gay_friendly_church

ԼԳԲՏ բարեհաճ Պրեսբիտերական (Երիցական) եկեղեցի Վաշինգտոնում

Արսենն այլևս եկեղեցի չի գնում: «Կամ արի եկեղեցի` փոխվելու, կամ մի արի»,- ասել էր Ավետարանական եկեղեցու հովիվը, երբ Արսենը խոստովանել էր, որ նույնասեռական է:

Արսենը (անունը փոխված է նրա ցանկությամբ) եկեղեցու հովվին բացատրել էր, որ փորձել է փոխվել` «աղոթել եմ, ծոմ եմ պահել», սակայն հասկացել է` սեռական կողմնորոշումը «Աստծո կանտրոլի տակ ա: Եթե նման մարդիկ չեն ընտրել իրենց սեռական կողմնորոշումը, ուրեմն իրենք չեն կրում պատասխանատվություն»:

«Այլևս խոսելու բան չունենք»,- պատասխանել էր եկեղեցու հովիվն, իսկ Արսենին Ֆեյսբուքում «սև ցուցակի» մեջ գցել:

Եկեղեցուց մերժվելը 34-ամյա Արսենի համար իր պես մարդկանց հետ միավորվելու դուռ բացեց. մի քանի հոգով ամիսը մեկ հանդիպում են` Աստվածաշունչ քննարկելու, հատկապես այն մասերը, որոնք օգտագործվում են նույնասեռականների դեմ.

«Ըստ Աստվածաշնչի, Աստված սեր է»,- Արսենն է բացատրում,-« Երբ Հիսուսն ասել ա` սիրիր քո մերձավորին, ինքը չի ասել սիրիր մենակ եկեղեցու անդամին կամ Առաքելականի անդամին, բայց ատիր գեյին, նա խոսում ա մարդկության մասին, կապ չունի` դու ով ես, մարմինդ որ գույնի ա, ևայլն»:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում, նույնասեռականների ամուսնությանը դեմ խոսելով, հին կտակարանից էր մեջբերում արել. «Եթե մի արու մեկ ուրիշ արուի օգտագործի էգի նման` երկուսին էլ դատապարտեք մահվան, քարկոծելով սպանեք նրանց»:

Այսպիսի մեկնությունների համար Արսենն ունի իր պատասխանը. «Եթե մենք սկսենք հին կտակարանից, հին կտակարանը լիքը բաների վրա արգելումներ ունի: Այսինքն, մենք իրավունք չունենք ուտել խոզի միս, իրավունք չունենք տատուիրովկա անել, եթե կինը գնացել ա լևի, իրան պիտի քարերով սպանեն, եթե էրեխեն հնազանդ չի ծնողներին, ինքը իրավունք ունի քարերով սպանել նրան»:

Հին կտակարանից մեկ այլ պատմություն` բնակիչների ամբարշտության համար «երկնային հրով» ոչնչացված Սոդոմ և Գոմոր քաղաքները, որը քրիստոնյաները ևս օգտագործում են նույնասեռականների դեմ:  ԼԳԲՏ ակտիվիստ Մեթյու Վայնը «Time»-ում հրապարակած «10 պատճառ, թե ինչու է Աստված սիրում գեյ քրիստոնյաներին» հոդվածում գրում է, որ Սոդոմ Գոմորի պատմությունը խմբակային բռնաբարության մասին է, ոչ թե սիրային հարաբերությունների. «Աստվածաշունչը հստակ դատապարտում է Սոդոմին ամբարտավանության, անհյուրընկալության և աղքատների նկատմամբ անտարբերության համար, այլ ոչ թե նույնասեռ վարքագծի»,- մեկնաբանում է Վայնը:

Արսենի համար կարևոր է Աստծո առաջ շիտակ լինելը, դիմակ չհագնելը, ու եթե գեյ ես, բայց եկեղեցի ես գնում` քեզ հետերոսեքսուալ ձևացնելով, այ դա է նա մեղք համարում:

Վաշինգտոնում ապրող, սեռականության, գենդերի և հավատքի բազմազանության դասընթացավար Թիմըթի Քեյնն, ի տարբերություն Արսենի, անունը թաքցնելու մտահոգություն չունի: 1970-ականներին, երբ ԱՄՆ-ում նոր էր սկսվել ԼԳԲՏ իրավունքների շարժումը, Թիմըթիի ծնողներն, իմանալով, որ իրենց 9 երեխաներից մեկը նույնասեռական է, ոչ թե իրենց տղայից էին սրտնեղել, այլ այն հանգամանքից, որ հոմոֆոբ աշխարհում իրենց որդին իրեն երջանիկ չի զգա:

IMG_3840

Թիմըթի Քեյնը տոնում է նույնասեռ ամուսնությունները թույլ տալու ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը

53-ամյա Թիմըթին կաթոլիկ ընտանիքից է: Երբ փոքր էր, ընտանիքի հետ մասնակցում էր ամենշաբաթյա պատարագներին: Այժմ հատուկ դեպքերում է մասնակցում`երբ ընտանիքի, ընկերների հետ է կամ ճանապարհորդում է, սակայն երբեք գումար չի նվիրաբերում, այլ միայն Սուրբ Հաղորդություն է ստանում.

«Ինստիտուցիոնալ եկեղեցուն գումար չտալը իմ անձնական բողոքն է եկեղեցու վարդապետության կողմից ԼԳԲՏ կաթոլիկներին հասցված վնասի համար: Աստծո շնորհով, Հռոմի Կաթոլիկ եկեղեցին մի օր կհասկանա, թե ինչպես են իրենք հեռացել Հիսուս Քրիստոսից, երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏ կաթոլիկների նկատմամբ վատ վերաբերմունքին», – ասում է Թիմըթին, – «կրոնական կառույցները եզակի հատկանիշ ունեն` նրանք Աստծո ուժն օգտագործում են, որպեսզի իրենց օրենքներով իշխեն բոլորիս: Երբ նրանք Աստծո անունից չարաշահում են այդ իշխանությունն ու հալածում ԼԳԲՏ մարդկանց (և այլոց)  իրենց մեղքերի համար Աստծո առջև մի օր պատասխան են տալու»:

Թիմըթին բացատրում է, որ ԱՄՆ-ում` կախված եկեղեցու առաջնորդներից, որոշ եկեղեցիներ ավելի շատ կենտրոնացած են անապահով մարդկանց օգնելու ու սոցիալական հավասարության քարոզի վրա, իսկ որոշ այլ եկեղեցիներ հոմոսեքսուալության ու ավանդական ամուսնությունների հիմքով են կատարում իրենց աշխատանքը: Վերջիններն, ըստ նրա, դուրս են մնացել այսօրվա իրականությունից ու սոցիալական արդարության պատկերացումներից:

Որպես գեյ կաթոլիկ Թիմըթին միշտ կանգնած է «պտղաջրերի հետ երեխային դեն չնետելու» մարտահրավերի առջև.

 «Այլ բառերով, ինձ որպես գեյի վատ վերաբերվելու համար չեմ ուզում ամեն ինչ մերժել Հռոմի կաթոլիկ եկեղեցուց, որովհետև Եկեղեցին շարունակում է օգնել աղքատներին ու աշխատել սոցիալական արդարության համար»:

Ֆիզիկական բռնությունը չէ, որը Թիմըթին նկատի ունի իր նկատմամբ վատ վերաբերմունք ասելով, այլ հոգևոր բռնությունը` ուղերձներից ստացած ամոթը, որը նա զգում էր կաթոլիկ դպրոցում սովորելու տարիներին ու եկեղեցու միջոցառումներին մասնակցելիս, երբ ասում էին, որ Աստված ատում է նրան, ու նա դժոխք է գնալու, եթե չփոխվի:

Bishop Gene Robinson at the Human Rights Campaign Headquarters in DC.  he was discussing his book God Believes in Love Straight Talk About Gay Marriage.

Քեյնը` «Աստված հավատում է սիրուն» գրքի հեղինակ գեյ Եպիսկոպոս Ջին Ռոբինսոնի հետ

«Ամոթն ու մեղքի զգացումները տարբեր բաներ են: Մեղքի զգացումն այն է, երբ իմ արարքերի համար եմ ինձ վատ զգում, իսկ ամոթը` երբ իմ եսի համար եմ վատ զգում: Ինչ-որ մեկին ամոթի զգացում պատճառելը ամենածանր բանն է, որ կարող է անձը կամ ինստիտուտը անել: Այսպիսով, ամոթի զգացումը մարդկանց դեմ են օգտագործում` նրանց կառավարելու և իշխանություն հաստատելու համար»:

Հիմա, երբ Թիմըթին հիշում է եկեղեցու հոգևոր բռնությունն իր հանդեպ, մտաբերում է Մատթեոսի ավետարանը (18 գլուխ, 6). «Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղի, լավ կլիներ, որ գայթակղողի վզից մի մեծ երկնաքար կախվեր և նետվեր ծովի խորքը` ընկղմելու համար»:

«Երբ ես կարդում եմ սա, ես զգում եմ, որ այդ փոքրիկն եմ, որը հավատում էր և հետո գայթկղվել էր, որովհետև Հռոմի Կաթոլիկ Եկեղեցի ինստիտուտի պատճառով ամաչում էի գեյ լինելու համար»,- Թիմըթին բացատրում է, որ այդ գայթակղությունը իր և այլ կաթոլիկ ԼԳԲՏ անձանց համար եկեղեցուց հեռանալը եղավ, բայց ընտանիքի և ընկերների սերն ու աջակցությունն օգնեցին, որպեսզի երջանիկ լինի իր կաթոլիկ ինքնությամբ:

Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշման համաձայն, նույնասեռականները չեն կարող լինել քրիստոնյա, մասնավորապես Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը «panorama»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ինքն իրեն համասեռամոլ (նույնասեռական մարդկանց վիրավորելու տարբերակներից խմբ.) հռչակող մարդը չի կարող քրիստոնյա լինել»: Իսկ Թիմըթիի կարծիքով հոգևորն ու սեռականությունը սերտորեն կապված են իրար, նույն մետաղադրամի երկու կողմերն են.

Timothy and Rodolfo_Suzanne Wedding_March 2015

«Եթե ամուսնանանք ԱՄԵՆԱՄԵԾ խնջույքը կլինի». Քեյնը` զուգընկերոջ` Ռոդոլֆոյի հետ

«Դա այդպես է, քանի որ կապվածություն և հարաբերություններ ունենալու մեր մարդկային կարիքները մեզ ավելի են մոտեցնում այլ մարդկանց ու Աստծուն: Դա այդպես է, քանի որ ԼԳԲՏ մարդիկ, որոնք հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի պատճառով զգացել են ընդունված չլինելու խորը զգացումը, կապ են փնտրում Աստծո հետ, որն ընդունում է բոլոր մարդկանց»,- ասում է Թիմըթին ու նշում,-«Աստված է ստեղծել մեր մարմինն ու սեռական ցանկությունները: Ո՞վ եմ ես, որ Աստծո ստեղծածը թերի համարեմ»:

Թիմըթիի զուգընկերը նույնպես կաթոլիկ է: Նրանք, 10 տարի է, միասին են, դեռ չեն որոշել ամուսնանալ, բայց եթե հարսանիք անեն, «բոլոր ժամանակների ԱՄԵՆԱՄԵԾ խնջույքը կլինի»:

Արսենը ևս ամուսնության հարցում չի շտապում: Նրա կարծիքով, եկեղեցու առաջնորդը հայտնություն պետք է ստանա արարչից, որպեսզի սկսի օրհնել նույնասեռական զույգերին:

Հովհաննես Իշխանյան