Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Transparency InternationalԱրևմուտքում կրթություն ստացած Ամալյա Կոստանյանը 2000թ. հուլիսին իր համախոհ ընկերների հետ, ովքեր մեծ ցանկություն ունեին իրենց ավանդը ներդնել Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների գործում, հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում` 2001թ. հոկտեմբերին, կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից` որպես ազգային մասնաճյուղ: 2008թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ):

Իր տասնամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ը դարձել է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում: 2010թ. հոկտեմբերին կազմակերպությանը շնորհվել է հավաստագիր` ի ճանաչումն կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված իր տասնամյա հավատարիմ գործունեությանը:

ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով` նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

TI teamԿոռուպցիան մեր հասարակության առաջնահերթ հիմնախնդիրներից է, որն առավել խորացած և արմատացած բնույթ է կրում: Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում շատ միամիտ կլինի ասել, որ հասարակական կամզակերպության իրականացրած գործունեության շնորհիվ այն կարող է կրճատվել. կոռուպցիայի կրճատման համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Բացի դեկլարատիվ հայտարարություններից և օրենքների նորմալ չկիրարկումից, կոռուպցիան չես կրճատի: ՀԿ-ն հասարակությանը տեղյակ է պահում, իրազեկում է երևույթի բացասական լինելու մասին:

Վերջին տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվել է հասարակության և մարդկանց մոտ ստեղծել գաղափարը, որպեսզի մարդիկ սկսեն խոսել կոռուպցիայի տարբեր դրսևորումների մասին և ավելի խորը հասկանան առկա խնդիրը` այն, որ միայն կաշառակերությունը չէ կոռուպցիան: Մարդիկ, ինչպես նաև իշխանությունները, սկսեցին այդ հարցերը բարձրաձայնել և քննարկել: Կոռուպցիան ինքնին և դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը դարձան կազմակերպության օրակարգի գլխավոր հարցերից մեկը: Կոռուպցիան որպես օրակարգային խնդիր ընդունում են նույնսիկ իշխանությունները` նշելով դրանից ձերբազատվելու դժվարությունը: Այն, որ կոռուպցիայի մասին խոսվում է, անց են կացվում տարբեր քննարկումներ, այն ընկալվում է որպես իսկապես սպառնացող, վատ երևույթ` կազմակերպության գլխավոր դրսևորումներից է:

Կազմակերպության նպատակներն են`

  • աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը,
  • աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի հաստատմանը,
  • նպաստել հանրային ռեսուրսների, այդ թվում` պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը,
  • խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում:

Ապագայում ԹԻ ՀԿ իրեն տեսնում է որպես մի կազմակերպություն, որը կարևոր խորհրդակցական մարմին է կառավարական և ոչ կառավարական դերակատարների/ հաստատությունների համար՝ խթանելու արդյունավետ կառավարման բարեփոխումները:

Նվարդ Մարգարյան