Դուք իրավունք ունեք ցավից չտառապել, քանի որ չբուժված ցավը օրինականացված խոշտանգում է: 

Համաձայն 2008 թվականի սեպտեմբեր ամսվա Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության  հաշվարկների` աշխարհի բնակչության մոտավորապես 80 տոկոսն ընդհանրապես չունի կամ բավարար հնարավորություն չունի բուժում ստանալ և ազատվել միջին աստիճանի և սաստիկ ցավերից: Հաշվարկներից նաև պարզ է դառնում, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ, այդ թվում մոտավորապես թվով չորս միլիոնի հասնող քաղցկեղով տառապող և 0.8 միլիոն ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ իրենց կյանքի վերջում բուժում չստանալու արդյունքում տանջվում են սաստիկ ցավերից:

Ցավը էվոլյուցիոն տեսակետից մարդկության հնագույն պաշտպանողական մեխանիզմներից մեկն է, որն ուղղված է ցավ առաջացնող վնասող գործոնը վերացնելուն, կամ դրանից խուսափելուն: Ցավը տհաճ հոգեհուզական և վարքային զգացողություն է, որի ծագումը պայմանավորված է հյուսվածքների իրական կամ հնարավոր վնասման հետ: Ցավի առանձնահատկությունը և ուժգնությունը կախված են վնասվածքի տեղակայումից և բնույթից: Ցավը բազմաթիվ սուր և քրոնիկ հիվանդությունների ախտանիշ է, սակայն կան իրավիճակներ, երբ ցավը դառնում է համախտանիշ` վերածվելով ինքնուրույն հիվանդության: Այն անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա` ներազդելով սիրտ-անոթային, շնչառական և մնացած օրգան- համակարգերի աշխատանքի վրա` զգալիորեն խափանելով օրգանիզմի աշխատանքը: Երկարատև, չբուժված ցավը բացասաբար է  անդրադառնոմ անձի ոչ միայն առողջության վրա, այլ նաև կյանքի որակի վրա: Այն առաջացնում է հոգեկան ընկճվածություն,  տրամադրության անկում, խափանում է անձի աշխատունակությունը` կտրելով նրան ակտիվ հասարակական կյանքից:

Համաձայն Հայաստանի կարիքների գնահատման տվյալների` թվով գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի: Սակայն ցավը մեղմացնող մորֆինի պակասի պատճառով քրոնիկական և կյանքը կարճացնող հիվանդություններով տառապող հիվանդները ստիպված են իզուր տանջվել ցավից:

Համաձայն միևնույն աղբյուրից ստացված տեղեկատվության` գոյություն չունի որևէ իրավական կառույց, որը հնարավորություն է տալիս ստանալ ցավի մեղմացման միջոցներ և պալիատիվ խնամք: Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քաղցկեղից և այլ կյանքը սահամանփակող հիվանդություններից, որոնք զուգակցվում են ուժգին և անտանելի ցավերով: Ցավը ամիսներով, եթե ոչ տարիներով գամում է հիվանդին անկողնին: Հաճախ հիվանդությունը աստիճանաբ­­­­ար զարգանալով իրենից հետո թողնում է մի մեծ տափաստան, որի անունն է անտանելի ցավ, որը հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար դառնում է կատարյալ դժոխք:

Ամբողջ աշխարհում վաղուց օգտվում են Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից մշակված և ընդունված ցավի բուժման եռաստիճանային ուղեցույցներից, որոնք նախատեսված են հիվանդությունների բուժման համար: Այդ տեղեկությունները հասանելի են ամենուրեք` և´ պարբերականներում, և´ համացանցում, դրանք իրենցից գաղտնիք չեն ներկայացնում: Կրկին հարց է ծագում՝ ինչու՞ հիվանդները պատշաճ կերպով չեն բուժվում և շարունակում են տառապել սաստիկ ցավերից: Հավանաբար, խնդիրը ոչ թե բժիշկների անգթությունն է և ոչ էլ այնքան նրանց գիտելիքների և փորձառության բացակայությունը: Ամբողջ խնդիրը թմրադեղերի վերաբերյալ ձևավորված կարծրատիպն է և վախը, որ այդ միջոցների նշանակման պատճառով կարող է ավելանալ թմրանյութ օգտագործող մարդկանց թիվը: Հասարակության մեջ ձևավորված է օփիոֆոբիա (թմրավախություն): Իհարկե, չի կարելի բացառել այդ հնարավորությունը, բայց  դրանք աչքի կաթիլ են նարկոտրաֆիկի հսկայական քանակների համեմատ: Այդ իսկ պատճառով ուժային կառույցները շատ մանրազնին ստուգում են բուժհաստատություններն ու բուժաշխատողներին: Հետվիրահատական շրջանում մեկ ներարկում անելու համար բազմաթիվ մատյաններ և տեղեկանքներ են լրացվում, ընդ որում ներարկումը կարելի է իրականացնել միայն բժիշկի ներկայությամբ: Այնուհետև բազմաթիվ նշումներ են արվում տարբեր փաստաթղթերում, հրավիրվում հանձնաժողովներ սրվակները ոչնչացնելու համար, իսկ թմրանյութ օգտագործող մարդիկ ինչպես ձեռք էին բերում թմրադեղերը, այդպես էլ շարունակում են: Իսկ այն հիվանդը, որը սաստիկ տառապում էր ցավերից, այդպես էլ մնում է առանց ցավազրկման:

Ցավը մեղմացնող ափիոն ստանալու հնարավորությունը կարևոր գործոն է որակյալ պալիատիվ խնամք ցուցաբերելու ծրագրի իրականացման համար և կարող է փոխել Հայաստանում ապրող և մահացու հիվանդությամբ տառապող շատ մարդկանց կյանքը և ազատել նրանց ցավից:

Կան շատ գործոններ, որոնք խոչընդոտ են հանդիսանում հիվանդներին ցավազրկող դեղերով ապահովելու համար: Այդ գործոններն են`

  • իրավական և կանոնակարգող ընթացակարգային նորմերի սահմանափակումներ,
  • առողջապահական ասպարեզում աշխատողների ոչ բավականաչափ գործնական գիտելիքներ,
  • մշակութային սխալ մոտեցում ցավի, պալիատիվ խնամքի և անցավ արժանապատիվ կյանք վարելու հիվանդի իրավունքի նկատմամբ,
  • չարդարացված և չափազանցրած օրենքի ուժի կիրառումը դեղեր օգտագործելու հնարավորության և չարաշահման հավանականության պատճառով որակյալ ցավի բուժման հաշվին,
  • հասարակության մեջ կրթության և իրազեկության  պակասը և ցավի ու հիվանդների իրավունքների մասին հասարակական քննարկումների ի սպառ բացակայումը:

Այս քարոզարշավի կողմնակից տարբեր կազմակերպություններ, անհատներ, խնամակալներ, հիվանդներ և առողջապահական համակարգի մասնագետներ համախմբել են հայկական հասարակությունը` ցույց տալու Հայաստանում պալիատիվ խնամք իրականացնելու համար ցավազրկող դեղերի հասանելիության կարևորությունը:

2012 թվականի ապրիլից հուլիս ամիսների ընթացքում իրականացվել են տարբեր միջոցառումներ` նպատակ ունենալով ներգրավել հասարակությանը երկխոսության մեջ այդ հարցի վերաբերյալ և տեղեկացնել բնակչությանը իրենց իրավունքների մասին: «Կյանքն առանց ցավի» տեղեկատվական նախաձեռնությանն աջակցում են «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» (ՓԻՆՔ Արմենիա), «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան», «Առողջապահական նախաձեռնությունների հայկական կենտրոն» կազմակերպությունները:

Ցավը և մահը անխուսափելի երևույթներ են, սակայն մարդու բացառիկ իրավունքն է հնարավորություն ունենալ անհրաժեշտության դեպքում պալիատիվ խնամք ստանալ և օգտվել ցավը մեղմացնող դեղերից: Մենք պարտավոր ենք հարգել և ապահովել կարիք ունեցող հիվանդի իրավունքը, նրան արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն տալ:

Նվարդ Մարգարյան