Դիանա Կարապետյանի ընկերուհին չէր ուզում, որ նա մասնակցի ցույցերին․ փոփոխության ակնկալիք չուներ ու չէր էլ ուզում, որ իշխանությունը փոխվի ու կարծում էր, որ իր զուգընկերն անիմաստ էներգիա է ծախսում։ Բայց Դիանայի համար կարևոր էր, որ մարդիկ հավատան իրենց ուժերին․ «Եթե ինչ-որ մեկն ասում էր՝ ոչ մի բան էլ չի փոխվի, ասում էի՝ օքեյ, եթե անգամ չփոխվի, ես ուզում եմ տեսնեմ, որ իմ ժողովուրդն ինչ-որ քայլ անում ա, եթե էս անգամ չփոխվի, հաջորդ անգամ կփոխվի»:

Դիանան Ֆրանսիայի հրապարակը փակելուց սկսած մասնակցել է շարժմանը: Փակում էր Աբովյան-Մոսկովյան, Պուշկին-Մաշտոց, Թումանյան-Աբովյան խաչմերուկները, Վազգեն Սարգսյան փողոցում կանգնել է զրահամեքենայի դիմաց՝ թույլ չտալով անցնել․ «Չէի էլ սպասում, որ շատ մարդ լինի, որ փակենք։ Մի հինգ վեց հոգով սկսում էինք մարդկանց հավաքել ու փակում էինք։ Կամ գնում կանգնում էի մի տեղ, որտեղ քիչ մարդ կա ու փոստեր էի գրում, որ մարդիկ գան, միանան»։

Փողոց փակելը միակ պատճառը չէր, որ Դիանան ընդհարումներ էր ունենում, խնդիրներ էին լինում իր տեսքի համար ևս։ 21-ամյա ակտիվիստը հիշում է, երբ իր արտաքինի համար նրան ոստիկանները կամ վարորդները վիրավորում էին, անծանոթ ցուցարարներն էին պաշտպանում։

Օրինակ․ «Մի կին էկավ, ասում ա՝ բացեք, ես պիտի գնամ հրապարակ Նիկոլի մոտ, ասեցինք՝ ոնց մնացածի համար ա փակ, նենց էլ ձեր համար։ Սկսեց գոռգոռալ ու վիրավորել սաղին, հետո ես մոտեցա, ասեցի՝ տիկին, էսքան խոսելու փոխարեն, արդեն ոտքով կգնայիր։ Ինձ ասեց՝ այ, լիրբ, հըլը մի հատ գնա քեզ հայելու մեջ նայի։ Ես ձեն չհանեցի, մի կին սկսեց ինձ պաշտպանել կողքից, որ ինչ իրավունք ունես իրա արտաքինի հետ կապված բան ասես»։

Կամ․ «17 տարեկան տղա էր կորել։ Մայրը ոստիկանին հարցնում էր, թե ոնց գտնի տղային, որովհետև ինչ ոստիկանական բաժանմունք դիմում էր, ոչ մեկը ոչ մի խաբար չուներ։ Էդ ոստիկանը շուռ էկավ ասեց՝ լավ ծնող լինեիք, որ ձեր տղան չկորեր։ Ես էլ ասեցի՝ ոստիկանների պատճառով ա կորել, որովհետև առանց ինչ-որ բան ասելու հավաքում, տանում են, անգամ անչափահասների։ Ինքն էլ սենց կատաղած շուռ էկավ, ասեց՝ դու գնա էդ ունքիդ վրինը հանի, նոր կխոսանք։ Մեկ էլ մի անծանոթ պապի, ասեց՝ քեզ էդ վերաբերո՞ւմ ա, թե իրա ունքի վրա ինչ ա կախած, էդ քո իրավասությունների մեջ չի։ Ոստիկանն էլ թողեց գնաց»։

               Ոստիկանն ասաց․ «էդ ունքիդ վրինը հանի, նոր կխոսանք»

Իսկ Մաշտոց-Պուշկին խաչմերուկը փակելիս ոստիկանը Դիանային հարցնում է՝ դու աղջի՞կ ես, թե՞ տղա․ «Կողքս մի անծանոթ կին էր, ասեց՝ բայց ձեր ի՞նչ գործն ա ինքը աղջիկ ա, թե տղա։ Էդ ոստիկանն ասեց՝ որ իմանամ ոնց դիմեմ։ Կինն ասեց՝ ձեզ էդ չպետք ա հետաքրքրի, որովհետև դուք պետք ա դիմեք հարգելի քաղաքացի»։

Նա նաև պատմում է, որ մարդիկ, որոնք ԼԳԲՏ անձանց հետ փողոց էին փակում, միշտ համերաշխ էին, ու երբեք որևէ խնդիր չի եղել, նույնիսկ, երբ նույնասեռական տղաներն իրենց ազատ էին պահում․ «Կարմիր բերետավորներն, էկել էին տղերքից մեկը գոռաց՝ քաղցրիկներս, մենք ձեզ կսպասենք։ Մեզ հետ էլ անծանոթ տղաներ կային, իրանք ուղղակի ժպտում, ծիծաղում էին»։ Նաև մի տղա ուշադիր սկսել էր ուսումնասիրել համայնքին ու հարցրել Դիանային, թե ձեր մոտ խա՞ռն է, տղաներն աղջիկների նման են, աղջիկները տղաների՞․ «ասում եմ՝ դե ոնց տենում ես։ Ասում ա՝ բայց կայֆ ա, համ էլ ինձ դուր են գալիս տենց ինքնուրույն աղջիկներ։ Տղերքի պահով ոչ մի ավելորդ բան չասեց»։

Դիանան ընկերների հետ տոնում է Սերժ Սարգսյանի հրաժարականը

Դիանան պնդում է, որ եթե իր սեռական կողմնորոշման հարցը չլիներ, նա այդ ժամանակ էլ դուրս կգար պայքարելու, բայց ճնշված խմբից լինելն ավելի էր իրեն մոտիվացնում․ «ԼԳԲՏ համայնքը հոգնել ա ապրել էս համակարգի մեջ։ Թիրախային խմբեր կան, որ ճնշված են, բայց մարդիկ չեն ասում՝ լավ ա, որ իրանց ճնշում են, իսկ ԼԳԲՏ մարդկանց ասում են՝ լավ ա, որ ճնշում են։ Երբ դու կողքից աջակցություն չունես, ու միշտ ինքդ ես փորձել քո իրավունքները պաշտպանել, հասկանում ես, որ եթե դու հիմա ինչ-որ բան չփոխես, մնալու ես նույն լճացած համակարգի մեջ»։ 

Ապրիլին Դիանայի ընկերուհու ծնունդն էր, որն ուզում էր, որ ամբողջ օրը միասին անցկացնեն, բայց Դիանան ուզում էր համատեղել ծնունդն ու ցույցերը, դրա համար վիճեցին։ Իսկ վեճերից մեկի ժամանակ էլ փողոցում մի անծանոթ զույգ է մոտենում նրանց ու ասում․ «Այ մարդ, հեղափոխություն ա, սիրեք իրար, մի կռվեք»։

Հովհաննես Իշխանյան