Օսկար Ուայլդ․ հանճարի թռիչքն ու հալածանքը

«1895-ի նոյեմբերի 13-ին ինձ այստեղ բերեցին Լոնդոնից: Ժամը երկուսից մինչև երկուսն անց կես այդ օրը ես ստիպված էի կանգնել Քլափհամ Ջունքթիոնի կենտրոնական պլատֆորմին՝ դատապարտյալի հագուստով, ձեռնաշղթաներով՝ ի ցույց բոլորին: Ինձ հիվանդանոցային պալատից տարան առանց որևէ ծանուցագիր տալու: Երբ մարդիկ տեսան ինձ, նրանք ծիծաղեցին: Յուրաքանչյուր ժամանող գնացքի հետ ամբոխն ավելի էր բազմանում: Ոչինչ չէր կարող զսպել նրանց հրճվանքը: Դա, իհարկե, մինչև այն պահը, երբ նրանք իմացան՝ ով եմ ես: Երբ նրանց ասացին, նրանք սկսեցին ավելի շատ ծիծաղել: Շուրջ կես ժամ ես կանգնած էի այնտեղ, նոյեմբերի գորշ անձրևի տակ՝ շրջապատված հռհռացող ամբոխով». սա պատմության լավագույն դրամատուրգներից մեկի՝ Օսկար Ուայլդի հուշերից հատված է նրա կալանավորման օրվանից:

1895 թվականի նոյեմբերին Լոնդոնից ձեռնաշղթաներով Ռեդինգի բանտ էր բերվել հայտնի բրիտանացի գրող Օսկար Ուայլդը: Նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման «տղամարդկանց հետ զզվելի, անպարկեշտ» հարաբերությունների համար: Ռեդինգի կայարանում Ուայլդի շուրջը հետաքրքրասերների ամբոխ էր հավաքվել: Լոնդոնի հայտնի դենդին, կալանավորի գծավոր հագուստով, կանգնել էր սառն անձրևի տակ ու լալիս էր կյանքում առաջին անգամ: Ամբոխը ծիծաղում էր:

Օսկար Ուայլդը ծնվել է Դուբլինում, բժշկի ու պոետի ընտանիքում: Նրա մայրը էքսցենտրիկ կին էր. նա երազում էր դուստր ունենալ, իսկ երբ ծնվում է Ուայլդը, նա սկսում է երեխային աղջկա հագուստներ հագցնել: Ուայլդը բարձրահասակ, էլեգանտ ու գեղեցիկ երիտասարդ էր: Նա սկսում է սովորել Օքսֆորդում, որտեղ էլ ձևավորվում են նրա նրբաճաշակ ոճը ու սրամտությունը:

Օքսֆորդն ավարտելուց հետո Ուայլդը լոնդոնյան բոհեմական կյանքի սիրելին է դառնում: Նա սպասված հյուր էր ցանկացած բարձրաշխարհիկ երեկույթի ժամանակ ու բոլոր սալոններում: Նրա ժամանակակիցներից մեկը գրում է. «Նա առանց չափազանցության ամենահրաշալի զրուցակիցն էր, որին ես երբևէ հանդիպել եմ իմ կյանքում… Ոչ ոք չէր կարող փոխարինել նրան ցանկացած շրջապատում: Նրա ներկայությամբ ընդհանրապես որևէ այլ անձի ուշադրություն չէին դարձնում»:

Ուայլդը գումար էր վաստակում գրական ստեղծագործությունների ու արվեստի գործերի մասին գրախոսություններ գրելով, ինչպես նաև դասախոսություններ կարդալով Անգլիայում և Ամերիկայում: Այնուհետև նա գրում է կատակերգական ստեղծագործություններ և մեծ հաջողություններ ունենում: Նա էքստրավագանտ էր, շռայլ, սկանդալային և երջանիկ: Նրա անկման պատմությունը զարմանալի է թվում և մինչև օրս մնում է գրական ամենամեծ ողբերգություններից մեկը:

Ավելի երիտասարդ տարիքում Ուայլդը հետերոսեքսուալ վարք ուներ: Նրա առաջին սերը Ֆլորի Բելքումն է եղել, ում հետ նա ծանոթացել է, երբ 21 տարեկան էր: Սակայն նրա սիրտը կոտրվում է, երբ վերջինս ամուսնանում է Բրեմ Ստոքերի՝ «Դրակուլայի» հեղինակի հետ: Որոշ ժամանակ անց նա փորձում է անհաջող սիրահետել գեղեցկուհի դերասանուհի Լիլի Լանգտրին, որն այդ ժամանակ ամուսնացած էր: Երիտասարդ տարիքում Ուայլդը ևս մի քանի սիրային պատմություններ է ունենում:

1881-ին նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Կոնստանցիա Լլոյդի հետ, ում սկսում է բուռն սիրային նամակներ գրել: Նրանք ամուսնանում են 1884-ին: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Ուայլդն ու կինը սիրում էին միմյանց: Նրանք երկու որդի են ունենում: Որոշ ժամանակ անց ընտանեկան կյանքն ու կինը հոգնեցնում են գրողին և նա դադարում է սեռական հարաբերությունները Կոնստանցիայի հետ ու սկսում տղամարդանց հետ հանդիպել:

Բանաստեղծ Ռոբերտ Ռոսը, որը մինչև Ուայլդի կյանքի վերջ հավատարիմ էր նրան, ասել է, որ ինքն Օսկարի «առաջին տղան» է եղել, երբ ինքը 17 տարեկան էր, իսկ Ուայլդը՝ 32: Այնուամենայնիվ, միայն 1891-ին է Ուայլդը ծանոթանում 22-ամյա արիստոկրատ լորդ Ալֆրեդ Դուգլասի (Բոուսի) հետ, ով դառնում է Ուայլդի կյանքի մեծագույն սերը:

Դա սեր էր առաջին հայացքից: Բոուսին ուներ այն բոլոր հատնակիշները, որոնցով Ուայլդը հիանում էր: Նրանք երկուսն էլ սիրում էին շքեղ կյանքը: Սկսվում է նրանց բուռն ընկերությունը և նրանք անբաժանելի են դառնում: Դուգլասը զբաղեցնում է Ուայլդի սիրեկանի դերը՝ հետևում թողնելով նրա նախկին սիրեկան պոետ Ջոն Գրեյին:

Միայնակ մնալ չկարողանալու և այլոց կյանքի ու ցանկությունների հետ հաշվի չնստելու հետևանքով Բոուսին զբաղեցնում է Ուալյդի ողջ ժամանակը, ինչի հետևանքով Ուայլդն այդպես էլ չի հասցնում ավարտել իր երկու ողբերգությունները՝ «Ֆլորենցիական ողբերգությունը» և «Սուրբ անբարոյականը»: Սակայն Բոուսիի նկատմամբ սերն ամեն ինչից ուժեղ է գտնվում։ Լինելով նրա հետ՝ Ուայլդը մոռանում է ամեն ինչի մասին՝ ռիսկի ենթարկելով իր դիրքը հասարակության մեջ, գրականությունը, համբավը և ընտանիքը: Բոուսին ավելի մեծ ազդեցություն ուներ Ուայլդի վրա, քան Ուայլդը՝ նրա, սակայն դրա մասին գիտեին միայն նրանց մտերիմ ընկերները, իսկ հասարակությունը և Դուգլասի հարազատներն Ուայլդին մեղադրում էին երիտասարդին այլասերելու մեջ:

Դատավարությունից երեք ամիս առաջ՝ 1895 թվականի հունվարին Ալժիր կատարած ճանապարհորդության ընթացքում Ուայլդը և Բոուսին հանդիպում են ֆրանսիացի երիտասարդ և սկսնակ գրող Անդրե Ժիդին (1949 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր): Ժիդը Դուգլասին այնքան էլ գեղեցիկ չի համարում, ինչպես Ուալյդն էր միշտ ներկայացրել նրան, սակայն անմիջապես նկատում է այն հսկայական ազդեցությունը, որ Բոուսին ուներ Ուայլդի վրա՝ սկսած ռեստորանում ուտեստի նախապատվությունից՝ վերջացրած ուղղակի հրահանգներով, թե ինչով զբաղվել:

Իր ինքնակենսագրականում Ժիդը գրել է. «Դուգլասն ավելի ուժեղ և վառ ընգդծված անհատականություն էր, քան Ուայլդը: Այո՛, Դուգլասն իսկապես ավելի զարգացած անհատականություն էր, ինչն արտահայտվում էր սարսափելի եսասիրությամբ. երբեմն թվում էր, թե նա իր արարքների համար պատասխանատվություն չի կրում: Նա երբեք իր էությանը չէր հակառակվում և չէր հանդուրժում, որ ինչ-որ բան կամ որևէ մեկը հակառակվի դրան: Ճիշտն ասած՝ Բոուսին ինձ ծայրաստիճան հետաքրքրում էր, սակայն նա իրոք «սարսափելի էր», և կարծում եմ, որ հենց նա էր Ուայլդի բոլոր դժբախտությունների պատճառը: Նրա կողքին Ուայլդը մեղմ, անվճռական և թուլակամ էր թվում: Դուգլասը, կարծես, երես առած երեխա լիներ, ով փորձում էր ջարդել իր ամենասիրելի խաղալիքը: Նրան ոչինչ չէր գոհացնում, և ինչ-որ բան նրան ավելի հեռուն էր տանում»:

Ուայլդի և Բոուսիի անվան շուրջ բազմաթիվ բամբասանքներ էին պտտվում, սակայն ամեն ինչ, գուցե, հանդարտ վերջաբան ունենար, եթե գործին չխառնվեր Բոուսիի հայրը՝ Քուիսբերիի յոթերորդ մարքիզը: Որդու սեռական հակումները, որոնց մասին լավ տեղեկացված էր, նրան չափազանց զայրացնում էին: Ցասման գագաթնակետը հայտնի բացիկն է, որը նա ուղարկում է ակումբ, որին անդամակցում էր նաև Ուայլդը: Բացիկի վրա երեք բառ էր գրված. «Հոմոսեքսուալ Օսկար Ուայլդին»:

Սա զայրացնում է Ուայլդին, և զայրույթը նրան չմտածված քայլի է դրդրում. Օսկար Ուայլդը Քուինսբերիին դատի է տալիս՝ մեղադրելով վերջինիս հերյուրանքի մեջ: Ի զարմանս դատարանի՝ պարզվում է, որ Քուիսբերին հոյակապ կերպով պատրաստվել է գործընթացին: Նա մասնավոր հետախույզների մի ամբողջ խումբ էր վարձել, որոնց միջոցով գտել էր այն երիտասարդների մեծ մասին, որոնց հետ Ուայլդը ծանոթացել ու հարաբերություններ էր ունեցել միջնորդի միջոցով: Երբ պարզ է դառնում, որ այդ երիտասարդներն ամեն վայրկյան կարող են վկայություն տալ դատարանում, Ուայլդը հրաժարվում է դատական գործ հարուցելու հետագա ընթացքից, և մարքիզն արդարացվում է:

Օսկարի ընկերները խնդրում են նրան անհապաղ լքել Անգլիան, սակայն նա հրաժարվում է այդ մտքից: Մեկ ամիս անց Ուայլդը ձերբակալվում է:

Այս անգամ արդեն Քուինբերին էր նրա դեմ դատական հայց ներկայացրել՝ ապացույցներ ներկայացնելով Ուայլդի «սեռական այլասերվածության վերաբերյալ»: Երկրորդ դատավարության ընթացքում, որը անգլիական դատական պատմության մեջ ամենասկանդալայիններից մեկն է համարվում, Ուայլդը տպավորիչ ելույթ է ունենում, սակայն սա բավարար չէր: Մեկը մյուսի հետևից դատարանում դեռահաս տղաներ և պատանիներ են հայտնվում, որոնք նման ցուցմունքներ են տալիս. «Ուայլդն ինձ խնդրել էր ձևացնել՝ իբրև թե ես կին եմ, իսկ նա՝ իմ սիրեկանը… Ես սովորաբար նրա ծնկներին էի նստում, իսկ նա ինձ շոյում էր՝ կարծես ես աղջիկ լինեի»: Դատական նիստի ժամանակ նա իր հայտնի «Սերը, որը չի հանդգնում իր անունը տալ» (Բոուսիի բանաստեղծություններից մեկի տողերից) ճառն է կարդում, ինչն այնքան տպավորիչ է լինում, որ ուղեկցվում է ծափահարություններով:

Գործը հետաձգվում է՝ անցնելով այլ ընթացակարգով: Ազատության մեջ հայտնվելով՝ Ուայլդը դարձյալ հրաժարվում է փախչել երկրից: Դատական երրորդ գործընթացն Ուայլդի համար ողբերգական ավարտ է ունենում. նա դատապարտվում է երկու տարվա ծանր աշխատանքի, ինչն այդ ժամանակ գործող օրենսգրքով նախատեսված ամենախիստ պատիժն էր: Ազատազրկման պայմաններն Անգլիայում այդ տարիներին շատ ծանր էին, և բանտի սարսափելի պայմանները ծանր ազդեցություն են թողնում Ուայլդի հոգեկան առողջության վրա: Բանտում նա երես է թեքում Բոուսիից՝ վերջինիս մեղադրելով այն ամենի մեջ, ինչը հանգեցրեց իր անկմանը:

Ազատ արձակվելու հետո Ուայլդը, ֆիզիկապես և հոգեպես քայքայված, չի ցանկանում վերադառնալ Անգլիա: Սեբաստիան Մելմոտ հորինված անունով նա շուրջ երեք տարի շրջում է Եվրոպայով: Նա մահանում է ինքնակամ աքսորի մեջ՝ Փարիզի հյուրանոցներից մեկում , 1900-ի նոյեմբերի 30-ին, սուր մենինգիտից: Մահից ոչ շատ առաջ նա իր մասին ասել էր. «Ես չեմ վերապրի 19-րդ դարը: Անգլիացիները չեն հանդուրժի իմ հետագա գոյությունը»: Նա թաղվել է Փարիզի Բանյո գերեզմանատանը: Մոտ տասը տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Պեր Լաշեզ գերեզման: Գրողի մահից հետո Ալֆրեդ Դուգլասը մի քանի սոնետներ է ձոնել նրան:

Ուայլդի ու Դուգլասի սիրո պատմությունը ներկայացված է ռեժիսոր Բրայան Գիլբերիտի «Wilde» (1997) ֆիլմում, որտեղ գրողին մարմնավորում է Սթիվեն Ֆրայը, իսկ նրա սիրեկանին՝ Ջուդ Լոուն:

Ստեղծագործությունները

Օսկար Ուայլդը գրող էր, ում հոմոէրոտիկ տեքստերը լայնացրին Վիկտորիանական ժամանակաշրջանի բարոյականության նեղ սահմանները: Ուայլդն առաջ քաշեց այն գաղափարը, որ արվեստը գոյություն ունի միայն ինքն իր համար, միայն արվեստ լինելու համար՝ «արվեստը հանուն արվեստի»:

Չկա որևէ այլ անուն, որ ավելի սերտ կապված կլինի Անգլիայում 1880-ականների ու 1890-ականների էսթետիկ շարժման հետ, որքան Օսկար Ուայլդինը: Այս կապն արդյունք է ինչպես Ուայլդի վարած կյանքի գունեղ մանրամասների, այնպես էլ անգլիական գրականության մեջ ունեցած նրա ավանդի: Նրա գրական համբավը կապված է հիմնականում հինգ պիեսների հետ, որոնցից «Լրջախոհ լինելու կարևորությունը» (1895) կատակերգական թատրոնի դասականներից է:

Նրա միակ վեպը՝ «Դորիան Գրեյի դիմանարը», թեև շատերի գնահատմամբ որպես արվեստի ստեղծագործություն զիջում է իր պիեսներին, Ուայլդին ամենաշատ համբավն է բերել: Ուայլդն իր գրական գործունեության սկզբում նաև բազմաթիվ բանաստեղծություններ է հրապարակել: Դրանցից որոշները հաջողության են արժանացել․ այս ժանրում նրա ամենաարժեքավոր գործը «Ռեդինգի բանտի բալլադը» պոեմն է:

Ուայլդը նաև հեքիաթների երկու ժողովածու է հրապարակել, որոնք բացի գեղեցիկ լինելուց նաև պատկերացում են տալիս նրա լուրջ սոցիալական և գրական անհանգստությունների մասին:
Նրա գրական ավանդի ամենակարևոր մասն են կազմում քննադատական էսսեները, մասնավորապես «Մտահղացումներ» (1891) ժողովածուն և նրա նամակը (“De profundis”)` գրված Լորդ Ալֆրեդ Դուգլասին Ռեդինգի բանտից (1897), որը լույս է տեսել նրա մահից հետո:

Ուայլդի նույնասեռականությունը խորը ազդեցություն է ունեցել իր ստեղծագործությունների վրա: Սեփական փորձառնությունները և հարաբերությունները պատկերված են «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպում: Շատ տարածված կարծիք կա, որ վեպի կերպարներ Բասիլը, Լորդ Հենրին և Դորիանը հենց իր՝ Ուայլդի անձի տարբեր կողմերն են: Ուայլդն այս առիթով գրել է. «Բասիլը նա է, ինչպես ես եմ ինձ տեսնում, Լորդ Հենրին՝ ինչպես աշխարհն է ինձ տեսնում և Դորիանը նա է, ինչպիսին ես կցանկանայի լինել»:

«Դորիան Գրեյի դիմանկար»-ի շուրջ բարձրացած աղմուկը հիմնված է դրա կերպարների խիստ հոմոէրոտիկ հարաբերման վրա, և դժվար չէ հասկանալ, թե ինչու է այն նման բուռն արձագանքներ առաջացրել: Ուայլդի սեքսուալությունը ազդել է նաև գրքի հերոսների հարաբերությունների կառուցվածքի վրա․ վեպն սկսվում է հոմոսեքսուալ սիրային եռանկյունու ներկայացումից՝ Բասիլի, Դորիանի և Լորդ Հենրիի: Բասիլի կերպարը սերտորեն կապված է Դորիանի ֆիզիկական գեղեցկության նկատմամբ նրա հիացմունքի հետ: Դորիանը, իր հերթին, հիանում էր Լորդ Հենրիով՝ բարձրահասակ մարդ, որը ներկայացնում է նրան հասարակության նոր շրջանակներին: Լորդ Հենրին էլ հիանում էր Դորիանի ֆիզիկական գեղեցկությամբ, ինչպես նաև նրա հարաբերական անմեղությամբ:

Ուայլդի սեքսուալությունը և բնույթը ձևավորել են նրա հարաբերությունները էսթետիզմի հետ, որն էլ իր հերթին դրսևորվել է իր աշխատանքների բարոյական եզրահանգումներում:
Չնայած Ուայլդի կյանքի վրա ունեցած կործանարար ազդեցությանը՝ նրա դատավարությունը և բանտարկումը, ինչպես նշում են մի շարք գրականագետներ, շատ բեղուն ազդեցություն է ունեցել նրա փիլիսոփայական մտքի զարգացման վրա: Ուայլդի հետապնդումն իրենից ներկայացնում էր բարոյականության և իդեալների բախում՝ շատ նման իրականությանը, որին բախվում էին իր ստեղծագործությունների հերոսները: Ուայլդի դատավարությունը կարծես նմանակում էր իր գեղարվետական գրականությանը. դա հակադիրների բախում էր՝ բարու և չարի, հետերոսեքսուալի և հոմոսեքսուալի, տղամարդկայինի ու կանացիի, անվտանգի ու վտանագավորի, այն, ինչ թվում էր բարոյապես ճիշտ և բարոյապես սխալ:

Ուայլդի էսթետիկան արմատավորված է իր կրթության մեջ, հիմնականում իր տարվածությամբ հելլենիստական Հունաստանով և տղամարդկանց հարաբերությունները ներկայացնող հին տեսքտերով: Հին հույները հավանաբար ամենամոտն էին Ուայլդի էսթետիկ ընկալումներին՝ տղամարդկանց միջև հարաբերություններին տրվող իրենց բարձր արժեքի պատճառով: Որպես ամենամաքուր սիրո դրսևորում համարվող՝ տղամարդկանց միջև սերը տարածված էր մեծն առաջնորդներից մինչև գիտնականների ու փիլիսոփաների շրջանում: Ատվածների ու Օլիմպոսի արքա Զևսը, ինչպես հայտնի է, տղամարդ սիրեկան ուներ՝ Գանիմեդեդես անունով երիտասարդ հովիվը:

Ի տարբերություն վիկտորիանականների, որոնք ժառանգել էին մի շարք կոնկրետ կրոնական համոզմունքներ, Ուայլդն ընդհանրապես որևէ կոնկրետ կրոնական համոզմունքներ չուներ: Էսթետիկ շարժումը, որում Ուայլդը շուտով դարձավ ամենավառ ներկայացուցիչը, հակադզեցություն էր ընդդեմ արվեստում և կյանքում տիրող համատարած առօրեականության ու կենցաղայնության: Ուայլդը պնդում էր, որ արվեստն անչափելի արժեք ունի: Ի հակադրություն վիկտորիանական դիրքորոշման՝ արվեստը չպետք է բարոյական չափանիշներ սահմաներ, դասեր ու խրատներ տար կամ բարոյական արժեքները քարոզելու միջոց լիներ:

Ուայլդի սեքսուալությունն անուղղակիորեն կապված է արվեստի կոնցեպտի հետ. պատճառներից մեկը՝ ինչու էր Ուայլդը պաշտպանում տվյալ բարոյական համակարգը, իր ունեցած կապն է անտիկ ժամանակաշրջանի հետ: Հոմոսեքսուալ կապն անտիկ շրջանում այլասերություն չէր համարվում. Ուայլդը պնդում էր, որ դա պրոգրեսի նշան է, ինչպես էսթետիզմը: Էսթետիզմն ու հոմոսեքսուալությունը դրվում էին նույն կոնտեքստում, ինչպես տարբեր այլ ժամանակաշրջաններում է արվել՝ Հելլենիստական Հունաստանում, Կլասիկ Իտալիայում (Միքելանջելո) և Շեքսպիրյան Անգլիայում: Այս ժամանակաշրջանները գովերգում էին արական ձևի կատարելությունը. Ուայլդն իրեն այս ավանդույթների կրող էր համարում իր օքսֆորդյան դաստիրակության և կրթության պատճառով: Հելլենիստական էսթետիկան համընկավ Ուայլդի սեքսուալության և նրա էսթետիկ շարժման հետ մեկ ընդհանուր տեսակետով, որ արական ձևը ամենագեղեցիկն է: Հոմոսեքսուալ հարաբերությունները, հետևաբար, համարվում էին գեղեցկության ակտ՝ կապի հնարավոր ամենաբարձր ձև:

Օսկար Ուայլդի հոմոէրոտիկ տեքստերը, էսթետիկան և բարոյական արժեքները մեծամասամբ նրա սեքսուալության արդյունքն են, չնայած որ կարելի է նաև պնդել, որ Ուայլդի ստեղծագործությունների վրա ազդեցություն են թողել հակավիկտորիանական տրամադրությունները: Ուայլդի գործերը հեղափոխական էին իրենց թաքնված բովանդակությամբ, ոճով և հանգամանքով, որ դրանք շոշափում էին այնպիսի հարցեր, ինչպիսին է նույնասեռականությունը՝ մի ժամանակաշրջանում, երբ հասարակությունն ավելի պահպանողական էր դառնում: Ինչպես յուրաքանչյուր այլ հեղինակի, այնպես էլ Ուայլդի ստեղծագործությունները լավագույնս հասկացվում են՝ հաշվի առնելով նրա կենսագրությունը և պատմությունը, այդ թվում՝ սեռականությունը:

Աղբյուրը՝ «Տեղեկացված հանրություն» ամսագիր