Սպարտակ Շահբազյանը խաչմերուկումներում կռիվ էր անում․ չէր թողնում, որ նստարաններն ու  աղբամանները հեռացնեն փողոցից, հետո վազում էր խաչմերուկի մյուս կողմն ու նստում մեքենայի դիմաց, վերջը հասնում էր իր ուզածին․ փողոցը փակ էր մնում։

«Մարդկանց մեծ մասը, երբ մեքենան իրանց վրա էր քշում, իրանք դիմացից էն կողմ էին գնում, բայց մեր համայնքի դեպքում էդքան էլ տենց չէր: Իրանք թռնում էին մեքենայի վրա ու չէին թողնում անցնի։ Մի քանի անգամ ինձ հետ էղել ա, որ մեքենան վրաս քշի թռնեմ կապոտի վրա, չթողնեմ անցնի»։

20-ամյա ծրագրավորողը շարժմանը միացել է ապրիլի 16-ից․ մինչ այդ երկրում չէր։ Ասում է, որ դուրս էր եկել փողոց, քանի որ նախորդ վարչակարգի ժամանակ անելանելի վիճակ էր, ու քայլ էր արվել խնդիրները լուծելու համար, որոնք նրա մեջ կուտակվել էին թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես նույնասեռական մարդ:

Սպարտակն անընդհատ կռիվների մեջ էր վարորդների հետ

Նա հիշում է, որ փողոց փակելիս երբեմն այնքան էր անդրդվելի, որ այլ ցուցարարներ էին հանգստացնում նրան, որ մի քիչ զիջի դիրքերը․ «Մի գազել էր անցնում, որն իրա ասելով փչացող ապրանք էր տանում ու հրաժարվում էր բացել ցույց տար մեզ, որ իրոք փչացող ապրանք ա։ Ես էլ ասում էի՝ չէ, չես անցնելու, եթե ապրանքդ փչացող ա, օքեյ, ցույց տուր, մենք քեզ թողենք, բայց եթե աթոռ ես տանում, էդ աթոռը կարա մի ժամ սպասի։ Տենց քշեց վրես, չթողեցի։ Հետո ուրիշ ցուցարարներ ինձ տարան էդ մեքենայից էն կողմ, որտև չէին ուզում հետը գլուխ դնեին, որտև զգում էին, որ ագրեսիվ ա»։ 

Սպարտակին դուր էր գալիս շարժման այս ձևը, քանի որ զգում էր, որ իր լուման է ներդնում հաջողության հասնելու համար, իսկ «Էլեկտրիկ Երևանի ժամանակ դու կանգնած էիր ամբոխում ու որևիցե բան անելու պատասխանատվություն չէիր զգում»։  Նաև ասում է, որ այսպիսի շարժումը հատկապես ԼԳԲՏ մարդկանց համար էր կարևոր, քանի որ․ «Շարժումը անհատի շուրջ ա էղել․ ամեն մեկս կարող էինք գնալ ու փողոց փակել, դա ամեն մարդու ուժ էր տալիս, ամեն մեկին ձայն էր տալիս։ Հասարակության բոլոր շերտերը վեր կացան ու կարողացան ամեն մեկն իրա խնդրով գա։ ԼԳԲՏ համայնքը, քանի որ շատ խնդիրներ ունի, էս շարժումը շատ լավ հարթակ ա էղել, որ մենք կարողանանք համախմբվենք ու մեր պահանջները բարձրաձայնենք»։

Ընթացքում էլ ուղիղ եթեր էր մտնում

 

 

 

 

 

 

Ու, թեև նա նշում է, որ իր խոսելու ձևից կարելի է ենթադրել, որ նույնասեռական է, իսկ երբ խմբով էին, ավելի բացահայտ էր, որ ԼԳԲՏ մարդիկ են, բայց ոչ ոք երբևէ դրան ուշադրություն չի դարձրել, որովհետև «Իրանք ընկալում էին ԼԳԲՏ համայնքին որպես իրանց մի մաս, որպես շարժման մի մաս, ու իմ միակ վախն ա, որ էդ մթնոլորտն էս ավելի հանգիստ շրջանում չդադարի, որ մարդիկ չմոռանան, որ ԼԳԲՏ համայնքը էղել ա շարժման մեջ ու կա ու լինելու ա»։

Սպարտակը նաև նկատել է, որ այն խմբերը, որոնք ԼԳԲՏ մարդկանց դեմ են խոսում, ցույցերի ժամանակ լուռ էին, դրա համար վստահ է, որ այդ խմբերին նախկին իշխանությունն էր ուղղորդում․ «ԼԳԲՏ դրոշ ենք բարձրացրել Արգենտինայի դեսպանատան վրա, ձայն չհանեցին, իսկ անցած տարի՝ Բրիտանիայի դեպքում դուրս էկան ցույց արեցին»։ 

Նոր իշխանություններից նա կտրուկ փոփոխություններ չի ակնկալում, բայց հավատացած է, որ եթե կառավարությունն աջակցի ԼԳԲՏ մարդկանց, այլ ուժեր չեն կարող օգտագործել իրենց դեմ , քանի որ, նշում է նա, ցույցերին մասնակցելու երեխաների հարցը փորձեցին օգտագործել․ չստացվեց։ Ղարաբաղի հարցը փորձեցին օգտագործել․ չստացվեց։ Իսկ հիմա ձևավորվել է այնպիսի կառավարություն, ասում է նա, որոնք ներառականության, հավասարության ու հանդուրժողականության կողմնակից են․  «ԼԳԲՏ մարդիկ իրանց ձայնը, իրանց քայլը, իրանց կամքը արտահայտել ու տվել ա էս կառավարությանը ու հիմա իրանք պետք է մեր շահերն էլ պաշտպանեն»։

 Հովհաննես Իշխանյան