Հոգեկան խանգարումների համաշխարհային դասակարգումները և նույնասեռականության հարցը

homosexualityՆույնասեռականության և դրա պատճառների հասկացումը երկար ժամանակ քննարկվել է տարբեր գիտական հարթություններում: Անցնելով հասկացման երկար ճանապարհ` ներկայումս հոգեկան առողջության ոլորտում նույնասեռականությունը համարվում է սեռական կողմնորոշման ձևերից մեկը: Անձի սեռական կողմնորոշումը մարդու հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունն է այլ մարդու նկատմամբ (ՀԱԱ, ԱՀԿ, ԻԼԳԱ-Եվրոպա), իսկ նույնասեռականությունը` մարդու հուզական, ռոմանտիկ և սեռական գրավչությունը նույն սեռի անձի նկատմամբ:

Որոշ ժամանակաշրջան նույնասեռականությունը համարվել է հանցագործություն, իսկ այնուհետև հոգեկան խանգարում: 20-րդ դարի վերջում առողջապահական ու հոգեբուժական կազմակերպությունները նույնասեռականությունը հանել են հոգեկան խանագարումների համաշխարհային դասակարգումների շարքից: Ներկայումս հոգեկան առողջության ոլորտում հաստատված են և միջազգային մասնագետների կողմից կիրառվում են հոգեկան խանգարումների ախտորոշման և դասակարգման 2 համակարգեր: Առաջինը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) կողմից մշակված Հոգեկան և վարքային խանգարումների միջազգային դասակարգումն է (վերջին տարբերակը` ՀՄԴ-10, այսուհետ `ՀՄԴ), որն ընդունվում և կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում` այդ թվում նաև հայաստանյան հոգեբուժական և հոգեթերապևտիկ պրակտիկայում: Իսկ երկրորդը Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիայի (այսուհետ` ՀԱԱ) կողմից մշակված Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկն է (վերջին տարբերակը` ԱՎՁ-V, այսուհետ`ԱՎՁ), որը հիմնականում կիրառվում է ամերիկյան հոգեբուժական և հոգեթերապևտիկ պրակտիկայում, սակայն ընդունելի է նաև այլ երկներում:

Մինչև 19-րդ դարը նույնասեռական գործողությունները քննարկվել են բարոյական, կրոնական և իրավական տեսանկյունից` այն դիտարկելով որպես «հանցագործություն բնության դեմ» կամ «սոդոմականություն» և հետապնդվել օրենքի կողմից: Այն հանցագործություն էր համարվում նաև Հայաստանում մինչև 2003թ.: ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն` նույնասեռականությունն ապաքրեականացվել է, այսինքն` նույնասեռ հարաբերություններն այլևս չեն համարվում քրեորեն պատժելի: 19-20-րդ դդ-ում նույնասեռ հարաբերությունները հայտնվել են բժշկական և հոգեբուժական հանրության ուշադրության կենտրոնում` դիտարկվելով որպես հոգեկան խանգարում: Մինչև 1930-ականները բժշկական պրակտիկայում նույնասեռականությունը բացատրվում էր ինվերսիոն վարկածով, համաձայն որի` նույնասեռականությունը կենսաբանական գործոնների` մարդու «գեների» ներգործության արդյունք էր: Նույնասեռական մարդիկ նյարդահումորալ հերմաֆրոդիտներ էին (Հիրշֆելդ), ովքեր ունեին անատոմիական և ֆիզիոլոգիական տարբերություններ տարասեռական մարդկանցից:

Այս շրջանում նույնասեռականության հարցը զերծ չի մնում նաև հոգեվերլուծական դպրոցի հայացքից, որում ձևավորվում են երկու մոտեցումներ: Առաջինի համաձայն (Ֆրոյդ)` նույնասեռականությունը կա´մ համարվում էր սեռական ինվերսիա, որը սեռական զարգացման փուլերի անբարեհաջող հաղթահարման արդյունք էր և ենթադրում էր հոգեթերապևտիկ միջամտություն, կա´մ որոշ մարդկանց դեպքում` նորմալ զարգացման հետևանք և մարդու ներքին բնազդի արտահայտման ձև: Երկրորդի համաձայն (Ռադո և հետևորդներ)` նույնասեռականությունը համարվում էր ֆոբիկ խուսափում հակառակ սեռից, որը ծնողների կողմից մանկության տարիքում սեռականությանն ուղղված արգելքների արդյունք էր, և ենթադրում էր «բուժում»: Հենց հոգեվերլուծական դպրոցն էր, որ խոչընդոտում էր նույնասեռականության` հոգեկան խանագարումների շարքից դուրս հանելուն:

1949թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՄԴ-6-ում ներառում է հոգեկան խանգարումների բաժինը, իսկ 1952թ-ին դուրս է գալիս ԱՎՁ-I-ը, որոնցում նույնասեռականությունը ներկայացվում է հոգեկան խանգարումների շարքում: Դասակարգումներում հետագա փոփոխությունների վրա ազդեցություն են ունեցել մի քանի հանգամանքներ: Նախ 1940-1950-ականներին երկու հոգեբան հետազոտողներ (Էվելին Հուկեր և Ալֆրեդ Կինսլի) հրապարակում են նույնասեռականության մասին իրենց հետազոտությունների արդյուքները, համաձայն որոնց` նույնասեռականությունը և տարասեռականությունը ներկայացվում են ոչ թե որպես հակադրություններ, այլ մի երևույթի` սեռական կողմնորոշման դրսևորման երկու բևեռներ: Մյուս կողմից 1970-ականներին ավելանում են սոցիալ-քաղաքական տարբեր գործունեություն, երբ գեյ ակտիվիստները բողոքի ալիք են բարձրացնում հոգեբուժական և առողջապահական հանրության դեմ: Նրանք 1970թ-ին Սան Ֆրանցիսկոյում բողոքի ակցիաներ են կազմակերպում Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի համաժողովի ընթացքում` ներխուժելով ներս և արտահայտելով իրենց բողոքը հոգեբույժների մոտեցուման դեմ:

Արդյունքում, հաշվի առնելով ակտվիստական շարժման բողոքները և հոգեբանական հետազոտությունների տվյալները նույնասեռականության մասին` 1974թ-ին Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան վերանայում է ԱՎՁ-II-ը և հեռացնում նույնասեռականությունը հոգեկան խանգարումների շարքից: Որպես փոխհատուցում ԱՎՁ-II-ում ավելանում է «Սեռական կողմնորոշման խանգարում» դասակարգումը, համաձայն որի` նույնասեռականությունն առանձին չի համարվում հոգեկան խանգարում, սակայն այն խանգարում է, եթե անձը դիսթրես է ապրում կապված իր սեռական կողմնորոշման հետ և ցանկանում է այն փոխել: ԱՎՁ-III-ում այն փոխարինվում է «Էգո-դիսթոնիկ նույնասեռականություն» եզրույթով` պահպանելով նույն իմաստը, իսկ հետագա վերանայումներում` (ԱՎՁ III-Վ-ում (1987թ.), ԱՎՁ-IV (1994թ.) և ԱՎՁ-IV-TR(2000թ.)) դուրս է հանվում դասակարգումից` փոխարինվելով «Չտարբերակված սեռական խանգարում» բաժնում առկա կետով: Ներկայումս ԱՎՁ V-ում (2013թ.)  փոփոխություններ են կատարվել, որտեղից հանվել է առանձին կետը՝ հիմնված սեռական կողմնորոշման վրա, քանի որ այդ սահմանումը չի համարվել գործնականորեն օգտակար:

1992թ-ին ՀՄԴ-ում նույնասեռականությունը որպես առանձին խանգարում դուրս է հանվում հոգեկան խանգարումների շարքից և առանձնացվում գենդերային ինքնության խանգարումներից (ՀՄԴ-10), սակայն պահպանվում են սեռական նախընտրության հետ առընչվող երկու խանգարումներ: Առաջինը «Սեռական հասունության խանգարում»-ն է, երբ անհատը տառապում է սեփական սեռական պատկանելության և կողմնորոշման կասկածներից, որոնք բերում են տագնապի և դեպրեսիայի: Իսկ երկրորդն «Էգո-դիստոնիկ սեռական կողմնորոշում»-ն է, երբ այցելուի սեռի պատկանելությունն ու կողմնորոշումը կասկածի տակ չեն դրվում, սակայն անհատը ցանկանում է, որ դրանք ուրիշ լինեն առկա լրացուցիչ հոգեբանական կամ վարքային խանգարումների հետևանքով և փորձում է բուժվել` այն փոխելու նպատակով: Ներկայումս ԱՀԿ-ն վերանայում է ՀՄԴ-ն և պլանավորում է ՀՄԴ-11-ը հրապարակել 2017թ-ին: «Սեռական խանգարումների և սեռական առողջության» դասակարգումների վերանայմամբ զբաղվող «Աշխատանքային խումբ»-ն առաջարկում է դուրս հանել ՀՄԴ-11-ից «Հոգեբանական և վարքային խանգարումներ կապված սեռական զարգացման և կողմնորոշման հետ» կետը, քանի որ այն չի համապատասխանում մարդու իրավունքների ստանդարտների չափանիշներին: Բացի դրանից ներկայումս առկա է փորձարարական հետազոտությունների պակաս, որոնք կարող են հաստատել սեռական կողմնորոշման տարբեր արտահայտումների պաթոլոգիկ բնույթը:

Այսպիսով նույնասեռականության մասին պատկերացումների փոփոխությունները և դրանց դուրս հանումը հոգեկան խանգարումների համաշխարհային դասակարգումներից պայմանավորվում էին մի քանի գործոններով: Նախ նույնասեռական հարաբերությունների քննարկումը կրոնական և իրավական դաշտից տեղափոխվում է սկզբում բժշկական և հոգեբուժական հանրույթի, այնուհետև նաև քաղաքացիական և սոցիալական հանրույթի քննարկման դաշտ, որի ուշադրությունն էլ հենց բերում է նրան, որ կարևորվեն մարդու իրավունքները: Մյուս կողմից սկսում են զարգանալ ու բարելավվել հենց հոգեկան խանգարումների համաշխարհային դասակարգումները` ներառելով մարդու իրավունքների և օբյեկտիվ հետազոտական տվյալների վրա հիմնված չափանիշներ: Եվ ի վերջո փոփոխություններին նպաստում է նաև քաղաքացիական ու սոցիալական շարժման զարգացումը, որը հնարավորություն է ստեղծում դիտարկել նույնասեռականությունն այլ տեսանկյունից:

Լիլիթ Ավետիսյան