«Բավական»-ի Բիթլ ծնված Ադրինեն

adrinehԱդրինե Գրեգորյանի ծնունդն ընդունող բժիշկը նրան համեմատել էր Բիթլս խմբի տղաների հետ, սակայն Լոս Անջելեսում լույս աշխարհ եկած աղջիկը չփորձեց ԱՄՆ-ի երգարվեստում հաջողություն փնտրել: Եկավ Հայաստան ու այստեղի խնդիրներին է անդրադառնում ֆիլմերով: Նրա նկարահանած երկու ֆիլմերից «Վերադարձ Գուրուն»-ում Ադրինեն մեկնում է Թուրքիա` գտնելու իր նախնիների հետքերը: Մյուսը` «Բավական» ֆիլմը, պատմում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին:

– Երբ ես ծնվել եմ, բժիշկը մորս ասել է` շնորհավորում եմ, դուք Բիթլ եք ծննդաբերել, որովհետև իմ մազերը նման էին նրանց խմբի անդամների սանրվածքին: Ոնց որ Ջոն Լենոնի, գուցե Ջորջ Հարիսոնին ավելի շատ:

Բժիշկը հայ էր ու ուրախացել էր, որ հայի ծնունդ է ընդունում, որովհետև այն ժամանակ շատ հայեր չկային Լոս Անջելեսում:

– Ո՞նց եղավ, որ Հայաստան եկար:

– 18 տարեկան էի, բոլոր զարմիկներս գալիս էին Հայաստան: Ծնողներս ասացին` իրենք գնում են, դու էլ պետք է գնաս:

Էն ժամանակ գաղափար չունեինք Հայաստանն ինչ է, պատերազմ էր, փոքր էինք: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ կանգնել էի Տաթևի վանքի մոտակայքում ժայռի վրա, որտեղից երևում էր Ադրբեջանն ու Արամազդ լեռը, ու մտածում էի` ես ի՞նչ եմ անում էստեղ, ո՞ւր եմ հասել, ինչքա՞ն հեռու եմ եկել: Ընկերներս ծովափում` նոր մեքենաներով, իսկ ես մի ամիս է չեմ լողացել:

Կյանքիս գրեթե կեսը Հայաստանում եմ անցկացրել, բայց ես ինչքան էլ ապրեմ այստեղ, ինձ միշտ օտար են համարելու: Չեմ կարող բողոքել Հայաստանից: Կարող եմ ասել` սուպերմարկետում լավ չեն վարվում, կարող է մեքենաների վրա բարկանամ, բայց եթե սկսենք խոսել պետությունից, ես հանգիստ չեմ զգում իմ ձայնը բարձրացնելուց, որովհետև կարող եմ միշտ օդանավ նստել ու վերադառնալ ԱՄՆ:

Բայց շուտով կդառնամ Հայաստանի քաղաքացի ու էդ օրից իսկապես կբողոքեմ, եթե կարիքը զգամ:

– Եթե քեզ հիմա ուղարկեին Հայաստան, կգայի՞ր:

– Կգայի: Հայաստանն այնքան լավ տեղ է, որ նույնն է գնամ Եվրոպայում պտտվեմ: Առիթ ունեցել եմ Եվրոպայում պտտվեմ, առիթ ունեցել եմ  կղզիներ գնալ ու առիթ ունեցել եմ գնամ Հայաստանի գյուղում աշխատեմ, մատս կոտրեմ, թթի օղի խմեմ ու մի ամիս չլողանամ: Հայաստանում եմ առաջին անգամ խմել:

– Մատդ ո՞նց ես կոտրել:

– Շինարարություն էինք անում Սուրբ Մինաս եկեղեցում, դարպաս էինք սարքում: Մուրճով մեկը խփում էր, որ ամրացնի: Ինքը տղա էր ու փորձում էր ցույց տալ, որ ավելի լավ կարող է անել ու մատիս խփեց:

– Դրանից հետո՞ որոշեցիր սեռով պայմանավորված աբորտի մասին  ֆիլմ  նկարահանել:

– Ոչ: Ֆիլմի առիթն այն էր, որ ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ Հայաստանում ընտրովի աբորտի մակարդակը չափազանց բարձր է:

Ես աբորտին դեմ չեմ, մարդու իրավունքն է իր մարմինը տնօրինելը: Բայց եթե դու երեխա ես ուզում, բայց աղջիկ չես ուզում, դա հասարակության խնդրի մասին է խոսում:

Ասում են, թե տղամարդը գումար բերողն է, բանակ գնացողն է, ազգանունը փոխանցողն է, դրանք ընդամենը պատճառներ են, որոնցով ուզում են արդարացնեն իրենց:

Իմ ազգանունը Գրեգորյան է, է, կորի, կորի, ի՞նչ տարբերություն, լիքը ուրիշ ազգանուններ կան: Կարևորը մարդն ապրի:

bavakan_en

– «Բավական» ֆիլմում կանայք իրենց կյանքի այնպիսի մանրամասներ են պատմում, որ դժվար է անծանոթների հետ կիսվել, ինչպե՞ս ես նրանց համոզել խոսել:

– 5 տարի աշխատել ենք իրենց հետ:  Ամեն դեպքում իրենք իրենց ձայնը բարձրացրել են, որովհետև իրենք ուզում էին լինել փոփոխության մեկնարկը: Իրենք միշտ մտածել են, որ աղջիկ ունենալը ճիշտ չէ, թեկուզ իրենք աղջիկ են, բայց գիտեն, որպեսզի իրենց ընտանիքը ուրախ լինի իրենք պետք է տղա ունենան:

Մի քանի դեպքերում, 40 տարեկան մարդիկ, հետ են նայում ու ասում` ես չէի ուզի անել դա ու երբեք չեմ ուզենա, որ իմ աղջիկը նույն ճանապարհն անցնի:

Իրանք ոչ թե իմ ֆիլմի, այլ այս խնդրի հերոսներն են:

– Իսկ դու տղա կուզեի՞ր, թե աղջիկ:

– Տարբերություն չկա: Ես պիտի միայն սեր զգամ ու գոհունակություն, որ այդ հրաշքն ունեմ:

– Հայաստանո՞ւմ է մեծանալու:

– Հաստատ Հայաստանում պետք է մեծանա, դա չի էլ քննարկվում:

– Ինչպիսի՞ն կուզեիր լիներ Հայաստանը, որտեղ պետք է մեծանա քո երեխան:

– Նախ երեխաս աշխարհը կիմանա, ոչ թե միայն Հայաստանը: Կուզեի երեխաս մեծանար այն Հայաստանում, որը խաղաղ է, որն ամեն անձի ընդունում է` աղջիկ, թե տղա, բոյով, թե կոլոտ, ցանկացած սեռական կողմնորոշման կամ կրոնական հայացքների:

Կուզեի պետությունը մտածի երեխաների մասին, մտածի, թե ինչ երկիր ստեղծի, որ երբ երեխաները մեծանան, իրենց թողած ժառանգությունը լավ երևա, որ ասեն` էդ ի~նչ լավ նախագահ ունեցանք: Հիմա նախագահը որ կա իրա արմատներն է թողնում, իսկական պատկերը կիմանանք, երբ ծաղիկը ծլի, եթե ծլի:

– Գուցե այդ նախագահը քո՞ երեխան լինի:

– Հա, ինչո՞ւ չէ:

Հովհաննես Իշխանյան