stop bullyingԵրբեմն երեխաները ծաղրուծանակի են ենթարկում այլոց, որպեսզի չտարբերվեն մյուսներից և լինեն ընդունելի ընկերների համար, երբեմն էլ դա անում են, որովհետև խնդիրներ են ունեն (խնդիրներ տանը, վատ վերաբերմունք այլոց կողմից, սթրես), ինչպես նաև հնարավոր է` իրենք էլ են ենթարկվել նսեմացման:

Նման անհատները կարող են լինել կռվարար, չարաշահել ալկոհոլ, թմրադեղեր, խնդրիներ ունենալ դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի հետ,ինչպես նաև կարող են վատ վերաբերվել իրենց երեխաներին, զուգընկերներին, բռնություն դրսևորել ու ցուցաբերել այլ ռիսկային վարքագիծ հասուն տարիքում:

Եթե ձեր շրջապատում որևէ երեխա խիստ ագրեսիվ է, չափազանց շատ է մրցակցում կամ անհանգստանում իր համբավի համար, պատասխանատու չէ իր արաքների համար,անհայտ պատճառնեով ավելորդ գումար կամ իրեր է ունենում, ապա պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել` ծաղրուծանակը կասեցնելու կամ կանխարգելելու համար:

1. Բացահայտեք, թե որն է նման վերաբերմունքի պատճառը:

Եթե նրանք ուղղակի ուզում են ցուցադրել իրենց ունակությունները կամ դառնալ խմբի մաս, ապա սպորտն ու այլ խաղերը կարող են լուծել նման խնդիրը: Եթե խնդիրը հոգեբանական է՝ մասնավոր խնդիրներ, վատ վերաբերմունքի զոհ, ապա մասնագետը (հոգեբանը կամ սոցիալական աշխատողը) պետք է աշխատի նրանց հետ:

2. Հստակ ցույց տվեք սադրողին, որ նման վարքագիծը սխալ է, վնասում է այլոց և չի հանդուրժվի: Ապա օգտագործեք հետևանքները սովորեցնելու համար:

Նման վերաբերմունք ցուցադրող երեխան ինքը կարող է ռեֆերատ գրել, քննարկում կազմակերպել մարդու իրավունքների, հանդուրժողականության, ընկերության, արժանապատվությունը նսեմացնող վարքագծի և այլ թեմաների մասին:

3. Դպրոցական վարքականոն:

Բացի վերոնշյալից դպրոցները պետք է հաստատեն վարքականոն, սահմանեն այս երևույթը կարգավորող պատասխանատու մարմին,ուսուցիչների հետ դասընթացներ անցկացնեն, ներառեն արժանապատվության նսեմացումը կանխարգելող նյութեր դասավանդվող առարկաների եւ դպրոցի գործունեության մեջ:

Հայաստանում, ցավոք, չկա նսեմացումը հասցեագրող ոչ իրավական դաշտ, ոչ ռազմավարություն, և ոչ էլ ճշգրիտ պատկերացումներ: Ավելին, իրավիճակն առավել խնդրահարույց են դարձնում հայկական մտածելակերպը, անհանդուրժողականությունը ամենի հանդեպ, ինչ դուրս է սահմանված «ավանդական կանոններից», «ազգայնականության առասպելները», իրազեկվածության, իրավագիտակցության ցածր մակարդակը, հասարակությունում փոխհարգանքի բացակայությունը և այլն:

Խուսափելով ցանկացած անհատական մոտեցումից` Հայաստանյան իրավիճակը ներկայացնենք իրական մարդկանց պատմություններից հատվածներով (անվտանգության նկատառումներից ելնելով`անունները փոփոխված են):

– Ես, որպես առանձնացող աղջիկ, ամբողջ դասարանի աչքի գրողն էի: Միշտ ակտիվ էի, նկարում էի, երգում էի, բանաստեղծություններ էի գրում, մի խոսքով դասատուներս ինձ շատ էին սիրում և ամեն անգամ գովում էին:
Ի վերջո դա երևի թե պայմանավորված էր նախանձով՝ ինձ սկսեցին հոգեպես ճնշել, ծաղրել, ձեռք առնել, վիրավորել, անուններ կպցնել ու դրանցով կոչել ինձ իմ անվան փոխարեն: Այդ ամենը ինձ անասելի ցավ էր պատճառում: Ի վերջո դա վերածվեց ֆիզիկական բռնության:

Մարի, 22 տ.

– Հասունացման շրջանն էր սկսվել, իմ ձայնը շատ կոշտ չէր մյուս տղաների նման: Մի քանի տղա ձեռք առնելու համար ասում էին. «հեռախոսիդ համարը կտա՞ս, քուրո», որ սովորաբար աղջիկներից էին ուզում:

Արմեն, 18տ.

– Մի օր դպրոց էի գնում, մի խումբ տղաներ էին «պպզած»: Երբ նկատեցին, որ ես գալիս եմ, մեկը գոռաց. «գալիս ա» ու թքեցին իմ առջև՝ հենց այն ճանապարհին, որով ես քայլում էի:

Դավիթ, 21տ.

– Հիշում եմ, որ ես դպրոցից դուրս էի գալիս, աղջիկներն ասում էին «փորը դուրս եկավ երեխեք, հեսա ինքն էլ դուրս կգա դպրոցից» ու գոռում էին, հետևիցս քարեր էին գցում, շոկոլադ էին գցում, ասում «առ կեր, չաղո»: Ու դա ահագին կոմպլեքսների պատճառ դարձավ:

Այնքան այդպես ասեցին, որ սկսեցի ընդհանրապես հաց չուտել ու մոտս անորեքսիա զարգացավ: Դրա արդյունքում ձեռք բերեցի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնցից մի մասը մինչ այժմ էլ ունեմ:

Մհեր, 18տ.

– 2011-2012թթ-ին ես սովորում էի ԵՊՀ-ում: Մի օր` դասաժամին, դասախոսը սկսեց խոսել նույնասեռականությունից:
Քանի որ միակ արական սեռի ներկայացուցիչ, ով հանդես եկավ նույնասեռականներին և նույնասեռականների իրավունքներին կողմ ես էի, այդ օրվանից ես սկսեցի ավելի շատ խնդիրներ ունենալ համալսարանում. նա ինձ ստիպում էր, որ մենակ նստեի, անընդհատ անցնում էր կողքովս, քմծիծաղ էր տալիս, արհամարհական ձևով նայում:Ու իմ կուրսում սովորող բոլոր 70 ուսանողներն էլ էին դա նկատում ու գիտեին պատճառը ինչն է:

Արման, 22 տ.

– Աշխատում էի աչքի չընկնել` ասենք դասամիջոցներ չէի անում, դասերը չէի պատասխանում կամ շատ ակտիվ չէի մյուսների նման, որ շատ չծաղրեն:

Հունան, 23 տ.

– Առաջին անգամ սիրահարվել եմ դպրոցահասակ տարիքում: Այնուհետ որոշեցի սեր խոստովանել այդ տղային: Իսկ նա գնաց, այդ ամենը պատմեց իր և իմ ընկերներին` բավականին վատ լեկսիկոնով: Այդ օրվանից իմ հետ չէր շփվում մեր գյուղի և ոչ մի երեխա: Մեկ ուսուցչուհի էլ կար, որ գիտեր ու ինձ ամենացածրն էր գնահատում, չնայած միշտ պատրաստ էի լինում դասերին: Մի կերպ ավարտեցի դպրոցը, հետո ընդունվեցի համալսարան, ու նույնը կրկնվեց:

Գնացի Հայաստանից: Մի քանի տարի հետո վերադարձա Հայաստան: Հիմա արդեն աշխատում եմ և բավականին հաջողված ծրագրավորող եմ:

Արտակ, 30 տ.

– Թվում է` սրանք ուղղակի թեթև մանկական կատակներ են, որ կարող են պատահել բոլորի հետ: Սակայն երբ այդ ամենը իրար ես գումարում, նոր արդեն ընդհանուր պատկերը ավելի ծանր կթվա:

Կարեն, 19տ

– Այդ ամենի վերջը դրեցի ես` անձամբ: Ինձ ուժ էր տալիս պապիկս, նա միշտ ասում էր որ ես շատ բանի եմ հասնելու ու մղձավանջի պես եմ հիշելու այդ դեպքերը, և նա ճիշտ էր, ես այնքան ուժեղ էի ,որ հաղթահարեցի զոհի իմ վիճակը,ինքս ինձ այլևս չէի խղճում:

Անահիտ, 21 տ

Մարիա Աբրահամյան