Նախաբան

Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) հայաստանյան մյուս ԲՈՒՀ-երից առանձնացնող ամենացայտուն տարբերություններից մեկը թերևս արական և իգական սեռի ուսանողների թվի միջև եղած ծայրահեղ անհավասարակշռությունն է: 2011 թ. մայիս ամսվա տվյալներով այստեղ սովորող ավելի քան 4000 ուսանողներից միայն 4.2%-ն էր (ընդհանուր 168 հոգի) արական սեռի, ինչը, բնականաբար, ստիպում է խորհել այս տարբերության պատճառների մասին: Արդ ի՞նչն է տղաներին հետ պահում ԵՊԼՀ դիմելուց:

Հետազոտության արդյունքները խոսում են հետևյալ եզրահանգումների մասին:

Մշակույթն ընդդեմ մասնագիտության

Հայաստանն իր մշակույթով պատկանում է մասկուլին մշակույթների շարքին, որտեղ, ըստ հոլանդացի մարդաբան Գիրտ Հոֆսթիդի, գոյություն ունի տղամարդկանց և կանանց հասարակական և էմոցիոնալ դերերի հստակ տարանջատում, և ենթադրվում է, որ այդպիսի հասարակությունում «տղամարդիկ պետք է լինեն համառ, կարծր և կենտրոնացած նյութական հաջողությունների վրա, մինչդեռ կանայք՝ լինեն համեստ, նուրբ և մտահոգված կյանքի որակի հարցերով»:

Հետազոտության արդյունքներով բացահայտվեց այն փաստը, որ մարդկանց ընկալումներում գոյություն ունի մասնագիտությունների ակնհայտ տարանջատում ըստ սեռերի. այսինքն, կան մասնագիտություններ, որոնք սազում են տղաներին, և կան մասնագիտություններ, որոնք սազում են աղջիկներին:

Տղաներին առավել համապատասխանող մասնագիտություններն են ճարտարապետությունը, ծրագրավորումը, բժշկությունը և քաղաքագիտությունը, իսկ աղջիկներին առավել համապատասխանում են մանկավարժությունը, թարգմանչությունը, հոգեբանությունը և լեզվաբանությունը:

Անիրազեկության գործոնը

ԵՊԼՀ-ի կողմից առաջարկվող մասնագիտությունների վերաբերյալ անիրազեկությունը ևս արական սեռի դիմորդներին կարող է հետ պահել ԵՊԼՀ դիմելուց: Օրինակ՝ հարցվողների մեծամասնության կողմից քաղաքագիտություն առարկան համարվում է տղաներին համապատասխանող մասնագիտություն, սակայն նույն հարցվողների բավականին ցածր տոկոսն է տեղյակ, որ նման մասնագիտություն կարելի է ձեռք բերել այս ԲՈՒՀ-ում:

Բացասական կարծրատիպեր

«Երեսուներկու աղջիկ և երեք տղա ընդունվում են Բրյուսով, չորս տարի հետո ավարտում են երեսունհինգ աղջիկ»:

Այս անեկդոտի հիմնական իմաստը վերաբերում է հասարակության կողմից ԵՊԼՀ-ում սովորող արական սեռի ուսանողներին վերագրվող ֆեմինին հատկանիշներին, որոնք ըստ այդ նույն ընկալումների, ձեռք են բերվում իգական սեռի ուսանողների կողքին երկար տարիներ ուսանելու արդյունքում:

Ընդ որում, հարցարանում լրացված սեփական տարբերակներն ամրապնդում են մշակութային անհամապատասխանելիության թեզը («Բրյուսովի առաջարկած մասնագիտությունները կանացի են», «Տղաներին դուր չի գալիս լեզվաբանությունը», «Բրյուսովում տղաներին համապատասխան ֆակուլտետ չկա», «Տղաները լեզվից լավ չեն», «Դա տղաների համալսարան չէ», «Տղաները լեզուներ չեն սիրում»), կամ բացասական կարծրատիպերի գոյության փաստը («Բրյուսովում քուր-տղաներ են սովորում», «Ղզիկները շատ են», «Տղաների քանակը քիչ է և չեն դիմանում աղջիկների ճնշմանը», «Շատ են թեթևսոլիկ աղջիկները, և տղաները վախենում են նրանց նման դառնալ»):

ԵՊԼՀ-ում սովորող արական սեռի ուսանողների վերաբերյալ հնարավոր կարծրատիպերի բնույթը հաստատելու և ավելի հստակեցնելու համար հարցվողներին առաջարկվեց նաև չորս երիտասարդ ուսանողի նկար (տես ստորև), որոնցից մեկը (տարբերակ 2) դիտավորյալ պատկերված էր ընդգծված ֆեմինին հատկանիշներով (սանրվածք, հագուստ, կեցվածք): Այն հարցին, թե ո՞ր պատկերն է ավելի շատ համապատասխանում Բրյուսովում սովորող ուսանողի պատկերին, հարցվողների մեծամասնությունը ընտրեց հենց ֆեմինին հատկանիշներով ուսանողին:

Հարցաշարի մեջ ներառվել էր նաև իգական սեռի չորս ուսանողի նկար (տես ստորև), որոնցից մեկը (տարբերակ 4) դիտավորյալ պատկերվել էր «ծիտ» հասկացության հատկանիշների ընդգծումով (ուսանողների շրջանում տարածված ընկալումների համաձայն, «ծիտը» այն ուսանողուհին է, որին չեն հետաքրքում դասերը, որի կյանքի իմաստը արտահայտիչ տեսք ունենալն է և «տղա կպցնելը»): Նշենք, որ այս հարցը հիմնված էր վերջին տարիներին մեծ տարածում գտած հետևյալ անեկդոտի վրա. «Բրյուսովի ինստիտուտ թռչնագրիպ է ընկնում, բոլոր ծտերը սատկում են»:

Այս հարցին պատասխանած հարցվողների  մեծամասնությունը ընտրել է 4-րդ տարբերակը, ինչը վկայում է կարծրատիպի տարածվածության մասին:

Ամփոփում

Մենք փորձեցինք ցույց տալ, որ Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում արական սեռի ուսանողների փոքր թիվը կարող է պայմանավորված լինել առնվազն երեք գործոններով: Նախ, հարցման արդյունքներից պարզ դարձավ, որ մարդկանց ընկալումներում գոյություն ունի մասնագիտությունների հստակ տարանջատում ըստ սեռերի, և ԵՊԼՀ-ի կողմից առաջարկվող մասնագիտությունները չեն համապատասխանում մասկուլին մշակույթի կողմից արական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված հատկանիշներին: Երկրորդ, հասարակության անիրազեկությունը ԲՈՒՀ-ում ուսուցանվող մասնագիտությունների վերաբերյալ ևս կարող է նպաստել ԲՈՒՀ-ում արական սեռի դիմորդների սակավության փաստին: Սա հատկապես ակնհայտ էր քաղաքագիտություն մասնագիտության օրինակով: Եվ, վերջապես, ԵՊԼՀ-ում սովորող արական սեռի ուսանողների նկատմամբ կիրառվող կարծրատիպերն են՝ ֆեմինին հատկանիշների շեշտադրմամբ, որ կարող են հետ պահել տղաներին` (ինչպես նաև նրանց ծնողներին) հօգուտ ԵՊԼՀ-ի որոշում կայացնելուց:

Բացի այդ, հարցման միջոցով պարզ դարձավ, որ Հայաստանում պահպանվել են Բրյուսովի համալսարանում սովորող իգական սեռի ուսանողների վերաբերյալ բացասական ընկալումները:

Հոդվածը պատրաստվել է Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Երկրագիտության բաժնի բակալավրիատի առաջին կուրսի ուսանողների (բրիտանագետներ և ամերիկագետներ) մասնակցությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք բեռնել այստեղ:

Տիգրան Մաթոսյան