Ներկայացնում ենք «Հելսինկյան Ասոցիացիայի» 2010թ. Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցից հատվածներ:
Զեկույցում նշվում է, որ կարելի է միանշանակորեն փաստել, որ Հայաստանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: 2010 թվականին Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես` փոփոխություններ են կատարվել Խոսքի ազատության և մամուլին առնչվող օրենսդրական դաշտում: Օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվել նաև «Ժողովներ, հավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում:

Խոսքի ազատություն և ԶԼՄ

Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատության իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Հոդված 27-ը ամրագրում է` «»Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով` անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է` Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»: 2010թ. Խոսքի ազատությանը առնչվող օրենսդրական դաշտում կատարվել են մի շարք փոփոխություններ: Փոփոխությունները, ըստ փորձագետների, ունեին և’ դրական, և’ բացասական կողմեր: Մասնավորապես`ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն լրագրողի աշխատանքին միջամտելու դեպքում:

Իրավապաշտպաններ

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը (ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում այլ անձանց հետ միավորումներ կազմելու և դրանց անդամագրվելու մարդու` սահմանադրորեն ամրագրված իրավունքն իրականացնելիս ծագող իրավահարաբերությունները` կապված հասարակական կազմակերպությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ: Օրենսդրությամբ չի նախատեսվում որևէ սահմանափակում մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություն ստեղծելու հարցերում, եթե վերջինիս նպատակները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը և սույն ոլորտը կարգավորող օրենսդրությանը:

2009թ. Հայաստանի իշխանությունների կողմից նախաձեռնվել էր փոփոխություններ կատարել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում: 2010թ. ապրիլի 15-ին Արդարադատության նախարարության կողմից ՀԿ-ներին ուղարկվեց արդեն վերամշակված օրինագիծը, ինչը նախարարությունը կատարել էր ՀԿ-ների առաջարկով: ՀԿ-ների կարծիքով, սակայն, վերամշակման դեպքում էլ ոչինչ չի փոխվել` վերստին մտահոգություն հայտնելով, որ նախատեսվող փոփոխությունները նպատակ են հետապնդում վերահսկողություն սահմանել հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ: Հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակ է հետապնդում նաև ՀՀ Կառավարության 2010թ. օգոստոսի 5-ի որոշման համաձայն ստեղծված ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի` օրենքով նախատեսված առանձին ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության տեսչությունը:

Խաղաղ հավաքներ

Համաձայն Սահմանադրության (հոդված 6)` ՀՀ-ում միջազգային պայմանագրերը Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են և դրանք գերակա են ազգային օրենքների նկատմամբ, հետևաբար «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվեցիայով (հոդված 11), «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով (հոդվածներ 21; 22) երաշխավորված ազատությունները չեն կարող սահմանափակվել ՀՀ ներքին օրենսդրությամբ:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդված, համաձայն որի. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Սահմանադրության 43-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի միջազգային պարտավորություններով սահմանված շրջանակները:

ԼԳԲՏ իրավունքներ

Համաձայն զեկույցի Հայաստանում շարունակվում է ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրասնգենդեր) անձանց իրավունքների ոտնահարումը: Չնայած ԼԳԲՏ անձիք շարունակվում են պարբերաբար ենթարկվել բռնությունների, նրանք բողոքներ չեն ներկայացնում` խուսափելով հրապարակայնությունից, հասարակության ծաղրանքին արժանանալուց և իրավապահ մարմինների կողմից կրկնակի բռնության ենթարկվելուց:

Հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք ներբեռնել Հելսինկյան ասոցիացիայի կայքից