Ինչը ամոթ չէ

Narine NersisyanԲժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայի բժիշկ, սեքսոլոգիայի ամբիոնի աշխատակից Նարինե Ներսիսյանը պատմում է սեքսի մասին հայկական միֆերի, սեռական կրթության, գոյություն ունեցող խնդիրների ու նրանց հաղթահարելու ճանապարհների մասին:

– Ի՞նչ հարցերով ու խնդիրներով են ձեզ ամենից հաճախ դիմում:

Տղամարդիկ՝ էրեկցիայի թուլություն, իսկ կանայք՝ վագինիզմ: Սա իմ պրակտիկայում ամենատարածված խնդիրներն են, սակայն երկրի մասշտաբով ոչ մի համապատասխան վիճակագրություն չկա:

– Ի՞նչի հետ է դա կապված:

Կարելի է ասել` չկան համապատասխան մասնագետներ, ովքեր ոչ միայն կուսումնասիրեն իրավիճակը, այլև առաջին հերթին կբարձրաձայնեն հարցի կարևորությունը:

– Ասում են, որ Հայաստանում մարդիկ, և հատկապես երիտասարդները, տեղեկացված չեն սեռական առողջության թեմայից, արդյո՞ք դա այդպես է:

Այո, մենք ունենք այսպիսի խնդիր: Սա նույնպես կապված է մասնագետների բացակայության հետ: Ո՛չ տանը, ո՛չ դպրոցում երեխան չի ստանում ճշգրիտ և գրագետ ձևով մատուցվող ինֆորմացիա: Արտերկրում բավականին տարածված է սեռական հարցերի կրթող մասնագիտությունը` մարդիկ, ովքեր դասավանդում են սեռական կրթություն: Սեռականությունը բավականին բարդ թեմա է. յուրաքանչյուր բառն է կարևոր, այդ պատճառով ամեն մեկը չի կարող սեռականության մասին դասընթաց վարել, հատուկ, պրոֆեսիոնալ մարդիկ են հարկավոր:

– Ե՞րբ է սկսվում երեխայի սեռական կրթությունը:

Ծնված օրվանից: Երեխան ծնված օրվանից ուսումնասիրում, ճանաչում է իրեն շրջապատող աշխարհը, իսկ սեռական հարաբերությունները այդ աշխարհի մի մասն են: Բնական է, որ յուրաքանչյուր երեխայի մոտ հարցեր են առաջանում, սկսած ամենահասարակից՝ ինչո՞ւ է աղջկա ու տղայի մարմինը տարբեր: Առաջին կրթողները հենց ծնողներն են, և շատ կարևոր է, որպեսզի նրանք երեխային հասանելի լեզվով, բայց առանց խաբելու պատասխանեն նրա հարցերին: Չի կարելի երեխային վախեցնել, ամաչեցնել, քանի որ նրա հարցերն էլ ո´չ վախենալու են, ո´չ ամաչելու, շատ բնական են: Եթե երեխան ճիշտ ձևով է ստանում առաջին, հիմնարար ինֆորմացիան, ապա և հետագա սեռական կրթությունը բնականոն հունով կընթանա, իսկ շատ ու շատ խնդիրներ պարզապես չեն ծագի:

– Խոսելով խնդիրների մասին` Հայաստանում բուժվելը ռիսկայի՞ն է:

Բոլորովին: Ինչ վերաբերում է պրակտիկ բժշկությանը, ապա Հայաստանում ոլորտը ավելի զարգացած է, քան շատ ու շատ այլ երկրներում: Խնդիր կա միայն այն բանի հետ, որ մենք չունենք սեքսոլոգներ մարզերում, միայն մի մասնագետ է աշխատում Գյումրիում և վերջ: Այսինքն մարզերում բնակվող հիվանդները ստիպված են Երևան գալ բժշկի դիմելու համար:

– Արդյո՞ք ձեզ դիմում են նույնասեռական մարդիք:

Այո: Բայց տարածված կարծիքին հակառակ` չեն գալիս իրենց կողմնորոշումը փոխելու: Հիմնականում ամենաբարդ ժամանակը ինքնաընկալման, ինքնագիտակցման ժամանակն է: Դժբախտաբար, հոմոֆոբ հասարակությունում նույնասեռական մարդու յուրաքանչյուր խնդիր կապվում է նրա սեռական կողմնորոշման հետ: Սա շատ սխալ մոտեցում է: Յուրաքանչյուր մարդ` անկախ իր սեռական կողմնորոշումից, կարող է ունենալ և´ դեպրեսիաներ, և´ սուիցիդալ մտքեր, և´ շատ ուրիշ խնդիրներ:

– Կարծիք կա, որ մարդիկ խուսափում են բժշկի դիմել, որովհետև սեռական խնդիր ունենալը ամոթ բան է համարվում:

Դա ընդհանուր մշակույթի հետ է կապված: Մենք ավանդապաշտ ազգ ենք, որովհետև մենք փաքր ազգ ենք: Փոքր ազգերը գոյատևելու համար պետք է ավանդապաշտ լինեն, որպեսզի կարողանան պահպանել իրենց ինքնությունը: Սակայն ավանդույթները քարեր չեն, նրանք էլ պետք է ձևափոխվեն ժամանակի ու ապրելակերպի հետ համահունչ: Յուրաքանչյուր ավանդույթ մի շարք երևույթների ու կանոնների կոմպլեքս է: Նույն կուսության ավանդույթը հնում «փաթեթի» մեջ է եղել` կույս պիտի լիներ 14 տարեկան աղջիկը, որին հարս էին տանում: Դա, ասենք, 17-րդ դարում, իսկ հիմա՞: Շա՞տ աղջիկների գիտեք, որ 14 տարեկանում ամուսնանում են: Արդյունքում` մենք պահպանել ենք խեղաթյուրված ավանդույթը ու ստիպում ենք կանանց մինչև 25-30 տարեկանը կույս մնալ, ինչն, ամբողջը մի կողմ դրած, արդեն առողջության համար է վնասակար: Սրանով մենք ոչ թե ազգային ինքնություն ենք պահպանում, այլ բռնանում, ստորացնում ենք սեփական մարմինը: Շատ այսպիսի խեղաթյուրված ավանդույթներ ծնում են կարծրատիպեր ու միֆեր, իսկ դրանք բերում են գոյություն ունեցող ռեալ խնդրի նկատմամաբ ոչ ադեկվատ վերաբերմունքի:

– Ինչպիսի՞ միֆեր գոյություն ունեն մեր իրականությունում:

Դրանք շատ են և բնորոշ են ոչ միայն մեր հասարակությանը: Հենց հայկական իրականությունում տարածված է, օրինակ, Սուրբ Մարիամի ու մարմնավաճառի միֆը: Հայ տղամարդիկ բաժանում են հակառակ սեռը երկու դասակարգի՝ ընտանիքի կանայք և կանայք զվարճանքի համար: Զվարճանալու կանանց տուն հարս չեն տանում ու հակառակը՝ «օջախի» կնոջ հետ չեն զվարճանում: Կարծում եմ, սա միայն բարդացնում է մեր կյանքը. չէ՞ որ ամուսնանալ, երեխա ունենալ ու կյանքը վայելել պետք է այն մարդու հետ, որին սիրում ես՝ առանց նրան ինչ որ դասակարգեր պարտադրելու:

Կարինե Ղազարյան