ԼԳԲՏ հայերի կյանքում 2016թ-ին տեղի ունեցած ուրախ բաները

 

Տարվա ընթացքում ԼԳԲՏ մարդկանց մասին հիմնականում բացասական լուրեր են շրջանառվում, ինչի ֆոնի տակ թվում է, թե ուրախ բաներ տեղի չեն ունեցել:

Այդ պատճառով «Ինչպես դու»-ն տարին ամփոփում է ու հիշում է այն բաները, որոնք 2016թ  ուրախացրել են ԼԳԲՏ հայերին:

 

1.  Տրանսգենդեր մարդկանց իրավապաշտպան կազմակերպություն բացվեց

 

mom

Տրանսգենդերների հիշատակի օրվա մոմավառություն, նոյեմբերի 20, Երևան,  նկարը`rightsidengo.com

 

2016 թիվը նշանավոր էր Հայաստանի տրանսգենդերների համար, քանի որ տարվա սկզբին բացվեց տրանսգենդերների իրավապաշտպան առաջին կազմակերպությունը` «Իրավունքի կողմ»-ը:

Իսկ տարվա վերջում Հայաստանում տեղի ունեցավ տրանսգենդերների առաջին խնջույքն ու մրցանակաբաշխությունը: 

 

2.  Պար` ընդդեմ հոմոֆոբիայի Հյուսիսային պողոտայում

 

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պարը

 

Արվեստագետներ Հասմիկ Թանգյանը և Տաթև Հովհաննիսյանը պարեցին ընդդեմ հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի:

«Ես քո վրա, դու իմ վրա» ժամանակակից պարը տեղի ունեցավ Հյուսիսային Պողոտայի ամբողջ երկայնքով, մայիսի 17-ին` հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը:

Հասմիկն ու Տաթևը անձրևի տակ` գլորվելով, փաթաթվելով, իրար վրա բարձրանալով, վերից վար շարժվեցին պողոտայով, ապա նստեցին տաքսի ու գնացին:

 

3.  Հայ նույնասեռականի քանդակը` հայերի անունից` ընծա Հռոմի Պապին 

 

pope-and-noah

Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I և ՆՍՕՏՏ Գարեգին II` ընծան հանձնելիս: նկարը` michaelaram.com

 

Հունիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հայ ժողովրդի անունից Նոյյան Տապանի քանդակ նվիրեցին, որի հեղինակը հայազգի նույնասեռական Մայքլ Արամ Վոլոհոջյանն է:

«Մեծ պատիվ էր Նոյյան Տապանը քանդակել Հռոմի Պապի համար: Երեկ (հունիսի 26-ին) հայ ժողովրդի անունից Նոյյան Տապանը ներկայացրին Պապին, և այն մշտապես կտեղակայվի Վատիկանում: Խաղողի որթը խորհրդանշում է առաջին բանը, որ Նոյը տնկեց, երբ իջավ պատմական Հայաստանի Արարատ լեռից: Տուֆը, որով պատրատվել է պատվանդանը, բերվել է Արարատ լեռից, իսկ ձիթենու ճյուղը ներկայացնում է կյանքի գոյության առաջին նշանը», – գրել էր Մայքլ Արամը Ֆեյսբուքում:

Secondary 1

53-ամյա Մայքլն ապրում է Նյու-Յորքում ամուսնու` նույնպես հայազգի, Արետ Տիկիրյանի և իրենց երկու երեխաների հետ:

2017թ. հունվարի 2-ին Մայքլ Արամը իր երեխաների հետ Հայաստանը կներկայացնի Լոս Անջելեսում անցկացվող Վարդերի երթին:

Մայքլի մասին ավելի շատ տեղեկություն կարող եք ստանալ Ավրորա նախաձեռնության  «100 կյանք» ծրագրի կայքում:

Մայքլ Արամը` քանդակը պատրաստելիս,                                                                                                                                                                                                 նկարը` michaelaram.com

 

4.  «Քրիստոնյաները պետք է ներողություն հայցեն գեյերից». Հռոմի Պապի խոսքը

 

Հայաստանից մեկնելիս Հռոմի Պապի հարցազրույցը

 

2016թ. նույնասեռականի քանդակը միակ միջադեպը չէր ԼԳԲՏ կյանքում` կապված Հռոմի Պապի հետ: Հունիսի 26-ին Հայաստանից մեկնելիս Պապը շրջադարձային հայտարարություն արեց` ասելով, որ քրիստոնյաները պետք է ներողություն հայցեն նույնասեռականներից` կրնկելով նախկինում ասած իր խոսքը. «Ո՞վ եմ ես, որ դատեմ [ԼԳԲՏ մարդկանց]»:

 

5.  Տեղի ունեցավ ԼԳԲՏ 2-րդ Ֆորումը

 

IMG_1630

Ֆորումի մասնակիցները

 

Հայաստանում ԼԳԲՏ համայնքի երկրորդ «Ծիածան» ֆորումը անցկացվեց 2016թ. հուլիսին, որին նախորդի համեմատ ավելի շատ մարդ էր մասնկացում` 50 հոգի:

2016թ. ֆորումը նախորդ տարվանից դրականորեն տարբերվում էր նաև նրանով, որ միջոցառման մասնակիցների նկարը համացանցում հայտնվելուց հետո նրանց նկատմամբ հետապնդումներ, հայհոյանքներ ու աշխատանքից հեռացումներ չեղան, ինչպես նաև ոչ մի լրատվամիջոց չփորձեց հետաքննություն իրականցնել` պարզելու, թե որտեղ է անցկացվել ֆորումը, քանի որ ֆորումի մամուլի հաղորդագրության մեջ նշված էր` Ծաղկաձորում:

 

6.  Հրատարակվեց նույնասեռականների մասին Արմեն Հայաստանցու գիրքը

 

Image result for մայրենիք դրոշ շնորհանդես

նկարը` newsline.am

 

Այս տարի հրատարակվեց Արմեն Հայաստանցու «Մայրենիք դրոշ» եռապատման գրքի առաջին մասը` Նարնջագույնը:

Վեպը երկու նույնասեռական տղաների և տրանգնդեր աղջկա մասին է: Մինչ գրքով տպվելը, այն 4 մասով հրապարակվել էր «Ինքնագիր» գրական հանդեսում (1 մաս, 2 մաս, 3 մաս, 4 մաս): «Ինչպես դու»-ն նույնպես անդրադարձել է վեպին:

Գրքի շնորհանդեսը սեպտեմբերի 19-ին էր Արթբրիջ սրճարան-գրախանութում:

 

7. ԼԳԲՏԻ մարդկանց մասին վավերագրական ֆիլմ նկարահանվեց

 

Ֆիլմի թիզերը

 

Այս տարվա հոկտեմբերին թողարկվեց «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը, որտեղ ԼԳԲՏԻ 10 մարդ ազնվանում են տեսախցիկի առջև:

«Լսիր ինձ»-ը Հայաստանում առաջին ֆիլմն է, որտեղ մարդիկ բաց դեմքով ներկայանում են որպես ԼԳԲՏԻ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Երկու ամսվա ընթացքում բացի Հայաստանից ֆիլմն արդեն ցուցադրվել է մի շարք երկրներում` Վրաստանում, Կիպրոսում, Շվեդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում:

 

8. Ռիկի Մարտինը նշանվեց հայազգի տղամարդու հետ

 

Ջվան Յուզեֆը և Ռիկի Մարտինը, նկարը` eonline.com

 

Նոյեմբերին Ռիկի Մարտինը հյուրընկալվելով Էլեն Դեջեներեսի հաղորդմանը հայտնեց, որ նշանվել է Ջվան Յուզեֆի հետ` պատմելով, թե ինչպես է արել ամուսնական առաջարկությունը.

«Ես ծնկի իջա: Շատ հուզված էի: Փոքրիկ թավշե քսակ հանեցի ու փոխանակ հարցնեմ` Կամուսնանա՞ս ինձ հետ, ասացի. «Մի բան ունեմ քեզ տալու»: Հետո ասացի, որ ամբողջ կյանքս ուզում եմ քեզ հետ անցկացնել: Նա ծիծաղեց և պատասխանեց. «Ի՞նչն է հարցը»: Դա հրաշալի պահ էր, ես ուշքի եկա 30 րոպե հետո և հարցրի. «Մի վայրկյան, դու այո՞ ասացիր»,- պատմել է երգիչը:

Ջվան Յուզեֆը արվեստագետ է, ծնվել է Շվեդիայում: Նրա մայրն է հայ, հայրը քուրդ է:

 

9. Հենրիխ Մխիթարյանի թիմը միացավ հոմոֆոբիայի դեմ արշավին

 

Ծիածանագույն կապեր արշավի տեսնյութը

 

Ֆուտբոլի ուժեղագույն առաջնությունում` Անգլիայի պրեմիեր լիգայում 2013թ.-ից հոմոֆոբիայի դեմ արշավ է իրականացվում: Արշավի շրջանակներում ֆուտբոլիստները մարզակոշիկի ծիածանագույն կապերով են խաղում, ինչպես նաև ավագի թևկապներն են ծիածանագույն:

Այս տարի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Մանչեսթեր Յունայթեդը, նույնպես միացավ արշավին:

Արշավն իրականացնում է անգլիական Սթոունվոլ կազմակերպությունը, այն նպատակ ունի խաղադաշտերից վերացնել երկրպագուների հոմոֆոբ վանկարկումները:

Շնորհավոր գալիք տոները: Մաղթում ենք ուրախ ու գեյ ամանոր:

2017թ-ին ավելի շատ ուրախանալու առիթ լինի