Մարդկության պատմության մեջ  սեռականության թեման միշտ արդիական է եղել և ուսումնասիրությունների թիրախ է հանդիսացել: Ուսումնասիրությունների և գիտության զարգացման շնորհիվ շատ հարցեր գտել են իրենց պատասխանները, շատ երևույթների բացատրություն է տրվել:

Սեռականությանն առնչվող երևույթներից մեկն էլ սեռական խանգարումները կամ դիսֆունկցիաներն են: Դրանք սահմանվում են որպես սեքսուալ ցիկլի, սեռական նույնացման, սեռական նախընտրության և կողմնորոշման խանգարումները։

Սեռական խանգարումների դասակարգման ամենահիմնավոր աղբյուրը Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիայի կողմից մշակված Ախտորոշիչ ձեռնարկներն են։

1994թ-ին լույս տեսավ Ախտորոշիչ ձեռնարկի վերջին տարբերակը՝ Հոգեկան հիվանդությունների ախտորոշման և վիճակագրության ուղեցույց – IV, որտեղ ներկայացված սեռական խանգարումների դասակարգումը մինչ օրս համարվում է աշխարհում ամենատարածված և ամենաստույգ ախտորոշիչ սկզբնակետը։

Սեռական խանգարում ունենալը չի նշանակում, որ, ի սկզբանե, մարդը տարօրինակ է, տարբերվում է այլ մարդկանցից, «շեղված է» և այլն. ուղղակի, որոշակի ոչ բարենպաստ պայմանների (սոցիալ-հոգեբանական, ֆիզիոլոգիական և այլն) առկայության դեպքում մարդու մոտ կարող են նկատվել սեռական ցիկլի խանգարումներ: Սակայն դրանք հարատև չեն և կարող են բուժվել ցանկության դեպքում:

Սեռական խանգարումների հիմնական պատճառները երեքն են` ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական:

Ֆիզիոլոգիական. անհատի օրգանիզմի անոմալիաները, օրինակ` հորմոնային անհավասարակշռությունը, որոնք կարող են առաջացնել սեռական ցանկության բացակայություն, սեռական հարաբերությունների ժամանակ ցավ և այլն:

Հոգեբանական. այն զգացումները, մտքերն ու ընկալումներն են, որոնք  կարող են սեռական խնդիրներ առաջացնել: Դրանք կարող են լինել, օրինակ, զուգընկերոջ նկատմամբ բացասական տրամադրվածությունը, անցյալի տխուր իրադարձությունները, սեռական հարաբերության շուրջ վախերն ու սահմանփակումները:

Սոցիալական. կարող են լինել կրթության կամ դաստիարակության միջոցով ստացած ստանդարտներն ու արժեքները, զուգընկերոջ վարքից բխող տրավմատիկ պահերը, սթրեսային գործոնները, ինչպիսիք են` գործազրկությունը, ֆինանսական ծանր վիճակը, սեփական մարմնի մասին սակավ տեղեկացվածությունը և այլն:

Սեռական խանգարումները բաժանվում են մի քանի խմբի՝

  • հոգեսեռական դիսֆունկցիաներ,
  • պարաֆիլիաներ,
  • սեռական նույնականացման խանգարումներ,
  • այլ սեռական խանգարումներ:

Հոգեսեռական խանգարումներն առաջանում են որոշակի սոցիալ-հոգեբանական կամ ֆիզիոլոգիական խնդիրների ներգործության արդյունքում: Դրանք հնարավոր է կանխարգելել կամ բուժել համապատասխան բժիշկների օգնությանը դիմելով:

Սեռական նույնականացման խանգարումները բնութագրվում են վերագրված հոգեսոցիալ սեռից դժգոհության և մյուս սեռի հոգեսոցիալ կարգավիճակ ստանձնելու ցանկությամբ։ Սեռական նույնականացումը կին կամ տղամարդ լինելու գիտակցումն է, կանացիության կամ առնականության ներքին զգացողությունը։

Պարաֆիլիաները լինում են  8 ձևերի, որոնց ժամանակ պարբերաբար դիտվում են ուժգին սեռական գրգռում առաջացնող երևակայություններ, հակումներ կամ գործողություններ, ընդ որում՝

  • սեռական ակտիվությունը ներառում է անշունչ առարկա,
  • դիտվում է ինքնախարազանում կամ ուրիշի անձի նվաստացում,
  • ընդգրկված է երեխա կամ համաձայնություն չտված այլ անձ։

Պարաֆիլիա ախտորոշվում է այն դեպքում, երբ սեռական գրգռում առաջացնող երևակայությունները կամ գործողությունները առկա են անձի մոտ առնվազն 6 ամիս և, ինչպես բոլոր սեռական խանգարումների դեպքում, հարուցում են լուրջ անձնային կամ միջանձնային խնդիրներ։ Շատ պարաֆիլիաներ ընդգրկում են անթույլատրելի վարքաձևեր, որոնք ենթակա են օրինապահ մարմինների կողմից վերահսկողության:

Պարաֆիլիաների համառոտ նկարագրությունը՝

  1. էքսհիբիցիոնիզմ` անծանոթ մարդկանց սեփական սեռական օրգանների ցուցադրումը
  2. ֆետիշիզմ` սեռական բավարարման նպատակով անշունչ առարկայի օգտագործումը
  3. ֆրոտերիզմ` անծանոթ մարդուն շոշափելը կամ քսվելը
  4. պեդոֆիլիա` սեռական հարաբերություն երեխայի կամ անչափահասի հետ
  5. սեքսուալ մազոխիզմ` սեռական հաճույք ստանալը նվաստանալու, կապկպված, ծեծված լինելու կամ այլևայլ տանջանքների և տառապանքների ենթարկվելու միջոցով
  6. սեքսուալ սադիզմ` սեռական հաճույք ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելիս
  7. տրանսվեստային ֆետիշիզմ` հետերոսեքսուալ տղամարդու սեռական գրգռում հակառակ սեռի հագուստ կրելիս
  8. վուայերիզմ` սեռական գրգռման առաջացում սեռական հարաբերությամբ զբաղվող մերկ մարդկանց դիտելիս։

Պարաֆիլիաների մասին տեղեկացվածության պակասը շատ կարծրատիպերի և թյուր տեղեկատվության հիմք են հանդիսանում: Մասնավորապես` պարաֆիլիաները նույնացվում են սեռական կողմնորոշման հետ: Օրինակ` պեդոֆիլներին նույնացնում են նույնասեռականների հետ` դրանով իսկ ստեղծելով նախապաշարմունք և խտրական վերաբերմունք նույնասեռականների նկատմամբ: Մինչդեռ պեդոֆիլիան կապված չէ սեռական կողմնորոշման հետ, ինչը նշանակում է, որ երեխաների նկատմամբ սեռական հակում կարող է ունենալ և´ նույնասեռականը, և´ տարասեռականը:

Ի միջի այլոց, շատ պեդոֆիլներ կամ մանկապիղծներ տարասեռական են:

Նույնասեռականությունը կամ հոմոսեքսուալությունը երկար տարիներ գտնվել է պարաֆիլիաների շարքում, որը և, հնարավոր է, որ շատ կարծրատիպերի հիմք է հանդիսացել: Սակայն տարիների ընթացքում և գիտության զարգացման շնորհիվ ապացուցվեց, որ նույնասեռականությունը սեռական շեղում չէ: Այն սեռական կողմնորոշման տեսակ է, ինչպես օրինակ տարասեռականությունը` հետերոսեքսուալությունը:

Պետք է տարանջատել սեռական կողմնորոշումն ու սեռական շեղումը, քանի որ սեռական կողմնորոշումը յուրաքանչյուր անձին բնորոշ հատկանիշ է և հնարավոր չէ փոփոխել, իսկ սեռական շեղումը որոշակի սոցիալ-հոգեբանական, ֆիզիոլոգիական պայմանների արդյունք է, և այն հնարավոր է բուժել: Սակայն շատ դեպքերում բուժումը չի իրականացվում, քանի որ պարաֆիլը ցանկություն չի ունենում դիմելու բժշկի:

Կա նաև մի մոտեցում, ըստ որի պարաֆիլիա ունեցող անձիք հանդուրժելի են այնքան ժամանակ, մինչև չեն խախտում այլ մարդկանց իրավունքները:

Հետաքրքրական է այն փաստը, որ սեռականության շուրջ գիտությունը հիմնված է տղամարդ պացիենտների ուսումնասիրությունների վրա` համարելով կանանց սեռականությունը տղամարդկանց սեռականության մաս:

Լուսինե Սաղումյան

Աղբյուրները`
http://med-practic.com/arm/517/28/view_axtanish.html
http://www.medindia.net/patients/patientinfo/sexual-deviance.htm
http://psychcentral.com/sex
http://web4health.info/en/answers/sex-gen-causes.htm