female-signԽտրականությունը հաճախ սահմանվում է որպես կանխակալ կամ տարբերվող վերաբերմունք անձի կամ խմբի հանդեպ` հիմք ընդունելով որոշակի իրական կամ ընկալված հատկություններ` ինչպես օրինակ տարիքը, կրոնը, սեռականությունը, սեռը, էթնիկ ծագումը և այլն: Այն սովորաբար օգտագործվում է օրենքի կամ իրավական դիսկուրսի շրջանակներում, որը ձգտում է ուղղել խմբի հանդեպ տարբերակված վարքագիծը: Ճնշում գործադրելով օրենսդիր իշխանության վրա, կամ մատնանշելով օրենքի անարդար լինելը` պայքարի այս իրավական ձևը հիմնականում փորձում է ուղղել ժխտողական, երբեմն նաև արտոնյալ վերաբերմունքը գործող օրենսդրության միջոցով: Սակայն երկար տարիներ է` խտրականության գաղափարը, որպես սոցիալական փոփոխությունների կենսունակ հարթակ, քննադատվում է ֆեմինիստ տեսաբանների և այլոց կողմից: Այս հոդվածում ես կխոսեմ կրկնակի խտրականության մասին, և թե ինչպես է այն մեզ թույլ տալիս տեսնել ինչ-որ երևույթի, գործողության կամ որոշակի խմբի հանդեպ խտրականությունը, բայց ոչ միշտ է ունակ ցույց տալ այն, ինչ ես կանվանեմ համակարգված սոցիալական անհավասարություն:

Կրկնակի խտրականությունը դա այն է, երբ անձը կամ խումբը դառնում են թիրախ խտրականության մեկից ավելի ձևերի համար: Հայաստանում այդպիսի մի օրինակ կարող է լինել լեսբուհին, ով որպես խոցելի խմբի անդամ ենթարկվում է ճնշման և´ որպես լեսբուհի, և´ որպես կին: Մինչդեռ կանայք Հայաստանում ունեն տարատեսակ դժվարություններ. ճնշում ամուսնության հարցում, ճնշում ամուսինների կողմից, երբեմն ծնողների խստություն, ավելի մեծ վերահսկողություն, քան նրանց եղբայրների հանդեպ, խտրականություն աշխատանք գտնելիս, քանի որ ենթադրվում է` ամուսնանալուց կամ երեխաներ ունենալուց հետո, նրանք կթողնեն աշխատանքը, իսկ լեսբուհի լինելն էլ ունի իր ուրույն դժվարությունները: Ամեն դեպքում, երբ անձը ոչ միայն ուղղակի կին է, այլև լեսբուհի, նա կարող է հանդիպել կրկնակի խտրականության` երբեմն այնպիսի խճճված դրսևորումներով, որ դժվար է ասել` ըստ որ «հատկանիշի» է խտրականության ենթարկվել: «ԴիԱյՈւայ» -ի հրկիզումը սրա օրինակն է: Բայց այստեղ, իհարկե, այլ խնդիրներ ևս ներառված էին. Ծոմակ Օգան նաև ակտիվիստ էր, ռոք երաժիշտ և այլն: Ամերիկացի իրավագետ Քիմբրլի Քրենշոն տվել է այդ պրոցեսի սահմանումը: Նա անվանել է դա խաչաձևում: Խաչաձևումը երևույթ է, որի շրջանակներում անհատականության տարբեր հատկանիշներ հատվում են անձի կյանքի և փորձի հետ: Այս հատկանիշները չեն կարող առանձնացվել և ստեղծում են ճնշումներ, որոնք դժվար է հստակ սահմանանել` դրանց պատճառն են, թե հատկանիշը:

Մեկ այլ կարևոր բան, որ պետք է հաշվի առնել այստեղ, այն է, որ ոչ բոլոր կանայք են այս հարաբերությունների շրջանակներում գտնվում: Այլ կերպ ասած` ոչ բոլոր կանանց վրա են ներգործություն ունենում կառավարությունը, տնտեսական և սոցիալական հաստատությունները (ինչպես օրինակ ընտանիքը): Լեսբուհու մասին վերը նշված օրինակը ցույց է տալիս մեզ, որ Հայաստանում ոչ բոլոր կանայք ունեն նույն փորձը: Երբ կինը դասակարգվում է որևէ այլ` ինչպես օրինակ հոմոսեքսուալ սոցիալական խմբի մեջ, ապա նրան տարբեր առումներով տարբեր են վերաբերվում: Ծոմակ Օգայի դեպքը դրա ծայրահեղ տարբերակն է: Բոլոր կանանց կյանքի փորձարությունը երբեք չի կարելի համախմբել որպես մեկ փորձ: Յուրաքանչյուր կնոջ մակնշում են տարբեր կերպ` կախված իր էթնիկ ծագումից, դասից, կրթությունից, ամուսնական կարգավիճակից, սեռական կողմնորոշումից: Մենք չենք կարող ասել, թե բոլոր կանայք նույն կերպ են ընկալում աշխարհը, կամ հակառակը` աշխարհը նրանց միանման է վերաբերվում:

Կրկնակի խտրականությունը, որը կարող ենք դիտարկել որպես խաչաձևում, որը, երբ ճնշման տարբեր ձևեր փոխհատվելով` ստեղծում են մեկ շատ բարդ ճնշող համակարգ, կարևոր գործիք է դիտարկելու այս սոցիալական առանձնահատկություններում առկա համալիր հարաբերությունները և դրանց հարաբերակցումը ճնշումներին ու սոցիալական անհավասարությանը: Այնուամենայնիվ, խաչաձևումը ցույց է տալիս, որ խտրականության գաղափարը թերի է. ճնշումը կամ անարդարությունը հեշտ չէ մատնանշել` այն ուղղակիորեն կապելով որևէ դեպքի կամ առանձնահատկության հետ: Հայ հասարակությունում առկա են ճնշման տարբեր ձևեր, որոնք չեն կարող դիտարկվել խտրականության շրջանակներում: Խտրականությունը սովորաբար շեշտը դնում է մի երևույթի վրա, որտեղ ինչ-որ մեկը կարող է ասել,- «Իմ հանդեպ խտրականություն են կիրառել, որովհետև ես…»: Այստեղ կարելի է մատնանշել կոնկրետ դեպք և պատճառ` երկուսն էլ պարզ ու եզակի, որ տեղի է ունեցել նման երևույթ: Այս շրջանակներում ինչպե՞ս կարող ենք հասկանալ Հայաստանում կանանց հանդեպ ճնշման բարդ հարցերը: Օրինակ, ինչ կարելի է մտածել այն հարցի շուրջ, թե ինչու են Ազգային Ժողովում այդքան քիչ կին ներկայացուցիչները: Կանանց քաղաքականությամբ զբաղվելը ո´չ օրենքով է արգելված, ո´չ էլ անընդունելի է: Իրականում, նույնիսկ կան օրենքով սահմանված քվոտաներ, որոնք խրախուսում են կանանց զբաղվել քաղաքականությամբ: Այնուամենայնիվ, ինչու՞ են այդքան քիչ կանայք քաղաքականությունում: Այստեղ շատ կարևոր է համակարգված սոցիալական անհավասարության գաղափարը, որը տեղ է գտել պատճառների մի բարդ համակարգում, թե ինչու կանայք չեն ձգտում դեպի քաղաքականություն: Համակարգված սոցիալական անհավասարությունը հաշվի է առնում գաղափարական և սոցիալական ճնշումների այն գաղափարը, որ երբ մարդու ունակությունները, արժանիքները կամ այլ սոցիալական վարքագիծը նսեմացվում է` պայմանավորված այնպիսի հատկանիշով, ինչպես օրինակ «կինն» է, ներանձնացված է:

Ուստի կանայք Հայաստանում հաճախ, բայց ոչ միշտ, պնդում են, որ քաղաքականությունը տղամարդկանց տեղն է, և կանայք ստեղծված չեն դրա համար: Սա իրականում համարվում է և պետք է ընկալվի որպես համակարգված ճնշում: Ամեն դեպքում խտրականության շրջանակներում սա չի դիտարկվում անարդար, որովհետև դա կոնկրետ դեպքի հետ կապ չունի: Ավելին, այն խնդիրը, որ կանայք չեն ցանկանում քաղաքականության մեջ ներգրավվել, համակարգային խնդիր է. խնդիր, որտեղ կանայք հանդիպում են տարբեր տեսակի գաղափարական ճնշումների, և որպեսզի նրանք ցանկանան կամ հավատան, որ կարող են, պետք է պայքարեն այս ամենի դեմ:

Ամփոփելով` պետք է ասել, որ կրկնակի խտրականությունը և խաչաձևումը շատ կարևոր գործիքներ են քննադատական մտքում: Դրանք հնարավորություն են տալիս տեսնելու սոցիալական անհավասարության արմատները և բացահայտելու այն համակարգերը, որոնք իրենց մեջ պարունակում են ներգործման մեխանիզմներ: Խտրականությունը, դեռ շատ կարևոր ռազմավարական զենք է` որոշակի դեպքերի դեմ պայքարելու համար: Այնուամենայնիվ, որպեսզի չկորցնենք սոցիալական անհավասարության դեմ առավել մեծ պայքարի նշույլները, պետք է բացահայտենք ճնշման այլ բոլոր ձևերը, որոնք թաքնված են, և հետևաբար, ավելի հեշտ ու խորն են ղեկավարում մեր կյանքը:

Թամար Շիրինյան