Պնդի՛ր, համառի՛ր, դիմակայի՛ր և գոյություն ունեցի՛ր

Համակցված անվտանգության հասկացության ազդեցությունը կին իրավապաշտպանների  կյանքի վրա

Բոլորն ունեն մարդու իրավունքների մասին բարձրաձայնելու, դրանք պաշտպանելու և աջակցելու իրավունք: Բոլորն ունեն մարդու իրավունքներն ապահով պաշտպանելու իրավունք՝ առանց հաշվեհարդարի վախի, ինչպիսին կարող է լինել ֆիզիկական բռնությունը, զրպարտությունը կամ հարձակումներն իրենց ընտանիքների վրա: Բոլորը հավասարապես իրավունք ունեն պաշտպանելու մարդու իրավունքները և վայելելու լիարժեք կյանք, առանց զոհաբերելու իրենց ապրուստի միջոցները, առողջությունը կամ երջանկությունը:

20141109_104829Վերջին տասնամյակների ընթացքում մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններն ամբողջ աշխարհում հաջողությամբ մեծացրել են մարդու իրավունքների պաշտպանների դերը սովորական քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում: Այս ջանքերի արդյունքում մարդու իրավունքների պաշտպանները սկսել են վայելել միջազգային ճանաչում և հարգանք: Տարօրինակ է, բայց իրենց աշխատանքի գնահատականի միջազգային բարձրացմանը համընթաց սկսել են աճել իրենց սեփական իրավունքների ոտնահարման դեպքերն իրենց իսկ երկրներում, որոնք կազմակերպվում են կառավարության, զինված խմբավորումների և նույնիսկ իրենց սեփական համայնքի կողմից:

Այս աճող սպառնալիքներին ի պատասխան՝ մի շարք մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններ սկսել են աշխատանքներ տանել միջազգային օրինական մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, որպեսզի կարողանան պաշտպանել մարդու իրավունքների պաշտպաններին և հնարավորություն տան նրանց ապահով կատարել իրենց աշխատանքը:

Այդ ջանքերն արդյունք տվեցին 1998 թվականին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանների մասին հռչակագիրը:

Կին իրավապաշտպանների համար ստեղծված, թերևս, լավագույն գործիքներից մեկը կարող ենք համարել Համակցված անվտանգության գաղափարը։ Համակցված անվտանգության հանդիպում-դասընթացները հնարավորություն են տալիս կին ակտիվիստներին զարգացնելու սեփական անձի պաշտպանության ռազմավարություններն ու հմտությունները: Այն ժամանակի և տարածության մեջ ստեղծված մի տեղ է, որտեղ կին ակտիվիստները կարող են կիսել իրենց դժվարություններն ու անհանգստությունները, տխրություն պատճառող իրադարձությունները և անկրկնելի հաջողությունները. սա տարածք է, որտեղ կանայք կարող ենք կազմել համայնք և համատեղ զարգացնել հաղթահարման ռազմավարությունները և հմտությունները՝ ինչպե՞ս շարունակել ապրել, ինչպե՞ս մնալ անվտանգ ու ողջամիտ, և միևնույն ժամանակ շարունակել այն կյանքն ու գործունությունը, որը նրանք սիրում են:

Համակցված անվտանգության դասընթացների մասնակցել են ավելի քան 300 կին մասնակիցներ  ավելի քան 50 երկրներից։

Մենք հնարավորություն ենք ունեցել հանդիպելու Համակցված անվտանգության դասընթացավարների հետ։

Կանայք, ովքեր վերաիմաստավորել են իրենց կյանքը նաև համակցված անվտանգության գաղափարի շնորհիվ, ովքեր ունեն շատ տարբեր փորձառություններ և մշակույթային պատկանելիություն, պատասխանել են տրված միևնույն հարցին՝

ինչու՞ են անհրաժեշտ համակցված անվտանգության դասընթացները կանանց համար:

Էրյոնա, Ալբանիա

Համակցված անվտանգության դասընթացն (այսուհետ`ՀԱԴ) անվտանգ միջավայր է ապահովում կանանց համար, որտեղ նրանք կարող են մտածել իրենց անվտանգության և բարօրության մասին, ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատավայրում: Ես կարծում եմ, որ ալբանական մշակույթը խրախուսում է կանանց խնամել ուրիշներին, հոգ տանել նրանց մասին, առաջնահերթությունը տալ ուրիշների կարիքներին և ցանկություններին, հետո նոր միայն մտածել իրենց մասին: Կանանցից ակնկալվում է առաջին հերթին հոգալ ընտանիքի, իրենց ամուսինների և երեխաների կարիքները, և ապա միայն իրենցը: Սա նշանակում է, որ երբ կինն ակտիվիստ է, նա լրիվ դրույքով աշխատում է թե՛ աշխատանքի վայրում, թե՛ տանը՝ լինելով կին և մայր, և հաճախ անտեսում է իր սեփական առողջությունն ու բարօրությունը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ ՀԱԴ-ը ակտիվիստ կանանց համար աջակցության միջավայր է: Նրանք կանանց ապահովում են անվտանգ միջավայրով, որտեղ նրանք կարող են ժամանակ տրամադրել իրենք իրենց, ավելի խորը մտածել որոշ բաների մասին և որակյալ ժամանակ անցկացնել ու կիսվել փորձով իրենց նման ուրիշ կանանց հետ:  ՀԱԴ-ի ընթացքում քննարկված շատ խնդիրներ, ինչպիսիք են, մարմնի և հոգու միակցումը, հուզական ինտելեկտը, մտքերը և այլն, սովորաբար չեն խրախուսվում կամ ուսուցանվում ալբանական մշակույթում: Այսպիսով, կանայք ունեն հնարավորություն ստեղծելու իրենց սեփական կապերը, որոնք կօգնեն իրենց պահպանել բարօրություն և անվտանգություն իրենց անձնական և գործնական կյանքում:

Էլվիրա, Հայաստան

Ես չէի ցանկանա տարբերություն դնել հայ և ոչ հայ կանանց միջև, երբ խոսքը գնում է համակցված անվտանգության մասին, քանի որ, ինչպես ցույց է տալիս տարբեր ազգության ներկայացուցիչ կանանց հետ համագործակցելու իմ փորձը, կանանց իրավիճակը հաճախ նույնն է լինում, կամ գոնե նույնն են լինում բռնության այն արմատները, որի հետ առընչություն են ունեցել: Այնուամենայնիվ, եթե հարցնում եք՝ արդյոք Հայաստանում կանայք կարիք ունեն մասնակցելու ՀԱԴ-ին և որդեգրելու դրա գաղափարախոսությունը, իմ պատասխանը կլինի՝ այո՛: Մենք հաստատապես ունենք դրա կարիքը, քանի որ հայրիշխանական համակարգը և մեր ավանդույթների ճնշումը «թույլ չեն տալիս» կանանց շունչ քաշելու և կենտրոնանալու իրենց անձի վրա, գնահատելու, արժևորելու և իրենք իրենց հարգելու: Ահա թե ինչու Հայաստանի պես երկրներում սա ամենաառաջնային խնդիրներից մեկն է:

Ազրա, Բոսնիա և Հերցեգովինա

Համակցված անվտանգության դասընթացները հիանալի հնարավորություն են տալիս փոխանակվելու անվտանգության ռազմավարությունների կառուցվածքի, տարբեր մոտեցումների և բոլոր ասպեկտների առանձնահատկություններով: Համակցված անվտանգության դասընթացները շատ լավ են կառուցված՝ օգտագործելով ամբողջական մոտեցում մեր հոգեբանական, ֆիզիկական և կազմակերպության անվտանգության և բարօրության վերաբերյալ (և ես օնլայն մասնիկն էլ կավելացնեի որպես ՀԱԴ-ի մի մաս):

Նատիա, Վրաստան

Վրաստանը երկիր է, որտեղ մենք շատ ենք խոսում գենդերային հավասարության, կանանց իրավունքների մասին, բայց ոչ մի ակտուալ կանանց շարժում չունենք, կան շատ քիչ ոչ ֆորմալ խմբեր, որոնք պայքարում են սեքսիզմի դեմ և զբաղվում կանանց իրավունքների հարցերով: Շատ ակտիվիստներ, որոնք փորձում են նպաստել փոփոխություններին, ստիպված են ուշադրություն չդարձնել իրենց առողջությանն ու իրենց անձնային այլ ասպեկտներին:

Համակցված անվտանգության դասընթացներն ավելին են, քան գործիքների խումբը, որոնք օգնում են խուսափել հուզական այրումից սպառվելուց կամ խոսել խտրականության դեպքերի մասին, որոնց մենք ենք հանդիպում: Սա հնարավորություն է ընձեռում կառուցվածքային մոտեցում ցուցաբերելու մեր ակտիվիզմին,  հասկանալու, որ որքան էլ ինտիմ և անկապտելի լինի այն մեր կյանքին, պետք է հստակ գիծ քաշել մեր անձնական կյանքի և աշխատանքի միջև: Սա կանանց հնարավորություն է ընձեռում միասին հավաքվելու, ստեղծելու հարգանքով լեցուն միջավայր, կիսվել փորձով և լսել մեկը մյուսին:

Ես համոզված եմ, որ համակցված անվտանգությունն օգնում է ստեղծելու նոր հարթակներ կին ակտիվիստների համար, ոչ ֆորմալ հարթակներ, որոնք ավելի ուղղված են փոփոխություններին:

Ֆրոսինա, Մակեդոնիա

Կանայք Մակեդոնիայում հանդիպում են բազմաթիվ մարտահրավերների՝ սկսած ազգային քաղաքականությունից, որը շեշտում է հայրենասիրությունն ու հայրիշխանությունը, և այսպիսով ամրացնում ավանդական գենդերային դերերը: Ունենալով գենդերային հավասարության և հակախտրականության մասին համապատասխան օրենսդրություն` դեռևս կան նշանակալի բացեր օրենսդրության և դրա կիրարկման մեջ: Կանայք ենթարկվում են բռնության տարբեր տեսակների, իսկ մեր օրենքի համակարգը թեև մշակել է լուծումներ ընտանեկան բռնության վերաբերյալ, բայց չի ճանաչում գենդերային հիմք ունեցող բռնությունը և չի ապահովում համարժեք աջակցություն խոցելի կանանց խմբերի համար: ԼԳԲՏ համայնքների հանդեպ անհանդուրժողականությունը և բռնությունը հաճախակի բնույթ է կրում, և նմանատիպ գործերին ընթացք չի տրվում:

Համակցված անվտանգության դասընթացները պարտադիր են Մակեդոնիայի կանանց համար, որպեսզի նրանք կարողանան ստանալ գիտելիք և հմտություններ՝ իրազեկվելու իրենց երաշխավորված իրավունքների մասին, կարողանան սահմանել այն բազմաթիվ հասարակական և անձնական ռիսկերը, որոնց հանդիպում են ամեն օր, և ամենակարևորը, որպեսզի փոխանակեն և սովորեն ռազմավարություններ՝ իրենց սեփական բարօրության պահպանման համար:

Հեղինե Բաբայան