newspaperdisabilityՆորզելանդացի հորից և հայ մորից ծնված դաունի համախտանիշով երեխայի պատմության[1] լուսաբանումը փոխել է հասարակական կարծիքը: Նախ` որ մարդիկ իմանում են, թե ինչ է դաունի համախտանիշը, հետո` ծնողները, որոնք նման երեխա ունեն, տեսնում են, որ հասարակությունն ընդունում է նրանց, կարծում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը:

«Կարծիքներ հնչեցին, թե հայրը գցում է Հայաստանի վարկանիշը, որովհետև նշվում էր, որ հայն է (մայրը) հրաժարվել երեխայից, և թե Հայաստանում 80-90%-ը հրաժարվում են դաունի համախտանիշով երեխաներից: Նրանք լռում էին, երբ հարցնում էի` իսկ ի՞նչ է, այդպես չէ՞», – ասում է Բաթոյանը` նշելով, որ եթե այդ երեխաներից հրաժարված չլինեին, ապա մենք կտեսնեինք նրանց առնվազն դպրոցներում:

ԶԼՄ-ներում ամենաշատ լուսաբանվող թեմաներից մեկը, ինչպես ասում է Բաթոյանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց է վերաբերում և վերջին տարիներին ՀԿ-ների իրականացրած ծրագրերի շնորհիվ ավելի է աճել այդ թեմայի լուսաբանումը.

«Բայց կան թեմաներ, որոնց լրագրողները ամբողջությամբ չեն տիրապետում: Օրինակ, երբ մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, որոնցից ընտանիքները հրաժարվում են, այս դեպքում շատ ավելի էմոցիոնալ դաշտ են մտնում, քան խոսում են իրավունքներից, ծառայություններից, պարտավորություններից, որ պիտի ունենա պետությունը»,- ասում է նա`ավելացնելով, որ լավ կլիներ քննարվեին այնպիսի հարցեր, ինչպիսիք են`արդյո՞ք հաշմանդամություն ունեցող մարդը երեխա որդեգրելու իրավունք ունի կամ արդյո՞ք հաշվի առնվում են մտավոր խնդիրներ ունեցող անձանց ընտանիքում ապրելու կամ բնակության վայրը որոշելու իրավունքը:

«Վերջին երկու տարիներին Դավթին կարելի է հանդիպել երևանյան բակերում ավտոտնակներ, պատեր նկարազարդելիս: 2 տարվա ընթացքում մոտ 24 տարածք է նա նկարազարդել»,- շատ թույլ լսողություն ունեցող Դավիթ Գաբրիելյանի մասին «Հետք»-ի այս նյութը[2] մեկն է այն մարդկանց մասին, որոնք ունենալով հաշմանդամություն, ապացուցում են, որ իրենք էլ են հասարակության լիարժեք անդամ:

Հայկական լրատվական դաշտը ուսումնասիրելու դեպքում, կնկատենք, որ այսպիսի պատմությունները զիջում են հաշմանդամությանը վերաբերող այլ հրապարակումներին:

Բաթոյանը, օրինակ բերելով բրիտանական «Դեյլի Մեյլ» թերթը, որն ամեն շաբաթ առնվազն մեկ հոդված է հրապարակում հաշմանդամություն ունեցող մարդկանց պատմության մասին, նկատում է, որ խնդրին ծանոթացնելու լավագույն միջոցը այդպիսի հերոսներ գտնելն ու նրանց մասին պատմելն է.

«Մեզ համար հեշտ է. իրադարձություն է` գնանք լուսաբանենք, բայց թե էդ իրադարձությունն ինչի համար է, շատ քչերն են գրում»,- ասում է նա և ընդգծում, որ այնուամենայնիվ լրատվամիջոցները կարողացել են հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին հասարակությունում տեղ գտած որոշ կարծրատիպեր կոտրել, սակայն երբ հերթը հասնում է մարդկանց վերաբերմունքը գործողությամբ ցույց տալուն, այդտեղ դեռ բաց կա – «ասում են` հա, շատ լավ է, որ հաշմանդամություն ունեցող երեխան սովորի դպրոցում, բայց թող իմ երեխայի դասարանում չլինի: Կամ` ճիշտ է, որ հաշմանդամություն ունեցող մարդն աշխատի, բայց ես իրեն աշխատանքի չեմ վերցնի»:

Փոփոխություն է առկա նաև պետական մարմինների աշխատելաոճում, եթե նախկինում հաշմանդամություն ունեցող անձիք չէին ներգրավվում իրենց վերաբերող խնդիրների քննարկմանը, ապա հիմա, Բաթոյանն ասում է, որ սկսել են հաշվի առնել նրանց կարծիքը. «Այլ հարց է, թե այդ քննարկումների արդյունքում որքան առաջընթաց է գրանցվում, բայց փաստ է, որ իրենք գոնե տեսականորեն կարծիք են հարցնում: Դա մեծ փոփոխություն է»:

Ըստ նրա, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները գնահատելու համար կա մեկ չափման միավոր` թե քանի այդպիսի մարդ ենք հանդիպում հասարակական վայրերում: Եթե տեսնում ենք նրանց, ապա կա փոփոխություն, եթե չենք տեսնում, չի նշանակում, որ մեր երկրում այդ մարդիկ չկան:

Հովհաննես Իշխանյան

[1] Նորզալանդացին պնդում է, որ իր կինը, իմանալով երեխայի դաունի համախտանիշ ունենալու մասին, հրաժարվել է նրանից, մինչդեռ կնոջ ասելով` նա պարզապես ուզում էր, որ երեխան Նոր Զելանդիայում մեծանա, քանի որ Հայաստանում երեխայի համար բավարար պայմաններ չկան:

[2] «Մարդ, ով նկարազարդում է Երևանի քաղաքը», 26.05.2014, hetq.am