2013-annual-report-arm2014 թվականի ապրիլին ՓԻՆՔ Արմենիան հրապարակեց ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների  իրադրության մասին իր տարեկան զեկույցը։

ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտման դեպքերը 2013 թվականին ևս շատ մտահոգիչ են եղել։ Խախտումները լայնածավալ են և ընդգրկում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Ընտանիքը, կրթական և առողջապահական հաստատությունները, ոստիկանությունն ու զինված ուժերը հիմնական ոլորտներն են, որտեղ խախտվում են ԼԳԲՏ անձանց հիմնարար իրավունքները։ Հայաստանում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնությանն առնչվող խնդիրները հիմնականում դիտարկվում են միմիայն բացասական տեսանկյունից, ԼԳԲՏ անձանց  իրավունքների պաշտպանները դիտարկվում են որպես «ազգի դավաճաններ», իսկ ԼԳԲՏ անձանց ներկայացնում են որպես հասարակության թշնամիներ: Արդյունքում, հասարակական կյանքի ցանկացած ոլորտ ԼԳԲՏ  անձանց համար դառնում է խտրականության, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի, բռնության կիրառման վայր: ԼԳԲՏ անձանց և նրանց աջակիցների նկատմամբ ճնշումները դիտարկվում են որպես նոր մարտահրավերներ, որոնք, սակայն, դեռևս ամբողջականորեն հակադարձված չեն: Պաշտոնատար անձանց կողմից արված հայտարարությունները միմիայն նպաստում են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների ոտնահարմանը՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:

Ստորագրած լինելով մի շարք հռչակագրեր և համաձայնագրեր՝ այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը ձախողել է հասցեագրել և լուծել գենդերի և սեռական կողմնորոշման հիմքով խտրականության հարցերը: Ավելին, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հասարակության մեջ նաև առկա խնդրի շուրջ գիտելիքների բացակայությունը և այս ամենի հետ կապված իրազեկվածությունը կաղում է: Արդյունքում, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև նրանց պաշտպանների մարդու իրավունքները ոտնահարվում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Սույն զեկույցը ամփոփում է ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարման հասարակական և կարևոր դեպքերը, միջոցառումները, որոնք տեղի են ունեցել 2013 թվականին: Մասնավորապես զեկույցում ամփոփված են ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների ոտնահարման, ինչպես նաև ֆիզիկական բռնությունների դեպքերը, ԼԳԲՏ հարցերի մանիպուլյացիան բոլոր ընտրությունների նախընտրական և հետընտրական քարոզարշավների ժամանակ, անպատժելիության մթնոլորտը, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի իրացման գործընթացում թերությունները, օրենսդրական նախաձեռնությունները, Սփյուռքի ներգրավվածությունը, ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների պաշտպանության շուրջ միջազգային կազմակերպությունների հանձնարարականները, «Գենդերային հավասարության» օրենքի շուրջ ծավալված հիստերիան, ԼԳԲՏ անձանց ներգրավվածությունը այլ նախաձեռնություններում, ինչպես է մեդիան լուսաբանում ԼԳԲՏ հարցերը, ինչպես նաև առհասարակ անդրադարձ է արվում հոմոֆոբիային և տրանսֆոբիայի երևույթներին։

2013թ-ի ընթացքում Հայաստանը հետընթաց է ապրել հանդուրժողականության տեսանկյունից, որը պարբերաբար բարձրաձայնվել է, և ավելին, ձախողվել է գենդերային հավասարության շուրջ ձևավորված համազգային բանավեճի ընթացքում:  Միևնույն ժամանակ, պետական պաշտոնյաները թողություն են տալիս ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված բռնի արարքներին՝ բնութագրելով բռնությունը որպես «ազգային արժեքների» պաշտպանություն:

լուսանկարը` Նորա Կայսերյանի

լուսանկարը` Նորա Կայսերյանի

ԼԳԲՏ անձանց հանդեպ ֆիզիկական բռնություն

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը հիմնականում հիմնված են ատելության վրա` պայմանավորված անձի սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ: Բոլոր դեպքերում բռնությունը նախաձեռնվել և իրականացվել է բռնարարի կողմից, որն ուղեկցվել է բռնության տարբեր ձևերով` ներառյալ ծեծ, մարմնական վնասվածքի պատճառում, զենքի գործադրմամբ բռնություն, բռնություն կիրառելու սպառնալիք, բռնություն չկիրառելու, շանտաժի, հետապնդման և այլ ձևեր:

Մարդու իրավունքների պաշտպան

«Կոմայգու այլասերվածությունը վերացնելը անհրաժեշտ է. հնարավոր է. եվրոպական է: Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական»,– ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան։

Մեդիա

ԶԼՄ–ներում նույնասեռական անձանց մասին հրապարակումները հիմնականում մանիպուլյացիոն բնույթ են կրում, տեղեկատվության կեղծման տարբեր ռազմավարություններ են կիրառվում, որպեսզի այդպիսով փոփոխեն ընթերցողների ընկալումը: Հայկական իրականությունում մեդիայի տարբեր աղբյուրներ հաճախ ստեղծում են կեղծ պատմություններ, որոնք վերաբերում են որոշակի միջոցառումների, որոնք դեռ պետք է տեղի ունենան, կամ ԼԳԲՏ անձանց մասնավոր կյանքի մասին են՝ առաջացնելու սոցիալական լարվածություն, ինչն էլ իր հերթին ստեղծում է անհանգստության և լարվածության միջավայր շատ ԼԳԲՏ անձանց համար: ԼԳԲՏ-ին առնչվող հոդվածների տակ մեկնաբանությունները շատ հաճախ կրում են վիրավորական և հայհոյական, արժանապատվությունը նսեմացնող բնույթ, ինչպես նաև կարող են պարունակել ուղղակի և ոչ ուղղակի սպառնալիքներ ԼԳԲՏ համայնքի հանդեպ. դրանք գրեթե երբեք չեն խմբագրվում կայքերի ադմինիստրատորների կողմից:

Հակա-ԼԳԲՏ օրենսդրության առաջարկի մասին Հյուման Րայթս Վոտչ կազմակերպության նամակը ՀՀ նախագահին

Յուրաքանչյուր գործողություն, որը կսահմանափակի ԼԳԲՏ անձանց ազատ արտահայտումը կամ միություններ կազմելու ազատությունը՝ հիմնված նրանց սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա, հետագայում իր ազդեցությունը կունենա Հայաստանի կառավարության անհամապատասխանությանը իր կողմից ստանձնած պարտավորություններին՝ խթանելու հանդուրժողականություն ԼԳԲՏ անձանց հանդեպ և ցանկացած տեսակի խտրականության բացառում: Դրանով նրանք նաև թողություն են տալիս հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի տարածմանը, ինչն էլ նպաստում է ատելության և բռնության մշակույթի տարածմանը։

Պետական պաշտոնյաները ատելության կոչերի տարածողներ

«Հայ երիտասարդությունը ժողովրդին ավելի մեծ օգուտ կտա, եթե պայքարի ոչ թե տրանսպորտի ուղեվարձի թանկացման, այլ սեռական փոքրամասնությունների դեմ»,– Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյան։

Նվարդ Մարգարյան