Բարև բոլոր ընթերցողներին: Երկար ժամանակ շատ հետաքրքրված էի հասկանալու, թե ինչն է կանգնած հայկական արժեքների, վերաբերմունքի ու կարծիքների հիմքում: Այդ ամենի մեջ խճճված լինելով՝ որոշեցի 19 օր անցկացնել ՓԻՆՔ-ում, որն իմ հարցերին պատասխանելու ամենաարտառոց ձևն առաջարկեց: Ինչքան էլ սարսափեցնող հնչի, հայկական հասարակությունը հրեշ է, որին սիրել սովորեցի:

Այցելելով ամենաառաջին գենդերային հավասարության տոնավաճառին, թույլ տվեք նախ և առաջ խոսեմ կանանց իրավունքներից: Կանանց իրավունքներն արևմտյան աշխարհում ընդունված են որպես ինքնին ենթադրվող, բայց Հայաստանում գենդերային հավասարության տոնավաճառը բավականին հակասական էր: Հայաստանում կանանց զբաղեցրած դիրքը անմխիթար է: Կանայք չափազանց հաճախ են դառնում կազմակերպված ամուսնությունների զոհեր, որոնց թիվն աճում է: Հանրային գործունեության մեջ նրանք ձայն չունեն, և ամեն օր բախվում են խտրականության, ստորացման և բռնության: Կինը երբեմն պահվում է փակի տակ՝ առանց դուրս գնալու «թույլտվության», եթե իր ամուսինն այդպես է կամենում: Նա չի կարող շփումներ ունենալ, նախաձեռնող լինել կամ արտահայտել սեփական կարծիքը: Հայկական հասարակական նորմերից է, որ կինը պետք է լավ կրթված լինի: Այնուամենայնիվ, համալսարանական աստիճանը կնոջ համար ընդամենը գործիք է, որով իր ապագա ամուսնու ծնողները ընդունեն իրեն: Համալսարանական կրթության ընթացքում ստացած հմտությունները վատնվում են, և հայկական կատակն ասում է, որ կնոջը համալսարանական կրթական աստիճանը (դիպլոմը) միայն խոհանոցի պատին որպես զարդ կախելու համար է: Շատ մարդկանց հետ խոսեցի այս իրավիճակի մասին՝ հույս տածելով, որ իմ լսածը միայն կողմնակալ տեսակետ է: Դժբախտաբար, որքան շատ մարդկանց հետ էի խոսում, այնքան ավելի էի ընկալում այս խնդրի տարածվածությունը:

Շատ ուրախացա այն փաստի վրա, որ Երևանում ՓԻՆՔ-ի գրասենյակն իրոք այն եզակի տեղերից էր, ուր ԼԳԲՏ մարդիկ կարող են գալ` առանց վախենալու, որ իրենց ձեռք կառնեն, կճնշեն կամ կհարձակվեն իրենց վրա: ՓԻՆՔ-ի գրասենյակն իրոք ապահով տեղ էր նման մարդկանց համար, ուր նրանք կարող էին հոգևոր խաղաղություն և կրթություն ստանալ, հանդիպել իրենց նման այլ մարդկանց, իրավական խորհրդատվություն ու անվճար պահպանակներ ստանալ և այլն: Երբ ՓԻՆՔ-ում օգնում էի անգլերեն սովորեցնել, զգացի, թե ինչքան ուրախ էին այդ հաճելի մարդիկ, որ կարողանում էին անգլերեն սովորել ապահով մի միջավայրում: Դասերը բավականաչափ հաջողված էին, և ես բավականին տխուր էի նրանց վերջին անգամ ցտեսություն ասելիս: Ժամանակային սահմանափակումների պատճառով ինձ հաջողվեց նախաձեռնել Հայաստանում ԼԳԲՏ պատմության առաջին ցուցահանդեսի միայն նախապատրաստումը: Այս ցուցահանդեսի նպատակը, որի գաղափարն իմն էր, ցույց տալն էր, որ բի / տրանս / հոմոսեքսուալությունն արևմտուտքից «ներմուծված» ժամանակակից երևույթ չէ, ինչպես հայերն են դա պատկերացնում: Ցանկանում էի ցույց տալ, որ հայոց պատմության ողջ ընթացքում էլ եղել են ԼԳԲՏ մարդիկ: Հայոց շատ սիրելի պոետներից, ռեժիսորներից և թագավորներից ոմանք ԼԳԲՏ էին, բայց հասարակությունն այս փաստերը չի ընդունում: Դժբախտաբար ստիպված էի հեռանալ ավելի վաղ, քան կարելի կլիներ ցուցահանդեսն իրականացնել:

Հայաստանում ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակական խարանն իրոք ցավալի է, քանզի օրինակ նեոնացիստական մի խումբ է գործում «Մեկ ազգ» անունով, որը բառացիորեն հազարավոր պաստառներ է սոսնձել Երևանում ամեն սյան և պատի վրա, որոնք հայ ժողովրդին քաջալերում են լինել ԼԳԲՏ մարդկանց դեմ: Շատ այլ պաստառներ էլ կան, որ ասում են. «Ո´չ նույնասեռականությանն ու էրոտիկ ինտերնետ կայքերին», «Ո´չ կարճ կիսաշրջազգեստներին», «Հայաստանում միայն Հայ առաքելական եկեղեցի», «Ո´չ Ամերիկային, այո´ Ռուսաստանին», «Մեր բանակն ուժեղ է» և նման այլ բաներ: Մեծածավալ այս արշավը, ինչքան էլ որ հակասահմանադրական է, դժբախտաբար սատարվում է կառավարության կողմից` որպես հայկական «ավանդական» արժեքների պահապան: Այս ծայրահեղական խմբի դեմ ոչ մի իրավական գործողություն չի նախաձեռնվել, և սա միայն խթանում է ԼԳԲՏ մարդկանց ինքնասպանությունները և բռնի հարձակումները նրանց վրա, որոնք պատվավոր են համարվում և ողջունվում են հայկական հասարակության կողմից: Երբ Հայաստանից հեռացա, ուշի ուշով հետևում էի ԼԳԲՏ համայնքի իրավիճակի զարգացումներին: Երբ լսեցի, որ Երևանում իմ սիրելի փաբը պայթեցվել էր նեոնացիստների կողմից, զարմանքս ավելի մեծացավ առ այն, թե որքան անհանդուրժող կարող է դառնալ հայ հասարակությունը և թե որքան ոչ կոմպետենտ է կառավարությունը:

Այնուամենայնիվ, Հայաստանի տարածքում են գտնվում  ամենահիասքանչ վայրերը, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղը, Տաթևի վանքը և շատ այլ տեղեր, որոնք ես այցելեցի: Չմոռանամ ասեմ, որ մայրաքաղաք Երևանը շլացուցիչ գեղեցիկ է իր բազմաթիվ հաճելի սրճարաններով, ռեստորաններով, համեղ սննդով, հիասքանչ տեսարաններով և կյանքի արագ ռիթմով: Քաղաքականությունը, կառավարությունն ու հասարակությունը մի կողմ դրած, հայերն իմ ճանաչած ամենալավ ժողովուրդն են: Մինչև արցունքները ցնցվելու, լանդշաֆտի ու ժողովրդի գեղեցկությամբ հիացմունքի խառնուրդը զգացմունքներիս, մտածողությանս և մտքերիս համար իրական մի խնջույք էր: Այս երկիրը և նրա հասարակությունն ընկալելը, նաև ընդհանուր մի կարծիք կազմելն ինչքան էլ բարդ լինի, ես լիովին վայելեցի ՓԻՆՔ-ում իմ լինելը: Կարող եմ միայն եզրափակել, ասելով, որ այս փորձն աչքերս բացեց, մարտահրավեր նետեց իմ համոզմունքներին և վերադասավորեց կյանքիս առաջնայնությունները:

Մարսել Բանդուր