Երևանի այլընտրանքային քարտեզը

spacengo

«Յուրաքանչյուր ոք հանգստի ու ժամանցի, այդ թվում` աշխատանքային ժամերի խելամիտ սահմանափակման և պարբերաբար վճարովի արձակուրդների իրավունք ունի»: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948թ), հոդված 24:

Սա յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքներից է, որը ամրագրված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում: Սակայն հաճախ այս իրավունքի իրացումը խոչընդոտվում է արտաքին գործոնների ազդեցությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձիք Հայաստանում մշակութային ժամանցի վայրերից մեծամասնությունում իրենց հանգստի և ժամանցի իրավունքը իրացնելու լուրջ խնդիր ունեն: Դրանք հիմնականում անհասանելի են հաշմանդամության տարբեր տեսակներ ունեցող անձանց համար` տարածքը հասանելի չէ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար` չկան վերելակներ կամ թեքահարթակներ, չկան համապատասխան տեղեկատվական ռեսուրսներ բրայլյան տարբերակով տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար, չկան սուրդոթարգմանիչներ լսողության խնդիրներ ունեցող հաճախորդներին սպասարկելու համար: Խնդիրը իրապես մտահոգիչ է, քանի որ արհեստական անհավասարության հիմք է հանդիսանում` նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց մեկուսացմանը: Սա իր հերթին հիմք է հանդիսանում հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին նորանոր միֆերի ու կարծրատիպերի զարգացմանը:

Հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց` հանգստի և ժամանցի հիմնարար իրավունքը, «Սոցիալական ներգրավվածության և աջակցության կենտրոն հանուն հավասարության» հկ-ի աշխատանքային խումբը 2012թ-ի դեկտեմբերից մինչև 2013թ-ի մայիս ամիսները հանձն առավ իրականացնելու մի ուսումնասիրություն, որը թույլ կտար գնահատելու, թե որքանով են մատչելի մշակութային ժամանցի վայրերը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ուսումնասիրության թիրախ էին հանդիսանում Երևանի 102 մշակութային վայրեր` թանգարաններ, պատկերասրահներ, կինոթատրոններ, թատրոններ և գրադարաններ: Դրանցից միայն 64-ը հաջողվեց ուսումնասիրել:

Ուսումնասիրությունը իրականացվել է անհատական հարցազրույցների մեթոդով և դիտարկմամբ` հատուկ գնահատման թերթիկի օգնությամբ: Գնահատվել է մշակութային վայրի արտաքին և ներքին մատչելիության աստիճանը, բրայլյան տարբերակով տեղեկատվության, սուրդոթարգմանության առկայությունը:

Space NGO exhibitionՄի շարք ուշագրավ տվյալներ, որոնք ստացվել են ուսումնասիրության արդյունքում

Ուսումնասիրված մշակութային վայրերից մեծամասնությունը ընդհանրապես մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար ու միայն 4-ն են, որ առավելագույնս, բայց ոչ ամբողջությամբ հարմարեցված են: Միայն մեկ թանգարան և մեկ գրադարան են ապահովում սուրդոթարգմանություն: 6 մշակութային վայրերից հաղորդել են, որ իրենք ունեն բրայլյան տարբերակով գրականություն:

Չնայած բոլոր հանգամանքներին` ուսումնասիրված մշակութային վայրերից 53-ը հաշմանդամություն ունեցող այցելու ունեցել են: Այդ այցելուները օգտվել են մշակութային վայրի մատուցած ծառայություններից բացառապես այլ մարդկանց օգնությամբ: Հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց համար նմանատիպ օգնության դիմելը արժանապատվությունը նսեմացնող խնդրանք է:

Ուսումնասիրությանը մասնակցած մշակութային վայրերից 41-ը երբեք նախաձեռնություն չեն ունեցել հարմարեցնելու տարածքը հաշմանդամություն ունեցող անձանց համար` նշելով մի շարք պատճառներ`

  1. ֆինանսական միջոցների բացակայություն,
  2. կարիքի բացակայություն (հաշմանդամություն ունեցող այցելու չունենալու հանգամանքը),
  3. սեփական տարածք չունենալու հանգամանքը,
  4. անիրազեկվածություն, թե ինչպես կարելի է հարմարեցնել տարածքը:

Վերը նշված պատասխաններից առավել անհանգստացնող է այն, որ մշակութային վայրերի ներկայացուցիչները տարածքը հարմարեցնելու կարիք չեն զգում, քանի որ հաշմանդամություն ունեցող անցելու չեն ունենում: Այստեղ հարկ է նշել երկու կարևոր բան. նույնիսկ այն դեպքում, երբ երբևէ հաշմանդամություն ունեցող անձը չի այցելել տվյալ մշակութային վայր, այն անհրաժեշտ է մատչելի դարձնել, քանի որ դա պահանջում է օրենքը և քանի որ անխուսափելի է հաշմանդամություն ունեցող այցելու ունենալը: Հարկ է նշել, որ հաշմանդամություն ունեցող այցելուների թվի սակավությունը անմիջականորեն կախված է տարածքի մատչելիության աստիճանից. եթե այն մատչելի լինի, ապա հաշմանդամություն ունեցող այցելուները ևս շատ կլինեն:

Մշակութային վայրերի շատ ներկայացուցիչներ նույնիսկ անիրազեկ են, թե ինչ են իրենցից ներկայացնում սուրդոթարգմանությունը և բրայլյան համակարգը:

Հետազոտության արդյունքները քարտեզագրվեցին, մշակութային յուրաքանչյուր վայրը ստացավ գունավորում` համապատասխան այդ վայրի` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության աստիճանի: Այդ կերպ ստեղծվեց Երևանի այլընտրանքային քարտեզը:

Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշմանդամություն ունեցող անձանց` մշակութային վայրերից օգտվելու իրավունքը չի իրացվում, ինչը շարունակում է խոչընդոտել նրանց` հասարակության մեջ ներգրավման գործընթացին:

Ի վերջո մշակութային ակտիվությունը հաշմանդամութուն չի ճանաչում:

Լուսինե Սաղումյան

map_yerevan