Իսկ ի՞նչ ես անում դու, որ խախտես լռությունը

1996 թվականին ԱՄՆ-ի Վերջինիա նահանգում առաջին անգամ անցկացված Լռության օրը դարձավ ուսանողների կողմից կազմակերպված ամենազանգվածային միջոցառումը, որը նպատակ ուներ անդրադառնալ կրթական հաստատություններում անհանդուրժողականության և խտրականության խնդիրներին և հիմնել ապահով կրթական հաստատություններ, որտեղ մարդիկ կլինեն հարգված և ընդունված` անկախ նրանց սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից:

Շատերն են լսել Լռության օրվա մասին, բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչու այն գոյություն ունի և ինչ խորհուրդ է կրում:

Սուրեն Մագաքյան, արշավ «Ոչ ատելությանը»

Լռության օրվա հիմնական նպատակը բռնությունների, անհանդուրժողականության, հետապնդումների, խտրականության խնդիրների վրա հասարակության ուշադրության սևեռումն ու դրանք վերացնելու նպատակով արդյունավետ պատասխան քայլերի մշակումն է: Լռության միջազգային օրն ուղղված է հասարակության լայն զանգվածներին և կոչված է մարդկանց ուշադրությունը սևեռելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով իրականացված հանցագործությունների, հոմոֆոբ արտահայտությունների և վիրավորանքների տարածման, վախեցնելու, ծաղրելու, ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, խտրականության և անհանդուրժողականության խնդիրներին: Ամեն տարի հազարավոր մարդիկ մասնակցում են Լռության օրվան նվիրված միջոցառումներին, որպեսզի էլ ավելի շատ մարդկանց ներգրավեն ուսումնական հաստատություններում  առկա հոմոֆոբիայի նվազեցման գործընթացին: Սա հնարավորություն է ցույց տալու, որ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն ԼԳԲՏ անձանց, այլ նաև մեզ, մեր ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և առանց բացառության հասարակության բոլոր խավերին:

Օրեցօր հազարավոր մարդիկ լռում են: Նրանք լռում են, որովհետև վախենում են: Լռում են, որովհետև նրանք այն են, ինչ կան: Նրանց շարքերում մեր եղբայրներն ու քույրերն են, մեր ծնողները, մեր ընկերներն ու աշխատակիցները, լռում են հոմոսեքսուալները և հետերոսեքսուալները, լռում ես դու, լռում եմ նաև ես: Սա բոլոր լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների լռությունն է խտրականության, բռնության, հետապնդումների մասին, ինչի հետ նրանք մշտապես բախվում են: Այդ օրը նրանց լռությունը լսելի կլինի ամբողջ աշխարհում: Աշխարհի տարբեր ծայրերում միլիոնավոր մարդիկ կլռեն` անկախ ազգությունից, դավանանքից, սեռից, տարիքից, մասնագիտությունից, սեռական կողմնորոշումից և այլ անձնային հատկանիշներից: Նրանք լռելու են, որովհետև համոզված են, որ հետապնդումներին ու խտրականությանը պետք է վերջ դնել:  Այն երկրներում, որտեղ ԼԳԲՏ անձանց իրավունքները համեմատաբար ավելի լավ են պաշտպանված, Լռության օրվա հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ուսումնական հաստատությունները դառնան առավել ապահով բոլորի համար (անկախ ազգությունից, սեռական կողմնորոշումից և այլ անձնային հատկանիշներից): Իսկ այն երկրներում, որտեղ ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանված չեն, Լռության օրը նվիրված է հոմոֆոբիայի և ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով իրականացվող հանցագործությունների կասեցման խնդրին: Ամբողջ աշխարհում մարդիկ մասնակցում են Լռության օրվան, որպեսզի լուսաբանեն այս խնդիրը և ԼԳԲՏ անձանց հնարավորություն տան զգալ, որ իրենք միայնակ չեն:

Ինչո՞ւ է վատ լռելը

Հասարակության մեջ առկա տարբեր տեսակի խտրականությունը և դրանց մասին լռելը կարող են բերել բռնության: Բռնությունը այն է, երբ քեզ ցավ են պատճառում. ցավ, որն անմարդկային է: Այն կարող է լինել հոգեբանական, կարող է լինել նաև ֆիզիկական` ծեծ կամ մահ:

Միայն պատկերացրու, որ մեկի եղբորը կարող են ծեծի ենթարկել այն բանի համար, որ նա «նման չէ» ուրիշներին (ոչ իր ընտրությամբ) կամ քրոջը, ընկերոջը, ընկերուհուն, ծնողներին: Երեխան կարող է ինքնասպան լինել, քանի որ նրան ծաղրում են համադասարանցիները: Այսպես կարելի է անվերջ թվել: Ի վերջո, դա կարող է սպառնալ նաև քեզ, ինչ-որ մեկը կարող է քեզ ծեծի ենթարկել այն բանի համար, որ դու «նման չես» իրեն: Իսկ բազմազանությունը մեր կյանքում այնքա~ն շատ է: Կյանքը հիասքանչ է իր բազմազանությամբ: Բռնության և ատելության յուրաքանչյուր դրսևորում, ուղղված այն մարդկանց, ովքեր «տարբերվում են» (տարբերվում են ազգությամբ, ռասայական և կրոնական պատկանելությամբ, սեռական կողմնորոշմամբ և այլն), խոսում է միայն տվյալ հասարակության հանդուրժողականության ցածր մակարդակի կամ դրա բացակայության մասին: Եվ այդ խնդրի մասին լռելն է հանգեցնում միայն այսօրինակ բռնության և խտրականության մակարդակի բարձրացմանը:

Հոմոֆոբիան վնասում է ոչ միայն ԼԳԲՏ անձանց: Հոմոֆոբիան խտրականության տեսակ է. խտրականություն` հիմնված անձի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա: Հասուն մարդիկ գիտակցում են, որ խտրականության կարող է ենթարկվել ցանկացած մարդ` որոշակի միջավայրում կամ ժամանակահատվածում, դրա համար այս միջոցառմանը մասնակցում են ոչ միայն ԼԳԲՏ անձինք, այլ նաև հետերոսոքսուալները, ովքեր հասկանում են, որ հոմոֆոբիան, վիրավորանքներն ու բռնությունը խարխլում են առողջ հասարակության հիմքերը: Խնդրի մասին չբարձրաձայնելը, այն չնկատելը միշտ բացասաբար է ազդում բոլոր այն մարդկանց վրա, ովքեր գտնվում են այդ խնդրահարույց իրավիճակում:

ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելությունը վտանգավոր է անխտիր բոլորի համար

Ահա այսպիսի բովանդակությամբ թռուցիկներ էին բաժանվել նախորդ տարի Լռության օրը Ռուսաստանում. «Խնդրում եմ, փորձեք հասկանալ, թե ինչու ես այսօր չեմ արտաբերում ոչ մի բառ: Ես մասնակցում եմ Լռության օրվան` միջազգային երիտասարդական բողոքի շարժմանը լռության դեմ, ինչին հանդիպում են ԼԳԲՏ անձիք և նրանց ընկերները: Իմ դիտավորյալ լռությունն արձագանքն է այն լռության, որն առաջանում է բռնության, հետապնդումների, նախապաշարմունքների ու խտրականության պատճառով: Ես հավատում եմ, որ վերջ տալով լռությանը, մենք կկատարենք մեր առաջին քայլն անարդարությունների դեմ պայքարելու գործում: Մտածեք այն ձայների մասին, որոնք Դուք հիմա չեք լսում և Ձեզ հետևյալ հարցը տվեք. «Իսկ ի՞նչ եմ անում ես, որ խախտեմ լռությունը» : Մտածեք այդ մասին…»

Կամո Դավթյան