Արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը (նվաստացումները) անցանկալի, ագրեսիվ վարք է դպրոցականների և ուսանողների շրջանում, որը ներառում է իրական կամ ենթադրյալ ուժերի անհավասարակշռություն, և կրկնվելու հատկություն ունի:

Մասնագետները տարբերում են նսեմացման հետևյալ տեսակները՝

  • ֆիզիկական – հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, մտադիր, կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
  • բանավոր – ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
  • հոգեբանական/սոցիալական – դիտավորյալ խմբից վտարել / չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
  • սեռական – հպուներ, հարձակումներ, բռնի գործողություններ եւ այլն,
  • կիբեր-նվաստացումներ կամ կիբերսադրանք – տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:

Արժանապատվության նսեմացումը տարածված է, բայց այն չպետք է դիտվի որպես նորմալ երևույթ: Այն կարող է ազդել յուրաքանչյուրի վրա, ու լուրջ, երկարատեւ հետևանքներ թողնել (հոգեկան առողջության խնդիրներ, թմրադեղերի օգտագործում և ինքնասպանություն) մինչև իսկ երիտասարդ ու հասուն տարիքում:

Այդ իսկ պատճառով նմանատիպ վարքը հասցեագրելիս շատ կարևոր են ընտանիքի, դպրոցի, հասարակության համալիր ջանքերը, և խնդրի համակողմանի ուսումնասիրումը՝ նսեմացման ենթարկողի, ենթարկվողի և ականատեսի տեսանկյունից:

bullying

Երեխաները, ովքեր նսեմացման են ենթարկվում առավել հաճախ ընկալվում են որպես՝

  • իրենց հասակակիցներից տարբերվող, ինչպիսիք են ավել կամ պակաս քաշ ունենալը, ակնոց կրելը, տարբերվող հագուստը, դպրոցում նորեկ լինելը, կամ չի կարող իրեն թույլ տալ պահվածք, որը համարվում է «թույն, զիլ»,
  • թույլ կամ ոչ ունակ ինքնապաշտպանվելու,
  • ճնշված, կամ ցածր ինքնագնահատականով,
  • պակաս հայտնի, քան մյուսները, ինքնամփոփ,
  • ԼԳԲՏ երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, և սոցիալապես մեկուսացված երիտասարդներ:

Սակայն այս ռիսկային գործոնների առկայությունը դեռևս պարտադիր նսեմացման նախապայման չէ: Վտանգը կարող է մեծանալ, երբ նման երեխաները աջակցություն չեն ստանում ծնողներից, ընկերներից և դպրոցում:

Մասնագետները մատնանշում են մի քանի պարզ քայլեր, որ ծնողներն ու այլ չափահասները կարող են կիրառել` կանխելու և կանխարգելելու այդ երևույթը:

1. Ուշադիր եղեք երեխաների հանդեպ. նսեմացումը նախազգուշացնող նշաններն են`

  • անբացատրելի վնասվածքներ,
  • կորցրած կամ ջարդված իրեր,
  • հաճախակի կեղծ հիվանդություններ (գլխացավ, ստամոքսի ցավ և այլն),
  • նախկին հետաքրքությունների, դպրոցի հանդեպ հետաքրքրության կորուստ,առաջադիմության անկում,
  • ինքնամփոփ վարքագիծ, միջոցառումներին մասնակցության մերժում,
  • անօգնության զգացում, ինքնավստահության նվազում, ինքնասպանության մասին մտքեր:

Մասնագետները համոզված են, որ երեխաները, իրոք,սպասում են ծնողների խորհրդին ու օգնությանը դժվար որոշումներ կայացնելիս:

2. Երբեմն ամենօրյա 15 րոպե զրույցը երեխայի հետ, կարող է շատ բան փոխել:

Այնպիսի հարցերը` ինչ լավ բան է կատարվել այսօր դպրոցում, ինչ վատ, ինչպես են անցնում դասամիջոցներդ, ճանապարհին ինչով եք զբաղվում և այլն, կարող են երեխայի դրսի կյանքի իրական պատկերը բացահայտել:

3. Խոսեք նվաստացման մասին` ուղիղ և պարզ:

Պարզեք, թե ըստ իրենց ինչ է նսեմացումը, ովքեր, ինչու և ում են նսեմացնում, արդյոք ականատես են եղել նման դեպքի,ինչ են զգացել, իսկ ինչպես կվարվեին և այլն : Նման հարցերը չունեն ճիշտ կամ սխալ պատասխան, բայց դրանց ազնիվ պատասխանելը, ծնողին կտան իրական պատկերացում վտանգի վերաբերյալ:

Այնուհետև բացատրեք, թե իրականում ինչ է դա, ինչպես է արտահայտվում, ինչպես պաշտպանվել կամ արձագանքել:

Նայեք որոշակի տեսահոլովակներ խնդրի վերաբերյալ և քննարկեք դրանք:

4. Տվեք գրագետ պաշտպանվելու խորհուրդներ:

  • Ծաղրանքը կատակի վերածել. սա լավագույն տարբերակն է, եթե կատակելը մոտդ լավ է ստացվում:
  • Նայել սադրողին և հանգիստ տոնով պահանջել դա վերջացնել:
  • Եթե խոսելը դժվար է կամ անվտանգ չէ, ուղղակի արհամարհել և հեռանալ:
  • Երբեք չհակադարձել կռվին: Գտնել մի չափահասի, ով կկանգենցի սադրումը հենց տեղում:

Իսկ հետևյալ խորհուրդները կարելի է օգտագործել հետագա անվտանգության համար:

  • Խոսել վստահելի մեծահասակի հետ: Զգացմունքները ներսում պահել չի կարելի: Մեծահասակները կարող են օգնել նաև հաղթահարել դա, իսկ պատմելը կօգնի ավելի քիչ միայնություն զգալ:
  • Խուսափել վայրերից, որտեղ կարելի է ահաբեկման ենթարկվել:
  • Մնալ մարդաշատ վայրերում և մյուս հասակակիցների հետ: Շատ ահաբեկման դեպքեր տեղի են ունենում, երբ չափահասները ներկա չեն:

5. Եղեք երեխայի դպրոցի կյանքում ակտիվ:

Մասնակցեք դպրոցի միջոցառումներին, հաստատեք կապ այլ երեխաների ծնողների հետ, ուսուցիչների հետ և այլն: Սրանք պարզ ուղիներ են, որ ծնողները կարող են օգտագործել՝ վստահեցնելու երեխաներին, որ խնդիրներ առաջանալու դեպքում նրանք մենակ չեն:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ելնելով մի շարք մտավախություններից, երեխաները չեն խոսում նվաստացումների մասին` հատկապես մեծահասակների հետ: Մարդիկ կարող են իմանալ, թե ինչեր են խոսում իրենց մասին՝ անկախ դա ճիշտ է, թե սխալ, կդատապարտեն իրենց կամ կպատժեն թույլ լինելու համար:

Երեխան զգում է անօգնական, նրան թվում է՝ ոչ ոք չի հոգում իր մասին, կամ չի կարող հասկանալ իրեն: Մի քանիսն էլ ցանկանում են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, որպեսզի վերգտնեն սեփական արժանապատվությունը:

Նրանց օգնելու համար, պետք է խուսափել այսպիսի սխաներից.

  • Մի´ մեկուսացրեք նսեմացնողին. մեկուսացումը չի նվազեցնում սադրիչ պահվածքը:
  • Մի´ փորձեք լուծել կոնֆլիկտը հաշտեցմամբ: Արժանապատվության նսեմացումը կոնֆլիկտ չէ հավասազոր և մեղքի նույն չափաբաժնով անձանց միջև: Առերեսումը սադրիչի հետ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել նսեմացված երեխայի մոտ:
  • Մի´ քննարկեք նսեմացնողի արարքները խմբակային: Խմբի անդամները հակված են կիրառելու նմանատիպ վարք միմյանց հանդեպ հետագայում:
  • Երբեք մի´ հորդորեք երեխաներին անտարբեր լինել արժանապատվությունը նսեմացնող երևույթների հանդեպ.
  • Մի´ մեղադրեք երեխային, որ նվաստեցման է ենթարկվել. ոչ ոք արժանի չէ նսեմացման:
  • Երբեք խորհուրդ մի´ տվեք երեխային ֆիզիկապես պայքարել նսեմացման դեմ:
  • Խուսափեք սադրիչ երեխաների ծնողների հետ անմիջական կապից . դա կարող է բարդեցնել իրադրությունը: Փոխարենը կարելի է որպես միջնորդ ներգրավել դպրոցին, կամ այլ պաշտոնատար անձանց:

Մարիա Աբրահամյան

Օգտագործված աղբյուրը` stopbullying.gov