Հովհաննես Մադոյան

Ծնվել է 22 հոկտեմբեր 1976թ
Սովորել է Երեւանի պետական բժշկական համալսարանում
Մասնագիտությամբ` ընտանեկան բժիշկ
Աշխատում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ում որպես ծրագրերի խորհրդատու
Ամուսնացած է, ունի երկու երեխա

– Մի փոքր պատմեք Ձեր գործունեության մասին, ինչպե՞ս որոշեցիք աշխատել ՄԻԱՎ-ին առնչվող հիմնահարցերի ոլորտում:

ՄԻԱՎ-ին վերաբերող խնդիրների շուրջ աշխատելը լրիվ պատահական է սկսվել` տասնհինգ տարի առաջ: Այն ժամանակ բժշկական համալսարանում կար «Երիտասարդ բժիշկների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, որտեղ ես նոր կամավոր էի: Այնտեղ կար գործունեության նոր ուղղություն` պայքար ընդդեմ ՁԻԱՀ-ի: Իսկ 2003 թվականին արդեն դուրս եկա այդ կազմակերպությունից, ու մի քանի ընկերների հետ հիմնադրեցինք «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն: Այն կարծես թե դարձավ իմ կյանքի խաչը, որը պետք է մինչև վերջ տանեմ:

– Արդեն ավելի քան 15 տարի աշխատում եք այս ոլորտում: Ի±նչ հաջողությունների եք հասել, ի±նչ փոփոխություններ են կատարվել այդ ոլորտում:

Աշխատանքային հաջողություններից կարող եմ նշել այն, որ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպությունից այսօր դարձել է այն կազմակերպությունը, որն ունի գործընկերների լայն շրջանակ, որի հետ շատերն են համագործակցում, իսկ ծրագրերի ծավալներն ու քանակը մի քանի անգամ աճել են: Մեր հիմնական գործունեությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համախմբումն է, խնամք, աջակցություն ցուցաբերելը: Եվ այսօր մենք ստեղծել ենք մի միջավայր, ուր մարդիկ մեծ հաճույքով գալիս են, ընդ որում ոչ միայն օգնություն ստանալու, այլև միմյանց փոխադարձաբար օգնելու համար, գիտակցում են, որ պետք է ակտիվորեն ներգրավված լինեն իրենց կյանքի բարելավման գործընթացում:
Իսկ անձնական հաջողություններից ամենամեծը ընտանիքս է: Հաջողություն է նաև իմ վերջին հինգ տարվա երազանքը կամ նպատակը` դառնալ այնպիսի փորձագետ, ով իր ներդրումները կունենա ավելի բարձր մակարդակներում, մի շարք կազմակերպությունների, ազգային ծրագրերի համար, նաև միջազգային մակարդակում: Այս տարի արդեն մի քանի նախաձեռնություն հաջողությամբ իրականացրել եմ:

– Իսկ ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպել Ձեր աշխատանքի ընթացքում:

Դժվարություններ միշտ էլ լինում են: Ես բնավորության մի գիծ ունեմ` գնահատված լինել իմ գործունեության մեջ: Կա մարդկանց նեղ շրջանակ, որի գնահատականին և աջակցությանը մեծ ուշադրություն եմ դարձնում: Իսկ երբ արածս գործը չեն գնահատում, կարող եմ գործն, այսպես ասած, կիսատ թողնել: Այդպիսի դեպքեր եղել են: Եղել են նաև դեպքեր, երբ թվացել է, որ իմ արած գործն անիմաստ է: Երբ նոր էինք հիմնել այս կազմակերպությունը, ունեինք մեր տեսլականը` ստեղծել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համախմբված, ուժեղ հանրույթ` գտնելով, որ դա է նրանց օգնելու միակ ճանապարհը: Ու այդ ժամանակ շատերի կողմից էինք անտարբերության, անհավատության արժանանում: Արդյունքում թևաթափ էի լինում` մտածելով, որ փաստորեն, սխալ եմ անում, որ այդպես եմ մտածում: Քննադատում էի այն մարդկանց, ովքեր ՄԻԱՎ-ի մասին ընդհանրապես տեղեկատվություն չունեին: Մարդկանց նկատմամբ քննադատությունը տարիների ընթացքում նվազել է, սակայն գտնում եմ, որ անտարբերությունը այն երևույթն է, որ պետք է ենթարկվի քննադատության:

– Այսքան երիտասարդ տարիքում Դուք հասել եք արդեն հասարակության համար տեսանելի փոփոխությունների: Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

Բախտս շատ հարցերում է բերել: Բախտից բացի ինձ շատ է օգնել կինս` էլինան: Իմ նախաձեռնությունների մեծ մասի դեպքերում իր աջակցությունն եմ ակնկալել և ստացել: Ծնողներս են ինձ համար մեծ ներդրում ունեցել այն առումով, որ օգնել են մասնագիտություն ստանալ: Հաջողությունների մեծ մասն էլ գալիս է աշխատանքին նվիրվածությունից: Եթե նույնիսկ ինձ հիմա հարցնեք, թե որն է իմ հոբբին, ես դարձյալ կպատասխանեմ` ՄԻԱՎ-ի կանխարգելման ոլորտում աշխատելը:

– Իսկ որպես փորձառու մասնագետ, քաղաքացիական հասարակության ակտիվիստ` ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդությանը, երիտասարդ քաղաքացիներին:

Անտարբեր չլինել: Եթե նրանք իրենց հոգեհարազատ գործով սկսեն զբաղվել, ամեն մեկը իր ոլորտում կհասնի հաջողությունների, հասարակության համար դրական փոփոխությունների: Մեր երիտասարդության մեջ անտարբերությունը, կարծում եմ, շատ է տարածված: Բոլոր շարժիչ ուժերը եղել են ուսանողության ձեռքերում, դրական փոփոխությունները նրանք են բերել` սկսած միջնադարից: Սակայն, երբ դիտարկում ենք մեր ուսանողությանը, տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է, կա՛մ նրանք ահավոր անտարբեր են: Ցավոք սրտի, մեզ մոտ ամեն ինչ իդեալական չէ:

Գործընկերները Հովհաննես Մադոյանի մասին

Նաիրա Սարգսյան, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրեր (UNAIDS)

Հովհաննեսին ճանաչում եմ 2003 թվականից: Կարող եմ փաստել, որ նա ակտիվ, բանիմաց մարդ է: Տարբեր իրավիճակներին նա ունի իր գնահատականը, բավականին արդի և խելացի հարցեր է մշատապես բարձրաձայնում: Նա այն մարդն է, ով իր ազդեցությունն ունի ինչպես ՄԻԱՎ-ի խնդրի հետ առնչվող այլ կազմակերպությունների վրա, այնպես էլ պետական կողմի վրա: Նա բավականին լավ է հասկանում շահերի պաշտպանությունը, համագործակցության առավելությունները, լավ փոխհարաբերությունների մեջ է բոլոր գործընկերների հետ: «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի հաջողություններն էլ մեծամասամբ նրա աշխատանքի և գործունեության արդյունքն են, քանի որ նա ճիշտ և անհրաժեշտ ծրագրեր է նախաձեռնում և իրականացնում, բավականին լավ լիդեր է, կարողանում է նաև մարդկային ռեսուրսների ճիշտ ղեկավարում իրականացնել:

Գայանե Թովմասյան, «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպություն

Հովաննես Մադոյանին ճանաչում եմ 2004 թվականից, իսկ միասին աշխատում ենք 2006 թվականից մինչ այժմ: Հովհաննեսը նպատակասլաց և ոլորտին նվիրված անձնավորություն է, եռանդուն, խանդավառ և ջանասեր մարդ: Նա հիանալի շահերի պաշտպան է, կարողացել է ակտիվացնել ՄԻԱՎ-ով ապրող կանանց և տղամարդկանց, որպեսզի վերջիններս խթանեն ՄԻԱՎ կանխարգելումը ՀՀ-ում:

Էլմիրա Բախշինյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

Հովհաննես Մադոյանին ճանաչում եմ 2003թ.-ից, երբ ինքս ընդգրկվեցի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ծրագրերում: Նրա հետ համատեղ աշխատանքի ընթացքում բացահայտել եմ, որ գործ ունեմ անսահման բարի, խարիզմատիկ, ստեղծագործ և վերլուծական մտածողությամբ օժտված, նախաձեռնող, նրբանկատ, անշահախնդրորեն աշխատանքին նվիրված մարդու հետ: Ինչ վերաբերում է նրա գործունեությանը` որպես ակտիվիստ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդրի ջատագով, ապա համոզված եմ, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդրի հետ առնչվող շատ հարցերում Հայաստանում ու տարածաշրջանում առկա մարտահրավերները դրական լուծում են ստացել հենց Հովհաննեսի ջանքերի շնորհիվ:

Մամիկոն Հովսեփյան, «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

2008 թվականին մտադիր էինք հանրային միջոցառում անցկացնել ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ և փորձեցինք կապվել մի շարք կազմակերպությունների հետ` այն մեծ և ազդեցիկ դարձնելու համար: Այդ ընթացքում էլ հանդիպեցինք մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնցից մեկն էր հենց Հովհաննես Մադոյանը:
Նա այն մարդկանցից է, որ նպաստել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների սերտ համագործակցությանը և հիմք դրել «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ստեղծմանը:
Փաստ է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ոլորտում կա-տարվող ցանկացած դրական փոփոխություն-ների մեջ մեծ դեր ունեն հենց Հովհաննեսի ներգրավվածությունն ու ջանքերը: Իմ համար պատիվ է ճանաչել նրան և համատեղ աշխատանք իրականացնել նրա հետ:

Նվարդ Մարգարյան