Ted Haggard

Թեդ  Հագգարդ

«Մենք չպետք է վիճենք նույնասեռականության շուրջ. դրա մասին գրված է Աստվածաշնչում»,- այս խոսքերի հեղինակը Ավետարանականների ազգային ասոցիացիայի նախկին առաջնորդ հովիվ Թեդ Հագգարդն է: 2006թ. նա հեռացավ իր պաշտոնից, երբ բացահայտվեց, որ 3 տարի մի տղամարդու վճարել է սեռական հարաբերություններ ունենալու համար:

2012թ. «Journal of Personality and Social Psychology» գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, ագրեսիվ հոմոֆոբ վարք ավելի հաճախ դրսևորում են մարդիկ, որոնք իրենց սեռակիցներով անգիտակցաբար հմայվում են: Հետազոտության համահեղինակ, Ռոչեսթեր համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Ռայանը «Live Science»-ի հետ զրույցում բացատրել էր.

«Երբեմն նրանք, ովքեր ճնշում են ուրիշներին, ճնշել են իրենք իրենց, և մենք կարող ենք նրանց նկատմամբ նույնպես կարեկցանք ունենալ. նրանք չեն ընդունում ուրիշներին, քանի որ իրենք իրենց չեն ընդունում»:

Ռայանը խորհուրդ էր տվել` եթե ինչ-որ խմբի նկատմամբ բնազդի վրա հենվելով եք արձագանքում, ինքներդ ձեզ հարցրեք, թե ինչու է այդպես, նման արձագանքը պետք է ինքնառեֆլեքսիայի առիթ լինի:

Աշխարհում նույնասեռականների դեմ պայքարող բազմաթիվ քաղաքական գործիչներ, հոգևորականներ, գիտնականներ, ակտիվիստներ կան, որոնց նույն սեռի նկատմամբ համակրանք ունենալը բացահայտվել է ժամանակի ընթացքում:

John Paulk

Ջոն Փոլք

Սեռական կողմնորոշումը փոխելու թերապիայի ջատագով, նույնասեռական «հակումները» նվազեցնող «Էքս-գեյ» շարժման անդամ և նույնասեռականների դեմ գրքերի հեղինակ Ջոն Փոլքի տղամարդկանց նկատմամբ հմայք ունենալը բացահայտվել էր 2000թ., երբ նրան տեսել էին գեյ բարում: Սկզբում նա արդարանում էր, թե չգիտեր ինչ բնույթի բար է մտել, սակայն ականատեսները պատմել էին, որ Փոլքը սիրահետել է այլ տղամարդկանց, իսկ հարցին, թե ինչ սեռական կողմնորոշում ունի, ասել է՝ գեյ է: Այնուհետև նա խոստովանել է, որ գեյ է և ներողություն է խնդրել իր գործունեության համար՝ նշելով, որ սեռական կողմնորոշումը փոխելու թերապիան անօգուտ է և վնասակար:

George Rekers

Ջորջ Ռեքերս

Սեռական կողմնորոշումը փոխելու թերապիային հավատացող մեկ այլ տղամարդու՝ հոգեբան Ջորջ Ռեքերսի, սեռական կողմնոոշումը բացահայտվել էր 2010թ., երբ պարզվել էր, որ նա գեյ մարմնավաճառ է վարձել Եվրոպայում իրեն ուղեկցելու համար:

Roy Cohn

Ռոյ Կոն

Դերասան Ալ Պաչինոն «Հրեշտակները Ամերիկայում» ֆիլմում մարմնավորել է իրավաբան, թաքնված գեյ Ռոյ Կոնին, որի պատճառով 1950-ականներին ԱՄՆ կառավարությունում աշխատող մի շարք նույնասեռականներ են աշխատանքից հեռացվել, երբ սենատոր Ջոզեֆ ՄաքՔարթնին գեյերի դեմ լայնամասշտաբ պայքար էր սկսել: Նա իր հակառակորդների սեռական կողմնորոշումը՝ բամբասանքներ տարածելով օգտագործում էր նրանց լռեցնելու համար: Կոնը մահացել է 1986թ.՝ ՁԻԱՀ-ից: Նրա ընկերները հաստատել են, որ նա նույնասեռական էր:

Albert Odulele

Ալբերտ Օդուլելի

«Դուք չեք կարող ասել, որ մենք այսպես [նույնասեռական] ենք ծնվել ( …) եթե ասում եք, որ այդպես եք ծնվել, ուրեմն ասում եք՝ Աստված, դու խաբեբա ես»,- Անգլիացի հոգևորական Ալբերտ Օդուլելին այսպիսի քարոզներ էր անում, իսկ 2011թ. դատապարտվեց երկու տղաների նկատամամբ սեռական ոտնձգություն անելու համար, որոնցից մեկը 16 տարեկան էլ չկար: Դատարանում նա խոստովանել էր, որ երկար տարիներ պայքարում է իր սեռական կողմնորոշման դեմ:

Թեդ Հագգարդը «ABC»-ին տված հարցազրույցում իր հոմոֆոբ վարքի համար նույնասեռականներից ներողություն էր խնդրել ու ափսոսանք հայտնել ունեցած վերաբերմունքի համար: Հովիվ Թեդը խոստովանել էր, որ նույնասեռականների դեմ իր բուռն արձագանքները ինքն իր սեռական կողմնորոշման հետ ունեցած պայքարից էր գալիս:

Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց դեմ պայքարող նույնասեռականների վերաբերյալ տեղեկությունները միայն բամբասանքի մակարդակի են, բայց այստեղ ևս հոմոֆոբ ագրեսիվ վարքը կասկածների առիթ է տալիս: Կարելի է ենթադրել, որ հեռու չէ այն օր, որ մեր երկրում լրատվամիջոցները կհեղեվեն նման մարդկանց վերաբերյալ այսօրինակ նյութերով:

 Հոմոֆոբ վարք դրսևորած այլ գեյեր՝

 Հովհաննես Իշխանյան