Միայն հանդուրժողականությունը բավարար չէ:

575eb431150000130073a2ee

 

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի «Պուլս» գեյ ակումբում հունիսի 12-ին տեղի ունեցած սպանդի հետ կապված, որի հետևանքով 50 հոգի սպանվեց, 53-ը վիրավորվեցին, Քոնոր Դոհերթին «Հաֆինգտոն Փոստ»-ում հրապարակված բաց նամակով դիմել է բոլոր հետերոսեքսուալներին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Մոտ մեկ տարի առաջ Միացյալ նահանգների Գերագույն Դատարանը օրինականացրեց նույնասեռ ամուսնությունները ամբողջ երկրում` ավարտին հասցնելով այն ուղին, որը սկսվել էր ավելի վաղ՝ 11 տարի առաջ, Մասսաչուսեթս նահանգում։  Երեք օր առաջ Օրլանդո քաղաքում գտնվող Պուլս գեյ ակումբում հիսուն հոգի սպանվեց, որը զոհերի քանակով դարձավ հրազենով ամենամեծ մասսայական ահաբեկչությունը ԱՄՆ-ի պատմության մեջ։ Եվ այս դեպքը տեղի ունեցավ մեր ԼԳԲՏ հպարտության ամսվա ընթացքում։

Ձեզանից շատերը կարող են մտածել, որ ԼԳԲՏՔ+ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր, ևայլն, խմբ.) պայքարը նույնասեռ ամուսնությունները հաղթականորեն օրինականացնելուց հետո ավարտվել է։ Շատերին անգամ կարող է թվալ, որ ԼԳԲՏՔ+ համայնքը դարձել է «ագահ» և «համարձակ»` ակտիվորեն խախտելով «մեծամասնության իրավունքները»․սակայն ԼԳԲՏՔ+ մարդկանց իրավունքները մնում են մերժված։ Ինչ-որ տեղ ես հասկանում եմ, թե ինչու եք այդպես մտածում։

Մենք՝ մարդիկ, հակված ենք հեռու պահելու մեզ մեր կեղտոտ անցյալից։ Մենք հակված ենք մեզ համոզելու, որ հասել ենք ինչ-որ հեքիաթային երջանիկ ավարտի, ու մեզանից ոչ ոք չպետք է մեղքի կամ պատասխանատվության զգացում ունենա։ Այսպիսի մտածելակերպը նոր չէ. ուղղակի պետք է ուշադրություն դարձնել առօրյա խոսակցություններին, որոնցից գրեթե բոլորը պտտվում են ռասիզմի կամ բռնացող մշակույթի շուրջ։

Մենք ապրում ենք այդպես ու լվանում ենք մեր ձեռքերը այն վայրագություններից, որոնք ամեն օր տեղի են ունենում մեր երկրում։ Մենք ապրում ենք այդպես, ու երբ պատահում են այս ահավոր կրակոցների նման դեպքեր, ամեն ինչ վերագրում ենք ծայրահեղական խելագարին, փոխարենը գիտակցելու, որ մեզանից շատերն իրենց դերն են ունեցել այնպիսի մի հասարակության ստեղծման գործում, որը թույլ է տալիս նման ոճրագործություններ լինեն։

Այսպիսի մոտեցումը հարմարավետ է ու հեշտ, սակայն հղի է վտանգներով։ Այն ամենևին չի շտկում իրավիճակը, պարզապես հավերժացնում է բռնության մշտական շրջապտույտը։

Դուք կարող եք ասել, որ ԼԳԲՏՔ+ պայքարն ավարտված է, բայց ես ասում եմ, որ դա հեռու է իրականությունից։ Լինելով ԼԳԲՏՔ+ համայնքի անդամ, ես չեմ կարող մոռանալ այն ջանքերն և անարդարությունները, որոնք ձևավորվել և շարունակում են ձևավորվել մեր համայնքում։ Ես չեմ կարող մոռանալ, որ մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանը հրաժարվում էր ճանաչել ՁԻԱՀ-ի ճգնաժամը այնքան ժամանակ, մինչև մոտ հարյուր միլիոն մարդ մահացավ դրա պատճառով։ Ես չեմ կարող մոռանալ, որ քոլեջի ուսանող Մեթյու Շեփարդին սեռական կողմնորոշման համար ծեծեցին ու խոշտանգեցին, ինչի արդյունքում նա մահացավ (սպնավել է 1998թ, գլխին ստացած վնասվածքներից), կամ Բրենդոն Թինան, ում տրանսգենդեր տղամարդ լինելու համար բռնաբարեցին և սպանեցին (Բրենդոն Թինան սպանվել է 1993թ, նրա մասին նկարահանված «տղամարդիկ չեն լացում» ֆիլմը 1999թ Օսկարի է արժանացել, խմբ.) ։  

Չեմ կարող մոռանալ այն բոլոր ԼԳԲՏՔ+ երիտասարդներին, որոնք զրկվեցին իրենց կյանքից բռնության, ոտնձգությունների և մերժված լինելու պատճառով։ Չեմ կարող մոռանալ այն 20 տրանսգենդեր կանանց, որոնք սպանվեցին 2015թ ու որոնցից շատերը սպիտակամորթ չէին (2015թ ԱՄՆ-ում սպանվել է 21 տրանսգենդեր կին, որոնցից 19-ը եղել են սևամորթ, խմբ.)։ Եվ ես չեմ մոռանալու, որ ԼԳԲՏՔ+ բնակչության 52 տոկոսը ապրում է այնպիսի երկրներում, որտեղ օրենքը չի դատապարտում սեռական կողմորոշման կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությունը աշխատանքի վայրում, և մարդիկ շարունակում են զրկված լինել իրենց այնպիսի հիմնարար իրավունքներից, ինչպիսին է զուգարանի հասանելիությունը։

Իրականությունն այն է, որ ԼԳԲՏՔ+ մարդիկ դեռ ամեն օր թիրախավորված են ու  ենթարկվում են խտրականության։ Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը չի փոխում իրավիճակն ու դրանից չի հետևում, որ որպես փոխհատուցում մենք պետք է մոռանանք անցյալը։ Այս մասսայական կրակոցները մեկ առանձին իրադարձություն չէր, կամ հնացած հոմոֆոբիայի մնացորդներ, կամ ուղղակի կրոնական ծայրահեղություն։ Սա հետևանքն է իրական հոմոֆոբ հասարակության, որ գոյություն ունի մեր երկրում, հասարակություն, որի մասն ենք մենք կազմում, անկախ մեր ցանկությունից։

Եթե դու այն մարդկանցից ես, ով հավատում է, թե միայն «հանդուրժողականությունը» բավարար է, ուրեմն դու նպաստում ես, որ այս խնդիրը գոյություն ունենա։ Պարտադիր չէ ԼԳԲՏՔ+ անձին ծեծես կամ խրախուսես, որ մեկ ուրիշը դա անի, որպեսզի կատարես ատելության հանցագործություն։ Եթե դու ծաղրում ես Քեյթլին Ջեներին (սեռափոխված կին, Օլիմպիական չեմպիոն, Քիմ Քարդաշյանի խորթ հայրը, խմբ.) գենդերային ինքնությունը, զուգարանից հավասար օգտվելու մասին խնդրահարույց ու սխալ բաներ ես ասում, զզվանք ես զգում անգամ գեյ մարդուն դիպչելու մտքից, կամ օգտագործում ես «ոչ մի հոմո բաներ» կամ «սա շատ գեյ ա» արտահայտությունները, ուրեմն դու աջակցում ես հոմոֆոբ հասարակությանը։

«Հանդուրժողականությունն» այն չէ, ինչ պետք է. ընդունելուց բացի մնացած ամեն ինչ կոպիտ անտարբերություն կամ ճնշված ատելություն է։ Սիրել Նիլ Պատրիկ Հարիսին (ամրիկացի նույնասեռական դերասան, խմբ.), բայց համարել գեյ սեքսը կեղտոտ կամ զզվելի, դա ընդունել չէ։ Գրկաբաց ընդունել սպիտակ, սիսգենդեր տղամարդուն (մարդ, որը հարմարավետ է զգում սեռով, որով ծնվել է, խմբ.), բայց միաժամանակ մերժել տրանս մարդկանց, ընդունել չէ։ Եվ ամեն անգամ, երբ դու կատարում ես վերը թվարկածներից որևէ մեկը, դրանով դու Օմար Մատինի (Օրլանդոյի սպանդն իրականացնողը, խմբ.) պես հանցագործներին ասում ես, որ իրենք մենակ չեն։ Դու ասում ես, որ ԼԳԲՏՔ+ մարդիկ տհաճ են ու կարող ես հանդուրժել միայն նրանց սոցիալական գոյությունը: Այսպես վարվելով դու ոչ միայն մարդկային հատկություններից զրկում ես մի ամբողջ խմբի մարդկանց, այլև սոցիալական զենքուզրահ ես տրամադրում այսպիսի ոճրագործություններ կատարելու համար:

Եթե դու համախոհ ես, պետք է լինես ակտիվ, և իսկապես պայքարես հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ, երբ տեսնում ես այն։ Սա նշանակում է պետք է հետևես, որպեսզի վիրավորական կամ տգեղ բան ասող մարդիկ հաշիվ տան։ Դա նշանակում է, որ ավելի շատ պետք ա հոգ տանես նրա մասին, թե դու ինչ ես զգում, այլ ոչ թե այլ մարդիկ ինչ են մտածում քո մասին։ ԼԳԲՏՔ+ համայնքը կարիք չունի հովանավորության։ Մենք կարիք ունենք այն մարդկանց, որոնք ոտքի կկանգնեն լավ գործի համար։

ԼԳԲՏՔ+ համայնքը աշխարհում ամենադիմացկուն խմբերից մեկն է։ Մեր շարքերում բազմաթիվ են մարդիկ, որոնք անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով, շարունակում են լինել խինդով լի և սիրող։ Պուլսի կրակոցները հարձակում էին ԼԳԲՏՔ+ սիրուն, հարձակումը մեզ կոտրելու նպատակ, բայց իրականությունն այն է, որ մենք երբեք չենք կոտրվում։ Մենք այնքան ենք տուժել ու կենդանի մնացել, որ չենք ոչնչանում, բայց այն, որ կարող ենք դիմակայել ամենավատ փոթորիկներին, չի նշանակում, որ դրանք պետք է ուղղաված լինեն մեզ վրա։

Մենք չպետք է ապրենք մի աշխարհում, որտեղ մեր սերը մերժված է ու հարցականի տակ է դրված։ Մենք չպետք է ապրենք` իմանալով, որ մեզանից շատերը փողոցում են կամ գերեզմանոցներում են։ Եվ մենք չպետք է ապրենք մի աշխարհում, որտեղ ստիպված ենք ողբալ մեր հիսուն քույրերի և եղբայրների մահվան համար։ Որովհետև մենք արժանի ենք ստանալու ավելին մեր կառավարությունից, մեր հասարակությունից, քեզանից։ Որովհետև մենք չպետք է ասենք՝ լավ կլինի։ Պետք է կարողանանք ասել՝ լավ է։

Կցանկանայի խոսքս ավարտել մեջբերումով The Laramie Project-ից, որը հատված է վավերագրական ներկայացումից` Մեթյու Շեփարդի սպանությունից, որը տեղի է ունեցել Վայոմինգ նահանգի Լերեմի քաղաքում։ Խոսքերը մահմեդական կին Զուբաիդա Յուլայինն են, ով հանցագործության ժամանակ քոլեջում էր։ Նա ասում է, թե ինչպես պետք է մեզ վրա վերցնենք հանցանքները՝ դրանցից հեռու պահելու փոխարեն։ Տասնութ տարի է անցել, բայց այս մեջբերումը, ցավոք, դեռ տեղին է․

«Ու մենք դեռ պետք է սգանք ու տխրենք, որ ապրում ենք մի քաղաքում, նահանգում, երկրում, որտեղ տեղի են ունենում այսպիսի կեղտոտ դեպքեր։ Ուզում եմ ասել, սրանք այն մարդիկ են, որոնք իրենց հեռու են դնում այս հանցանքից։ Մենք պետք է վրա վերցնենք այս հանցանքը։ Ես զգում եմ։ Բոլորը պետք է իրենց վրա վերցնեն։ Մենք այսպիսինն ենք։ Մենք այսպիսինն ԵՆՔ։ ՄԵՆՔ ԱՅՍՊԻՍԻՆՆ ենք»։