Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանման` առողջությունը մարդու  լիարժեք ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ է, այլ ոչ թե միայն որոշակի հիվանդությունների կամ ֆիզիկական անբավարարությունների բացակայությունը: Առողջությունն ու բարեկեցությունը մարդու հիմնարար իրավունքներից են: Սակայն մինչ օրս բնակչության կրթվածության մակարդակը առողջության, առողջապահության, մարդու իրավունքների շուրջ բավականին ցածր է, իսկ պետական կառույցները ոչ միշտ են հետաքրքրված մարդու իրավունքների պաշտպանությամբ (հատկապես խնդիրն ավելի է խորանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության շրջանակներում), քանի որ դրանց իրականացումը պահանջում է համապատասխան ռեսուրսներ  և ջանքեր:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի 2006թ. բարձրաստիճան խորհրդաժողովի ընթացքում աշխարհի առաջնորդները վերահաստատեցին, որ «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ գլոբալ պայքարի կարևորագույն բաղադրիչ է մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը բոլոր անձանց համար»: «Մարդու իրավունքները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. այժմ` ավելի, քան երբևէ» հռչակագիրը հաստատում է, որ այժմ ավելի, քան երբևէ, մարդու իրավունքները պետք է առանցքային դեր կատարեն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում:

10 հիմնավորումներ այն մասին, թե ինչու պետք է ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում առանցքային տեղ զբաղեցնեն մարդու իրավունքները

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրման առանցքային հիմնավորումներն են.

  1. Առանց մարդու իրավունքների պաշտպանության երբևիցե հնարավոր չի լինի ապահովել համընդհանուր հասանելիություն:
    2006 թվականին համաշխարհային առաջնորդները հանձնառություն ստանձնեցին` ձեռնար-կելու բոլոր անհրաժեշտ գործողությունները` մինչև 2010 թվականը ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերի, բուժման, խնամքի և օժանդակության համընդհանուր հասանելիությունը երաշխավորելու համար: Սակայն, ՄԻԱՎ-ի ոլորտում մատուցվող ծառայությունները այսօր անհասանելի են այն մարդկանց, ովքեր ունեն այդ ծառայությունների կարիքը, ինչպես նաև խոցելի են ՄԻԱՎ-ի տեսանկյունից:
    – Կանայք և աղջիկները լայն տարածում ունեցող խտրականության և գենդերային հիմքով բռնության են ենթարկվում, այդ թվում` ամուսնության մեջ, որի հետևանքով նրանց պարագայում աճում է ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը և նվազում տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունը:
    – Երեխաները և երիտասարդները չեն կարող առանց սահմանափակումների ստանալ ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվություն, սեռական և կյանքի հմտությունների կրթություն:
    – ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերը, ինչպիսիք են տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, թմրադեղեր օգտագործող մարդիկ, սեռական ծառայություններ տրամադրողները, օտարվում են ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերից հասարակության բացասական վերաբերմունքի, խարանի և խտրականության, հասարակական բռնության պատճառով, ինչը հեռացնում է ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի ծառայությունները թիրախ խմբերից:
  2. Գենդերային անհավասարության պատճառով կանայք ավելի խոցելի են դառնում ՄԻԱՎ-ի նկատմամբ. այն  պետություններում, որտեղ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը ավելի բարձր է, վարակման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է կանանց և աղջիկների շրջանում:
    Սրա հիմնական պատճառը կանանց խորը քաղաքական, սոցիալական, տնտեսական և սեռական ստորադասումն է, որն արտացոլվում է օրենքում, մշակույթի և նրանց կենսակերպի մեջ: Սրան գումարվում է նաև հասարակության մեջ առկա խարանն ու խտրականությունը, բռնությունը հատկապես այն կանանց նկատմամբ, ովքեր այսօր ապրում են ՄԻԱՎ-ով:
  3. ՄԻԱՎ համաճարակի դեմ պայքարում մեծապես արհամարհվում են երիտասարդների և երեխաների իրավունքներն ու կարիքները, չնայած, որ բազմաթիվ վայրերում ՄԻԱՎ-ից ամենաշատը տուժում են հենց նրանք:
    ՄԻԱՎ-ի համաճարակը լայն տարածում ունի հատկապես երիտասարդների շրջանում: Աշխար-հով մեկ ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերի ավելի քան կեսը 15-ից 24 տարեկան երիտասարդների մոտ է: Չնայած հղիության և ծննդաբերության ընթացքում ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխելու` գիտականորեն ապացուցված մեթոդների առկա-յությանը, մտահոգիչ է նաև ՄԻԱՎ-ով ծնվող երեխաների թվաքանակն ամբողջ աշխարհում:
  4. ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ազգային ծրագրում ամենաքիչ ուշադրության արժանանում են նրանք, ովքեր ամենաշատն են տուժել ՄԻԱՎ-ից:
    Մեր հասարակությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ հատկապես խոցելի մարդիկ`  թմրանյութեր օգտագործող անձիք, սեռական ծառայություն տրամադրողները և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, և ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ սոցիալապես մարգինալացված են հասարակությունից, հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ենթարկվում եմ խտրականության, ատելության և բռնության, որն էլ անմիջականորեն նպաստում է նրանց օտարմանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրերից, բուժման և խնամքի ծառայություններից:
  5. Վտանգված է ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման և խնամքի արդյունավետ ծառայությունների կազմակերպումն ու իրականացումը:
    Բազմիցս ապացուցվել է, որ ՄԻԱՎ-ի ծրագրերն առավել արդյունավետ են այն դեպքում, երբ դրանց հիմքում մարդկանց կամավոր, իրազեկված և բաց ներգրավումն է: Ծառայություններն այս ոլորտում պետք է մարդկանց իրազեկեն և կրթեն ՄԻԱՎ-ի մասին, օգնեն առողջ ապրելակերպի սկզբունքների որդեգրմանը, կանխարգելման և խնամքի տարատեսակ արդյունավետ մեխանիզմներ առաջարկեն, որոնցում հաշվի կառնվեն նրանց կյանքի իրողությունները, և նրանց հնարավորություն կընձեռվի ընտրել արդյունավետ տարբերակները: Այնուամենայնիվ, հարկադրական և բոլորի համար միատեսակ մոտեցումները, նույն ծառայությունների մատուցումը բոլորին վտանգի են ենթարկում ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարը:
  6. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ակտիվիստները վտանգում են սեփական անվտանգությունը` պահանջելով, որպեսզի կառավարություններն ավելի հասանելի դարձնեն ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առնչությամբ տրամադրվող ծառայությունները:
    ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ծառայությունների հասանելիություն պահանջող ակտիվիստներին մի շարք պետություններում  սպառնում է գրաքննություն, զրպարտություն, բռնություն, ազատազրկում և այլ մեղադրանքներ սեփական կառավարությունների կողմից: Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների ստեղծումը սահմանափակող օրենքներն էլ ավելի են նվազեցրել տարբեր պետություններում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի հիմնավոր և արդյունավետ քաղաքականություն մշակելու գործընթացում անկախ ձայնով հանդես գալու` քաղաքացիական հասարակության հնարավորությունները:
  7. Հանրության առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է պաշտպանել մարդու իրավունքները:
    Հանրային առողջության պաշտպանությունը հնարավոր է միայն մարդու բոլոր իրավունքները պաշտպանելու միջոցով: Առաջնորդվելով այս իրողությամբ` մարդու իրավունքների ակտիվիստները մեծ նվաճումներ են արձանագրել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում. ՄԻԱՎ-ի կարգավիճակով պայմանավորված խտրականությունից զերծ մնալու իրավունքը, հիմնական բուժօգնության շրջանակներում բուժում ստանալու իրավունքը, ինչպես նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքը` մասնակցելու ՁԻԱՀ-ին առնչվող ծրագրերի և քաղաքականության մշակմանը: Մարդու իրավունքներն իսկապես շատ կարևոր են հանրային առողջության և ՄԻԱՎ-ի դեմ բարեհաջող պայքարի տեսանկյունից:
  8. ՁԻԱՀ-ը նետում է առանձնահատուկ մարտա-հրավերներ և պահանջում պայքարի բացառիկ միջոցառումներ:
    ՁԻԱՀ-ը ավելի լուրջ մարտահրավերներ է նետում կառավարություններին պատասխանատու և հաշվետու գործելակերպի առումով, քան մերօրյա որևէ այլ համաճարակ: Սեռական հարաբերությունների, արյան, հիվանդության և մահվան հետ կապված խորը վախերով և նախապաշարմունքների, ինչպես նաև ՄԻԱՎ-ը «վարքագծի շեղումների» և «անբարո» վարքի` օրինակ` արտաամուսնական սեռական կապի, տղամարդկանց միջև սեռական հարաբերության, թմրանյութերի օգտագործման հետ կապող ընկալումների պատճառով քաղաքական առաջնորդները խուսափում են համաճարակի դեմ պայքարելուց: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային գործընթացում անուշադրության են մատնվում նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, դեռահասների սեռականությունը և սեռական դաստիարակությունը, ոչ պակաս այն պատճառով, որ կանայք և երեխաները չեն տիրապետում քաղաքական ուժի իրենց խնդիրները օրակարգում արդի պահելու համար:
  9. ՄԻԱՎ-ի դեմ պայքարի «իրավունքակենտրոն» մոտեցումները պրակտիկ են և արդյունավետ:
    ՄԻԱՎ-ի դեմ պայքարում մարդու իրավունքների պաշտպանության արտացոլումը ոչ թե վերացական, այլև  իրական, գործնական, ծախսարդյունավետության տեսակետից հիմնավորված մոտեցում է: Օրինակ` Բրազիլիայում, որտեղ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանցքային բաղադրիչ է ճանաչվել մարդու իրավունքների պաշտպանությունը, համաճարակի տարածումը կամ կանգ է առել, կամ` դադարել է:
  10. Չնայած, որ այդ մասին շատ է խոսվում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրական գործողությունների ծավալը դեռ սահմանափակ է:
    ՄԻԱՎ-ի դեմ պայքարում մարդու իրավունքների նշանակությունը փաստաթղթի մակարդակով հստակորեն ձևակերպված է: Այնուամենայնիվ, պրակտիկայում մեծ ջանքեր չեն գործադրվել ՄԻԱՎ-ով ապրող, դրանից տուժող կամ դրանց նկատմամբ խոցելի անձանց իրավական պաշտպանության և իրավունքների պաշտպանության երաշխավորման ազգային ծրագրերի արժեքը հաշվարկելու, բյուջեներ նախատեսելու և իրագործելու ուղղությամբ:

Աշխարհի պետությունների միայն մեկ երրորդն է իրավական միջոցառումներ ձեռնարկել` ուղղակիորեն արգելելու խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի նկատմամբ:

Նվարդ Մարգարյան

«Մարդու իրավունքները և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը. այժմ` ավելի, քան երբևէ» հռչակագիրն ամբողջությամբ կարող եք ձեռք բերել «Բաց հասարակության հիմնադրամներից»