ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր. սա այն օրն է, երբ աշխարհը կրում է կարմիր ժապավեն և քայլեր է ձեռնարկում ՁԻԱՀ-ը կանգնեցնելու համար:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համ-աշխարհային օր. սա այն օրն է, երբ ոչ բոլոր հայերը, սակայն մի քանի հասարակական կազմակերպություններ բարձրաձայնում են համաշխարհային հիմնահարցը մեր երկրում: 2008 թ.-ից ի վեր այս կազմակերպությունները աշխատում են միասին, անցկացնում միացյալ միջոցառումներ և ստեղծում ամուր ներուժ ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկման, կանխարգելման, բուժման, խնամքի և մարդու իրավունքների պաշտպանության համար:
2010 թ.-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Առաքելություն Արևելք հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղական կազմակերպություններն անցկացրին միացյալ հանրային միջոցառում` նվիրված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Միջոցառումը անցկացվեց ՁԻԱՀ-ի համաշխարհային արշավի «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» խորագրի ներքո: «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Դրական մարդկանց հայկական ցանց», «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն», «Կրթություն հանուն առողջության պահպանման», «Հայկական կարմիր խաչի ընկերություն» և «Առողջապահություն, տեղեկատվություն, վիճակագրություն» կազմակերպությունները միասին մշակեցին գրքույկ, որտեղ զետեղված են մարդու իրավունքների ոտնահարումների մասին պատմող պատմություններ` ուղղված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, տղամարդկանց, ովքեր սեռահարաբերություն են ունենում տղամարդկանց հետ, մարմնավաճառության մեջ ներգրավված մարդկանց, միգրանտների, ներարկային թմրադեղ օգտագործողների և կանանց, այն խնդիրներին, որոնց նրանք հանդիպում են ընտանիքում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակության մեջ: Գրքույկները բաժանվեցին լրագրողներին, խորհրդարանականներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և մյուս հյուրերին` դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի մամլո ասուլիսի ժամանակ:

Այդ օրը` երեկոյան, կազմակերպվել էր նաև երթ, որն անցավ Երևանի կենտրոնական փողոցներով` բաժանելով տեղեկատվական նյութեր, ինչպես նաև միջոցառման ընթացքում ժամանակ առ ժամանակ իրականացնելով ֆլեշմոբեր: Երթի առջևից մասնակիցները տանում էին փուչիկներից պատրաստված մեծ կարմիր ժապավեն:

Նախորդ տարիներին անցորդ երիտասարդ-ները հարցնում էին. «Ինչո՞ւ եք այս միջոցառումը կազմակերպել, չէ՞ որ Հայաստանում ՁԻԱՀ չկա»: Ի համեմատություն այդ իրավիճակին` այժմ մարդիկ ավելի իրազեկված են:

ՄԻԱՎ-ի կանխարգելման համար անհրաժեշտ 3 հիմնական քայլերն են. իրազեկում, ջատագովում և պաշտպանված վարքագիծ: Եթե մենք գիտենք ՄԻԱՎ-ի, ինչպես նաև դրա տարածման ճանապարհների և կանխարգելման մասին, հարց է ծագում արդյոք դրսևորու՞մ ենք պաշտպանված վարքագիծ: Դա է պատճառը, որ դեռ շատ անելիք ունենք ռիսկային վարքագիծը կանխելու համար: Եվ ի՞նչն է ամենակարևորը. երբեք չլռենք ու խոսենք այդ ամենի մասին, հարցնենք, եթե չգիտեք, իրազեկ լինելու դեպքում` տեղեկացնենք մյուսներին, պաշտպանենք մեր իրավունքները և օգնենք ջատագովել այլոց իրավուքները ևս:

Մամիկոն Հովսեփյան