Caspar_David_Friedrich_-_Wanderer_above_the_sea_of_fog

Կասպար Դավիդ Ֆրիդրիխ – Մառախլապատ ծովի ճամփորդը

24-ամյա Դավիթի` ընտանիքի առջև ազնվանալը (սեռական կողնորոշումը բացահայտելը) տևել է երկու ամիս: Սկզբում նա խոստովանել է իր զարմիկներին, ապա մոր ու հոր եղբայր-քույրերին, և վերջում` անմիջական ընտանիքին:

«Ինքս ինձ ասում էի, որ ընտանիքս պատրաստ չէ իմ ազնվանալուն, ու նրանց համար դա մեծ ցնցում կլինի, բայց իրականում ես էի, որ պատրաստ չէր: Վախը, որ չգիտես, թե ինչ կլինի հաջորդ պահին, ինձ անընդհատ հետ էր պահում»,- ասում է Դավիթը` հիշելով, որ ամենաշատը վախենում էր մորն ասելուց, -«Մի գիշեր մորս հետ նստած էի բազմոցին ու միակ բանը, որի մասին մտածում էի, այն էր, թե ինչպես եմ ատում իմ ամենամոտ մարդկանցից իրական դեմքս թաքցնելը, այնպես որ որոշեցի հաղթահարել վախս ու ասացի նրան»:

Մայրը նորմալ է ընդունում լուրը, թեև Դավիթը ավելի վատ արձագանք էր սպասում հենց տարեց սերնդից` մորաքրոջից, մորեղբորից, մորից, բայց նրանցից ոչ ոք խնդիր չուներ:

Հարցին, թե ազնվանալը կարևո՞ր է, Դավիթը պատասխանում է, -«Անկասկած: Ազնվանալն ինձ անչափ խաղաղություն ու երջանկություն է բերել, որը ես չէի ունենա, եթե իմ ընտանիքից թաքցնեի ինքնությունս: Իհարկե, ես հասկանում եմ, որ ազնվանալու ոչ բոլոր պամություններն են ավարտվում իմինի պես, ու կարող է լուրջ վտանգ լինել մարդկանց կյանքին ու բարեկեցությանը, այնպես որ, ես, բնավ, չեմ ասում, որ բոլորը հենց այս պահին պետք է ազնվանան իրենց ընտանիքներում, ու ամեն ինչ լավ կլինի»:  

Ի տարբերություն Դավիթի մոր, Դիանայի մայրը միանգամից չի համակերպվել դստեր նույնասեռական լինելու փաստին:

Դիանան 17 տարեկան էր, երբ որոշեց մոր հետ ազնվորեն խոսել: Թեև երկու տարի շարունակ մայրն ինչ-որ կասկածներ ուներ նրա սեռականության վերաբերյալ, բայց լսելով լուրը` արտասվել էր: 

Ժամանակի ընթացքում նրանք սկսել են ավելի ազատ խոսել Դիանայի կողմնորոշման մասին և, ի վերջո, նա ստացել է մոր աջակցությունը. «Նա պաշտպանում է ինձ մորաքույրներիս և ընտանիքիս մյուս անդամիների քննադատություններից»,- ասում է 18-ամյա Դիանան ու կատակում, որ մայրը հետաքրքրվում է իր ընկերուհիներով:

2015թ. հոկտեմբերին, երբ մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին «Ծիածան» ԼԳԲՏ համաժողովի մասնակիցների լուսանկարը, որի մեջ կար նաև Դիանան, նրա մորն անհանգստացնում էր, որ ամբողջ ընտանիքը կարող է իմանալ: Ընտանիքն իմացավ, բայց մայրը շարունակեց պաշտպանել դստերը:

22-ամյա Արայի մայրն, իմանալով, որ որդին գեյ է անհանգստացել էր ոչ թե որդու սեռական կողմնորոշումից, այլ որ զավակն ապրում է չափազանց հոմոֆոբ հասարակությունում, ինչը կարող է վնասել իր տղային: Նա սկզբում ազնվացել է ընկերների մոտ և, ի վերջո, մոր մոտ, երբ 21 տարեկան էր:

«Աջակցել, աջակցել, աջակցել, աջակցել, աջակցել, աջակցել»,- ասում է Արայի մայրը (նա հրաժարվել է անունը հրապարակելուց), -«աջակցությունն ամենամեծ նվերն է, որ ծնողը կարող է տալ իր երեխային»:

Հարցին, թե ինչ զգաց, երբ որդին ազնվացավ, պատասխանում է. «Ինձ համար դա թեթևություն էր, քանի որ դրանից հետո նա իրեն ինձ հետ կարող էր հանգիստ զգալ, այլ ոչ թե անպաշտպան»:

Արայի մայրն ասում է, որ թեպետ ինքը միշտ էլ գիտեր, որ որդին գեյ է, սակայն նույնիսկ ազնվանալուց հետո իրեն իրավունք չէր վերապահում ուրիշներին ասել, մասնավորապես` հորը:

«Ինձ համար դա մեծ ցնցում չէր: Ես բազմաթիվ գեյ ընկերներ ունեմ ու իմ մի քանի ամենամոտ ընկերներն են գեյ: Բայց ինձ համար, ամենադժվարն այն էր, որ չէի կարող խոսել ամուսնուս հետ, իսկ ընտանիքում մենք գաղտնիքներ չունենք: Բայց ես իմ իրավունքը չէի համարում Արայի կողմնորոշումը բացահայտելը, դա պետք է Արան աներ»:

2015թ. Նոր տարվա գիշերը Արան ազնվանում է նաև հորը. «Նա նույնպես ասաց, որ ոչ մի խնդիր չկա: Տարիների ընթացքում նրանք ԼԳԲՏ բազմաթիվ ընկերներ են ձեռք բերել: Նրանք շատ լայնախոհ են: Իմ ծնողները լիովին ընդունեցին ինձ: Ես նույնիսկ իմ ընկերոջ հետ էի ապրում [Երևանում]»,- պատմում է նա:

Արան 13 տարեկանից գիտեր, որ գեյ է, բայց ասում է, որ իր համար եղելությունն ընդունելը դժվար է եղել ու ժամանակին կարծել է, թե Հայաստանում բացի իրենից այլ գեյեր չկան:

Արայի մայրը որդուն ծանոթացրեց ԼԳԲՏ հարցերով զբաղվող Փինք Արմենիա կազմակերպությանը, որպեսզի որդին տեղյակ լինի այն խնդիրներին, որոնք առկա են ԼԳԲՏ մարդկանց կյանքում, ու որպեսզի նա իրեն ապահով զգա:

«Երբ նա ազնվացավ, շատ տխուր էր»,- հիշում է մայրը, -«Մենք նստեցինք, զրուցեցինք ամեն ինչի մասին, հարաբերություններից մինչև սեքս, խոսեցինք խնդիրների մասին, որոնց բախվում է գեյ համայնքը: Ես նաև ուզում էի, որ Փինք գա ու լսի նույն իրավիճակում գտնվող այլ մարդկանց պատմությունները: Մի բան է, երբ մայրդ է այս ամենի մասին խոսում, ու դու մտածում ես, որ մայրդ հետերոսեքսուալի դիրքերից է խոսում, այլ բան, երբ ԼԳԲՏ մարդիկ են իրավիճակի մասին խոսում: Ու հա, ես գեյ չեմ, ես չեմ կարող խոսել` իմ փորձից ելնելով»:

Ծնողներին, որոնց երեխաները հնարավոր է` ազնվանան, Արայի մայրը խորհուրդ է տալիս. «Խոսեք ձեր երեխաների հետ, խոսեք ու խոսեք ու խոսեք: Ու երբ ասում եմ խոսեք, պետք է խոսել, բայց մեծ մասամբ պետք է լսել: Դատապարտողի կեցվածք երբեք չպետք է ընդունել: Սա հիվանդություն չէ, սա ընտրություն չէ»,-  ասում է նա` ավելացնելով, որ երեխաները ծնողների ստրուկը չեն, նրանք անհատական մարդկային արարածներ են, որոնք մի օր մեծանալու են ինքնուրույն անձ դառնան, ունենան իրենց մտքերը, -«Հայաստանում գեյ լինելը հեշտ չէ, իսկ ծնողն ուզում է, որ իր երեխան բամբակի, հնարավորությունների, բարեհաճության մեջ ապրի, վարդերով անկողնու մեջ ապրի: Բայց կյանքը միշտ վարդերով անկողին չէ, երբեմն վարդերը փշոտ են: Դուք միշտ այս կամ այն բանից կհիասթափվեք, բայց պետք է միշտ հիշել, որ ծնողի պարտքն է աջակցող լինել իր երեխային, հատկապես հուզական առումով»:

Արան այլևս Հայաստանում չի ապրում, նրա հայրը նույնպես մտահոգված էր, որ տղայի համար բարդ կլինի ապրել գեյերին ատող հասարակության մեջ. «Հայրս հարցրեց` արդյոք իմ սեռական կողմնորոշումն է պատճառը, որ ես ուզում գնալ Հայաստանից: Ասացի, որ հիմնական պատճառը չէ, բայց գործոններից մեկն է»:

Այժմ Արայի ընտանիքի մեծ մասը տեղյակ է նրա կողմնորոշումից ու, ինչպես նա է ասում, նույնասեռական լինելը նրանք չեն համարում մի բան, որը պետք է ընդունեն կամ չընդունեն, ընդամենը գիտակցում են, որ որոշ մարդիկ պարզապես գեյ են:

Նանա Շախնազարյան

Գայլ Խանդիկյան