India-Conversion-Therapy10 տարի առաջ ձմռանն էր, Վարդանը (անունը փոխված է նրա ցանկությամբ) տնից փող էր վերցրել ու փախել Մոսկվա: Էնտեղ ոչ ծանոթ ուներ, ոչ բարեկամ, բայց իր փրկությունը Հայաստանից հեռու էր տեսնում ու Մոսկվայի -20 աստիճանից ցածր սառնամանիքին դուրսն էր գիշերում:

«Գիտեի Հայաստան ուր էլ գնամ հայրս ինձ կգտնի, ուր էլ գնամ ինձ չեն օգնի»:

Գիշերը 4-ի կողմերն էր, Երևանի փողոցներում Վարդանի հայրը նրան ծեծել, ամբողջ երեսը արյունլվա էր արել, շորերը պատռել:

Վարդանը ուշ էր գնում տուն, գիշերն անցկացնում էր ինտերնետ սրճարանում, ինչից նրա հայրը ենթադրել էր, որ տղան կամ կազինոներում է խաղում կամ թմրանյութ է օգտագործում.

«Եթե դրանցից մեկը լիներ, ինքը խնդիր չէր ունենա»:

Ծեծուջարդված հասնում է տուն, որոշում է խոստովանել. «Մտածեցի` ծնողներս են պատմեմ, ինչ ուզում ա լինի»,- ու Վարդանն ասում է` «ես գեյ եմ»:

«Ես էդպիսի շատ ընկերներ, կոլեգաներ ունեմ», – լուրն ընդունում է Վարդանի հայրը, – «բայց իմ տղեն չի կարա տենց լինի: Էդ ոնց որ իկռա լինի` կարմիր իկռա շատ ես ուտում, սև իկռա ես փորձում»:

Ու որ որդին հորը խայտառակ չանի, նույն օրը Վարդանին տանում է «բուժելու»` հետերոսքեսուալ դարձնելու` Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ, «Նևրոզների կլինիկա»-ի տնօրեն  Ցոլակ Հակոբյանի մոտ:

Հակոբյանը հոմոսեքսուալության պարագայում «բուժել» բառը գործածելը ճիշտ չի համարում, «օգնություն տրամադրել» է ասում. «Եկել է մարդն ու ասում է` ինձ հետաքրքրում են տղամարդիկ և ես դժվարություններ ունեմ կյանքում, ես ուզում եմ լինել այնպես, ինչպես ուրիշներն են, ուզում եմ ընտանիք ստեղծել, ուզում եմ երեխաներ ունենալ: Մենք նրան նորից սովորեցնում ենք սիրել կանանց»:

Թե ինչպես են սովորեցնում, չասաց, ասաց` «մասնագիտական գաղտնիք է», սակայն նշեց, որ փուլերով է ու առաջին փուլում բարձրացնում են անձի ինքնագնահատականը: Իսկ աղջկա նկարնե՞ր էլ են ցույց տալիս. «էնտեղ շատ բաներ կան», – պատասխանեց: Ասաց, որ հոգեթերապևտիկ ազդեցությամբ է արվում, դեղեր չեն նշանակում, գործընթացը տևում է 2-3 ամիս, երբեմն 4-6 (կարծում է, որ տևողությունը կարող է հոմոսեքսուալության «ստաժից» կախված լինել): Նաև ընդգծեց, որ «բուժումը» ստացիոնար է:

Մի քանի ժամ հերթում սպասելուց հետո, հայր ու որդի մտնում են Հակոբյանի մոտ.

«Սովորած տղա ա», – հայրը ասում է իր 22-ամյա ասպիրանտուրայում սովորող որդու մասին, ինչին, Վարդանի պատմելով, Հակոբյանը պատասխանում է. «Ինչին ա պետք իրա սովորելը, եթե քեզ չի կարա երեխա պարգևի», – ու ուղարկում է այլ` կին թերապևտի մոտ, որտեղ Վարդանը պատմում է իր մանկությունից, որպեսզի թերապևտը. «Կարծինան ներկայացնի  (ընդհանուր պատկերը) Ցոլակին: Էդպես էին ասում», – հիշում է Վարդանը:

 Կնոջ մոտից դուրս են գալիս, նորից հերթ կանգնում:

«Կանգնած ենք ու էս բժիշկը բոլոր քույրերին ասում ա` վա~յ, չես պատկերացնի, թե ինչ ծանր դեպք ունենք, ու ինձ ա ցույց տալիս, բոլորը նայում են վրես, թե ես ինչ ծանր դեպք եմ», – հիշում է Վարդանը, – «Մտնում ենք ներս, մի հատ ուրիշ բժշկուհի նստած ինչ-որ բաներ ա գրի առնում, [Հակոբյանը] նույնիսկ չի խնդրում, որ ինքը դուրս գա, ու [կին թերապևտը] Ցոլակին պատմում ա [իմ պատմածը]»:

«Հետո Ցոլակին ժուռնալիստ ա զանգում ու հետաքրքրվում ա, արդյո՞ք ինքը բուժում ա գեյերին, թե չէ: Ինքը սկսում ա պատմել, որ հա, կան շատ դեպքեր, մեր մոտ բուժում ենք»:

Հակոբյանն ասում է, որ հարցով իրեն 20 հոգի է դիմել, որոնցից 4-ը` երկու գեյ, երկու լեսբի, ընթացքում հրաժարվել են շարունակել, իսկ 16-ի դեպքում` բոլորը գեյ, 100%-անոց հաջողության են հասել: Սակայն նշում է, որ հաջողություն ասվածը չի նշանակում հետերոքսուալ դարձնել.

«Ուղղակի հեռացել են հոմոսեքսուալիզմի դիրքերից: Մի շարք մեթոդներ են մշակված եղել տարբեր երկրներում, մենք էլ օգտագործել ենք ադապտացված տեսակը, որի ժամանակ, տղամարդը սկսում է սիրել կնոջը, սկսում է հետաքրքրվել կնոջ մարմնով», – բացատրում է նա:

Հակոբյանը Վարդանին ևս ասել էր, որ չի կարող իրեն հետերոսեքսուալ դարձնել, բայց կարող է այնպես անել, որ կանանց հետ սեքս ունենա, որ ընտանիք կազմի, երեխաներ ունենա.

«Ես ունեցել եմ ընկերուհիներ, ես ունեցել եմ սեքս, ինձ համար դա խնդիր չի եղել, սեքսուալ բավարարում ստացել եմ, բայց իմը չի եղել, իրանց թվում էր` ես սեքս չեմ կարա ունենամ ու իրանք ինչ-որ ձևով բերեն նրան, որ ես կարենամ», – ասում է Վարդանը:

Վարդանը հիշում է, որ եթե ինքը համաձայներ «բուժվել», պետք է մի քանի ամիս մնար հիվանդանոցում:

«Ես պետք ա համաձայնություն տամ, որ պառկեմ հիվանդանոցում, բայց հետո չեմ կարա իմ կամքով դուրս գամ մինչև բժիշկը չասի` վսյո, ինքը բուժվել ա»:

Վարդանը չի համաձայնում «բուժվել». «Ես էդ ժամանակ շատ էի կարդացել ու գիտեի, որ էդ հնարավոր չի»: Հակոբյանը դուրս է գալիս, որ հորն ու որդուն առաձին խոսելու հնարավորություն տա ու, տեսնելով, որ Վարդանը ծեծված է, խնդրում է` «իրան շատ ուժեղ մի ծեծեք»:

«Հայրս սկսում ա էլի ինձ խփել, ասում ա` ինձնից կհրաժարվի, եթե ես չուզեմ, ինձ նման տղա պետք չի»

Հակոբյանը հետ է գալիս` լսելով, որ Վարդանը շարունակում է հրաժարվել 24 ժամ ժամանակ է տալիս` մտածելու. «Եթե որոշեք ուզում եք փոխվեք էկեք, եթե չէ աստված ձեզ հետ», – ասում է Հակոբյանը:

Տունդարձի ճամփին` մեքենայի մեջ հայրը շարունակում է ծեծել որդուն. «150-ի վրա գնում էինք, դուռը բացեցի, ասեցի` չես ուզում ես ինձ ստեղից գցում եմ»:

Բայց չի գցում: Տանը սպասում է, որ մի պահ հայրը հեռանա տնից, ինքն էլ հեռանում է երկրից: Այդ օրվանից մինչև հիմա Վարդանը հորը ոչ տեսել է, ոչ շփվել հետը:

Հակոբյանը 2000-ականներից նման «օգնություն» չի տրամադրում: «Չեն գալիս», – ասում է, բացատրում նրանով, որ մարդիկ այժմ հարմարվում են իրենց սեռական կողմնորոշմանը:

Իր սեռական կողմնորոշմանը չէր հարմարվում 26 –ամյա Արմանը: 18 տարեկան էր, երբ տանջվելով իր ինքնությունից`գեյ լինելուց, դիմել էր հոգեբանի օգնությանը` սեռական կողմնորոշումը փոխելու.

«Հոգեբանն ինձ նախօրոք ասեց` ես ոչ մի գառանտիա չեմ տալիս, էս իմ առաջին դեպքն ա»

Նույնասեռականների հետ աշխատելու 6 տարվա փորձ ունեցող հոգեբան Իզաբելլա Ղազարյանը նկատել է, որ մարդու սեռական կողմնորոշումը հնարավոր չէ փոխել. «Կոնվերսիոն թերապիան («դարձի թերապիա», երբ փորձում են փոխել անձի սեռական կողմնորոշումը) շատ քննադատության ա ենթարկվել և ամբողջ աշխարհում կրոնական ուղղություններին զուգահեռ ինչ-որ մասնագետներ են աշխատում»:

Սեռական կողմնորոշումը կամ հակառակ սեռի նկատմամբ գրավչություն առաջացնելու փոխարեն, Ղազարյանը առաջարկում է նախ ապահով միջավայր ստեղծել այցելուի համար.

«Հոգեթերապևտի դերը` լինել ընդունող ու աջակցող և ջերմ: Ջերմությունը կարևոր ա, որովհետև էդ մարդիկ առաջինը զրկվում են հուզական աջակցությունից ու իզոլացվում են կամ զգում են իրենց իզոլացված, այսինքն` ստեղծել այդ ջերմ միջավայրը, որ ինքը կողմնորոշվի ու հասկանա»:

Արմանի այցելությունները հոգեբանի մոտ ամիսներ են տևում: Հոգեբանն ուսումնասիրում է Արմանի մանկությունը, ընտանիքի մեջ ունեցած հարաբերությունները, հոր ու մոր հետ հարաբերությունները, հասարակությունում ունեցած դիրքը: Ութ ամիս անց գալիս են արդյունքի.

 «Ինքն ինձ ավելի շատ հանգստացրեց, այսինքն` ես ինձ սկսեցի ընդունել: Էդ կուրսերն ինձ տվեցին ինքնավստահություն, ինքնավստահությունն օգնեց ինձ, որ բանակ գնամ: Էրկու տարի ծառայել եմ նորմալ, առանց խնդրի»:

Արմանն ու Վարդանը նույն սեռի նկատմամբ գրավչությունը բացահայտել են մանկության տարիներին:

Վարդանը հիշում է, որ մանկապարտեզում էր հավանել մի տղայի. «Մանկապարտեզի նկար կար, որ էրկու-էրկու կանգնացնում էին ու միշտ աղջիկ-տղա, ես մի մեծ կռիվ սարքեցի, որ ես էդ տղու հետ պետք ա նկարվեմ: Երևի 12-13 տարեկան էի, որ հստակ գիտեի կողմնորոշմանս մասին ու հասկանում էի, թե ինչու էի մանկապարտեզում ուզում էդ տղայի հետ նկարվել»:

Արմանն ասում է, որ ինչ հիշում է իրեն տղաների հանդեպ է գացմունքներ ունեցել. «14 տարեկանում տանջանք էր ինձ մոտ, ուժեղ ցանկություն էր, տենց ցանկություն մենակ էդ տարիքում ա լինում, հետո չի լինում, կոնկրետ սեռական ցանկության մասին ա խոսքը, կոնկրետ քո նմանի հետ շփվելու, տալ առնելու, ջերմություն տալ ստանալու մասին ա խոսքը»:

Թե´ Արմանը, թե´ Վարդանը ժխտում են, որ հնարավոր էր որևէ կերպ փոխել իրենց սեռական կողմնորոշումը: Մաթեմատիկոս Արմանն ասում է.

«Եթե կա խնդիր, ուրեմն խնդիրը պետք ա ունենա լուծում, ու մարդ պետք ա ընկնի էդ լուծումը գտնի, բայց սա էդ դեպքը չէր, որ թղթի վրա գրիչով գրում ես` խնդիրն էս ինչն ա, պիտի լուծման գանք էս ինչ տարբերակով, արդյունքը` էս պիտի լինի, չէ, էս էդ դեպքը չէր: Պիտի էս ամեն ինչի միջով անցնեի, որ հասկանայի»:

Վարդանի վրա ծանր է նստել իրենց հարևանի դեպքը, որի սեռական կողմնորոշումը փորձել էին փոխել. «Շատ սիրուն, արտակարգ տղա էր, աշխույժ, կյանքով լի: Հետո պարզվեց, որ ինքը գեյ ա ու իրան տարան բուժելու, հետո ինքը վերադարձավ, ու նենց տպավորություն էր, որ էդ տղայի կյանքը մեջից հանել են, ոնց որ մի տասը տարի մեծացած լիներ, ամբողջ օրը եկեղեցում էր ու ոչ մեկի հետ չէր խոսում»:

32-ամյա Վարդանը այժմ ապրում ու աշխատում է Գերմանիայում: Նա 3 տարուց ավելի է ամուսնացած է գերմանացի տղամարդու հետ:

Հովհաննես Իշխանյան