mischabadasyanՄիշայի հետ զրուցելու ժամանակ նա այդ օրը դեռ ոչ ոքի հետ սեքս չէր արել, բայց պատրաստվում էր:

6 ամսվա ընթացքում 182 հոգու հետ ժամադրված արվեստագետ Միշա Բադասյանը դեռ այդքան մարդու հետ էլ պետք է սեռական հարաբերություններ ունենա` ուշադրություն հրավիրելու միայնության և սեքսի միջև կապին:

Ֆրանսիացի մարդաբան Մարկ Օժեի «անորոշ վայրերի» տեսությունը հիմք է դարձել, որպեսզի գերմանաբնակ Բադասյանը իրականացնի «փրկիր ժամադրությունը» (Save the Date) նախագիծը` մեկ տարվա ընթացքում, ամեն օր սեռական հարաբերություն ունենալ տարբեր մարդկանց հետ:

Օժեն անորոշ վայրեր է անվանում այն տեղերը, որոնք իրենց մեջ բավարար հիշողություն կամ ինքնություն չեն պարունակում (սուպերմարկետ, օդանավակայան, մետրո և այլն), որտեղ մարդիկ չեն շփվում միմյանց հետ, ինչը միայնության մթնոլորտ է ստեղծում: Միշան այս միտքը արտածում է սեռականության իմաստով «անորոշ վայրերի» վրա, որտեղ մարդիկ հանդիպում, շփվում են, բայց սեռական հարաբերություններով չեն զբաղվում, օրինակ` բարեր, այգիներ ու հենց այդ տեղերում է նա հրավիրում ժամադրվելու:

Սերբիա, Նիդերլանդներ, Գերմանիա, առայժմ այս երկրներում է նա ժամադրվել: Նախատեսում է այցելել Չեխիա, Դանիա, իսկ Հայաստա՞ն:

«Ապրիլին ուզում եմ Հայաստան գալ, հուսով եմ որևէ մեկին կարող եմ ժամադրել այդտեղ»,- ասում է Միշան` թվարկելով Երևանի վայրերը, որտեղ նա ցանկանում է սեքս անել. Կոմայգում կամ Հաղթանակի կամրջի մոտ, թեև նշում է, որ Հայաստանում բարդ կլինի իր համար, քանի որ բոլորը ծնողների հետ են ապրում:

Նախագիծը սկսելուց Միշան որոշել էր, որ միայն տղամարդկանց հետ է հարաբերությունների մեջ մտնելու, սակայն այժմ ասում է. «Ես հոգնել եմ տղամարդկանցից, ագրեսիվ եմ դարձել»,- ու որոշել է նաև կանանց հետ հանդիպել և խոստովանում է, որ այս նախագիծը քամում է իր զգացմունքները:

Այն մտավախությանը, թե արդյոք այս նախագիծը բացասաբար չի ազդի ԼԳԲՏ անձանց մասին հանրության տեսակետի վրա, արվեստագետն ասում է. «Սա իմ և իմ հարաբերությունների մասին է, ես պատասխանատու չեմ բոլորի առջև:  Հետերոսեքսուլները նույն բանն են անում, պարզապես ոչ ոք չի խոսում դրա մասին»:

Նախագծի վերջում Միշան պատրաստվում է քանդակ սարքել բոլոր սավաններով, որոնց վրա նա սեռական հարաբերություններ է ունեցել: Դրանք միմյանց կկապվեն փայտիկներով ու կշարժվեն քամու տատանումներից:

Հովհաննես Իշխանյան