աշխարհում:

Խարիզմատիկ Ֆեդերիկո Գարսիա Լորկան դպրոցական տարիքում սեռական անթաքույց ակտիվություն էր ցուցաբերում և փորձում էր գայթակղել իր դասընկերներին։ Ավելի հասուն տարիքում նա փորձում էր հարաբերություններ կառուցել «առևտրական», ստորին խավի ներկայացուցիչ նույնասեռականների հետ. հայտնի է Լորկայի այդպիսի երեք հարաբերոթյան մասին։

Նա եղել է Սալվադոր Դալիի մտերիմ ընկերը, և, հավանաբար, նաև սիրեկանը։ Նրանք միասին մի քանի տարի ապրել են Մադրիդում՝ ուսանողների համար նախատեսված հանրակացարանում։ Ամառային արձակուրդները նրանք նույնպես միասին էինք անցկացնում։ Բիսեքսուալ ամերիկացի ճանապարհորդ Փիլիպ Քամինգսը պատմել է 1929-ին Լորկայի հետ իր կարճ սիրավեպի մասին։ Լորկան երկարատև սիրային հարաբերություններ է ունեցել Էմիլիո Ալադրենի հետ, ով մինչ գրողի հետ ծանոթությունը հետերոսեքսուալ վարք էր դրսևորում։ Դալիի հետ հարաբերությունները դժբախտ վերջաբան են ունենում, ինչը հետագայում լուրջ ազդեցություն է ունենում Լորկայի վրա։ Այդ հարաբերությունների սուր ավարտի մասին է վկայում Դալիիի ու Էմիլիո Բյունուելի ստեղծագործած համատեղ ֆիլմը՝ «Անդալուզյան շուն», որ ուղիղ առնչություն ունի հանրահայտ գրողի ստեղծագործական գործունեության հետ։

Լորկան և Դալին

Լորկան և Դալին

Իսկ ահա Ալադրենի հետ հարաբերությունները միակողմանի բնույթ էին կրում և Լորկայի համար ծանր ապրումների պատճառ էին դառնում։ Թեև Լորկայի սեռական կողմնորոշումը և գործունեությունը հայտնի էին գրական և թատերական շրջանակներում, նա ղեկավարվում էր «երկակի կյանք» վարելու սկզբունքով: Ոմանք ասում էին, որ նա զգույշ էր և փորձում էր հեռու պահել իր մտերիմներին իր սեռական կողմնորոշման մասին ճշմարտությունն իմանալուց: Նրա ծնողներն անընդունելի էին համարում իր սեռական կողմնորոշումը, և նրանց միջև հարաբերությունները երբեմն լարված էին:

Լորկան երբեք չի ունեցել և չի զբաղվել սովորական աշխատանքով։ Իր հայրը մինչև բանաստեղծի 30 տարեկան դառնալը ֆինանսապես աջակցում էր նրան։ Հետագայում Լորկան հոնորարներ էր ստանում իր պիեսների համար։ Լորկայի հայրը ֆինանսավորում է նաև գրողի ճանապարհորդությունները Կուբա և Նյու Յորք (1929-30 թվականներ)։ 1931 – 1933 թվականներին Իսպանիայի կառավարությունը ֆինանսավորում էր Լորկային` ուսանողական թատերախմբի հետ դասական թատրոնը գյուղերում ներկայացնելու համար։

Հալածանքն ու մահը

1936 թվականի օգոստոսին Ֆեդերիկո Գարսիա Լորկայի գնդակահարումը գտնվում էր միջազգային հանրության ուշադրութան կենտրոնում։ Այս մասին մեծ թվով գրականություն է ստեղծվել։ Երկարատև հետազոտություններից հետո գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Լորկան քաղաքացիական պատերազմի սկսվելուց անմիջապես առաջ  տարօրինակ հանգամանքներում լքում է Մադրիդը, որտեղ ինքն ապահով կլիներ և գնում Գրանադա։ Գրողը հրաժարվել էր Իսպանիան լքելու և ապահով տեղ տեղափոխվելու հրավերից։ Գրանադայում աջակողմյան զինվորական ուժերը ձերբակալում և գնդակահարում են Լորկային՝ մարմինը գցելով ընդհանուր գերեզմանի մեջ։ Մասնագետները չեն կարողանում համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ինչու են Լորկային ձերբակալում։ Համաձայն «պաշտոնական» տեսակետի, որը նաև հաստատում է գրողի ընտանիքը՝ Լորկային ձերբակալել են ձախակողմյան քաղաքական ուժերին աջակցելու մեղադրանքով։

Լորկան մահվանից հետո դառնում է Իսպանիայի Հանրապետության խորհրդանիշը, լուսավորության, գրականության և մշակույթի խորհրդանիշը։

Սակայն ի սկզբանե ոչ բոլորն էին համաձայն Լորկայի գնդակահարության պատճառի նման մեկնաբանության հետ։ Բանն այն է, որ Լորկայի քաղաքական հայացքների և ընկերական հարաբերությունների բարդությունները և հակասությունները, որոնք անընդհատ փոփոխվում էին, գնդակահարության միակ պատճառերը չէին․ գրողի սեռական կողմնորոշումը նույնպես այդ պատճառների թվում էր։ Այս տեսակետի մասին հանրային հիշատակումն առաջացնում էր վրդովմունք իսպանական հասարակության ներսում, երբեմն էլ՝ հրապարակային դատապարտում և հետապնդում։ Այս ամենը հանգեցնում է այն բանին, որ Լորկայի գնդակահարության թվում գրողի սեռական կողմնորշումը ևս մատնանշելը տաբու է դառնում, որն ինչ-որ չափով առկա է մինչ օրս։ Հատկանշական է, որ գնդակահարության մասին պաշտոնական ուսումասիրության արդյունքները մինչ օրս հետազոտողների համար հասանելի չեն։

Համաձայն վարկածներից մեկի՝ Լորկային գնդակահարել են անձնական պատճառներով: Գնդակահարողը, ըստ վարկածի, ագրեսիվ էր տրամադրված գրողի սեռական կողմնորոշման պատճառով։ Քաոսի այդ տարիներին շատերին էին սպանում անձնական համակրանքներից, հակակրանքներից, կարծրատիպերից ու անհանդուրժողականությունից ելնելով։ Լորկայի ձերբակալության մասին հետաքրքիր մանրամասները ապացուցում են այս վարկածը, սակայն փաստաթղթային հաստատումը դեռ հասանելի չէ։ Գրողի  նույնասեռական լինելը բավական էր որոշ խմբերին իր դեմ տրամադրելու համար։ Ինչպես ֆաշիստական Գերմանիայում աջակողմյան ուժերը ձգտում էին մաքրել երկիրը «ոչ ցանկալի տարրերից», այդ թվում` նույնասեռականներից, այդպես էլ Իսպանիայում նույն խմբերը նույնկերպ էին վարվում։ Սակայն, ի տարբերություն Գերմանիայի, այս թեման համապատասխան կերպով ուսումնասիրված չէ Իսպանիայում։

Լորկայի գրական ժառանգությունը

Լորկան իր աշխատություններում ժամանակի ընթացքում սկսում է ավելի հաճախ քննարկել նույնասեռականությանը և սեռական ազատությանն առնչվող թեմաները։ 1935 թվականին նա իր «էրմա» պիեսի հիման վրա ներկայացում է բեմադրում, որից հետո իրեն սկսում են «սեքսուալ դիսիդենտ» անվանել։ Էրման, ըստ սյուժեի, անզավական կին էր, ում դերը խաղում էր Մարգարիտա Խիրգուն, ով բացահայտ լեսբի էր։ Շատերը գիտեին, որ գրողը նույնասեռականությանը նվիրված թեմաներով գրված բազմաթիվ գործերի հեղինակ է։ Նա շատ հաճախ էր իր ընկերների համար ընթերցում նույնասեռականության մասին չհրապարակված իր գործերը։ «Բեռնարդա Ալբայի տունը» նվիրված է սեռականության դեմ բռնության ողբերգական վերջաբանին։ Լորկան գրել է նաև «Ձոն Սալվադոր Դալիին» և «Ձոն Զոհասեղանի Սրբազնագույն Խորհրդին» գործերը, որտեղ խաչված Քրիստոսը ներկայացված է որպես սեռական ազատագրման և էրոտիկ ակտի խորհրդանիշ։ Նա գրել է նույնասեռականությանը նվիրված բազմաթիվ այլ գործեր ևս։ Լորկան այդ ստեղծագործությունները կարդում էր իր ընկերներին, և տաբու համարվող թեման բանավոր տարածվում էր հասարակության մեջ։ Թերևս այս է պատճառը, որ իրեն ձերբակալած մարդիկ համարում էին, որ «Լորկան իր գրչով ավելի վտանգավոր է, քան մյուսներն՝ իրենց զենքերով»:

Գրաքննության տակ

Բազմաթիվ հանգամանքներ, որոնցից են՝ իրավապահների կողմից կարևոր գործեր և փաստաթղթեր թաքցնելը, ընկերների՝ բացահայտ խոսելուց հրաժարվելը և գրողի կերպարը միստիֆիկացնելը երկար ժամանակ խոչընդոտում էին Լորկայի կյանքի և մտքի սեռական կողմի մասին տեղեկությունների բացահայտմանը: Արդյունքում գրողի «ամբողջական» աշխատանքների ամենավերջին հրատարակությունները ոչ միայն թերի են, այլև թաքցնում են այս փաստն ընթերցողներից:

Լորկայի կյանքի և ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության երկու սերունդ հինված է գրաքննված և ոչ ամբողջական տեղեկությունների վրա։ Հետազոտողներին ենթարկում էին մանիպուլացիաների և թույլ չէին տալիս հղում կատարել Լորկայի այն ստեղծագործություններին, որոնք հրատարակությունների մեջ ներառված չէին։ Չնայած 1939 թվականից մինչև 70-ական թվականներն Իսպանիայում գոյություն ուներ ուժեղ գրաքննություն, սակայն հետազոտություններին նման ձևով խոչընդոտող հիմնական ուժը Լորկայի ընտանիքն էր։

Լորկայի մահվանից հետո իր գրական ժառանգությունը վերահսկելու իրավունքն անցնում է վերջինիս ընտանիքին, որը հրաժարվում էր հրապարակել այն ստեղծագործությունները, որոնք վերաբերում էին նույնասեռականությանը կամ ազատ սիրուն։ Սակայն հետագայում հասարակական պահանջի ճնշման տակ հրատարակվում են Լորկայի՝ անցյալում գրաքննության ենթարկված ստեղծագործությունները՝ «Բեռնարդա Ալբայի տունը», «Հանրությունը», «Մութ սիրո սոնետը»։ Ցավալին այն է, որ գրողի բազմաթիվ արժեքավոր գործեր անհայտ կորած են, իսկ մարդիկ, ովքեր կարող էին արժեքավոր տեղեկություններ հաղորդել գրողի կյանքի և ստեղծագործությունների մասին, վաղուց մահացել են։ Մինչև 1980 թվականը Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մասին  հրատարակված ցանկացած գործի պետք է վերապահումով մոտենալ, քանի որ դրանք մշտապես գրաքննության էին ենթարկվում։

Ստեղծագործական առանցքը 

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ստեղծագործություններում արծածվում էին մարդային զգացմունքների բազմազանությանը, կապի և մտերմության որոնմանը, մարդկության համար ընդունելի դառնալուն, սեռական ձգողության ուժին և առեղծվածին նվիրված թեմաները։

Լորկայի ստեղծագործություններում կարմիր թելով անցնում են երկու հիմանական թեմաներ․ առաջինը սեռականության թշնամի Իսպանիայի կաթոլիկ եկեղեցին էր, որն, ըստ Լորայի, բաժանված էր ու որևէ կապ չուներ Քրիստոսի ուսմունքի հետ: Երկրորդ թեման հեդոնիստական ու հանդուրժող Անդալուսական մշակույթն էր, որն, ըստ Լորկայի, ոչնչացվեց քրիստոնեական քաղաքակրթության կողմից: Այս մշակույթի վերջին մայրաքաղաքը Լորկայի քաղաքն էր՝ Գրանադան:

Լորկայի ստեղծագործությունները բացահայտում են մարդկային հոգու թախիծը, մեկուսացված մարդուն։ Իր որոշ մտերիմ ընկերներ հենց այսպիսին էին նկարագրում Լորկային՝ հումորի և հմայքի տակ թաքնված միայնակ մարդ։

Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր