ՔԿՀ-ների անձեռնմխելիները. նույնասեռականների հետ շփվողը հայտնվում է նույն կարգավիճակում. զեկույց

prisonՔրեակատարողական հիմնարկներում նույնասեռականներին օգտագործում են ամենանվաստացուցիչ համարվող աշխատանքներում: Նրանց հետ ոչ ոք չի շփվում և կացարանները, սպասքը ու իրերն առանձնացված են մյուս դատապարտյալներից: Այսպես է նշված ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի 2013թ. զեկույցում, որը փաստում է, որ ՔԿՀ-ներում ամենախոցելի խմբերը նույնասեռականներն են:

Կոյուղի, զուգարան, բաղնիք մաքրելը ՔԿՀ-ներում ամենանվաստացուցիչ աշխատանքներն են համարվում, որոնք կատարում են նույնասեռականները:

Ուսումնասիրության համաձայն, նույնասեռականները վատ վերաբերմունքի են արժանանում ոչ միայն դատապարտյալերի, այլև ՔԿՀ աշխատակիցների կողմից:

Զեկուցողները պատմում են, որ դեպքեր են եղել, երբ իրենք ուզել են այցելել նույնասեռականների խցեր կամ հանդիպել նրանց հետ, բայց աշխատակիցները հատուկ զգուշացրել են, որ այդ մարդիկ նույնասեռական են և խորհուրդ տվել` «հեռու մնալ» նրանցից:

Նշվում է, որ նույնասեռականների խցերն ու կացարանները մյուսների համեմատ ավելի վատ պայմաններում են գտնվում: Միայն «Կոշ» ՔԿՀ-ում է, որ նրանք այլ դատապարտյալների հետ նույն կացարաններում են բնակվում, սակայն այդ դեպքում ևս առանձնացված են ընդհանուրից, այդ թվում` նրանց սպասքն ու իրերը:

Դիտորդական խմբի հետ զրույցի ժամանակ նույնասեռականները երբեմն դժգոհություն են հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքից, մասնավորապես նրանցից մեկն ասել է. «Մենք ադմինիստրացիայի սիրտն ենք, փոխանակ լավ նայեն, մի հատ էլ իրենք են մեզ ճնշում, մենք բոլորս էլ աշխատող տղերք ենք, մեզ համար հարմարվել ենք, ի՞նչ են ուզում մեզնից»: Մեկ ուրիշը պատմել է. «Նույնասեռականներին օգտագործում են թե´ խցակիցներից ոմանց կողմից սեռական շահագործման և թե´ ՔԿՀ-ում գոյություն ունեցող ստորացուցիչ աշխատանքների մեջ ներգրավելու համար՝ զուգարան մաքրել, բաղնիք մաքրել, ՔԿՀ-ի տարածքը մաքրել և այլն»:

Դիտորդական խումբը արձանագրում է, որ ՔԿՀ-ներում նույնասեռականների մասին ունեցած կարծրատիպերն ավելի սուր են, քան հասարակության մեջ, իսկ նրանց սպասքից կամ իրերից օգտվողները կարող են հայտնվել նույն կարգավիճակում` ՔԿՀ-ներում տիրող «քրեական» օրենքների համաձայն:

Դիտորդական խումբը խոցելի խմբերի նկատմամբ կարծրատիպերը կոտրելու համար առաջարկում է առաջին հերթին փոխել վարչակազմի վերաբերմունքը, որն, ըստ նրանց, ժամանակի ընթացքում կփոխի նաև դատապարտյալների վերաբերմունքը:

Առաջարկվում է նաև նվաստացուցիչ համարվող աշխատանքներ կատարելուց ազատել նույնասեռականներին, փոխարենը քաղաքացիական աշխատողների ներգրավել:

Հովհաննես Իշխանյան