Rainbow cake

2012թ. սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը իրականացրեց ԼԳԲՏ անձանց իրավունքների մոնիթորինգ:

Մոնիթորինգն ուղղված է Հայաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների շուրջ իրադրության ուսումնասիրությանը՝ կենտրանանալով վերջին երկու տարիների վրա: Սույն մոնիթորինգը նպատակ ունի համալրելու «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կողմից նախկինում արված երկու հետազությունները, որոնք իրականացվել են «Մենք և մեր իրավունքները» ծրագրի շրջանակներում:

Մոնիթորինգի ընթացքում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումները ուսումնասիրվել են հասարակական կյանքի այնպիսի ոլորտներում և ինստիտուտներում, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը, ընտանիքը, առողջապահական համակարգը, ոստիկանությունը, բանակը, կրոնը և սոցիալական շրջապատը:

Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 111 մարդ, որոնցից 13-ը իգական և 98-ը արական սեռի ներկայացուցիչներ են:

Հետազոտության վերլուծության ընթացքում մի քանի հետաքրքիր մանրամասներ դուրս բերվեցին տարբեր ուսումնասիրվող ոլորտներում ԼԳԲՏ անձանց իրավունքների ոտնահարումների մասին:

Կրթություն

ԼԳԲՏ անձանց մոտ գերակշռում է վախը առ այն, որ նրանց հանդեպ խտրականությունը անխուսափելի է, եթե ուսումնական հաստատությունում իմանան վերջիններիս սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին: Ընդ որում, ուսումնական հաստատություններում ԼԳԲՏ անձիք ավելի շատ խտրականության են ենթարկվում այլ ուսանողների կողմից:

Կրթական հաստատություններում խտրականության ամենից շատ հանդիպող ձևը, ըստ հարցվածների, ատելության կոչերն են, որոնք հնչել են իրենց հասցեին՝ ելնելով նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից (այսուհետ` ՍԿԳԻ): Հետաքրքրական է այն, որ սահմանափակում կա նույնիսկ գիտահետազոտական աշխատանքներում ԼԳԲՏ թեմաներն արծարծելու հետ կապված: Այս ամենից հետևում է, որ նույնիսկ անհատական աշխատանքների տնօրինման հարցում ուսանողը սահմանափակված է, իսկ ԼԳԲՏ անձանց վերաբերող թեմաները դեռևս անթույլատրելի են համարվում ուսումնական հաստատություններում:

Զբաղվածություն

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ԼԳԲՏ անձիք ոչ մի խնդիր չունեն աշխատանքային ոլորտում, քանի որ ՍԿԳԻ-ի հիմքով խտրականությունը, կարծես թե, հիմնականում բացակայում է: Սակայն այս երևույթին այլ բացատրություն կա: Հարցվածների գերակշռող մեծամասնությունը ՍԿԳԻ-ն աշխատանքի վայրում մշտապես թաքցնելու անհրաժեշտություն է զգում: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մասնավոր ոլորտում աշխատող հարցվածները ավելի հակված են թաքցնելու սեփական ՍԿԳԻ-ն (54%), քան մյուս ոլորտներում աշխատողները: Այս առումով, ավելի ազատ են հասարակական սեկտորում աշխատողները:

Ընտանիք

Ընտանիքներում ԼԳԲՏ անձիք նախընտրում են լռել իրենց ՍԿԳԻ մասին: Այսպես, հարցված ԼԳԲՏ անձանց կեսից ավելին՝ 54%-ը, չի բացահայտել իր ՍԿԳԻ-ն ընտանիքում, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏ անձանց մոտ գերակշռում է վախի զգացումը առ այն, որ նրանք խտրականության կենթարկվեն, կօտարվեն իրենց ընտանիքներից, եթե ընտանիքի անդամները իմանան նրանց ՍԿԳԻ մասին:

Ընտանիքում առավել հանդիպող խտրականության դրսևորումներից են հոգեբանական ճնշումները: Երկրորդ, առավել հաճախ հանդիպող խտրականության ձևը ընտանիքում ՍԿԳԻ-ն փոխելու ճնշումներն են: Եղել են նաև դեպքեր, երբ ԼԳԲՏ անձին տանից դուրս են հանել՝ իմանալով նրա ՍԿԳԻ մասին:

Առողջապահություն

Առողջապահական հաստատություններում ամենից շատ հանդիպող խտրականության ձևը անհարգալից, հեգնական վերաբերմունքն է:

Ոստիկանություն

Ոստիկանությունն այն կառույցներից է, որն անմիջականորեն կապ ունի խտրականության դեպքերի բացահայտման և դրանց շուրջ աշխատանքի հարցում: Միաժամանակ, այն նաև առանձին կառույց է հանդիսանում, որտեղ ևս ԼԳԲՏ անձիք հաճախ հանդիպում են խտրականության դրսևորման: Ոստիկանության կողմից ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության դրսևորման դեպքերը այլ ոլորտների հետ համեմատած ամենաշատն են:

Հարցված ԼԳԲՏ անձանց գրեթե կեսը՝ 41հոգի, հանդիպել է անհարգալից, հեգնական վերաբերմունքի ոստիկանության ներկայացուցչի կողմից: 21-ի նկատմամբ խիստ անձնական բնույթի հարցադրումներ են կատարել: Քիչ չեն նաև դեպքերը, երբ արձանագրություն չի կազմվել խախտված իրավունքի վերաբերյալ, երբ ԼԳԲՏ անձը դիմել է ոստիկանություն:

Բանակ

Հայաստանում ժամկետային զինվորական ծառայությունը պարտադիր է, ինչը նշանակում է, որ արական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ, ով պիտանի է զինվորական ծառայության, պետք է ծառայի հայկական բանակում: Ենթադրվում է, որ ԳԲՏ անձիք նույնպես պետք է ծառայություն անցնեն բանակում, սակայն եթե հայտնի է դառնում նրանց ՍԿԳԻ մասին, ապա նրանք ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից: Որպես պատճառ նշվում է տվյալ անձանց հոգեկան առողջության խնդիրներ ունենալը:

Այնուամենայնիվ, հարցված ԳԲՏ անձանցից 34-ը անցել է պարտադիր զինվորական ծառայության: 65 հարցված ԳԲՏ չի անցել պարտադիր զինվորական ծառայության, սակայն նրանցից միայն 13-ն են պատճառաբանել այն իրենց ՍԿԳԻ-ով: Քիչ չեն նաև դեպքերը, երբ զինվորական կոմիսարիատում, իմանալով անձի ՍԿԳԻ-ի մասին, նրա հանդեպ խտրական վերաբերմունք են ցուցաբերել:

Ինչպես և սպասելի էր, ԳԲՏ հարցվողներից 10-ը հայտնում են այն մասին, որ զինվորական կոմիսարիատում իրենց ՍԿԳԻ-ն դիտարկվել է որպես հիվանդություն:

Զինվորական կոմիսարիատում իրենց ՍԿԳԻ-ի մասին հայտնած 18 ԳԲՏ անձանց կեսից ավելին նկատել է, որ իր ՍԿԳԻ-ն զին. կոմիսարիատի աշխատակիցը քննարկել է այլ աշխատակիցների հետ՝ դրանով իսկ խախտելով նրա անձնական կյանքի իրավունքը: Անձնական կյանքի իրավունքի մեկ այլ խախտում էլ գրացնվել է 9 հարցվողների մոտ, երբ նրանց խիստ անձնական բնույթի հարցադրումներ են արել:

ԼԳԲՏ անձիք սեփական խոցելիությունը պայմանավորում են հասարակության լայն շերտերի իրազեկվածության պակասով, անհանդուժողականությամբ և ԼԳԲՏ անձանց գռեհիկ ու օրինախախտ վարքագծով:

Ընդհանուր առմամբ, ԼԳԲՏ անձիք իրենց երջանիկ են համարում, ունեն մտերիմ մարդիկ, շրջապատված են հարազատ մարդկանցով ու դատարկության զգացում չունեն:

Մարդու իրավունքերի ոտնահարումները հետազոտության արդյունքում քիչ թիվ են կազմում, և կարող է տպավորություն ստեղծվի, որ ԼԳԲՏ անձանց իրավունքները ամբողջովին պաշտպանված են: Սակայն սա պայմանավորված է նրանով, որ հիմնականում ԼԳԲՏ անձիք նախընտրում են թաքցնել իրենց ՍԿԳԻ-ն շրջապատից:

Լուսինե Սաղումյան